Հեղինակ

Բաժին

Թեմա

Հաշտութիւն ամէն գնով

Հակառակ Ժամանակաւոր Կառավարութեան Դաշնակիցների հետ միասնաբար հաշտութիւն կնքելու որոշումին, Սովնարկոմը, պատերազմին վերջ տալու իր հապճեպի մէջ, առանձնաբար մօտեցաւ Գերմանիային: Դաշնակցութիւնը կանգնած էր նոր իրադրութեան առջեւ։ Դեռ նախքան իշխանութեան գլուխ անցնելը, Լենինը պաշտպանում էր եւ եռանդով քարոզում Գերմանիայի եւ նրա դաշնակիցների հետ անջատ հաշտութիւն կնքելու գաղափարը՝ առանց հողային նուաճումների եւ պատերազմական վնասների հատուցման: Այս իրադրութեան մէջ, Հ. Յ. Դ. Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէին Ստոկհոլմից յղած նամակում Ռոստոմը մտահոգութիւն էր յայտնում, թէ առանձին հաշտութեան հարց լինելու պարագային, երբ «Լենինը եւ գերմանական կանցլերը իրարու գան.... Գերմանիան կը պահանջէ՞ արդեօք, որ գրաւուած վայրերը վերադարձուեն Թուրքիային»: [1] Իր մտորումները շարունակելով՝ նա գրում էր. «Բարեբախտաբար Ռուս-Լեհաստանի խնդիր կայ. ինչպէս Գերմանիայի զէնքով նուաճուած Լեհաստանը ստանում է անկախութիւն, այնպէս էլ ռուսների զէնքով նուաճուած Հայաստանը պէտք է ստանայ անկախութիւն: Մեր պահանջը աւելի իրաւացի է, քանի որ Վասպուրականը ազատուել է հայերի ապստամբութեան ուժերով»: Ռոստոմի այս տրամաբանութիւնը, ի հարկէ, հիմնուած էր Լենինի կատարած բազմաթիւ յայտարարութիւնների վրայ, ուր նա Ֆինլանդիայի, Ուկրաինայի, Լեհաստանի եւ Հայաստանի անկախութիւնը առաջադրում էր նոյն կարեւորութեամբ:

Ռոստոմի նախատեսութիւնը այժմ իրականութիւն էր դարձել: Լենինն ու գերմանական կանցլերը, իրենց ներկայացուցիչներով, հաշտութեան սեղանի առջեւ իրարու էին եկել: Բոլորի հայեացքները ուղղուած էին դէպի Բրեստ-Լիտովսկ: Եօֆֆէն իր յուշերում վերլուծելով Գերմանիոյ եւ Ռուսաստանի փոխադարձ շահերը այս բանակցութիւնների մէջ, գրում է, թէ ըստ Գերմանիոյ ակնկալութեան, ռուսների հետ առանձնաբար համաձայնութեան գալով՝ պատերազմը շարունակելը կդիւրանար:

Գերմանիան յոյս ունէր նաեւ, որ այդ համաձայնագիրը որոշ չափով պիտի կարողանար ցրել երկրում ստեղծուած բացասական հասարակական կարծիքը եւ վերջապէս ճամբայ պիտի բացէր միւս թշնամիների հետ եւս հաշտութիւն կնքելու: Իսկ խորհրդային կառավարութիւնը վստահ էր, որ իր առաջարկած «հաշտութեան սկզբունքները հաւասարապէս ընդունելի եւ համակրելի են ամբողջ աշխարհի աշխատաւորների համար», եւ իր նախաձեռնած հաշտութեան բանակցութիւնները «յեղափոխական ներգործութիւն» կունենան ամբողջ աշխարհի եւ Միջին Եւրոպայի պետութիւնների վրայ: [2]

Խորհրդային իշխանութեան առաջին շրջանի այս լաւատեսութիւնը շուտով փարատուեց: Պարզ էր, որ Միջին Եւրոպայի երկրներում յեղափոխութիւն ստեղծելը այնքան էլ դիւրին չէր իրագործուելու, իսկ Քառեակ Զինակցութեան պարտադրած պայմանները ահաւոր էին: Ահա այդ ժամանակ էր, որ Եօֆֆէին փոխարինած Տրոցկին ասպարէզ եկաւ իր յայտնի առաջադրանքով, որը յետագայ բանակցութիւնների ընթացքում կարգախօս դարձաւ. «Հաշտութիւն չենք ստորագրում, պատերազմ չենք անում, զինաթափ ենք անում մեր բանակներին եւ անզէն՝ բողոքում ենք գերման եւ աւստրօ-հունգարական բանուորութեան յեղափոխական խղճին»: [3]

Բանակցութիւնները ընդհատւում են, իսկ գերման բանակը յարձակման է դիմում եւ Խորհրդային Ռուսաստանից հողեր գրաւելով՝ մօտենում է Պետերբուրգին: Բոլորը յուսով սպասում էին Լենինին. արդեօք որքանո՞վ նա տեղի կտայ: Ռոստոմի մտահոգութիւնները իրաւացի էին: Գերմանացիները անզիջում էին. իսկ Լենինը անյապաղ կերպով կարիքն ունէր այդ խաղաղութեան: «Հաշտութիւն առանց հողային գրաւումների եւ առանց հատուցման» նշանաբանով, Լենինը փորձում էր վերջ տալ պատերազմին՝ բոլշեւիզմի դիրքը գոնէ ներքնապէս ամրապնդելու համար: Եւ այսպէս, Գերմանիայի առաջխաղացքի եւ Ռուսաստանի ամբողջական պարտութեան վտանգի տակ, Խ. Ռուսաստանի ներկայացուցչութիւնը (Տրոցկուն փոխարինած Չիչերինի նախագահութեամբ), այս անգամ աւելի ծանր պայմաններ ընդունելով, ստորագրում է համաձայնագիրը:

Բանակցութիւնների վերջին հանգրուանին, բացի հայկական վեց վիլայէթների պարպումից, Էնվէրի եւ Թալէաթի պնդումներին տեղի տալով, Գերմանիան Թուքիայի համար պահանջում էր նաեւ Կարսը, Արդահանը եւ Բաթումը: Դաշնագիրը ստորագրելուց առաջ խորհրդային պատուիրակութիւնը, ըստ Եօֆֆէի, «վճռական կերպով բողոքեց այդ վատացումների դէմ խիստ կերպով ընդգծելով նրա բռնի բնոյթը, որպէսզի ո՛չ մի դէպքում այնպիսի տպաւորութիւն չստացուի, որ, իբր թէ ամենափոքր համաձայնութիւն իսկ գոյութիւն ունի ռուսական յեղափոխութեան եւ Քառեակ Զինակցութեան պատկանող աշխարհակալների միջեւ»: Այս մեկնաբանութեամբ Եօֆֆէն կոմունիստի իր խիղճն է հանգստացնում, իսկ մեկնաբանութիւնը, իրողութեան մէջ, բառախաղ է, բառերի կոյտ միայն այդքան: Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը Թրքահայաստանի գերեզմանը դարձաւ:

Յատկանշական է, որ խորհրդային պատուիրակութեան մէջ էր առնուել նաեւ Վահան Տէրեանը: Դա նշանակում էր, որ բանակցութիւնների ընթացքում Հայկական Հարցի քննարկման հաւանականութիւն կար: Լիպարիտ Նազարեանցի վկայութեամբ, Վահան Տէրեանը նախքան մեկնելը, նիւթեր եւ տեղեկութիւններ ստանալու համար դիմել էր իրեն եւ Ստոկհոլմից նոր վերադարձած Ռոստոմին, ովքեր խոստացել էին խնդրոյ առարկայ հարցի վերաբերեալ մանրամասն տեղեկագիր պատրաստել: Այդ աշխատանքին միացել էին նաեւ պրոֆ. Նիկողայոս Ադոնցը, զօր. Լեւոն Տիգրանեանը եւ Մովսէս Աճեմեանը: Ընդարձակ տեղեկագիրը պատրաստուել ու յանձնուել էր Տէրեանին, որը, սակայն, Բրեստի մէջ խօսելու առիթ իսկ չէր ստացել: [4]

Բրեստ-Լիտովսկի բանակցութիւնների ընթացքում բաւական մեծ էր թրքական ազդեցութիւնը: Էնվէրն ու Թալէաթը հետեւողական աշխատանք էին տարել համոզելու գերման կառավարութեան՝ պահանջել Ռուսաստանից իր զօրքը Օսմանեան Կայսրութեան արեւելեան վիլայէթներից դուրս քշելու եւ Կարսը, Արդահանն ու Բաթումը Թուրքիային կցելու: Աւելին, Գերմանիան համաձայնուել էր պնդել նաեւ Անդրկովկասի մահմեդականների ինքնորոշման կամքի իրագործման վրայ: Բրեստ-Լիտովսկի դաշնագրով Ռուսաստանին պարտադրւում էր նաեւ առանձին համաձայնագրեր ստորագրել Քառեակ Զինակցութեան անդամ երկրների հետ մէկ առ մէկ՝ դաշնագրի գործադրման ծրագիրն ու ժամանակացոյցը նրանց հետ ճնշելու համար: Եւ ահա սրանց շարքում էր ռուս-թրքական համաձայնագիրը, որի մէջ Ռուսաստանին պարտադրւում էր կազմալուծել ու ցրել հայկական զօրախմբերը ամբողջ Անդրկովկասում եւ Թրքահայաստանում: [5]

Թրքական ազդեցութեան մէկ այլ ապացոյց էր արեւելեան ճակատի թրքական բանակների հրամանատար Վեհիբ փաշայի առաջարկը Անդրկովկասի Կոմիսարիատին: Նա, օգտուելով իր լիազօրութիւնից եւ ունեցած ազդեցութիւնից, 1918, Յունուար 16 թուակիր նամակով հրաւիրել էր Անդրկովկասի Կոմիսարիատին՝ մասնակցելու Բրեստ-Լիտովսկի բանակցութիւններին: Նոյնիսկ խոստացել էր համոզել գերմանացիներին՝ ճանաչելու Անդրկովկասի անկախութիւնը: [6] Վեհիբ փաշայի նամակը, ի հարկէ, ստացուել էր երեք շաբաթ յետոյ:

Այնուամենայնիւ, վրացիների մի մասը եւ հայերը դէմ էին կանգնել առաջարկին: Կողմնորոշումը ճի՞շտ էր, թէ՞ ոչ, դժուար է ասել: Արդէն մինչեւ Անդրկովկասի ներկայացուցչութեան Բրեստ-Լիտովսկ հասնելը հաւանաբար համաձայնութիւնը կնքուած կլինէր: Բայց եթէ այդ հրաւէրը կատարուէր ժամանակին, Անդրկովկասի ներկայացուցչութիւնը գուցէ կարողանար հակազդել Էնվերի ու Թալէաթի պնդումներին: Ալեքսանդր Խատիսեանը խոստովանում է, թէ դաշնակցական ղեկավար շրջանակներում յետագային ծագել էր մի տարակուսանք. գուցէ Բրեստ-Լիտովսկ գնալով կարելի լինէր փրկել 1914-ի սահմանները: [7] Յամենայնդէպս, Բրեստ-Լիտովսկը անշրջելի իրականութիւն էր այլեւս:

Հաշտութեան բանակցութիւններին զուգահեռ, բոլշեւիկեան կուսակցութեան Կենտրոնական Կոմիտէի մէջ ենթահող էր պատրաստւում ընդունել տալու Տրոցկու առաջադրած «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղութիւն» վարքագիծը: Ու երբ 1918-ի Մարտ 3-ին Ռուսաստանի ներկայացուցչութիւնը ստորագրեց Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, վերջինիս բովանդակութիւնը ընդունել տալու ենթահողը պատրաստ էր արդէն: 1918-ի Մարտ 15-ին Համառուսաստանեան Սովետների չորրորդ արտակարգ համագումարը վաւերացրեց դաշնագիրը: Համագումարը տեղի էր ունեցել Մոսկուայում, որ Ժողկոմսովետի որոշումով Պետերբուրգի փոխարէն Խորհրդային Ռուսաստանի մայրաքաղաք էր հռչակուել: Այսպէս, Լենինը կարողացել էր համոզել իր գործակիցներին եւ ամբողջ Ռուսաստանի ժողովրդին, որ պայմանները, թէկուզ երկրի համար նուաստացուցիչ, ժամանակաւոր երեւոյթ են. շուտով կոմունիստական յեղափոխութիւնը պիտի կուլ տայ Գերմանիային եւ Արեւմուտքին, եւ դաշնագիրը պիտի կորցնի իր վաւերականութիւնը: Միջանկեալ, այս նոյն համագումարին էր, որ Ռուսական Սոցիալ-դեմոկրատ «Բոլշեւիկ» Կուսակցութիւնը վերակոչուեց «Ռուսաստանի Կոմունիստական Կուսակցութիւն»:

Բնականաբար, Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը մեծ յուսախաբութիւն էր Դաշնակցութեան համար, որ մեծ յոյսեր էր կապել իրադարձութիւնների նպաստաւոր զարգացման հետ: Այդ առիթով դաշնակցական գործիչները, թէ՛ Ռուսաստանում եւ թէ՛ Եւրոպայում, բողոքներ ներկայացրին պաշտօնական շրջանակներին, բայց անօգուտ: Արձագանքը կարեկցութիւն էր միայն: Լիպարիտ Նազարեանցը յիշում է իր մէկ հանդիպումը Տրոցկու հետ, դեռ Պետերբուրգում: Դաշնագրի մէջ տեղ գտած՝ հայութեան համար այնքան աննպաստ պայմանների դէմ նրա բողոքին Տրոցկին պատասխանել էր. «Այո՛, ընկեր Լիպարի՛տ, դժբախտաբար ամէն ինչ այնպէս չի կարգադրուիր, ինչպէս որ մարդ կը փափագի: Ես ինքզինքս կը դնեմ ձեր դրութեան մէջ. Բրեստի դաշնագիրը դժբախտութիւն է ձեր ժողովուրդին համար, ու ես երջանիկ եմ, որ ինծի չվիճակուեցաւ ստորագրել այն: Հաւատացէ՛ք, որ ես միշտ պատրաստ եմ օգնելու ձեզ, ինչով որ կարող եմ»: [8]

Նոյն խնդրով Արշակ Ջամալեանը եւ ռամկավար Աւետիս Թերզիբաշեանը եւս հանդիպում են ունենում Տրոցկու հետ, որը ցաւ է յայտնում դաշնագրի պատճառած վնասների մասին եւ խրախուսում հայկական կազմակերպութիւններին, մանաւանդ՝ Կարսի եւ Բաթումի հայութեան, բողոքել ի լուր աշխարհի եւ Եւրոպայի հասարակական կարծիքի: Նա նոյնիսկ խոստանում է սատարել այդ գործին՝ հեռագրական գիծ տրամադրելով եւ այլապէս անհնարին հաղորդակցութիւնը դրսի աշխարհի հետ կարելի դարձնելով: [9]

Բրեստի դաշնագրի դէմ Մոսկուայի Ազգային Խորհուրդը եւս մի բողոքագիր է ներկայացնում Բանուորական եւ Գիւղացիական Պատգամաւորների համագումարին, սակայն բողոքագիրը անտեսւում է եւ համագումարին չի ընթերցւում նոյնիսկ:

 



[1] «Ռոստոմ», էջ 190:

[2] Տես՝ Ս. Մանսուրեան, «Բրեստ-Լիտովսկ», էջ 119:

[3] Նոյն տեղում, էջ 121:

 

[4] Տես՝ Նազարեանց, «Դրօշակ»ի յօդուած, էջ 232:

[5] Դաշնագրի յօդուածների մանրամասների համար տես՝ Armenia on the Road to Independence, էջ 101-105:

[6] Տես՝ Ալեքսանդր Խատիսեան, «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», բ. տպագրութիւն (Բէյրութ, Տպարան Համազգային, 1968), էջ 35:

[7] Նոյն տեղում՝ էջ 38:

[8] Տես՝ Նազարեանց, «Դրօշակ»ի յօդուած, էջ 232:

[9] Տես՝ ՀՀՊԿՊԱ ֆոնտ 222, ցուցակ 1, գործ 130, Արշակ [Ջամալեան]-ի նամակը, 1918, Մարտ 28-ին Մոսկուայից Աւետիք [Շահխաթունեան]-ին ուղղուած