Հեղինակ

Բաժին

Թեմա
Health  

ԱԼԿՈԼԱՄՈԼՆԵՐԻՆ ԽՆԱՄԵԼ ՈՒ ԴԱՐՄԱՆԵԼ

Եղած բոլոր ջանքերին հակառակ, ալկոլականութիւնը տակաւին իրա աւերումները չորս կողմ տարածում է։ Չարիքը պէտք է սահմանափակել, սակայն հարկաւոր է նաեւ խորհիլ, ալկոլամոլներին խնամելու եւ նրանց դէմ ընկերութեան մնացորդ մասին պաշտպանելու համար։

Ալկոլամոլներին դարմանելու համա Կօնգրէսում առաջարկւած է թրքական բաղանիք գործածել, սակայն այս միջոցը մեզ մեծ յոյս չէ ներշնչում։

Forel առաջարկում է թեթեւներին խրատել ու դարմանել, իսկ ծանրերին ու վտանգաւորներին մասնաւոր շէնքերում փակել. թւում է նաեւ արբեցողների հինգ աստիճաններ եւ նրանց դարմանելու համար զանազան միջոցներ ցոյց է տալիս։

E. Cella եւս վերոյիշեալին ձայնակցելով, առաջարկում է հիմնել ալկոլամոլների համար մասնաւոր հաստատութիւններ եւ սրանց մասին տալիս է հարկաւոր ծրագիրներ եւ տնօրինություններ։

 

* * *

Այս կօնգրէսի աշխատութիւնները եւ տեղեկագիրները քննադատել մեզ չէ վերաբերում, միայն անշուշտ պիտի ներւի մեզ նշանակելու, որ խօսողների մեծագոյն մասը զբաղւած են, այս աղէտին երեւոյթները եւ նրան դարմանելու միջոցները ուսումնասիրել։ Ժուժկալական ընկերութիւնները, հակալկոլական կրթութիւնը, կանոնադրութեան եւ նոյնիսկ արգիլող կառավարական միջոցները ծափահարութեամբ ընդունւած են: Buissonի եւ Vanderveldeի հաղորդակցութիւնները աւելի շեշտում էին, ո՛չ միայն ալկոլականութիւնը ջնջելու պէտքը, այլ նրա ներքին եւ արմատացած պատճառները վերացնելու անհրաժեշտութիւնը։ Կարելի է ալկոլականութեան յաղթել, երբոր գործաւորը իրա ցանկացած բարեկեցիկ վիճակին տիրանայ. գործաւորին բարոյական ու մտաւոր դաստիարակութեան յառաջադիմութեանց առջեւ ալկոլականութիւնը տեղի է տալու։

Մի քանի խօսք էլ հայերիս մէջ կատարւած հակալկոլական շարժումների մասին ասենք։

Ճշմարիտ է, որ երկար ժամանակներից ի վեր թերթերում եւ մասնաւոր գրքոյկներում ազդու կերպով ալկոլի դէմ կռիւ է մղւում եւ ժուժկալութիւն է քարոզւում, սակայն այդ կռիւները, այդ քարոզութիւնները գործնական հողի վրայ դնելու պատիւը Պարսկահայերին է պատկանում։ Այս տարի Մայիս ամսին Թաւրիզում կազմւած է հայերի հակալկոլական անդրանիկ ընկերութիւնը, որը ներկայումս ունի Թաւրիզում 26 անդամներ եւ մի ամիս յետոյ նրա իբր մասնաճիւղ Մարաղայում կազմւած է մի ընկերութիւն, որը ունի 12 անդամներ։ Յոյս կայ, որ ընկերութիւնը իրա վարչութիւնը ընտրելով եւ բրօշիւրներ հրատարակելով պիտի շատացնէ անդամների եւ համախոհների թիւը եւ օգտակար գործ պիտի տեսնէ պարսկահայերի մէջ։ Պէտք է յիշել, որ պարսկահայերի մէջ խմիչք գործածելու սովորութիւնը շատ ընդհանրացած է, ամէն ընտանիքի համար մի գինետուն գոյութիւն ունի, այսինքն ամէն ընտանիք իրա տնում պատրաստում է ալկոլական խմիչքներ եւ այս վատ սովորութեամբ ենթարկւում է մեծամեծ ծախսերի։ Խմում են ամէն օր, թէ տղամարդիկ, թէ կանայք եւ թէ երեխաներ, եւ նոյն իսկ ծիծ ուտող երեխաներին էլ տալիս են . ՜ . ՜ . ՜։ Եթէ ալկոլականութեան կողքին կցենք սիֆիլիզը եւ թոքախտը, պարսկահայերի բանը խարաբ է... ։

Ալկոլականութեան աղէտալի հետեւանքները պատկերացնող մի նոր փորձ՝ մի ալկոլամոլի սերունդը՝ յիշելով վերջացնենք մեր այս ուսումնասիրությունը։

Bonnի համալսարանին Պրօֆէսօր Pellmann, 1740 թւին ծնած եւ 1800 թւին մեռած ճշմարիտ ալկոլամոլ Ada Jurké կնոջ 709 սերունդները երեւան հանած եւ նոյնադրած է։ Սրանցից 7ին մարդասպաններ լինելը եւ 76ին ուրիշ զանազան ոճիրներ գործելը հաստատւած է, 144ը արհեստով մուրացիկներ եղած են, 61ը հասարակաց գթութեան կարօտ եւ 181ը պոռնկացած են։ Հսկողութեան, դատավարութեան, արգելափակման եւ բանտարկութեան համար ընտանիքը գերմանական կառավարութեան վրայ 6 միլիօն ֆրանք է նստել. ՜ . ՜ . ՜։

 

ՎԵՐՋ