Հեղինակ

Բաժին

Թեմա

Հայաստանի անկախութեան ճգնաժամը

Բիւրօ-կառավարութիւնը իր վերջին օրերն էր ապրում։ Շարունակւում էր սուր քննադութիւնը նրա դէմ՝ զինադադարի ծանր պայմանները ընդունելու եւ ժամանակին չհրաժարուելու համար։

Հրաժարումը անխուսափելի էր։

Եւ նոյն օրը, երբ Հայաստանի պատուիրակութիւնը Ալեքսանդապոլ էր մեկնում, Հ. Օհանջանեանը խորհրդարանին ներկայացրեց կառավարութեան հրաժարականը։ Խորհրդարանի այդ նիստին արտասանուած ճառերի մէջ յատկանշական է սոցիալ-յեղափոխական Արշամ Խոնդկարեանի հաստատումը, ըստ որի «Կառավարութիւնը, անշուշտ, ունեցել է սխալներ, բայց այդ պիտի վերագրել ո՛չ այնքան կառավարութեան մէջ եղած անձերին, որքան տիրող սիստեմին» (Խոնդկարեանը «տիրող սիստեմ» է անուանում երկրի քաղաքական դրութեան գտած նոր դասաւորումը)։ [1] Խորհրդարանը Յ. Քաջազնունուն յանձնարարում է նոր կառավարութիւն կազմել։ Նպատակն էր զանազան կուսակցութիւնների մասնակցութեամբ միացեալ կառավարութիւն ստեղծել, որը, սակայն, անկարելի եղաւ։ Կուսակցութիւնները մերժեցին մտնել կառավարութեան մէջ, իսկ Ժողովրդական կուսակցութիւնը իր մասնակցութեան համար պայման էր դնում, որ Դաշնակցութիւնը միանգամայն հեռանայ իշխանութիւնից։ Ընդհանուր յուսալքում կար, ստեղծուած պայմանների մէջ ելք գտնելու դժուարութիւն։

Շփոթ ու վարանում էր տիրում նաեւ Դաշնակցութեան շարքերում։ Թուրքերի սպառնալիքների տակ շարունակե՞լ արդեօք պայքարը Խորհրդային Ռուսաստանի դէմ, թէ՞ համաձայնութեան գալ ու նրա միջամտութեան ապաւինել։ Այս շփոթ իրավիճակից օգտուելով՝ վրացական զօրքը, խախտելով Լոռու չէզոք գօտու վերաբերեալ 1920, Նոյեմբեր 13-ի համաձայնագիրը, անցել էր Շահալին եւ Փամբակը եւ Հայաստանից հողեր գրաւել։ Այս առիթով, Վրաստանում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Բէկզադեանը Հայաստանի կառավարութեան պաշտօնական բողոքն էր ներկայացրել Վրաստանին, բայց ապարդիւն։ [2] Անել վիճակը փրկելու համար, խորհրդարանի դաշնակցական ֆրակցիայի որոշումով Սիմոն Վրացեանը (նախկին գիւղատնտեսութեան, պետական գոյքերի եւ աշխատանքի նախարար) վարչապետ նշանակուեց։ «Զոհ էր պէտք, եւ եթէ այդ էր հայ ժողովրդի կամքը, որեւէ մէկը իրաւունք չունէր հրաժարուելու», - հետեւցնում է Վրացեանը։ [3]

Վրացեանը իր կառավարութիւնը կազմեց ձախ դաշնակցականներից ու սոցիալ-յեղափոխականներից եւ գործի լծուեց՝ Հայաստանի անկախութիւնը փրկելու դժուարին նպատակը իրագործելու համար։ Հենց իր վկայութեամբ, կառավարութիւնը պէտք է դէմ դնէր երկրի պետականութիւնը տապալել փորձող բոլոր ուժերին, կարգ ու կանոն, խաղաղութիւն վերադարձնէր երկրին եւ վերականգնէր վարչական, հաղորդակցութեան, պարենաւորման եւ արդարադատութեան խանգարուած մեքենան։ Արտաքին թշնամիները Հայաստանի դռներն էին բախում։ Թրքական բանակը, հազիւ 20-25 մղոն մայրաքաղաքից հեռու՝ Ալեքսանդրապոլում ամրացած, սպառնում էր շարժուել դէպի Երեւան, իսկ բոլշեւիկները Հայաստանի խորհրդայնացումն էին պահանջում։ Վրացեանը փորձում էր համոզել Լեգրանին՝ հրաժարուելու Հայաստանում խորհրդային իշխանութիւն հաստատելու գաղափարից։ Խնդրում էր օգնել՝ յետ մղելու թուրքերին, փաստեր էր բերում, թէ ինչու Հայաստանը պիտի անկախ մնայ։ Լեգրանը պահանջում էր Ալեքսանդրապոլի բանակցութիւնները խզել եւ ընդունել Խորհրդային Ռուսաստանի միջնորդութիւնը, իսկ Վրացեանը հաւատացած էր, որ այդ պարագային կը վերսկսուի թրքական յառաջխաղացումը եւ, մինչեւ Կարմիր Բանակի Հայաստան մտնելը թրքական զօրքը Երեւանն էլ կը գրաւի։ [4]

Լեգրանը, ի հարկէ, հնազանդ մի պաշտօնատար էր, որ կոչուած էր Կրեմլի եւ Կոմունիստական Կուսակցութեան որոշումը գործադրելու։ Ծրագրի ամբողջական պատկերը ձեւաւորւում ու լրանում էր Մոսկուայում։ Այդ Ծրագրի ծիրում պիտի տեսնել Խ. Ռուսաստանի զինուած ուժերի գերագոյն վարիչ Տրոցկու Նոյեմբեր 28-ին կատարած յայտարարութիւնը, թէ «Հայաստանը թիկունքն է Վրաստանի, բաւական է այնտեղից զսպանակը սեղմել, որպէսզի անմիջապէս Բաթումը միանայ Բաքուի հետ»։ [5]

Պայքարը արտաքին ճակատների վրայ չէր միայն։ Երկպառակութիւն կար նաեւ Դաշնակցութեան մէջ։ Մի շարք դաշնակցականներ, «ձախ» դաշնակցական անուան տակ, փորձում էին կառավարութեան քաղաքականութիւնը Ռուսաստանի կողմը թեքել։ Տիրող շփոթից օգտուելով եւ «ձախ» դաշնակցականների, մանաւանդ ծայրայեղականներ Հայկ Աւալեանի, Արշակ Գրիգորեանի եւ Թադէոս Տէր-Ղազարեանի եւ դրանց ղեկավարած խմբակի վրայ յենուելով՝ Լեգրանը ի մտի ունէր ներսից յեղաշրջում առաջացնել։ Դաշնակցական գրականութեան մէջ ընդգծւում է այն երեւոյթը, որ Լեգրանի կամ ընդհանրապէս Ռուսաստանի համար Հայաստանը խորհրդայնացնելու առաքելութեան դէմ միակ խոչընդոտը Դաշնակցութիւնն էր, որ դեռեւս տէրն էր երկրի, եւ այդ ուժը ամէն կերպ պիտի չէզոքացուէր։ Նոյնն էր նաեւ թուրքերի կեցուածքը. Հայաստանի անկախութիւնը վերացնելու ճամբին պիտի վերանար Դաշնակցութիւնը։ Կարօ Սասունին բնութագրում է պահը, «Երկու թշնամի պետութիւններու համար ալ կամազուրկ զանգուած մը, նոյնիսկ տարրական դիմադրական կորովէն զուրկ ժողովուրդ մը պէտք էր»։ [6]

Լեգրանը համոզել էր «ձախ» դաշնակցականներին, որ փրկութեան միակ միջոցը Կարմիր Բանակի Հայաստան մտնելն է։ Գործը յաջողեցնելու համար ձախ դաշնակցականները նոյնիսկ խոստանում էին Լեգրանին, Հայաստանի խորհրդայնացումից յետոյ, ձերբակալել ներկայ կառավարութեան անդամներին, մինչեւ անգամ գնդակահարել մի քանիսին։

Հայաստանի խորհրդայնացումից յետոյ Դաշնակցութեան այս թեւը թռուցիկներով հաւատարմութիւն էր յայտնում Յեղկոմին եւ յայտարարում Դաշնակցութեան մահը։ [7] Լեգրանին քաջալերում էր նաեւ սոցիալ-յեղափոխականների ձախ թեւը՝ Լեւոն Թումանեանի ղեկավարութեամբ։ Սկզբնական շրջանում «ձախ» դաշնակցականներին էին միացել նաեւ խորհրդարանի դաշնակցական ֆրակցիայի անդամներից Աւետիս Օհանջանեանը, Հայկ Սարգսեանը եւ մի քանի ուրիշներ՝ նպատակ ունենալով Հայաստանի խորհրդայնացումը իրագործել որքան կարելի է խաղաղ, սահուն եւ անարիւն։ Վերջիններս փորձում էին նաեւ անկախ Հայաստանի գաղափարը ամրապնդել եւ ապահովել Դաշնակցութեան համագործակցութիւնը ապագայ բոլշեւիկ կառավարութեան հետ։ Բայց Հայկ Աւալեանի ծայրայեղականութիւնից խորշելով, նաեւ լսելով Լեգրանի հետ ունեցած նրա գաղտնի բանակցութիւնների մասին, այս խորհրդարանական խմբակը քաշւում է ասպարէզից։ Որոշ ժամանակ ոչ-գործուն մնալուց յետոյ նրա անդամները այնուհետեւ մեծ աշխատանք են տանում Փետրուարեան Ապստամբութեան իրագործման ընթացքում։ [8]

 


[1] Տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 489-490։

[2] Տիգրան Բէկզադեանի բողոքի բնագիրը տես՝ «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 251, էջ 398։ Փաստաթղթի վրայ սխալմամբ արձանագրուած է Հ. Բէկզադեան։

[3] «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 488։

[4] Նոյն տեղում, էջ 498-500։

[5] Վահան Նաւասարդեան, «Հ. Յ. Դաշնակցութեան «Լիկուիդացիան»», էջ 134։

[6] «Փետրուարեան Ապստամբութիւնը», էջ 16։

[7] Տես՝ «Ուրուագիծ Հ. Յ. Դ. Պատմութեան 1919-1924 Հնգամեակի», էջ 49։

[8] Արտասահմանեան Պատասխանատու Մարմնի կողմից յղուած շրջաբերական թիւ 19 Կ. Կոմիտեներին, 25 Փետրուար, 1922, Թաւրիզ. տես՝ Հ. Յ. Դ. Արխիւ, Բոստոն, Մաս Ե., թղթածրար թիւ 184, փաստաթուղթ թիւ