Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ա) Թուղթը

Միջնադարյան հայ գրականության, ի մասնավորի` պատմագրության հատկականությունը մեծապես պայմանավորված է նաեւ ընդհանուր ժանրանվանումով թղթի (նամակ, ուղերձ, հրովարտակ եւ ներժանրային բազմաթիվ այլ կառույցներ) մշտական ու տարաբնույթ կիրառություններով: Եթե, ինչպես գրում է Մայիս Ավդալբեգյանը` «Հայ պատմագրությունը համադրում է գրեթե ողջ միջնադարյան գրականությունը», եւ « Չկա միջնադարյան արձակի որեւէ տեսակ, որ լայնորեն օգտագործված չլինի հայ պատմագրության մեջ » (ընդգծումը բնագրում Ա. Ն. ) [1], ապա դա առաջին հերթին վերաբերում է թղթին: Այն կարեւորագույն էատարր է հայ պատմագրության ժանրային համակարգում. «Այս նամակ-թուղթ-ուղերձ-հրովարտակներում բացահայտվում էին թե՛ պատմական ժամանակներն ու խնդիրները, թե՛ գծվում պատմական դեմքերի անհատական մոտավոր բնութագրեր, անկախ այն բանից` այդ թղթերն իրական էին, թե իրական հողի վրա ստեղծված գրական հնարանքներ» [2]: Վերջին առումով հետաքրքիր է Ստեփանոս Մալխասյանի դիտարկումը Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ տեղ գտած թղթային միավորների վերաբերյալ. «Դրանք վավերական պատճեններ չեն իրոք գրված թղթերի, այլ հորինված են հեղինակից այն ձեւով ու բովանդակությամբ, որ հեղինակի կարծիքով պետք է ունենային այդ թղթերը եթե իրոք գրված լինեին: Մեր այժմյան հասկացողությամբ սա կեղծիք է, բայց հների մեջ սա սովորական եւ ընդունված կարգ էր ու մեղադրանքի չէր ենթարկվում» [3]:

Անշուշտ, տարբեր դարաշրջաններում հայ պատմիչները թղթին դիմել են տարբեր նպատակներով ու տարբեր հաճախականությամբ` նկատի ունենալով կոնկրետ խնդիրներ: Հայ միջնադարյան թղթի ուսումնասիրողներից Աշոտ Ալեքսանյանն այս առումով նկատում է, որ «Զարգացած ավատատիրության դարաշրջանի հայ պատմագրության մեջ նվազում է նամակային վավերագրերի հաճախակի օգտագործման երեւույթը, մի բան, որ բնորոշ է վաղ ավատատիրության դարաշրջանի հայ պատմագրությանը» [4]:

Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունը թղթօգտագործման առումով հիմնականում ենթարկվում է վերոնշյալ օրինաչափություններին: Հարցն այն է միայն, որ այստեղ գրեթե չեն պահպանվել ամբողջական թղթեր, դրանք հիմնականում ներբերված են հատվածականորեն, երբեմն վերապատմվում են, իսկ շատ դեպքերում էլ պարզապես հիշատակվում է թղթի ուղարկման կամ ստանալու փաստը: Ամբողջությամբ չներբերվելու պարագան, բնականաբար, հանգեցրել է այն բանին, որ Դավրիժեցու պատմագրքի թղթային ընդմիջարկումները ժանրային ամբողջականության առումով տարտղնված են: Այդ հանգամանքը եթե մի կողմից խանգարում է ամբողջական պատկերացում կազմել 16-17–րդ դարերի թղթի կառուցվածքային ու բովանդակային յուրօրինակությունների մասին, ապա մյուս կողմից` կարեւոր է նույն ժամանակաշրջանի հայ պատմագրության մեջ թղթօգտագործման սկզբունքները որոշարկելու առումով:

Ներժանրային բազմազանությամբ հանդերձ` թղթի որոշ կառուցվածքային միավորներ ընդհանրական-կայուն են, եւ դրանց առկայությունից կամ բացակայությունից ելնելով կարելի է եզրակացնել` պատմիչը տվյալ թուղթն ամբողջությա՞մբ, թե՞ հատվածաբար է ներբերել, երկրորդի պարագային երբեմն նաեւ` հատկապես ո՞ր հատվածը: Մասնավորապես` Դավրիժեցու պատմագրքում ընդմիջարկված թղթերի մեծ մասում ժանրի կառուցվածքային կարեւորագույն բաղադրիչներից մեկի` թ ղթառաջք ի բացակայությունն իր հիմնական բանաձեւային կիրարկումներով` ««Այսինչը այնինչին ողջույն»` զուգորդված նամակագրին եւ հասցեատիրոջը տրվող պատվանուններով, տիտղոսներով եւ աստծո ամենազորության կամ ներկայության վկայակոչումներով» [5], վկայում է, որ այդ թղթերն ամբողջական չեն ներբերվել: Մանավանդ որ` թղթառաջքը ամենակայուն նամակային միավորն է դիտվում հայ պատմագրության մեջ [6]: Այսպես, օրինակ, Դավիթ եւ Մելքիսեթ կաթողիկոսների` Սրապիոն վարդապետին [7] ուղարկած նամակում թղթառաջքը բացակայում է: Իսկ ահա թղթային մյուս կայուն միավորի` թղթավերջ ի առկայությունը` «Արդ խնդրեմք ի քէն մի՛ անփոյթ առնիցես գալ ի փրկութիւն մեր, եւ մանաւանդ ի վերականգնումն ծեր եւ հոգեւոր ծնողին քում սրբոյ աթոռոյն Էջմիածնի» (էջ 60) [8], վկայությունն է այն բանի, որ Դավրիժեցին մեջբերել է նամակի վերջին մասը:

Անշուշտ, պատմիչը թղթից ներբերվող հատվածը պատահական չի ընտրում, այն միշտ հաստատում-լրացնում-բացատրում է վկայագրված իրադարձություններն ու անցքերը: Եվ, ընդհանրապես, թղթօգտագործումը Դավրիժեցու պատմագրքում թելադրված է հայ պատմագրական երկերի մեծ մասին հատուկ` «մերթ փաստացի վավերականության, մերթ գեղարվեստական-ոճական, մերթ էլ զուտ գաղափարական նկատառումներով» [9]: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ այդ երեք նկատառումները համադրվում են:

Նույն կերպ` Դավրիժեցին վրաց թագավոր Լավասափի մոր` Շահ-Աբասին ուղղված պատասխան թղթի վերջին մասն է հարկ համարել օգտագործել իր պատմագրքում. կրկին բացակայում է թղթառաջքը, բայց առկա է թղթավերջը, ընդ որում` ներտեքստային մեկ այլ միավորի` վերջողջույն ի («ողջ լեր») առկայությամբ. «Արդ` եթէ ստուգիւ զհաստատութիւն եւ զհանգիստն մեր կամիս, որպէս ասացեր, մի նեղեր զմեզ` եւ մի խռովեցուցեալ վրդովեր զխաղաղութիւնն մեր, այլ թող զմեզ կալ ի հանդարտութեան, զի այս փոքր իշխանութիւնս մեր բաւական է մեզ ի պէտս կարեաց մերոց. ողջ լեր» (էջ 125): Ի դեպ, վերջողջույնը հազվադեպ հանդիպող միավոր է Դավրիժեցու պատմագրքի թղթային ընդմիջարկումներում, իսկ «ողջ լեր»-ը գրեթե միակ կիրառվող ձեւը:

Շատ հաճախ Դավրիժեցին հիշատակում է նամակային միավորների գրության, ուղարկման կամ ստանալու մասին, սակայն նույնիսկ հատվածական ներբերումներ չի կատարում: Մի առիթով, օրինակ, պատմիչը հիշատակում է Փիլիպպոս կաթողիկոսի գրած բազմաթիվ նամակների մասին. «Փիլիպպոս կաթուղիկոսն բազում անգամ զանազան կերպիւ թուղթս գրեաց յԻլով» (էջ 306): Նույն կերպ` Դավրիժեցին հիշատակում է նաեւ մի նամակ, որը Մելքիսեթ կաթողիկոսն է խնդրում Ամիրգունա խանին գրել Շահ-Աբասին.
«ի խանէն եւս խնդրեաց Մելքիսէթ կաթուղիկոսն, գրել խնդրանաց թուղթ առ շահն» (էջ 200): Մեկ այլ նամակ էլ Ամիրգունա խանը այդ նամակին զուգահեռ գրում է իր որդուն` Թահմազղուլի խանին (էջ 202), բայց ուշարժանն այն է, որ դրա մասին Դավրիժեցին հիշատակելով` մեջբերում է ոչ թե անմիջապես, այլ հաջորդ` «Պատմութիւն կաթուղիկոսութեան եւ փախստեան Սահակ կաթուղիկոսին» վերնագրով ԺԹ գլխում, եւ դա արդարացվում է նրանով, որ եթե այդ երկրորդ նամակի պարզապես հիշատակությունն էր կարեւոր նախորդ` «Յաղագս հարիւր թուման մուղադային, զոր շահն եդ ի վերայ Մելքիսէթ կաթուղիկոսին» վերնագրով ԺԸ գլխում պատկերված իրադարձությունների համապատկերին, իսկ բուն բովանդակությունն այնքան էլ կարեւոր չէր, ապա հաջորդ գլխում այդ նամակի բովանդակությունն է կարեւորվում, քանզի լույս է սփռում իրադարձությունների հոսքի վրա: Սա շատ նուրբ հնարանք է, որ առաջին հայացքից կարող է եւ չնկատվել: Նշենք միայն, որ բերված է շատ փոքր մի հատված Ամիրգունա խանի` իր որդի Թահմազղուլի խանին ուղղված նամակից, բայց դա միանգամայն բավական է շարադրված դեպքերի ընթացքի տրամաբանությունն ըմբռնելու համար:

Դավրիժեցու պատմագրքում առկա են թղթային միավորներ, որոնք ոչ թե ուղղակիորեն են ներբերվում, այլ անուղղակիորեն պատմվում է դրանց բովանդակությունը: Շատ նամակներ հիշատակվում են մեկ տողով, սակայն դա սովորաբար այնպիսի տող է, որ պարագրկում է նամակի ամբողջ բովանդակությունը: Նույնն է պարագան նաեւ մի քանի տողով հիշատակվող նամակներում: Այդպես, Դավրիժեցին մի քանի նախադասությամբ ներկայացրել է Մելքիսեթ կաթողիկոսի` Պողոս վարդապետին ուղղված բազմաթիվ նամակների, պատմիչի տարազմամբ` «բանս սպառնականս եւ յանդիմանութեան», ընդհանուր բովանդակությունն ու ասելիքը (էջ 230), այսինքն` այդ կերպ վկայագրվել է ամբողջական նամակագրություն:

Ընդհանուր բովանդակությամբ ներկայացնելով` Դավրիժեցին երբեմն վկայագրում է նաեւ նամակագրական կապեր, այսինքն` երբ առնվազն նամակների մեկանգամյա փոխանակություն կատարվել է: Այդպես է հայազգի խոջա Նազարի եւ իրանական Շահսեֆի արքայի նամակագրությունը (էջ 256): Ուշագրավն այն է, որ Դավրիժեցին այստեղ եւս չի մոռանում նամակագիրների դասային պատկանելության մասին, որն, ի դեպ, կայուն դրսեւորվում է նրա պատմագրքում. խոջա Նազարի նամակը տարազվում է իբրեւ «արզայ» (խնդրագիր), իսկ արքա Շահսեֆիինը` «նոմոս» (հրովարտակ):

Տեղեկատվական բնույթի մի թուղթ Դավրիժեցին նույնպես հիշատակում է ընդհանուր բովանդակությունը ներկայացնելով: Խոսքը վերաբերում է Գրիգոր վարդապետի նամակին` ուղղված Մելքիսեթ կաթողիկոսին, որով նա տեղեկացնում է «զանուղղայ վարս Նիկօլին» (էջ 297):

Երբեմն բովանդակության ներկայացումը պատմիչը կատարում է բառային բնորոշումներով: Այդպես, հիշատակելով այն փաստը, որ Մովսես կաթողիկոսը նամակ է գրել լեհաց թագավորին, նրա իշխաններին, Լվով քաղաքի արքեպիսկոպոսին ու Հռոմի պապին, Դավրիժեցին նախ բնութագրում է այն` «նամակս խոհեմականս` եւ լի իմաստութեամբ, խոնարհ եւ մաղթողական բանիւ» եւ ապա համառոտ ներկայացնում նամակի բովանդակությունը (էջ 305):

Դավրիժեցին հաճախ է բնորոշում ներբերվող եւ հատկապես պարզապես հիշատակվող թղթային միավորները` մի կողմից ցուցանելով դրանց բովանդակային հատկանիշները, մյուս կողմից` առանձնացնելով թղթի ներժանրային տեսակներ: Երեւույթը բնորոշ է հայ պատմագրությանն ընդհանրապես: Դավրիժեցու պարագային խնդիրն այն է միայն, որ թղթերի հատվածական ներբերումների բովանդակային մասը հաճախ չի համապատասխանում թվյալ թղթին պատմիչի բնորոշումին: Այդպես` վերը հիշատակված Դավիթ եւ Մելքիսեթ կաթողիկոսների` Սրապիոն վարդապետին ուղարկած նամակը Դավրիժեցին անվանում է «նամակ ողջունի եւ սիրոյ», սակայն մեջբերված հատվածը բովանդակում է միայն տարազման երկրորդ մասը, իսկ ահա ողջույնը բացակայում է: Այն, ի դեպ, թղթառաջքին բնորոշ ներտեքստային միավոր է:

Այդուհանդերձ, Դավրիժեցու «առանձնացրած» տեսակներն ինքնին հետաքրքիր են եւ բազմազանություն են հաղորդում միջնադարյան թղթի ժանրային նկարագրին: Պատմիչը, հիշատակելով վրաց թագավոր Լավասափին եւ նրա մորը ուղարկած Շահ-Աբասի նամակները, դրանք անվանում է «թուղթս պատրանաց եւ խաբէութեան» (էջ 128), թեպետ, հարկ է նշել, որ սա զուտ հեղինակային բնութագրում է, քանզի հենված է ոչ թե նամակի հղացքին, այլ թելադրված է հեղինակի անձնական վերաբերմունքից բխող նկատառումներով: Հատվածաբար մեջբերված Խոր Վիրապի Մանվել եւ Հավուց Թառի Մկրտիչ եպիսկոպոսների` Սահակ կաթողիկոսին ուղղված նամակը, որը վերջինս ստանում է հուսահատական տրամադրության մեջ, Դավրիժեցին անվանում է «թուղթս յուսադրական բանիւ» («առաքեցին թուղթս յուսադրական բանիւ առ Սահակն ի Խոյ» (էջ 206)) [10]: Նամակագիրները, տեղեկանալով կաթողիկոսի ընկճված վիճակի մասին, բնականաբար, նրան հղել են հուսադրական բովանդակությամբ նամակ:

«Գիրք պատմութեանց»-ում հիշատակվում են նաեւ` «խնդրանաց թուղթ» (էջ 200), «թուղթս բարեխոսութեան» (էջ 306),
«բանս սպառնականս եւ յանդիմանութեան» (էջ 230), «սիրոյ նամակ», «գիր պատգամաց» (էջ 133) եւ այլ ներժանրային կառույցներ:

Առանձին խումբ են կազմում մոտ երկու տասնյակի հասնող տարաբնույթ հրովարտակները, որոնք հիմնականում Շահ-Աբասի ու նրա հաջորդների անունից են: Դրանք երբեմն հիշատակվում են իրենց հունարեն փոփոխակով` «նոմոս»: Հրովարտակներն իրենց կառուցվածքով ու բովանդակությամբ ավելի կանոնիկ են ու ավելի համահավաք, ըստ ամենայնի` վկայաբերված են հնարավոր ամբողջականությամբ: Հրովարտակներն սկսվում են «Հրաման է» միավորով, որին հաջորդում է հրամանն արձակողի կամ հրովարտակի հեղինակի բնութագիրը, որ գովաբանական-փառաբանական բնույթի միավոր է, ինչպես` «մէծ արքայէն Շահաբասայ»
(էջ 75), կամ` «ի հզօր եւ խաղաղասէր եւ յաշխարհաշէն թագաւորէն Շահաբասայ» (էջ 129) եւ այլն, այնուհետեւ հաջորդում է հրովարտակի բուն մասը` հրամանը կամ հայտարարությունը, եւ, սովորաբար, հրովարտակն ավարտվում է պայմանի, խոստումի, հաճախ նաեւ` սպառնալիքի ամրագրմամբ:

Միշտ չէ, սակայն, որ Դավրիժեցին ուղղակի է ներբերում հրովարտակները: Կան նաեւ այնպիսիք, որոնք բերված են անուղղակիորեն եւ պարագրկում են հրովարտակի ընդհանուր բովանդակությունը: Բնականաբար, այսպիսի դեպքերում ներտեքստային միավորները միշտ չէ, որ պահպանվում են, պատմիչի համար կարեւորը բովանդակության փոխանցումն է: Գրեթե բացակայում են գովաբանական-փառաբանական բնույթի միավորները (տե՛ս, օրինակ, էջ 90, 177, 249, 348 եւ այլն): Սա նաեւ հոգեբանական պատճառաբանվածություն ունի եւ բացատրելի է Դավրիժեցու հայրենասիրությամբ: Եթե հրովարտակն ուղղակի ներբերելիս Շահ-Աբասին «հզոր», «խաղաղասեր» եւ «աշխարհաշեն» որակումները կարելի էր հանդուրժել, ապա բնական է, որ հրովարտակների բովանդակությունը վերաշարադրելիս Դավրիժեցին չէր կրկնաբանի իր ժողովրդի եւ անձամբ իր մեջ ամրագրված կերպարին ծայրահեղ հակառակ այդ բնութագրերը: Մանավանդ որ` իր պատմության ամբողջ ընթացքում Շահ-Աբասի անունը հիշատակելիս` Դավրիժեցին անպայմանորեն այն ուղեկցում է այսպես ասած` «ներածական» մասով` «վիշապն անդընդային... որ ի սկզբանէ զբարս օձի ունէր բնաւորեալ յինքեան ընդդէմ քրիստոնէից» (էջ 69), «հանճարեղն ի խորհուրդս չարեաց» (էջ 71), «աւերիչն աշխարհաց եւ վատնիչն քրիստոնեայ ազանց, բնակարանն Նեսարայ» (էջ 78), «անվթար կամարարն սատանայի` երկրորդ Սաբիւռոսս այս» (էջ 124) եւ այլն:

Կան հրովարտակի անվամբ, բայց, ըստ էության, նամակային տարրերով հատկանշվող թղթային միավորներ: Դրանք, բովանդակությունից դատելով, գաղտնի հրաման-նամակներ են (տե՛ս էջ 187 եւ 189), իսկ գաղտնիությունը հակասում է հրովարտակի, այսպես ասած` ժանրային նկարագրին, քանզի հրովարտակին հատուկ է հրապարակային բնույթը: Շահ-Աբասի անվամբ` առկա են նաեւ հրովարտակի ու բուն նամակի զուգադիր ներժանրային կիրարկումներով թղթեր, ինչպես` «գրեաց առ Լաւասափ եւ առ մայր նորա վասն քեռ Լաւասափին թուղթ սիրոյ եւ ողջունի» (էջ 124): Սա նամակ է, քանզի ունի անմիջական հասցեատեր, բայց եւ նամակ չէ, քանզի տեքստը կառուցված է հրովարտակային միավորներով:

Դավրիժեցու պատմագրքում պահպանվել են բազմաթիվ աղերսագրեր եւ խնդրագրեր, որ հայերը, առավել հաճախ` ի դեմս իշխանների ու կաթողիկոսների, գրել են Շահ-Աբասին կամ նրա պաշտոնյաներին` դիմելով նրանց տարաբնույթ խնդրանքներով: Դրանք նույնպես դիտարկելի են թղթի ժանրային տիրույթում` նամակ-աղերսագիր կամ նամակ-խնդրագիր ժանրանվանմամբ: Դրանք շատ հաճախ Դավրիժեցին տարազում է «արզա» արաբերեն բառով, ընդ որում` մի տեղ պատմիչը հարկ է համարում բացատրել արաբերեն բառը («գիրս յօժարութեան` որ է արզայ»
/էջ 255/), թեպետ դրանից առաջ բազմիցս կիրառում է առանց բացատրելու: Ներժանրային այդ կառույցը տիրապետող է հատկապես Մելքիսեթ կաթողիկոսի ու Շահ-Աբասի նամակագրության մեջ, որ վկայագրված է «Յաղագս հարիւր թուման մուղադային, զոր շահն եդ ի վերայ Մելքիսէթ կաթուղիկոսին» վերնագրով ԺԸ գլխում ու, բնականաբար, դրանք հեղինակել է բացառապես հայոց կաթողիկոսը: Ընդ որում` դրանց մեծ մասը հատվածական է, իսկ շատ աղերսագրեր էլ ներբերված են անուղղակի կերպով, այսինքն` պատմված է դրանց բովանդակությունը:

Մելքիսեթ կաթողիկոս–Շահ-Աբաս նամակագրությունը Դավրիժեցու պատմագրքում վկայագրվածներից ամենաարժանահավատն է, քանզի ընթացքում պատմիչի մի շատ կարեւոր նշումից պարզվում է, որ նա անձամբ կարդացել է որոշ նամակներ եւ նույնիսկ այլ ձեռագրերի հետ համեմատելու հնարավորություն է ունեցել. «Բայց ի բուն մատեան արքունական դիւանի ոչ ըստ օրինակին էր գրեալ` որպէս որ էր ձեռագիր կաթուղիկոսին... » (էջ 196): Մելքիսեթ կաթողիկոսի եւ Շահ-Աբասի նամակագրությունը ուշարժան է նաեւ գաղափարական առումով: Այն բովանդակային, բառապաշարային, հոգեբանական վիճակի եւ շատ այլ կողմերով ընդհանրացված ներկայացնում է հայ եւ պարսիկ ժողովուրդների հարաբերությունների բնույթը տվյալ ժամանակաշրջանում:

Դավրիժեցու պատմագրքում թղթի ներժանրային կառույցներն ամբողջական ներկայացնելու առումով նշենք, որ նրանում առկա են նաեւ կաթողիկոսական կոնդակներ, հատկապես «Յաղագս հարիւր թուման մուղադային, զոր շահն եդ ի վերայ Մելքիսէթ կաթուղիկոսին» վերնագրով ԺԸ գլխում: Կոնդակները, ինչպես եւ հրովարտակները, ունեն հրապարակային բնույթ: Դրանց հետ առնչվում են կաթողիկոսների անվան հետ կապվող թղթերի այլ տեսակներ, որոնց մասին հիշատակելով, Դավրիժեցին, սակայն, ոչ մի տեսակի ներբերումներ չի կատարում, ինչպես` «գիրս բանադրանաց` նզովից եւ կապանաց» (էջ 294), «թուղթ արձակման եւ օրհնութեան» (էջ 298) եւ այլն: Սա թերեւս բացատրելի է նրանով, որ թղթերի այդ տեսակները կարծրակաղապարային բնույթ ունեն, եւ ժամանակի մարդկանց քաջ հայտնի է եղել յուրաքանչյուր տեսակի բովանդակությունը:



[1]       Մայիս Ավդալբեգյան, Հայ պատմագրության ժանրային մի քանի առանձնահատկություններ, «Հայ միջնադարյան գրականության ժանրեր» գրքում, էջ 27:

[2]       Նույն տեղում:

[3]       Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Երեւան, 1981, էջ 465, տե՛ս 35-րդ ծանոթագրությունը:

[4]       Աշոտ Ալեքսանյան, Հայ միջնադարյան նամակը (IV–XIV դարեր), Երեւան, 1997, էջ 161:

[5]       Տե՛ս նույն տեղը, էջ 22:

[6]       Նույն տեղում:

[7]       Հիշված եւ այսուհետ հիշվող անձնավորությունները, բնականաբար, իրական-պատմական դեմքեր են, որոնք երբեմն առնվազն համառոտ ներկայացվելու չափ անծանոթ են ընթերցողին: Աշխատությունը չծանրաբեռնելու եւ բուն նյութից չշեղվելու համար զերծ ենք մնում այդ անձանց մասին թեկուզեւ հպանցիկ տվյալներ հիշատակելուց:

[8]       Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրությամբ Լ. Ա. Խանլարյանի, Երեւան, Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1990: Այս գրքից կատարվող մեջբերումների էջերը կնշվեն տեքստում, բոլոր ընդգծումները մերն են Ա. Ն.:

[9]       Աշոտ Ալեքսանյան, Հայ միջնադարյան նամակը (IV–XIV դարեր), էջ 113:

[10]      Ավելորդ չէ նշել, որ Առաքել Դավրիժեցու պատմագրքի աշխարհաբար թարգմանության մեջ (Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Երեւան, 1988) թարգմանիչը` Վարագ Առաքելյանը, այդ նամակը ներկայացրել է որպես ուղղակի վկայված նամակ (տե՛ս էջ 188), այնինչ` բնագրում այն պատմված նամակ է: Տեքստի այդ, թվում է` աննշան աղավաղումը մեծապես ազդում է պատմագրքի ժանրային նկարագրի ամբողջական ընկալման վրա, եւ, ընդհանրապես, կոպիտ միջամտություն է բնագրին: Մանավանդ որ` դա միակ օրինակը չէ