Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ե) Ժանրային այլ դրսեւորումներ

Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատության ժանրային նկարագիրն ամբողջացնող մի քանի այլ դրսեւորումներ չունեն համակարգված երեւում, այլ սահմանափակվում են ժանրային որոշ մասնավորությունների դրսեւորումներով: Այդպիսի ժանրերից են տեսիլը, ուղեգրությունը, ձեռագրերի հիշատակարանները:

Տեսիլը միջնադարյան այն ժանրերից է, որ ազատորեն կարող է տեղակայվել ցանկացած ժանրի նկարագրում: Բայց այն առավել տարածված է վկայաբանական գրականության մեջ: Դավրիժեցին այդ ժանրի հնարավորություններից օգտվում է հիմնականում հենց վկայաբանությունների ու վարքերի համաբնագրում, ընդ որում` կաղապարային դրսեւորումներով: Այդպիսին են բոլոր այն տեսիլները, որոնք պատկերում են նահատակի մարմնին երկնային լույս իջնելը: Տեսիլները Դավրիժեցու պատմագրքում ունեն գաղափարաբանական արժեք, թեպետ երբեմն զերծ չեն սնահավատական սեւեռումներից:

Վկայաբանություններում առկա կաղապարային տեսիլներից բացի, Դավրիժեցու պատմագրքում տեղ են գտել նաեւ այլ բովանդակությամբ եւ որոշակի սյուժետիկ ընթացքով հատկանշվող տեսիլներ, որոնցով պատճառաբանվում են որոշ իրադարձություններ: Այդպես` «Այլ եւս պատմութիւն վասն սոյն Մեծ անապատիս» վերնագրով ԻԲ գլխում Մեծ անապատում մեծ ողբերգությունների ու ավերածությունների պատճառ դարձած ահավոր սողանքների դադարումը բացատրվում-պատճառաբանվում է Աստծո ողորմածությամբ, եւ որպես ապացույց բերվում է տեղի միաբաններից մեկին երեւացած տեսիլը. «... տեսանէի զոմն չքնաղատես, մեծաշուք, պայծառ զգեստուք հեծեալ յըսպիտակ երիվար, եւ կայր ի վերայ տանեաց եկեղեցւոյն, որում առաջի ժողովեալ եղբարցն, պատմէին զանցս ահագին վշտացն, իսկ երեւեալ փառաւոր այրն զնոյն երկրորդեալ խօսէր ընդ եղբարցն: Որ եւ ի կարգս խօսից իւրոց ասաց այրն փառաւոր. «Եւ ես վասն այդմ իրաց կամ եւ հոգամ, որոյ սակս սակաւ մի ցաւեաց ծունկս իմ, զի զոտս իմ եղեալ ի դէմ երեսաց քարանձաւիդ զդէմ կալեալ ունէի լերինդ, զի մի փլուզեալ ծածկեսցէ զանապատս եղբայրանոց. եւ դուք մի ծուլանայք ի գործոց առաքինութեան, եւ հանապազ գոհութեամբ փառաւորեցեք զՏեր Աստուած` որ փրկեաց զձեզ. եւ առ յապայն եւս փրկեսցէ ողորմութեամբն իւրով. որում փառք յաւիտեանս ամէն» (էջ 225–226):

Տեսիլների հատկականություններով են առանձնանում նաեւ հրաշքների պատմությունները, որոնք նույնպես մեծ մասամբ հանդիպում են վկայաբանությունների ու վարքերի ժանրային հատույթում: Այսուհանդերձ, Դավրիժեցու պատմագրքում առկա է նաեւ որպես հատուկ գլուխ առանձնացված մի հրաշքի պատմություն: Խոսքը վերաբերում է «Յաղագս սքանչելեացն Աստուծոյ, որ եղեւ ի վերայ առն ումեմն, որ ի ժամ մահուան իւրոյ ուրացաւ» վերնագրով ԽԹ գլխին: Դա պատմություն է Ղարաչորակ անունով մի հայի մասին, ով մահվան ժամին հրաժարվում է հաղորդություն ընդունել, ավելին` վերջին պահին մոլլա եւ մուղրի է կանչում ու փոխում կրոնը: Այդ պատճառով նա գերեզմանում հանգիստ չի ննջում, այլ` «ելեալ էր ի վհէն` յորում թաղեալն էր, մերկ եւ խայտառակ, եւ գարշադէմ, եւ այլագունակ, իբրեւ զշուն կատաղի» (էջ 422), եւ սարսափ առաջացնում բնակչության շրջանում: Սարսափահար մարդիկ նրա դիակը, գլուխը կտրելուց հետո, տանում-կորցնում են:

Գաղափարական առումով հրաշքների մասին պատմությունները եւս կոչված են փառաբանելու քրիստոնեությունն ու հավատի զորությունը: Ահա, օրինակ, վերը նշված պատմության ավարտաբանությունը, որն իրենից բարոյաբանական բնույթի եզրակացություն է ներկայացնում. «Եւ զայս ամենայն գործեաց սատանայ, զի խախտեսցէ զհաւատս քրիստոնէության. բայց սովաւ առաւել յաստատեցաւ ճշմարիտ հաւատս քրիստոնէութեան, եւ բարձրացաւ անուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (էջ 424):

Ճիշտ է, միջնադարյան գրականության մեջ, ինչպես գրում է Արշակ Մադոյանը` «մատենագիրները մշակել են նաեւ բուն ուղեգրության տեսակը», այդուհանդերձ` «այդպիսի հիշատակություններ, նկարագրություններ, ճանապարհորդական տպավորություններ կարելի է գտնել գրական ամենատարբեր տեսակների մեջ` սկսած սրբախոսություններից, գեղարվեստական երկերից, վերջացրած պատմագրությամբ» [1]: Վերջին առումով առանձնանում է նաեւ Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունը: Մասնավորապես` «Պատմութիւն վասն սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչի Աջին» վերնագրով Լ գլխում, որն իր բնույթով ժամանակակից ընկալմամբ ու տերմինաբանությամբ ասած` «լրագրողական հետաքննություն» է, Դավրիժեցին ներկայացնում է իր ճանապարհորդություններից մեկի մանրամասնությունները: Փիլիպպոս կաթողիկոսի հանձնարարությամբ` Սուրբ Էջմիածնի նվիրակության գործի համար նա մեկնում է «յաշխարհն Յունաց»: Այնտեղ Սեբաստացի Ներսես վարդապետի հետ զրուցելիս տարակարծություններ են առաջանում սուրբ Գրիգոր Լուսավորչի աջի գտնվելու ճիշտ վայրի հետ կապված, եւ Դավրիժեցին, ճշմարտությունը պարզելուն հետամուտ, փաստերը ճշտելու համար լինում է բազմաթիվ բնակավայրերում` Սպահան, Սեբաստիա, Վաստիկան, Ուռհա, Անկյուրա եւ այլուր, թերթում ու ընթերցում է բազում մատյաններ: Եվ անկախ իր բուն նպատակադրությունից` Դավրիժեցին չի մոռանում երբեմն որոշ տեղեկություններ հաղորդել իր այցելած բնակավայրերի մասին, այդպիսով` իր «լրագրողական հետաքննությանը» հաղորդելով նաեւ ուղեգրության բնույթ: Ինչպես` «Մերձ մայրաքաղաքին Նախչուանու կայ գաւառ մի, զոր անուանեն Շահբունուց ձոր, եւ յայսմ գաւառի կայ գիւղ մի` զոր անուանեն Օծօպի, եւ մերձ այսմ գեղջս կայ շինեալ ի վաղեմի ժամանակաց վանք մի յանուն սուրբ Աստուածածնին` զոր անուանեն Օծօպու վանք... » (էջ 336) եւ այլն:

Միջնադարյան հայ գրականության տարածման ու սերնդեսերունդ փոխանցման յուրահատկությունները պայմանավորել են ձեռագրերի հիշատակարանների` իբրեւ ժանրային միավորների լիարժեք գոյության իրավունքը: Դրանք, այսպես ասած` ուղեկցող ժանրեր են եւ ենթակա են առավել ուշադիր սեւեռումի: Դավրիժեցու պատմագրքում առկա են գրիչ Աթանասի եւ գրիչ Ավետիսի հիշատակարանները, ովքեր արտագրել են «Գիրք պատմութեանցը»: Սակայն ձեռագրերի հիշատակարաններ առկա են նաեւ բուն շարադրանքում: Պրպտող ու ուշադիր պատմիչ Դավրիժեցին իր պատմության համար նյութեր փնտրելիս շատ հաճախ է վկայագրում ձեռագրերի հիշատակարաններից քաղված տեղեկություններ, այդ կերպ, ակամա, ստեղծելով ներժանրային բազմազանություն` առիթ ստեղծելով այդ ժանրի մասին քիչ թե շատ համակարգված տվյալներ ունենալ` իր պատմագրքի պարագծում: Ճիշտ է, միշտ չէ, որ ձեռագրերի հիշատակարանները Դավրիժեցու պատմագրքում ամբողջական ներբերումներով են ներկայանում:
«... Բազմաթիվ հիշատակագիրներ փորձում են այս կամ այն կերպ տալ ժամանակաշրջանի պատկերը, հաճախ ներհյուսելով դրան իրենց անձնական տառապանքներն ու ապրումները, գրում է ժանրի ուսումնասիրողներից Հենրիկ Բախչինյանը: Այդպիսով, հիշատակարանի մեջ առանձին տեղ է գրավում պատմական հատվածը... » (ընդգծումը բնագրում Ա. Ն. ) [2]: Դավրիժեցուն, ահա, հետաքրքրել են հենց այդ պատմական հատվածները, եւ ներբերված ձեռագրերի հիշատակարանները նրա պատմագրքում մեծ մասամբ ներկայանում են իրենց ժանրային նկարագրի այդ մասով:

Հատկապես «Պատմութիւն վասն սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչի Աջին» վերնագրով Լ գլխում է Դավրիժեցին առատորեն մեջբերում ձեռագրերի հիշատակարաններ: Եվ դա պատահական չէ, քանզի այդ գլուխը, ինչպես արդեն նշվել է` այսպես կոչված` «լրագրողական հետաքննություն» է իրենից ներկայացնում: Ձեռագրերի հիշատակարաններին բնորոշ տարաբնույթ տեքստային, բովանդակային օրինաչափություններից բացի, Լ գլխում բերված ձեռագրերի հիշատակարանները հատկանշվում են նրանով, որ դրանցից յուրաքանչյուրում առկա է որեւէ տեղեկություն Գրիգոր Լուսավորչի աջի մասին, ինչպես` «... քանզի յայսմ ամի վերացեալ եղեւ Աջն ի Սսայ, եւ ո՛չ գիտեմք զինչ եղեւ» (էջ 328), «... զի Աջն սուրբ Լուսաւորչին անտի գողացան, եւ երկու ամ ազգս Հայոց անտերունջ մնաց» (էջ 328–329), «... զի մինչ ի սոյն ամս Աջն Լուսաւորչին մերոյ Գրիգորի ի Սիս էր» (էջ 330), եւ այլն:

Այս ամենին հավելենք նաեւ, որ Դավրիժեցու խնամքոտ եւ ուշադիր աչքը պատմագրքում ներբերել է նաեւ որոշ վիմագիր արձանագրություններ` կորստից փրկելու մտահոգությամբ: «Վասն վարդապետութեան եւ կաթուղիկոսութեան տեառն Փիլիպպոսի: Յորում եւ վասն նորոգութեան եկեղեցեաց սրբուհի կուսանացն Գայիանեայ եւ Հռիփսիմեայ եւ յայտնելոյ նշխարաց նոցին» վերնագրով ԻԵ գլխում, օրինակ, վկայագրելով սուրբ կույս Հռիփսիմեի նշխարները գտնելու պատմությունը, Դավրիժեցին հիշատակում է նշխարների համար կառուցված փոքրիկ մատուռի պատերին առկա գրերի մասին, որոնք եւ արտագրելով ներբերում է իր պատմագրքում: Ահա դրանցից մեկը. «Յիշեա՛ եւ զիս` զոր նուիրեցայց իսկապէս ըստ անուանս վերստին աստուածագործողին կամահաճոյ յարկիս. զոհն մասնատիպս` որոյ շնորհօքն բաւականացայց, աղաչեմ յանձն եւ յարանուն քեզ Հռիփսիմէ» (էջ 268–269):

Իսկ իր երկրի բարօրությամբ մտահոգ Դավրիժեցին մեծագույն հաճույքով է վկայագրում կատարվող տարաբնույթ շինարարությունները: Պատահական չէ, որ պատմագրքի «Վասն նորոգութեան անուանի վանօրէից եւ շինութեան բազմածախ եւ մեծավայելուչ եկեղեցաց» վերնագրով ԻԶ գլուխն ամբողջովին նվիրել է շինարարության վկայագրման: Այդ շինարարությունների վկայագրումները ինչ-որ իմաստով կարելի է հիմնարկումի զրույցներ համարել, որոնք կարող են դառնալ որոշ ավանդությունների հիմք: Սակայն հրաշապատում տարրը, որ ավանդությունների պարագային ժանրակազմիչ գործառույթ ունի, մեծ մասամբ բացակայում է: Դրա պատճառն այն է, որ Դավրիժեցին ներկայացնում է իր ապրած ժամանակաշրջանում կատարված շինարարություններ:

 

Ահա այսպիսի ժանրային ներկայություններով է հատկական Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեանց» աշխատությունը:



[1]       Սիմեոն Լեհացի, Ուղեգրություն, Երեւան, 1997, տե՛ս «Երկու խոսքը», էջ 5:

[2]       Հենրիկ Բախչինյան, Ձեռագրերի հիշատակարաններ, «Հայ միջնադարյան գրականության ժանրեր» գրքում, Երեւան, 1984, էջ 399: