Հայաստանը ՀՅԴ – Բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում 1917-1921

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բաքուն պաշտպանելու մի վերջին ճիգ

Վերջնագրի պատասխանը չստանալով՝ Նուրի փաշան յարձակման հրաման է տալիս, եւ Յուլիս 31-ին սկսւում է անհաւասար կռիւը: Դարձեալ ինքնապաշտպանութեան առաջապահ դիրքերի վրայ է Դաշնակցութիւնը՝ յանձին Մուրատի եւ Սեպուհի, որոնք Վոլգայի ափերից Բաքու էին եկել՝ յատկապէս ինքնապաշտպանութեանը մասնակցելու: Բարոյալքուած եւ կազմալուծուած էր բանակը, եւ Դաշնակցութեան զօրակոչի շնորհիւ էր, որ վերակազմակերպուեց քաղաքի պաշտպանութիւնը: Այս անհաւասար կռուի մէջ Դաշնակցութիւնը կորցրեց իր հաւատաւոր մարտիկներից շատերին. դրանց մէջ էր Սեբաստացի Մուրատը:

Հայկական զօրաբանակը կռւում էր անգլիական օգնութեան յոյսով եւ այդ սպասումի ոգեւորութեան տակ էր, որ որոշ յաջողութիւններ ձեռք բերելով կարողացաւ դիմադրել: Հերոսամարտի ոգին գնդ. Աւետիսեանն էր, որը սակայն չէզոքացուեց: Իսկ թիկունքում Ռոստոմն էր խթան ուժը: Օգոստոս 5-ին վերջապէս քաղաք մտաւ անգլիացի գնդապետ Ստոքսը իր 40 պաշտօնեաներով: Նա զարմանք յայտնեց այդ անհաւասար կռւում հայերի ձեռք բերած յաղթանակի կապակցութեամբ: Եւ միայն այդքան: Անգլիական զօրագնդին այսքան երկար սպասելուց յետոյ, նրա փոքրաթիւ ներկայութիւնը յուսախաբութիւն էր առաջացրել, մանաւանդ որ, անգլիացի հրամանատարութիւնը, փաստօրէն, մեծ համագործակցութիւն կամ քաղաքը պաշտպանելու մեծ շահագրգռութիւն ցոյց չէր տալիս:

Անգլիական զօրագնդերը վերջապէս Բաքու հասան Օգոստոս 7-ին եւ 13-ին, երբ առժամապէս յետ էր մղուած թշնամին: Խոստացուած հազարների փոխարէն եկել էին միայն 1500-2000 զինուոր: Յստակ էր, որ յետագայ ընդհարումների մէջ դեր ստանձնելու համար անգլիական զօրագնդի հրամանատար Դանստըրվիլը օգնական ուժերի պէտք ունէր, բայց նրա դիմումները անպատասխան մնացին. օգնական ուժեր երբեք չհասան: Միջագետքի անգլիական ուժերի ընդհանուր հրամանատար զօր. Մարշըլը ըստ երեւոյթին դէմ էր Բաքուի գործողութեան, իսկ Դանստըրվիլը Հայոց Ազգային Խորհրդի մէկ ներկայացուցչին արտայայտուել էր, թէ Բաքուի պաշտպանութեան բեռը չպիտի միայն անգլիացիների վրայ ծանրանայ, երբ նրանք պարտաւոր են միաժամանակ զանազան ճակատներում ուժեր կենտրոնացնել: [1] Անգլիացիների ներկայութիւնը Բաքւում ռազմական օգնութիւն չհայթայթեց, բայց դիւանագիտական մարզում իր անպատեհութիւններն ունեցաւ: Երեւոյթը օգտագործեցին մանաւանդ իթթիհատականները՝ ռուս-գերմանական եւ ռուս-թրքական բանակցութիւնների ընթացքում հայերին վարկաբեկելով եւ Դաշնակիցների գործիք կոչելով: [2]

Օգնական ուժեր ստացած թուրքերը Օգոստոս 29-ին յարձակման անցան: Շարունակուեց կռիւը, մէկը միւսի ետեւից ընկան քաղաքի պաշտպանութեան դիրքերը: Տաճկական եւ գերմանական զինուորական հրամանատարութիւնից Հայոց Ազգային Խորհրդին էին ուղղւում հաւաստիացման գրութիւններ: Հրամանատարութիւնը պահանջում էր քաղաքը յանձնել, դրա դիմաց խոստանում էր չվնասել հայ բնակչութեան: Վերջապէս ստացւում է նաեւ քաղաքը յանձնելու պահանջով վերջնագիրը, որ նաեւ հնարաւորութիւն էր տալիս ցանկացողին անվտանգ հեռանալու: Նոյն ընթացքում Թիֆլիսից Բաքու էին հասել Ռամիշվիլին եւ Հայկ Տէր-Միքայէլեանը, որոնք եկել էին կողմերի մէջ միջնորդի դեր կատարելու եւ քաղաքը փրկելու, սակայն տաճկական զօրքը արգիլել էր նրանց մուտքը Բաքու: Այս կացութեան մէջ Թիֆլիսի Ազգային Խորհուրդը յարմար է դատում յանձնել քաղաքը: Եւ կարծես ուրիշ ելք չէր էլ մնացել: Դիկտատուրայի մէջ Սեպտեմբերի 5-ին կազմւում է քաղաքը պարպելու յատուկ յանձնախումբ: Հ. Յ. Դ. Կ. Կ. ն յայտարարում ու քաջալերում է հայ բնակչութեան՝ քաղաքը թողնել, բայց քչերն են տեղից շարժւում:

Այլեւս հնարաւոր չէր դէմ դնել տաճկական յարձակումներին. լուրեր էին ստացւում նաեւ թշնամու ընդհանուր յարձակման մասին: Եւ Դիկտատուրան որոշում է տեղի տալ ու հեռանալ քաղաքից: Այսպէս, Սեպտեմբեր 15-ի լուսաբացին, երբ իբրեւ նշան ընդհանուր յարձակման թշնամու ռմբակոծումները սկսուել էին արդէն, Դիկտատուրայի կազմը նաւերով հեռացաւ քաղաքից. նրան միացաւ նաեւ մեծ մասը հայ ղեկավարութեան, իսկ հայ բնակչութիւնից՝ շուրջ 50, 000 հոգի: Հեռացողների մէջ էին Ռոստոմը, զօր. Բագրատունին, Սերգէյ Մելիք-Եօլչեանը եւ Աբրահամ Գիւլխանդանեանը: Դրանից առաջ արդէն Դաստըրվիլը չցանկանալով իր զօրաբանակը վտանգի ենթարկել՝ գաղտնաբար դէպի Պարսկաստան էր հեռացել:

Սեպտեմբեր 15-ին օսմանեան զօրքը Բաքուն գրաւեց եւ տեղացի իսլամներին միացած՝ սկսեց թալանել ու կոտորել անզէն հայ բնակչութեանը, որոնց մէջ՝ մեծ թուով ղեկավարներ, նոյնիսկ Ազգային Խորհրդի անդամներ:

Վահագն Տատրեանը հետաքրքրական բացայայտումներ է կատարում Բաքուի գրաւման առնչութեամբ Էնվերի յղած հեռագիրների վերաբերեալ: Խուսափելու համար Բրեստ-Լիտովսկի համաձայնագիրը խախտած լինելու մեղադրանքից, Էնվերը իր բնակարանում տեղադրուած գաղտնի հեռագրով Խալիլ փաշային կարգադրում է տեղական ուժերը կազմակերպել եւ անյապաղ գրաւել Բաքուն՝ այնուամենայնիւ առերեւոյթ չէզոք ձեւանալով: Երբ Սեպտեմբեր 15-ին Խալիլ փաշան կենտրոնին տեղեկացնում է Բաքուի գրաւման մասին, Էնվերը պաշտօնական մի հեռագիր է ուղարկում, որի մէջ պախարակում է նրան այդ քայլի համար եւ հրահանգում Կարս վերադառնալ: Այս հեռագրից երեք ժամ յետոյ Էնվերը գաղտնի հեռագրով Խալիլ փաշային իր խնդակցութիւնը, օրհնանքն ու շնորհաւորութիւններն է ուղարկում: Բաքուի գրաւման փաստի առջեւ կանգնելով՝ գերմանացիները մի ձիաւոր զօրաբաժին են ճամբում հայերի ջարդը արգիլելու համար, սակայն թուրքերը մի երկու կամուրջ պայթեցնելով՝ խափանում են նրանց մուտքը: Բաքուի ջարդը կազմակերպւում է անկաշկանդ: [3]

Բաքուի գրաւումը, ի հարկէ, ցնցեց ռուս-գերման համաձայնութիւնը: Սեպտեմբեր 20-ին Չիչերինը Բեռլին գործուղուած Եօֆֆէին կարգադրեց այս անգամ վերջնագրով բողոք ներկայացնել Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի խախտումի դէմ եւ մէկ անգամ եւս նշել այն բոլոր վայրագութիւնները, որ թուրք բանակն էր կատարել Կարս-Արդահան-Բաթումը անցնելով եւ մինչեւ Բաքու առաջանալով: Այս բոլոր խախտումների լոյսի տակ Սովնարկոմը չեղեալ էր համարում Բրեստ-Լիտովսկի համաձայնագիրը:

Ռուսեւգերման ու ռուսեւթուրք բանակցութիւնները շարունակուեցին. արծարծուեց Չիչերինի յղած վերջնագիրը: Բայց դէպքերը արդէն տարբեր ընթացք էին ստացել: Քառեակ Զինակցութեան պարտութիւնը մօտալուտ էր. մօտալուտ էր նաեւ երիտթուրքերի կառավարութեան անկումը: Մուդրոսի զինադադարը Հոկտեմբեր 30-ին եկաւ վերջ տալու պատերազմին: Իսկ Բաքուից վռնդուած էին թուրքին ատելի հայերն ու բոլշեւիկները, եւ այն արդէն ստանձնում էր Ազրբէյջանի Հանրապետութեան մայրաքաղաքը լինելու իր բնական կոչումը:

 



[1] The Struggle for Transcaucasia, էջ 140: Քազեմզադեհը օգտագործում է Դանստրվիլի 1932-ին հրատարակած The Adventures of Dunsterforce :

[2] Այս մասին տես՝ Armenia on the Road to Independence, էջ 222:

[3] Վահագն Տատրեան, The History of the Armenian Genocide (Providence, Oxford, Bergham Books, 1995), էջ 385: