Հեղինակ

Բաժին

Թեմա

Կոտորակուած՝ թուրքից կախեա՞լ, թէ՞ ենթակայ բոլշեւիկներին

Հայաստանի խորհրդայնացումը արագացնող կարեւոր ազդակ էր, անշուշտ, թուրքերի կարծր ու անհամբեր կեցուածքը։ Ալեքսանդրապոլում բանակցութիւնների նստած՝ նրանք պահանջում էին նոյնիսկ Շահթախտ-Շարուր գիծը անմիջապէս դատարկել։ Պարզ էր, որ Կարաբեքիրը մտադրութիւն ունէր Շարուր-Նախիջեւանն էլ իր հսկողութեան տակ առնել, իսկ դա արդէն Մոսկուայի իշխանութեան համար անհանդուրժելի էր. խաղի օրէնքները այստեղ էլ էին խախտուել։ Թուրքերը նկատում էին բոլշեւիկների առաջխաղացքը եւ ստիպում էին հայերին օր առաջ դաշնագիր ստորագրել, իսկ ռուսները արդէն լրջօրէն հետապնդում էին Հայաստանի խորհրդայնացումը։ Այս մրցակցութեան մէջ տանուլ չտալու համար, 1920-ի Նոյեմբեր 30-ին, թուրքերը վերջնագրի ձեւով ներկայացնում են իրենց անտեղիտալի պայմանները եւ շուտափոյթ վաւերացում պահանջում։ Վերջնագրին ընկերակցում էր Կարաբեքիրի ստորացուցիչ բացատրողականը, որ բացարձակ եւ արհամարհոտ ուրացումն էր Հայաստանի պատմութեան ու մշակոյթի եւ մանաւանդ մերժում՝ նրա ներկայի պահանջների։

Խատիսեանը իր ստացած ծանր տպաւորութիւնն ու յուսախաբութիւնը այսպէս է նկարագրում. «Կեանքիս մէջ երկրորդ անգամ ինձ վիճակուեցաւ ծանր րոպէներ ապրիլ Հայաստանի սահմաններու խնդրի առթիւ։ Առաջին անգամ 1918 թ. Յունիսին, Բաթում, երկրորդ անգամ Ալեքսանդրապոլ, այս օրերուն։ Մենք նորէն տեսանք Հայաստանը երկաթէ փականքներու մէջ սեղմուած, առանց Թրքահայաստանի, առանց Կարսի նահանգի, առանց Նախիջեւանի, առանց նոյնիսկ Սուրմալուի»։ [1]

Հայաստանի ղեկավարութիւնը կէս գիշերից անց դեռ ժողովի մէջ էր, երբ Խատիսեանը Ալեքսանդրապոլից տեղեկացնում է վերջնագրի ձեւով թուրքերի ներկայացրած սոսկալի պայմանների մասին։ Վրացեանը հեռախօսի մօտ է կանչւում, լսում է Խատիսեանի զեկոյցը, յորդորում է փորձ կատարել մեղմացնելու թուրքերի առաջարկած պայմանները, խոստանում է իր հերթին շուտափույթ պատասխան տալ ներկայացուած վերջնագրին եւ գլխահակ ժողովասրահ է վերադառնում։ Նոր տեղեկությունների լոյսի տակ եւ թուրքերին աճապարանօք պատասխան տալու անհրաժեշտութիւնից մղուած՝ շարունակւում է ժողովը։ Ըստ վերջնագրում նշուած պայմանների, համաձայնագիրը ստորագրելով Հայաստանը շարունակելու էր իր գոյութիւնը, բայց հաշմանդամ, կոտորակուած, ամբողջովին կախեալ Թուրքիայից։ Թուրքիան նոյնիսկ պահանջում էր Սուրմալուն, ուր հայ ժողովրդի համար սրբացած Մասիս լեռն էր բարձրանում։

Այլեւս ուրիշ ելք չէր մնացել։ Ժողովը բացարձակ մեծամասնութեամբ որոշում է ընդունել Լեգրանի վերջնագիրը եւ Դրոյին ու Համբարձում Տէրտէրեանին իբրեւ ներկայացուցիչ ունենալով՝ Հայաստանի խորհրդայնացման գործընթացը սկսել։ Հ. Յ. Դ. Բիւրոն եւս նոյն եզրակացութեան է յանգում։ Նրա տուած որոշումը Կարօ Սասունին այսպէս է բնութագրում. «Երկու հակառակորդ կողմերու ճնշումէն հարկադրուած Բիւրոն Հայաստանէն կը հեռանայ, թողնելով իր ներկայացուցիչը, եւ կը հրահանգէ ընկերներուն, իրենց տեղական պայմաններուն համաձայն գործել եւ գաղտնի պահպանել կուսակցութեան գոյութիւնը, իսկ ընկերներու չարգիլել մտնել նոր իշխանութեան մէջ եւ աշխատիլ երկրի տնտեսական ու կուլտուրական զարգացման համար»։ [2] Հ. Յ. Դ. Բիւրոն, Երեւանում գումարած այս վերջին նիստում, բարդութիւնների տեղիք չտալու եւ Յեղկոմի համար գործելու աւելի սահուն պայմաններ ստեղծելու սիրոյն, որոշում է հեռանալ երկրից։ Հայաստանում պիտի մնար միայն Սիմոն Վրացեանը՝ որպէս վերջին վարչապետ եւ Դաշնակցութեան ներկայացուցիչ։ Դաշնակցութիւնը երկրում յայտարարւում էր «անպաշտօն», շուտով ընդյատակ անցնելու համար, իսկ շարքային ընկերներին թելադրւում էր շարժուել անձնական նախաձեռնութեամբ։

Դեկտեմբեր 1-ին Կարաբեքիրը պաշտօնապէս յայտնում է Խատիսեանին, որ Անգարան վերջնագրի պայմանները մեղմացնելու ո՛չ մի զիջում չի կատարում։ Ըստ վերջնագրի առաջադրած Հայաստան-Թուրքիա սահմանների, Հայաստանը զրկւում էր Արեւմտահայաստանից, իսկ Կարսի, Կաղզուանի, Օլթիի եւ Սուրմալուի ճակատագիրը նախատեսւում էր որոշել մէկ տարում՝ հանրաքուէի միջոցով։ Թուրքիան իր հերթին ընդունում էր Շարուր-Նախիջեւանի եւ Զանգեզուրի ճակատագիրը վճռել Ռուսաստանի, Ազրբէյջանի եւ Հայաստանի մասնակցութեամբ։ Կարաբեքիրը խոստանում էր նաեւ համաձայնագիրը ստորագրելուց յետոյ երկու շաբաթուայ ընթացքում Ալեքսանդրապոլը Հայաստանին թողնել ու հեռանալ։

Խատիսեանը փորձում էր ժամանակ շահել, մինչեւ Երեւանից որեւէ թելադրութիւն կը գար։ Իսկ Երեւանում Դեկտեմբեր 1-ին սկսւում են բանակցութիւնները Լեգրանի հետ։ Հայաստանի կառավարութիւնը ներկայացնում էին Դրոն եւ Համբարձում Տէրտէրեանը։ Փոխանցման շրջանը վարելու համար կազմւում է «կոալիցիոն կառավարութիւն», որին Դաշնակցութեան կողմից մասնակցում էին Դրոն եւ Համբարձում Տէրտէրեանը։

 


[1] «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը», էջ 311։

[2] Բիւրոյի որոշման մէջբերումը առնուած է «Փետրուարեան Ապստամբութիւնը», էջ 30-ից։ Այս ժողովի արձանագրութիւնները պահուած են ՀԽՍՀ Պետական Կենտրոնական Պատմութեան Արխիւում, Ֆոնտ 199, ցուցակ 1, գործ 247։ Նոյն ժողովի որոշումների մասին տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 524։ Նաեւ՝ «Ուրուագիծ Հ. Յ. Դ. Պատմութեան 1919-1924 Հնգամեակի», էջ 47։