Հեղինակ

Բաժին

Թեմա
Health  

ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԹՇՆԱՄԻՆ

Մարդկութեան ամենամեծ թշնամին ալկոլն է. մարդկութիւնը սրա նման մի անգութ ու ահեղ թշնամի չունի. ամենասոսկալի ջարդերի և կոտորածների պատճառ դարձող համաճարակ հիւանդութիւններն ու բնութեան արհաւիրքները, որոց մէջ կարելի է հաշւել ժանտախտը, խոլերան, դեղին տենդը, տիֆը, ծաղիկը, տիֆտէրին, սկարլադինը և այլն, և երկրաշարժը, սիքլօնը, սովը, և նոյն իսկ ահարկու պատերազմները, այնքան խոր տեւական և հիմնական չարիքներ չեն յառաջացնում, որքան ալկոլը հասցնում է մարդկային սեռին։

Որովհետև յիշուած այդ աղէտները մարդկութեան մասնակի կերպով վնասում են և նրանց դադրելուց յետոյ մարդկութիւնը կարողանում է շուտով դարմանել իրա վնասները, պակսածի տեղը լրացնել. այո՛, ստատիստիկները անհերքելի կերպով ապացուցում են որ այդ աղէտներից յետոյ ծնունդները աւելի են շատանում և այս կերպով հաւասրաութիւնը համակշռում։ Սակայն մինչդեռ ալկոլը, ընդհանրապէս ամբողջ մարդկութիւնը իրան զոհն է դարձնում։ Նրա պատճառած վնասներն անդարմանելի են, ոչ միայն ներկայ սերունդներն են փճացնում և այլասերում, այլ և ապագայ սերունդները, և աւելի խորին ու տևական կերպով։

Ահա ալկոլականութեան այս վտանգներից մարդկութիւնը հեռի պահելու և նրա դէմ պաշտպանելու համար, հեռատես և խորհող անձեր սկսած են շարժւիլ և հանրային թշնամու դէմ կռիւ մղել։

Կռիւը շարունակւում է ամէն տեղ, բոլոր ազգերու մէջ, կազմվում են հակալկոլական ընկերութիւններ, հրատարակւում են հակալկոլական թերթեր ու գրքոյկներ, տեղի են ունենում դասախօսութիւններ հասարակական վայրերում, դպրոցներում զօրանոցներում, բանտերում, հիւանդանոցներում, զգաստարաններում, տներում և նոյն իսկ գինետներում. ՜. ՜. ՜։ Բաց են անում ժուժկալութեան նպաստող ընթերցարաններ, ճաշարաններ, զբօսավայրեր, գիշերային դպրոցներ և մասնաւոր հիւանդանոցներ, և կազմակերպում են միջազգային կոնգրէսներ։

Մինչև ցարդ տեղի են ունեցած եօթ միջազգային կոնգրէսներ, վերջինը այս տարի Պարիզում գումարւեց։ 1897 Սեպտեմբերի 2ին «ոգելից ըմպելիների չափազանցութեան դէմ» գումարւած VI միջազգային կոնգրէսում Դոկտ. Լըգրէնի առաջարկութեամբ ընդունւեց մի VII հակալկոլական կոնգրէս գումարել 1899 թւին Պարիզում, Ապրիլ ամսի 4ից մինչև

Ահա այդ կոնգրէսի մասին ուզում եմ համառօտ տեղեկութիւններ հաղորդել և զանազան ազգերի ներկայացուցիչների կողմից խօսւած ճառերից քաղւածներ անել։

1899 Ապրիլ 3ին Պարիզում գումարւեց եօթներորդ միջազգային կոնգրէսը հասարակաց կրթութեան նախարարի պատւաւոր նախագահութեան տակ, և այս կոնգրէսում վիճաբանութեան ենթարկւած առաջին խնդիրն եղաւ նրան յատկացւելիք անունը, համաձայնեցան և անունը դրին «Ոգելից ըմպելիների չափազանցութեան դէմ կոնգրէս»։

Վիլ-Էվրարի յիմարանոցի (Asile de Ville Evrard) գլխաւոր բժիշկ և Ֆրանսայի հակալկոլական ընկերութեան նախագահ Դոկտ. Լըգըրէն որու այս կոնգրէսի կազմակերպութեան պատիւն է պատկանում, կատարեալ ժուժկալական ընկերութիւններով օտարներից յետ մնացած լինելու վախը յայտնած է։ Կարժէր ականատես լինել այն բուռն եռանդին, որով օտար ներկայացուցիչներ, միայն յիշում եմ Շւէյցարիայից Պրօֆէսօր Ֆօրէլին՝ այս ժուժկալութիւնը դրւատում էին, զգացնել տալու համար թէ ֆրանսական չափաւորութիւնից որքան քիչ գոհ էին։

Ռումանիայից՝ Պրօֆէսօր Թիրօնի կողմից առաջարկւած «Ոգելից ըմպելիների չափազանցութեան դէմ կոնգրէս» խորագիրը վերջնականապէս ընդունւած է այս կոնգրէսի համար։

Հակալկոլականութեան առիթով կատարւած յառաջադիմութիւնները հաստատող մի տեղեկագիր կարդացւած է, որից յայտնւում է, որ Կանադայում ալկոլը մի միայն դեղատներում պիտի վաճառուի. Վերին-Կօնգօլում աբսէնթը պիտի արգիլւի և արմտիքի ալկոլ չը պիտի ներմուծւի, Բէլգիայում, Սէնատի անդամ և նախարար Լըժէօնի (Lejeune) կողմից ոգելից ըմպելիների վաճառման մասին մի օրէնք է հաստատւում. և վերջապէս, Թիրօն մեզ ցոյց է տալիս, որ Ռումանիա՝ մեծ ազգերի ենթարկւած վտանգի մասին անկասկած լինելով՝ ֆրանսական հաստատութեան նման մի հակալկոլական դրութիւն է ստեղծած։

Ֆրանսիայում, չարիքի դէմ մղւած կռւում, հասարակական ոյժը հակալկոլական ընկերութիւնների կողմն է։ Պուանկարէի շնորհիւ հակալկոլական ուսուցումը պաշտօնապէս նախակրթարանների և վարժապետանոցների մէջ մտցւած է։ Խորհրդարանում Ռամբօ (Rambaud) առաջարկած է դպրոցներում մանկական հաւաքումներ կազմակերպել, որտեղ դասախօսութիւններ կը կարդացւին։ Պարզ և պատկերազարդ բրօշիւրների ցրւումը զօրեղապէս նպաստում է պրօպագանդային։

Այս կոնգրէսը մի նոր դարագլուխ է բաց անում, ամբողջ աշխարհ պէտք է մասնակցի, մանաւանդ մեզ օգնական լինելու գործը կանանց է պատկանում։ Օրինակը կինը պէտք է տայ, իր ամուսնուն տանը պահող՝ բարի ընկեր պէտք է լինի։ Այսպէս ցեղի փրկութեան և մարդկային ընդհանուր ժառանգականութեան համար մենք բոլորս մի ողջամիտ կռիւ մղելու ենք։

Պարոն Բիւիսօն (Buisson) ալկոլականութեան դէմ մղւած կռւում երիտասարդութեան դերը ցոյց տալով և նրանց հրաւէր կարդալով, որոնք մարդկութեան ապագան, յոյսը և վաղորդայնը կազմում են, ասում է. «Երիտասարդութիւնը, մեր փորձածից աւելի լաւը պիտի անէ. առանց նրա ոչ մի յոյս չկայ, ոչ ալկոլականութեան դէմ մղւած կռւում և ոչ էլ բարոյական և ընկերական դաստիարակութեան համար։ Ընդհանուր կերպով, մենք դիմում ենք կրթւած երիտասարդութեան, որպէս զի իրա կարգին դիմէ անմշակ երիտասարդութեան, և որը կը կատարէ մի շատ ազդեցիկ պրօպագանդա։ Սակայն խնդիրը բարդ է. որովհետև ալկոլականութեան դէպքերը այն հրապոյրներից են ծնւում, որոնց շատերը վատ չեն։ Իմ մասին, ես չեմ կարծում որ այնտեղ լինի այն զուարճութիւնը, որ արժէ մի գաւաթ լաւ ջուրի։ Ուրեմն ալկոլ ընդունելու հաճոյքը չէ, որ նրան այնտեղ ձգում է։ Այլ մի քիչ աւելորդ շնորհ վայելելու, իրա համար մի բան անելու, մի միայն ինքնիրան տէրը լինելու, ազատապէս շնչելու և հանգստանալու փափաքն է։ Ա՛րդ, աշխատութեան կապանքից ազատւելուց յետոյ, ճաշելու ժամանակ նրանի՛ց մեզ մատուցանում են փոքր բաժակի ձևի տակ։ Ինչպէ՞ս պիտի կարողանանք փորձութեան դիմադրել, մանաւանդ նրանք, որոնք տխուր կեանք ունին»։

«Ալկոլականութիւնը ընկերականութեան հետ շղթայուած է։ Հաւաքւում են մի վայրում, որտեղ իրանց ընկերներին պատահում են, որ տեղ կեանքի դառնութիւնը մոռանալով խօսակցում են, տնից հեռու, որը իրականութեան տանջանքներն է միայն յիշեցնում։ Մինչև որ հեշտ հաւաքումների ուրիշ կեդրոններ գոյութիւն չունենան, և որտեղ չը տեսնեն խնամակալութիւն և պաշտպանութիւն, պիտի միշտ յաճախեն գինետուն։ Սրանից եզրակացնում եմ, որ երիտասարդութեան պաշտօնը միայն քարոզութիւն անել չէ։ «Մի գինեմոլի մի՛ առէք, ասում էր Լավիս, թէ մի անկիրթ է, այլ, այս մարդի մէջ ես մի անկիրթ եմ»։ Իր եղբօր այս տխուր վիճակի մէջ խորասուզւելուց արգիլելու համար, բոլոր սրտով պէտք է կռուել։ Համոզուեցէք, որ այս տեսակէտից օգտակար գործ պիտի անէ, եթէ երիտասարդը մի դժնդակ չարիքի է ենթարկուած»։

Վտանգը սրանից է գալիս։ Ուսանողները՝ Բուրժուայի զաւակներ՝ երբոր կը գնան արուարձաններում հակալկոլական գործեր տեսնելու և ժուժկալութիւնը դրուատելու, գործաւորը նրանց ցոյց է տալու աղքատութեան մէջ իսկ նոյն օրինակ իրա անփայլ գոյութեան թշուառութիւնները, և ուսանողները քաղաք մտնելով, ի՛նչ պատասխանելնին չը պիտի գիտնեն նրանց, որոնք կեանք, լոյս և անդորրութիւն են պահանջում»։

«Ի՞նչ պատասխանել։ Ամենից լաւը, մեր ընկերական կազմակերպութեան անարդարութիւնը ճանաչել է, յետոյ երթալ յաճախ տեսնել թշուառներին, օրինակով նրանց ցոյց տալ թէ կարող են ալկոլից հրաժարւիլ, և թէ ժուժկալութիւնը չի արտաքսում ուրախութիւնը։

«Միևնոյն ժամանակ կը պարտաւորւինք նուազ խստապահանջ լինել, ընկերական խնդրի մասին ձեր կարծիքները շատ կը փոխուին, երբ կը տեսնէք, որ թշուառին կեանքը հեռու է այն լինելուց, ինչ որ կարող է պահանջել։

Ալկոլը հարուածելուց առաջ, միշտ օգտակար է, ոչ միայն նրա վտանգները մատնանիշ անել, այլ և նրա անօգտակարութիւնը։ Պարիզի բժշկական դպրոցի օգնական Պրօֆէսօր Գլէյ, այս մասին շատ նշանաւոր մի զեկուցում արած է, որից հետևեալ մասերը քաղում ենք։

«Սակայն ալկոլը շատ թանկ մի սնունդ է, չի տալիս այն օգուտը, ինչ որ տալիս են իւղը և ածխային նիւթերը (շաքար ևայլն) արտադրած օգուտին համեմատ, կաթից երեք անգամ, իսկ հացից ութն անգամ աւելի թանկ արժէ»։

1895 թւին Baratynski, Պետրպուրգի բժշկական էնստիտիւտում հետևեալ կարևոր փորձերը կատարած է։ Մի քիչ ալկոլ ընդունող աղաւնիներ գրգռման մի շրջանա են ներկայացնում։ Բարատինսքի ցոյց է տւած, որ խնդիրը գրգռման վրայ չէ, այլ բարձր կենտրոնների անդամալուծութեան վրայ։ Իսկապէս ուղեղային կիսագնտից զրկուած և իրանց վէրքից առողջացած աղաւնիների վրայ, ալկոլը իսկոյն անդամալուծական երևոյթներ յառաջ է բերում»։