Հեղինակ

Բաժին

Թեմա

Ապստամբութիւն բոլշեւիկ իշխանութեան դէմ

1918-ի Մարտ 18-ի գիշերը կովկասեան թաթարները, Մուսաւաթի գլխաւորութեամբ բոլշեւիկեան իշխանութեան դէմ ապստամբութեան դիմեցին։ Բաքուի Բանուորական Խորհուրդը շտապեց տեղի Կարմիր Բանակի միջոցով պաշտպանել քաղաքը։ Սկզբնական շրջանում Հայ Ազգային Խորհուրդը եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը փորձեցին չէզոք դիրքում մնալ, հաշտարարի դեր կատարել, կռուողներին բաժանել եւ նոյնիսկ պաշտպանել իրենց ազդեցութեան տակ գտնուող թաղամասերի մահմեդական բնակիչներին։ Շուտով բոլշեւիկեան իշխանութիւնների դէմ բռնկուած կռիւը դէպի Բաքուի հայ բնակչութիւնը ուղղուեց։ Հայկական զօրամասերը պաշտպանութեան անցան եւ փորձեցին կասեցնել լեռնային թաթարների ներխուժումը Բաքու։ Այս հերոսական պաշտպանութեան ոգին էր Ռոստոմը։

Կռուի հենց առաջին օրն իսկ, Շահումեանը չցանկանալով, որ այն հայ-թրքական ազգամիջեան բնոյթ կրի, նաւատորմի մի քանի բոլշեւիկ նաւերի ուժին յենուելով, հրաւիրեց կոմունիստներից բաղկացած «Յեղափոխութեան Պաշտպանութեան Կոմիտէ» եւ նրան յանձնեց կռիւը ղեկավարելու գործը։ Կոմիտէն ղեկավարում էին ինքը՝ Շահումեանը, Ջափարիձէն եւ Կորգանովը (Գրիգոր Ղորղանեան)։ Կազմի մէջ որպէս ոչ-կոմունիստներ, բայց եւ ո՛չ կուսակցական ներկայացուցիչներ, հրաւիրուել էին Սերգէյ Մելիք-Եօլչեանը (դաշնակցական) եւ Սաքօ Սահակեանը (սոցիալ-յեղափոխական), որոնք երկուսն էլ մերժել էին մաս կազմել Կոմիտէին։ Սրա կազմութիւնից յետոյ էլ դեռեւս շարունակում է աշխատել Բաքուի Ռազմա-Յեղափոխական Կոմիտէն, որ բաղկացած էր կոմունիստներից եւ ձախ սոցիալ-յեղափոխականներից։ Ստալինին գրած 16 (3) Մարտ նամակում Շահումեանը բացատրում է, թէ կարեւոր է այդ կոմիտէն պահել, «որպէսզի կաշկանդուած չլինենք ամէն տեսակ դաշնակցական, աջ էսէռական ու մուսաւաթական ֆրակցիաներով, որոնք մասնակցում են Բաքու Սովետին»։ [1] Նա, յամենայնդէպս, վերցնում է կռուի ղեկավարութիւնը եւ նաւատորմի ուժը օգտագործելով՝ յարձակման է անցնում թուրքերի վրայ։ Կատաղի կռիւը տեւում է մի քանի օր։ Մեծ թուով զոհերից եւ զինադադարի անյաջող մի քանի փորձերից յետոյ, վերջապէս Մարտ 22-ին դադարում է կռիւը։

Յատկանշական է 1918, Ապրիլ 13-ին Ժողկոմսովետին յղած Շահումեանի զեկոյցը Բաքուի կռիւների մասին։ Նա նշում էր, թէ Կարմիր Բանակը կռւում էր մուսուլման ազգայնականների դէմ, հայկական զօրամասերի կողքին, ընդունելով նրանց պատկանելիութիւնը։ Ապա աւելացնում էր, թէ «Դաշնակցութիւնը եւս ունէր մօտ 3-4000 ազգային զօրամասեր, որոնք մեր տրամադրութեան տակ էին»։ Ընդունելով հանդերձ Դաշնակցութեան անժխտելի դերը Բաքուի պաշտպանութեան մէջ՝ Շահումեանը Մոսկուայի ղեկավարներին խորհուրդ էր տալիս «Դաշնակցութեան պարտային, թէեւ նա մեզ առայժմ պաշտպանում էլ է ամէն բանում, առայժմ ոչինչ մի խոստացէք եւ ոչինչ մի տուէք։ Նրանց ուժեղացնել այլեւս պէտք չէ»։ [2]

Շահումեանի այս յանձնարարութիւնը, Մոսկուայի Հայկական Գործերի Կոմիսարիատի հակադաշնակցական պայքարը եւ այլ ազդեցիկ անհատ բոլշեւիկների յարատեւ հակադրութիւնը Դաշնակցութեան եւ նրա ստեղծած անկախ Հայաստանի դէմ պիտի գային հիմնաւորելու Ստալինի կովկասեան ծրագրերը, լարելու Լենինին ընդդէմ Դաշնակցութեան։ Այս նոյն ոգով յետագայում Սովետների 5-րդ համագումարը (Յուլիս, 1918) որոշում տուեց «դաշնակների ամէն տեսակ գործողութիւնները դիտել որպէս դաւաճանութիւն»։ [3]

Շահումեանի հետ ունեցած գործակցութիւնը շարունակւում էր այս բոլորով հանդերձ։ Ինչպէս Բաքուի այդ օրերի պատասխանատու գործիչները եւ դրանց մէջ Արամ Ալչուջեանն է վկայում, Շահումեանը մանաւանդ մեծ համարում ունէր Ռոստոմի նկատմամբ եւ յաճախ նրա խորհուրդներին էր դիմում։ Նոյնիսկ, երբ Հ. Յ. Դ. Կենտրոնական Կոմիտէն որոշում է Ռոստոմին Թիֆլիս ուղարկել Բաքուի հայութեան համար միջոցներ ձեռք առնելու Շահումեանը արգելք է հանդիսանում. «Այստեղ Բաքւում վճռւում է Կովկասի հայ ժողովրդի եւ նոյնիսկ Ռուսաստանի խնդիրը, իսկ դուք ուզում էք ուղարկել Ռոստոմին, որին ոչ ոք չի կարող փոխարինել»։ [4] Ռոստոմի դերը Բաքւում իրարու դէմ ելած խմբակցութիւնների միջեւ միասնութիւն ստեղծելու տեսակէտից անփոխարինելի էր, եւ Շահումեանը յենւում էր այդ դերի վրայ։ «Գաղափարական հակառակորդներ էինք… սակայն, պէտք է խոստովանեմ, որ Ստեփան Շահումեանը իր զգացումներով լաւ հայ էր» - եզրակացնում է Արամ Ալչուջեանը։ [5]

Հակառակ Բաքուին տիրող բոլշեւիկեան իշխանութեան, Ազգային Խորհուրդը կարողանում էր պահել իր անկախ գործունէութիւնը։ Այս մարմինը իր վրայ էր առել նաեւ հայութեան ներկայացուցչի դերը Դաշնակիցների, Ռուսաստանի եւ Պարսկաստանի մօտ։ Այս յարաբերութիւնների ծիրում, Մոսկուայի հետ կապ հաստատելու, Ազգային Խորհրդի իրաւասութիւնը ճանաչել տալու եւ խորհրդային իշխանութեան օգնութիւնը Կովկասի ինքնապաշտպանութեան խնդրում ապահովելու նպատակով, Բաքուի Ազգային Խորհուրդը Ապրիլ 20-ին Մոսկուա է ուղարկում Սիմոն Յակոբեանին՝ Նազարեանցի հետ համագործակցելու։ Նոյն նպատակով էր գործուղուել նաեւ Արտաշէս Չիլինգարեանը (Ռուբէն Դարբինեան)՝ Բեռլինում աշխատանք տանելու համար։ Խորհրդային իշխանութիւնը ընդունում է դիմումը։ Ստալինը մի գրութեամբ արտօնում է Բաքւում կատարուող զօրաշարժը եւ մինչեւ անգամ անպաշտօն կերպով ընդունում է անգլիացիների մուտքը Բաքու՝ քաղաքը թուրքերի ներխուժումից պաշտպանելու համար։ Բայց գործնականում Խորհրդային Ռուսաստանի քաղաքականութիւնը Կովկասում արդէն տարբեր հուն էր ընտրել։

 


[1] Նոյն տեղում, էջ 124։

[2] Նոյն տեղում, էջ 143-147։

[3] «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 196։ Մէջբերումը կատարուած է Վ. Ի. Լենին, «Երկեր», հատոր 35-ից, էջ 377։

[4] Արամ Ալչուջեանի յօդուածը Ռոստոմի մասին, տես՝ «Ռոստոմ», էջ 320-369. մէջբերումը էջ 358-ից։

[5] Նոյն տեղում, էջ 356։