Հեղինակ

Բաժին

Թեմա

Զանգեզուրը դեռ շարունակում է կառչած մնալ Անկախ Հայաստանի գաղափարին

Անդրանիկի հեռանալուց յետոյ (1919, Մարտ 25), շնորհիւ Երեւանի կառավարութեան կողմից Զանգեզուրի նահանգապետ նշանակուած Արսէն Շահմազեանի կազմակերպած զինուորական ուժեղ կառոյցին, Ղարաբաղը շարունակեց դիմադրել ազրբէյջանցիներին։ [1] Դիմադրութիւնը շարունակուեց Ղափան-Գենուազ (Մեղրի)-Գողթանի շրջանում ամրացած Գարեգին Նժդեհի եւ Սիսիանի հրամանատար Պօղոս Տէր-Դաւթեանի ղեկավարութեամբ։ Սիսիանում ու Զանգեզուրում, հակառակ բոլշեւիկեան քարոզչութեան եւ ազրբէյջանական անդադար ոտնձգութիւնների, դեռ վառ էր մնացել անկախ Հայաստանի գաղափարը։ Սակայն դրութիւնը վատթարացաւ 1920-ի Մայիսին, երբ Ազրբէյջանի խորհրդայնացումից յետոյ, ուժեղ թափով սկսուեցին Կարմիր Բանակի զինուորական գործողութիւնները։

Նժդեհը վկայում է, որ Դրոյի թոյլ տուած քայլը՝ առանց կռուի Ղարաբաղը կարմիրներին թողնելը, մեծ բարոյալքութիւն էր առաջացրել Գորիսում։ Նա այդ հոգեվիճակին է վերագրում Գորիսի անկումը, որ տեղի ունեցաւ Յուլիս 2-ին։ Գորիսը գրաւած Կարմիր Բանակը այս անգամ դէպի Ղափան է շարժւում՝ Ղափան-Մեղրի գծով Ջուլֆա հասնելու համար։ Ղափանի ժողովուրդը Նժդեհի գլխաւորութեամբ դարձեալ պաշտպանութեան է անցնում։ [2] 1920-ի Սեպտեմբերից սկսեալ Երեւանի կառավարութեան եւ Հ. Յ. Դ. Բիւրոյին յղած Նժդեհի նամակները արտացոլում են Զանգեզուրի տխուր ու անյուսալի իրավիճակը։ Այս նամակներից մէկում, 1920 Սեպտեմբեր 15-ին Մեղրիից գրուած, Նժդեհը յայտնում է, թէ բոլշեւիկները Ղափանի գիւղացիութեան հաւատացրել են, որ «իրենք կռւում են ո՛չ թէ Հայաստանի հանրապետութեան դէմ, որը վաղուց է ձեռք քաշել Զանգեզուրից, եւ որը յայտնել է Լեգրանին, որ այս շրջաններում ո՛չ րեգուլիար ուժեր ունի, ո՛չ էլ ներկայացուցիչներ, այլ Նժդեհի դէմ, որը զէնք է վերցրել Սովետական իշխանութեան եւ նորա զօրքերի դէմ»։ [3] Բոլշեւիկների առաջացրած յեղկոմները ջլատիչ գործունէութիւն էին տանում, իսկ ժողովուրդը անհամբեր սպասում էր Երեւանի օգնութեան։ Այս բոլորի վրայ, հակառակ յայտարարուած զինադադարի, Կարմիր Բանակը շահատակութիւններ էր կատարում, թալանում եւ բռնի զինաթափում էր ժողովրդին։

Հայաստանի խորհրդայնացումից յետոյ, դեռ Զանգեզուրը յամառում էր ընդունել Խորհրդային վարչակարգը եւ փաստօրէն անջատուած էր մնացել Հայաստանից։ Սիմոն Վրացեանը գրում է, թէ այդ օրերին ոչինչ չէր լսւում Զանգեզուրի մասին, միայն «Կոմունիստ» թերթում ամէն օր երեւում էին բոլշեւիկեան հայհոյանքներ «զանգեզուրեան հակայեղափոխականութեան» գլուխ կանգնած «աւանտիւրիստ Նժդեհ»ի եւ «դահիճ Ռուբէն»ի մասին։ [4] Զանգեզուրից կտրուած, Երեւանում գիտէին միայն, որ Զանգեզուրը դեռ դիմադրում է կոմունիստներին։ Այդ որակումները ինքնին արտացոլանքն էին տիրող իրավիճակի։

1920-ի Դեկտեմբեր 25-ին, Տաթեւի վանքում գումարւում է համազանգեզուրեան ժողով, 118 ներկայացուցիչների մասնակցութեամբ։ Որոշում է տրւում Զանգեզուրը յայտարարել ինքնավար, անջատ Հայաստանից, քանի որ մայր երկրում տիրում է խորհրդային իրաւակարգ։ [5] Ընտրւում է ղեկավար մարմին կամ տեղական կառավարութիւն, սակայն, իրականութեան մէջ, իշխանութիւնը կենտրոնացած էր Գարեգին Նժդեհի մօտ, որ իր հմայքով ստուերում էր տեղական կառավարութեանը։

Բոլշեւիկ իշխանութիւնը ոչ մի գնով պատրաստ չէր Սիւնիքը ազատ թողնել. դա անբաժանելի մասն էր Խ. Ռուսաստանի։ Եւ մի կողմից Նժդեհին բանակցութիւններ առաջարկելով, միւս կողմից հակադաշնակցական ուժեղ քարոզչութիւն ծաւալելով եւ Նժդեհի գլխի համար գին նշանակելով՝ բոլշեւիկները աշխատում էին ծունկի բերել Սիւնիքը։ 1921-ի Յունուարին, 11-րդ բանակի հրամանատարութեան եւ իբրեւ թէ Դրոյի կողմից, Գրիգոր Վարդանեանի նախագահութեամբ մի պատուիրակութիւն էր եկել Բաքուից եւ պահանջում էր ընդունել խորհրդային կարգեր, ընդունել 11-րդ բանակի հրամանատարութիւնը եւ զէնքերը ցած դնել։ Պատասխանը լինում է ժխտական։

Ըստ երեւոյթին, Կասեանը կողմնակից էր խաղաղ միջոցներով Զանգեզուրը խորհրդայնացնելուն։ 1921-ի Յունուար 29-ին Դարալագեազի Յեղկոմին յղած նամակում նա զգուշացնում է՝ անզէն ժողովրդի դէմ բռնի միջոցների չդիմել. «քանի դեռ չէ գրաւուած Զանգեզուրը… դէպի քաղաքացիները ցոյց տալ կորրեկտ վերաբերմունք։ Ձերբակալել միայն նրանց, որոնք բացայայտ կերպով պրոպագանդա են մղում իշխանութեան դէմ»։ [6] Եւ Նժդեհին համոզելու համար Կասեանը առաջարկում է ոչ-բոլշեւիկ մտաւորականներ Դաւիթ Անանունին, Վահան Մինախորեանին եւ Սիմոն Վրացեանին Զանգեզուր գործուղել։ Այս քայլին դէմ էին Աթարբէկեանն ու Աւիսը, որոնք պնդում էին, թէ Զանգեզուրը զէնքով պիտի գրաւել։ Վրացեանը, 1920-ի Փետրուար 4-ին նրանց հետ ունեցած տեսակցութեան ընթացքում համաձայնուել էր որպէս պատուիրակութեան անդամ Զանգեզուր գնալ, բայց այդ պատուիրակութիւնը չկայացաւ գոնէ մինչեւ 1921-ի գարնան։ Հայաստանում ապստամբութեան ճնշումից յետոյ, Հայաստանի նոր Յեղկոմը այս անգամ անհրաժեշտ նկատեց մի պատուիրակութիւն առաքել խորհրդային կարգերի դէմ դեռեւս դիմադրող Լեռնահայաստան։

Փետրուարեան ապստամբութիւնը Հայաստանում, բոլշեւիկ իշխանութեան արտաքսումն ու «Հայաստանի Փրկութեան Կոմիտէ»ի գործի գլուխ գալը ոգեւորութեան մի նոր ալիք բարձրացրեց Զանգեզուրում, ուր շարունակում էր պահպանուել ինքնիշխան դրութիւնը՝ Ազատ Սիւնիքի գոյութիւնը։ Զանգեզուրի հրամանատարութիւնը ինքնուրոյն վճռականութեամբ Դարալագեազն էլ (Վայոց Ձոր) գրաւեց եւ միացրեց Ինքնավար Սիւնիքին՝ Ինքնավար Լեռնահայաստան վերակոչելով այն։ Մայրաքաղաքը, ի հարկէ, մնաց Գորիսը, որ ազատագրուել էր կարմիրներից։ Հայաստանի այս փոքրիկ բեկորն էր, որ դարձաւ ապաստարանը բոլշեւիկներից փախչող հազարաւոր մտաւորականների, պետական պաշտօնեաների, զինուորների եւ դաշնակցական գործիչների, որոնք յետագայում այնտեղից Պարսկաստան պիտի անցնէին։

1921-ի Ապրիլ 2-ին Երեւանի վերագրաւումից յետոյ Կարմիր Բանակը իր յարձակումները ուղղեց դէպի Զանգեզուր՝ դիմադրութիւնը ոչնչացնելու եւ այդ վերջին ամրութիւնն էլ խորտակելու համար։ Ապրիլ 23-ին Երեւանի «Կոմունիստ» թերթում Աւիս Նուրիջանեանը կոչ էր անում հայկական Կարմիր Բանակին՝ շարունակելու «դաշնակցական խմբապետ»ների դէմ կռիւը, «մինչեւ որ նրանք իրանց զէնքը ցած դնեն, կամ վռնտուեն Զանգեզուրից»։ Նա համոզուած յայտարարում էր, թէ «Զանգեզուրն ու Ղարաբաղը Սոցիալիստական Հայաստանի անբաժան մասն են»։ [7] Այդունման կոչեր էր ուղղել նաեւ ՀԿ(բ)Պ Կենտկոմը Զանգեզուրի «գիւղացի ընկերներին», նրանց զգուշացնելու, որ չխաբուեն դաշնակներից, որոնք Կարսն ու Ալեքսանդրապոլը թուրքին տուին եւ հիմա թուրք փաշաներին են ձեռք մեկնում իրենց իշխանութիւնը պահելու համար։ ՀԿ(բ)Պ Կենտկոմը փութացել էր ուշքի հրաւիրելու զանգեզուրցիներին, որովհետեւ Երեւանից փախած դաշնակցականները գալիս են նրանք գիւղացիների ու աշխատաւորների «կաշին քերթել են ու դեռ քերթում են…»։ Կոչը հաւատացնում է, որ միայն բոլշեւիկներն են հայ գիւղացու եւ աշխատաւորի բարեկամը։ Ուրեմն՝ ընդունել խորհրդային իշխանութիւնը՝ ազատ ու հանգիստ ապրելու համար։ Կոչը վերջանում է մի քանի կեցցէ՜ներով, դրանց մէջ նաեւ «Կեցցէ՜ Կարմիր Զանգեզուրը»։ [8]

Միւս կողմից, Գարեգին Նժդեհը Տաթեւում ամրացած, կոչ էր անում պաշտպանել դէպի Զանգեզուր ուղղուած հալածական հայ մտաւորականներին։ Ապրիլ 15, 1921-ին Լեռնահայաստանի ժողովրդին ուղղուած այս կոչում Նժդեհը յիշեցնում էր, որ «դուրս եկածների մէջ է հայ ինտելիգենցիայի հարիւրին իննսունը հարիւրներով ուսուցիչներ, ինժիներներ, տեխնիկներ, փաստաբաններ, քաղաքական գործիչներ, ուսանողներ եւայլն։ Ամիսներ առաջ հերոսական Գենուազը փրկեց հայ ցեղի ու պատմութեան պրեստիժը, այսօր նա պէտք է փրկի հայ ժողովրդի սիրտն ու ուղեղը՝ նրա մտաւորականութիւնը։ Այդ պատմական ու վեհ խնդիրը, հայ ինտելիգենցիայի սովից ու թշնամու սրից փրկելու գործը ձեզ է տրւում։ Յաջողութիւն ձեզ», - վերջացնում էր իր կոչը Նժդեհը։ [9]

Ապրիլ 20-ին Հայրենիքի Փրկութեան Կոմիտէն եւ տարագրեալ ժողովուրդը Տաթեւի վանք հասան։ Յաջորդ օրն իսկ տեղի ունեցաւ խորհրդակցութիւն, ուր որոշուեց ունենալ երկու կառավարութիւն՝ Սիմոն Վրացեանի կառավարութիւնը՝ իր նախկին կազմով առաւել երկու արեւմտահայեր, Լեւոն Շանթ եւ Արմենակ Մաքսապետեան արտաքին աշխարհում Անկախ եւ Միացեալ Հայաստանը ներկայացնելու։ Ապա եւ Լեռնահայաստանի կառավարութիւնը՝ ներքին, տեղական պատասխանատւութիւնները յանձն առնելու համար։ Ի հետեւումն այդ որոշման, Ապրիլ 26-ին, դարձեալ Տաթեւի մէջ, կայացաւ Լեռնահայաստանի երկրորդ համագումարը, ուր ընտրուեց նոր կառավարութիւն՝ Գ. Նժդեհի նախագահութեամբ եւ Երեւանից եկած ղեկավարների մասնակցութեամբ (Սերգէյ Մելիք-Եօլչեան, Յակոբ Տէր-Յակոբեան, բժ. Մինաս Մինասեան, բժ. Ս. Եղիազարեան, Աւ. Օհանջանեան եւ Յ. Տէվէճեան)։

Համագումարում որոշւում է պայքարել Լեռնահայաստանի անկախութեան համար՝ մինչեւ Հայաստանի ազատագրումը բոլշեւիկեան լծից։ Համագումարի աւարտից յետոյ կառավարութիւնը մեկնում է Գորիս, իսկ Նժդեհը՝ դէպի Ղափանի հանքերը։ Յետագայում որոշում է տրւում երկու կառավարութիւնները միացնել։ Մայիս 30-ին Գորիսում կազմւում է նոր դահլիճ՝ Վրացեանի վարչապետութեամբ, 11 նախարարներով, որոնցից մէկը անկուսակցական, երկուսը սոցիալ-յեղափոխական, իսկ մնացեալը դաշնակցական։

 


[1] Շահմազեանը ղեկավարեց 1919-ի Նոյեմբերի Զանգեզուրի հերոսամարտը Ազրբէյջանի դէմ, դրանից յետոյ կանչուեց Երեւան եւ պատասխանատու պաշտօններ վարեց հանրապետութեան օրերին։ Խորհրդայնացումից յետոյ ձերբակալուեց եւ Սիբիր աքսորուեց անվերադարձ։

[2] Զանգեզուրում տարուած կռիւների մանրամասների եւ հայ բոլշեւիկ գործիչների գործունէութեան մասին տես՝ Նժդեհ, «Հայ-Բօլշեւիկեան Կռիւները», «Հայրենիք» ամսագիր, Ա. տարի, թիւ 12, Հոկտեմբեր, 1923, էջ 93-102 եւ «Հայրենիք» ամսագիր, Բ. տարի, թիւ 1, Նոյեմբեր, 1923, էջ 109-117։ Նոյնը տպագրուած է նաեւ «Նժդեհ» հատորի մէջ, էջ 300-325 եւ «Էջեր Լեռնահայաստանի Գոյամարտէն» յօդուածում, «Հայրենիք» ամսագիր, Ա. տարի, թիւ 11, Սեպտեմբեր, 1923, եւ յաջորդական թուերում։

[3] Նժդեհի նամակները տես՝ ՀԽՍՀ Պետական Կենտրոնական Պատմութեան Արխիւ, Ֆոնտ 198, ցանկ 1, գործ 73, թիւ 1, 4, 6, 9, 14, 15, 17։ Նաեւ՝ «Նժդեհ», էջ 102-145։

[4] Սիմոն Վրացեան, «Էջեր Մօտիկ Անցեալից», «Հայրենիք» ամսագիր, Ա. տարի, թիւ 4, Փետրուար, 1923։

[5] Համագումարի մանրամասների մասին տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», էջ 551-554։

[6] Տես՝ Գարեգին Նժդեհ, «Ազատ Սիւնիք», «Հայրենիք» ամսագիր, Գ. տարի, թիւ 9, Յուլիս, 1925, էջ 76։

[7] Տես՝ «Հայաստան Եւ Հայ Դատը», էջ 272-273։

[8] «Հոկտեմբերեան», փաստաթուղթ թիւ 381, էջ 523-526։

[9] Գարեգին Նժդեհ, «Ազատ Սիւնիք», «Հայրենիք» ամսագիր, Գ. տարի, թիւ 10, Օգոստոս, 1925, էջ 138։