Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

Ա.

1858 թուականի մայիս ամիսն էր: Դեռ նոր լուսացել էր առաւօտը, դեռեւս նոր վեր բարձրացել էր արեւը հորիզոնի վերայ, ոսկեզօծելով ամպեղէն կաթնագոյն սարերի գագաթները, դեռեւս նոր զարթնում էին մարդիկ իւրեանց քնից, որ մանաւանդ շատանում է եւ զօրանում է գարնան ժամանակ, աղախինը պ. Մարկոսի ներս մտաւ սորա սենեակը: Պ. Մարկոսը քնաթաթախ բացեց աչքերը եւ երեսը շփելով հարց արեց քնից վեր կացած աղախնու ներս մտանելու պատճառը: Այս միջոցին մօտեցել էր նորան աղախինը եւ յառաջ քան թէ պ. Մարկոսը աւարտել էր իւր հարցմունքը, ստացաւ սորանից մի նամակ, որ պ. Շաքարեանցի ծառան բերել էր:

Պ. Մարկոսը բացեց կնիքը եւ աչքերը տրորելով կարդաց հետեւեալ խօսքերս․

 

«Սրտակից բարեկամ

ՊԱՐՈՆ ՄԱՐԿՈՍ․


Չնեղանաս բաց խօսածիցս, ինչպէս նկատում եմ, քո խոստանալը շատ է, քան թէ կատարելդ. խօսքս մեր խնջոյքի վերայ է, որի մասին զրուցելով անցեալները խոստացար հոգաբարձու լինել, բայց, մի չար բաղդով, ոչ մի հոգացողութեան նշան, որ ցոյց տուած լինէիր, չտեսայ մինչեւ այսօր: Օրերը անցանում են, մեր կեանքը թռչում է, իսկ մեք, քո շնորհքիցը, բանտարկուած մեր բնակարաններում թառամում ենք տխրութեան մէջ: Տեսանելով, որ բանը այսպէս է, որ այս մասին մի բարի յոյս չկայ քեզանից, ես ինքնին սկսեցի լինել այդ խնջոյքի հոգաբարձուն: Ամենայն պատրաստութիւն տեսել եմ, թէ կերակրեղէնի եւ թէ ըմպելիքի  մասին: Միմիայն արաղ առել եմ մի վեդրօ, իսկ հասարակ խմելի գինի հարիւր քսան շիշ, Շամպայն, շատ լաւերը, Կլիկ եւ Րեդերեր քսանչորս շիշ. Մադեռա, Խերէս, Ռէյն-վէյն, մի խօսքով թունդ գինիներ տասն եւ ութն շիշ: Կատարումն օրինաց եւ մարգարէիցը կը լինի լաւ Մարասկէնով, որ ստացել էի օտար աշխարհից:

Այս հաշուիցս տեսանում ես ահա, որ ես քեզ նման ականջի վերայ քնած չեմ. ինչեւիցէ թէ մեղադրանք է, թէ խրատ է, ընդունիր, եւ այս նամակս ստացածովդ շտապի՛ր գալ իմ մօտ, մեր ծանօթներից եւ բարեկամներից ովին հրաւիրելու եւ ովին չհրաւիրելու մասին, խորհուրդ կատարելու համար:

Քեզ միշտ բարի կամեցող Յ. Շաքարեան»։


Պ. Մարկոսը, աւարտելով նամակի կարդալը, սկսեց ծանր կերպով եւ մտածողութեամբ համարել․ հարիւր քսան, տասն եւ ութն եւս, հարիւր երեսուն ութն, քսան չորս դորա վերայ, հարիւր վաթսուն երկու, մի բան չէ․ բայց եթէ մի վեդրօ արաղը ձգենք յառաջաբանի փոխանակ, իսկ Մարասկէնը վերջաբանի տեղ, այն ժամանակ հարիւր վաթսուն երկու շիշը մի բանի նման կը լինի: Բայց ինչո՛ւ Ռօմ մոռացել է... Կօնեակ եւս չկայ, անգլիական ճին չկայ, մի վեդրօ իստակ արաղով կամենում է աչքերս ներկել... չէ, եղբայր, այդպէս չէ, ես քեզ մի նոր ցուցակ դարձեալ կը տամ... վա՜յ, վա՜յ, վա՜յ, Սարեպտի բալասան եւս մոռացել է. այդ ինչ խնջոյք կը լինի:

Այս խորհրդածութենից յետոյ, որ նորա կեանքի մէջ բաւական մեծակշիռ բան էր, սկսեց հագնել իւր զգեստքը: Աղախինը պատրաստելով թէյի մեքենան ներս բերեց եւ դրեց սեղանի վերայ: Պ. Մարկոսը սկսեց թէյ պատրաստել եւ նստելով աթոռի վերայ, զանազան պատկերներ երեւակայել իւրեանց խնջոյքի մասին: Միանգամ երեւակայում էր իւր բոլոր ընկերքը արբեցած ընկած դաշտերի վերայ, որը քնած եւ որը... իսկ ինքը տղամարդի պէս գինու թասը ձեռքին կանգնած նոցա մօտ, ծաղր առնելով նոցա թուլամորթութիւնը: Յետոյ երեւակայում էր, որ իւր ընկերքը, գլուխները տաքանալուց, տուր ու ծեծ սկսել էին միմեանց հետ, որոնցից մինը լաց էր լինում եւ գանգատում էր, թէ վշտացնում են իւրեան, իսկ միւսը բարձր բարձր գոռալով հայհոյում էր նորան եւ ասում էր, որ եթէ չափը չճանաչէ, ոչ միայն այսչափ, այլեւ աչքի լոյսը եւս հանելու էր: Այստեղ պ. Մարկոսը երեւակայում էր իւրեան միջին դարերի ասպետների նման մի բան, որ գինու բաժակը ձեռքում մօտենալով կռուողներին մխիթարում էր վշտացածը, թէ արժան չէր կին մարդու պէս ամենայն բանից նեղանալ, միեւնոյն ժամանակ բարկանալով հարստահարողի  վերայ, թէ ընկերութեան մէջ մեծ անկարգ բան է մի այդպիսի կոշտ վարեցողութիւն եւ այլն:

Այսպիսի պատկերներ ստեղծագործելով ուղեղի մէջ, խմում էր պ. Մարկոսը իւր թէյը, երբեմն երբեմն արձակելով բերանից թաբակի թանձր ծուխը օղերի նման դուրս փչելով: Նա ուրախանում էր, մանաւանդ մտածելով, եթէ բոլոր արաղը եւ գինիքը խմուելուց յետոյ, մի քանի մարդ եւ ինքը մնան զգաստ, առանց արբենալու, այն ժամանակ ինչպէս բարձր խօսելով գինի պահանջելու էր պ. Շաքարեանցից, սորա ժլատութիւնը խայտառակելու մտքով: Այսպէս էր նորա հոգու տրամադրութիւնը նամակը կարդալուց յետոյ: Երբ աւարտել էր թէյ խմելը, վեր առաւ վերարկուն, գլխարկը եւ ջոխին, եւ դուրս գնաց իւր տանից:

Կարդացողը այս գործի, կարելի է, կարծէ, թէ պ. Մարկոսը մի անսովոր արբեցող մարդ է. քա՛ւ լիցի. այդ զրպարտութիւն կը լինէր: Պ. Մարկոսը, ճշմարի՛տ է, խմում է, բայց ինչպէս ուրիշները, ինչպէս մի բարի հայ քրիստոնեայ: Նորա շատ խմելու վերայ երեւակայելը եւ երազելը, պ. Շաքարեանցի ժլատ հոգացողութեան վերայ նեղանալը, շատ սովորական բան է: Երիտասարդ մարդը, որքան շատ խմէ, այնքան շատ պատուելի է նա, այնքան փառք ու պարծանք է նորա համար: Շատ ժամանակ չէ, ես պատահեցայ Կունցով [1] ագարակում մի քանի հայ երիտասարդների, որ ման էին գայիս մի Ռուսի հետ, որ դժուարութեամբ կանգնում էր ոտքի վերայ եւ որի լեզուն, համարեա թէ փայտանալով, հազիւ հազ շարժւում էր բերանի մէջ. հայ երիտասարդներից մինը, պ. Ծ... վը ասաց մեզ հայերէն. տեսանո՞ւմ էք, ի՛նչ օրն ենք ձգել սորան, այսինքն թէ ինչպէ՛ս արբեցած է:

Խօսքս այն բանի վերայ է, թէ պ. Մարկոսի համար մի պակասութիւն չէ, եթէ նա մտածում է շատ խմելու վերայ, եւ ո′չ այսչափ միայն, այլեւ պարտական է մտածել եւ աշխատել, որ օրէ օր աւելի կարողանայ խմել, որովհետեւ մեր հայ երիտասարդներից շատերը խմելով չափում են իւրեանց քաջութիւնը: Սորանից մի քանի տարի յառաջ, պատահեցայ մի հայ երիտասարդի ... քաղաքում, որ իրաւամբ ստացաւ Բեքրի-Մուստաֆա պատուանունը հասարակաց վկայութեամբ, այդ պարոնը, մի օր մի լաւ երկրպագութիւն եւ ուխտ կատարած լինելով Բաքոսի տաճարում, եւ մեղադրանք լսելով ինձանից իւր արբեցութեան մասին, այսպէս խօսեց

Պարոն, դու գիտե՞ս, որ մարդը աշխարհի միւս բոլոր արարածներից գերազանց է:

Գիտեմ, պատասխանեցի ես:

Ուրեմն, ինչո՞ւ մեղադրում ես ինձ, եթէ ես աշխատել եմ յարգի կացուցանել իմ մարդկութիւնը քան թէ մի անբան արարած:

Ես չեմ հասկանում քո ասածը:

Մա՞րդն է գերազանց, թէ փայտը, հարց արեց նա:

Այդ ի՞նչ տարակուսելի բան է:

Տնաքանդ, եթէ ճանաչում ես ճշմարտութիւնը, ապա է՞ր չես ընդունում: Ես մարդ եմ, լաւ նայիր իմ վերայ, ես Աստուծոյ պատկեր եմ, ես բանականութիւն ունիմ, եւ այս խօսքերիցս տեսանում ես ահա, որ ես շատ լաւ ճանաչում եմ իմ արժանաւորութիւնը աշխարհի արարածների մէջ: Մի անշունչ էակ, մի տակառ, որ փայտից էր շինած, որ ո′չ հոգի ունէր, ոչ Աստուծոյ պատկեր էր, այդպիսի մի չնչին էակ, ասում եմ, տանում է իւր մէջ մինչեւ քառասուն վեդրօ գինի. ես տեսանելով այս, կարո՞ղ եմ մինչեւ այն աստիճան անարգել իմ մարդկութիւնը, որ սառն աչքով նայեմ այդ բանի վերայ, եւ հայհոյութիւն չէ՞ր իմ կողմից Աստուծոյ շնորհին, որ տուել էր ինձ, մինչ մի բուռն հողից գոյացայ, եթէ չաշխատէի հաւասարուիլ եւ գերազանցել այդ չնչին փայտից: Մեզանից իւրաքանչիւրը պարտական է գետնի հետ չհաւասարել իւր մարդկութիւնը, չանարգել Աստուծոյ շունչը, որ փչել էր մեր վերայ, մեք պարտական ենք իրաւացուցանել Արարիչը, յարգի կացուցանելով այն շնորհը, որի ընդունակ միմիայն մեզ էր ընտրել իւր բոլոր ձեռագործերից: Մեք պարտական ենք ոչ թէ միայն հաւասարուիլ տակառին, այլեւ անցանել նորանից... գինին երկնքի արքայութեան ցօղն է. Նոյ նահապետը ջրհեղեղից յետոյ իսկոյն գործ դրեց նորան... ի՞նչ կ’առնուս գորտի նման ջուր խմելուց. ջուրը Աստուծոյ ձեռքին մի գործիք է, չարագործ մարդիկ պատուհասելու համար: Ասածիս ապացոյց քեզ ջրհեղեղը, ինչով ջնջեց Աստուած մարդկութիւնը, գինո՞վ, թէ ջրով... Քրիստոս ինքը Կանա–Գալիլիայումը, հարսանիքի մէջ ջուրը գինի փոխեց, դու ինչե՞ր ես խօսում:

Եթէ մեր Հայերի մէջ կան եւ այսպիսի մտածութեան տէր մարդիկ, ապա ուրեմն, դեռեւս պ. Մարկոսը մի երանելի մարդ է: Որովհետեւ խօսք ընկաւ այստեղ պ. Մարկոսի վերայ, ապա թող ծանօթացնենք մեր ընթերցողներին դորա ով լինելը: Դա մի երիտասարդ է քառասուն տարեկան, երեխայ ժամանակից աշակերտուելով մի դերձակի մօտ, այժմ համարւում է լաւ դերձակներից մինը: Բայց հաց ճարելով այդպիսի ծառայական արհեստով, նա պարապում է եւ զանազան գրեանք կարդալով Նա միշտ համարել է իւրեան, եւ այժմ եւս համարում է ազգասէր պարոններից մինը եւ ինչո՛ւ չէ համարելու իւրեան ազգասէր, ի՜նչ մի դժուար բան է ազգասէր համարել իւրեան կամ համարուել ուրիշների աչքում: Ես այս խօսքը ասում եմ միմիայն մեր հայերի համար եւ ոչ ուրիշ ազգերի. պատճառ, որքան հեշտ է մեր ազգի մէջ ազգասէրի անուն ժառանգել, նոյնքան դժուար է այդ ուրիշ ազգերի մէջ: Ինչո՞ւ, հայ մարդը, որ մի երկու բառ լսել էր այստեղից եւ այնտեղից, նստում է իւր տան մի անկիւնում եւ դառնում է ազգասէր, ինչ լաւ ցանկութիւն ասես յայտնում է իւր ազգի մասին, ցանկանում է, որ ազգը լուսաւորուի, որ բան ուսանին ազգի վայրենացած զաւակները, որ լինին եւ շարունակուին լաւ լաւ եւ գեղեցիկ օրագրութիւնք, բայց այս բաները թող ինքեանք լինին, թող ոչնչից եւ ոչնչով գոյանան․ իմ պատուելի ազգասէրը հանգիստ թող նստի տանը, նորան թող անհանգիստ չառնեն, միթէ՞ նա երեսփոխան է ամբողջ ազգի, միթէ՞ նա պարտակա՛ն է ազգին, թող ազգը մտածէ, թող ինքը հոգս առնէ, իմ ազգասէրը մասնաւոր մարդ է, փորը կուշտ, արծաթը շատ, նորան ինչ փոյթ, որ ազգի զաւակները իւրեանց անդաստիարակութեան եւ տգիտութեան պատճառով դատապարտուած են ոտաբոբիկ այս ու այն կողմ վազվազել մի կտոր հաց ճարելու, մի բնակութիւն գտնելու կամ մերկութիւնը ծածկելու համար: Իմ ազգասէրը պատուելի է միայն նորա համար, որ օդով ամենայն բան ցանկանում է, ամենայն բարեխիղճ մարդու հետ համաձայնում է եւ օգնում է ազգին, մի քանի աղքատի երկու–երեք մանէթ ողորմութիւն տալով: Նա գովում է ազգը, նա օտարի առաջեւ ծածկում է նորա պակասութիւնքը: Նա այնքան սիրում է Հայոց ազգը, որ նորա պակասութիւնքը խայտառակողներին ատելով ատում է, բամբասում է եւ հայհոյում է նորանց եւ... ինչ այլեւս կամիք, օրհնում է օտար աշխարհում, պանդխտութեան մէջ իւր կեանքը եւ հարստութիւնը կնքած մի անբաղդի գերեզման...

Այսպիսի մի մարդ, ո՜հ, ցաւելի ճշմարտութիւն, յարգ ունի խաժամուժ ամբոխի աչքում, այսպիսի մի մարդ, որ փորը հաստացրել էր եւ ընչանցքը սրել, համարձակւում է պատիւ ու յարգանք պահանջել մեզանից, որովհետեւ նա հարուստ էր, իսկ մենք՝ ոչ, նա կառքերով էր ման գալիս, իսկ մեք՝ ոտով: Հեռի՛ մեզանից, դու յանդուգն յիմար, կորի՛ր մեր աչքից, ստախօս եւ անպատիւ դու, մեք ճանաչում ենք քո խաբեբայութիւնը, քո արհեստը ընթացք չունի մեր մէջ: Ազգասէ՞ր, որտեղից որտեղ, ինչո՞ւ փորասէր, արծաթասէր չես կոչում քեզ. ինչ է, ականջիդ լա՞ւ է եկել ազգասիրի անունը, դու առանց զրկանքի կամիս առաքինի լինել, ինչպէ՞ս կարելի է այդ, մինչ առաքինութիւնը զրկանք է մի մարդու համար, որ առաքինութիւն էր գործում: Զրկանք յանձն առնո՞ւս քավ լիցի, դու երկու կոպեկով. ոչ միայն ազգասէր պատուանունը, այլեւ բոլոր ազգը եւ քո հօր ոսկերքը կը հանես գերեզմանից եւ կը վաճառես:

Եթէ մեր ազգի մէջ կան եւ այսպիսի մտածութեան տէր մարդիկ, մարդիկ, որ կարող էին միանալով իւրեանց նման կարողութեան տէր պարոնների հետ՝ օգնել ազգի ողորմելի եւ թշուառ դրութիւնը․ բայց պ. Շահբէգի [2]  ասածի պէս բոլորովին մարմին դառնալով, պարարում են գիշեր ցերեկ իւրեանց փորը եւ այնուամենայնիւ համարւում են ազգասէր, ապա ուրեմն պ. Մարկոսը, մի խեղճ մարդ, արժանի է, որ միմիայն ազգին բարի ցանկացած լինելու պատճառով, համարուի ազգասէր:

Պ. Մարկոսը հոգեկից բարեկամ էր պ. Շաքարեանցին: Նոքա երեխայութենից սկսած դրացի էին միմեանց, եւ համարեա թէ միասին աճելով, եղբօր պէս վարւում էին մինչեւ այժմ, թէպէտ պ. Շաքարեանցը աւելի հարուստ էր, քան թէ պ. Մարկոսը, որովհետեւ Շաքարեանցի հայրը թողել էր մի քանի անշարժ կալուածք, որոնց արդիւնքով կառավարւում էր նա առանց գլխացաւութեան:

Պ. Շաքարեանցը, իւր բոլոր կեանքը 18 տարեկան հասակից բռնած մինչեւ այսօր (այժմ կը լինի նա 36 տարօք) անդադար պարապում էր զանազան դիւթական գրքերով. ինչ հին, ձեռագիր ախտարք ասես, որ նա չունենար․ ինչ մագաղաթի վերայ գրած կարմիր ու կապոյտ գրերով ուրբաթագիրք ասես, որ չունենար. նա դեռեւս պարծենում է, թէ վեցհազարեակ եւս ունի...

Շատ անգամ տեսել են Շաքարեանցին փակուած մի ախոռի մէջ, որ, մի ձեռքին գրչագիր մագաղաթ, իսկ միւս ձեռքում կաւիճ, մի բոլորշի գիծ էր քարշում գետնի վերայ: Նորա ծառայքը, շատ անգամ գտել են ախոռի մէջ, այդ բոլորշի գծի կենտրոնում մի մորթած սեւ հաւ, առանց ամենայն պիսակի, եւ մի սեւ կոթով դանակ: Բնական բաներից ցաւում էր պ. Շաքարեանցի գլուխը, նա սիրում է ոգիների եւ փերիների հետ խօսակից լինել միշտ․ նոցա բան ապսպարել, եւ շատ անգամ հաւատացուցած է իւր ընկերներին եւ բարեկամներին, թէ նա, իւր դիւթական արարողութեան միջնորդութեամբ, հասել է շատ բաների: Դոցա կարգումն է եւ այն, որ մի շատ գեղեցիկ աղջիկ, որի վերայ սիրահարուած է եղած երկար ժամանակ, եւ որ պ. Շաքարեանցին ամենեւին մարդու տեղ եւս չէ դնում եղած, ինքը, իւր ոտքով, միայն մի շապիկով եկել է կէս գիշերին պ. Շաքարեանցի ախոռը եւ ծունկ չոքած նորա առաջեւ, աչքը արտասուք խնդրել է...

Ահա այս պարոնն էր պ. Մարկոսին տոմսակ գրողը, եւ սա էր, որի մօտ գնաց պ. Մարկոսը, ուր կը տանենք մեք եւ մեր ընթերցողքը:



[1]              Կունցով (Կունցովոյ) - Մոսկուայի մարզի գիւղերից մէկը, որտեղ գտնւում են պատմական շատ յուշարձաններ: (Այս եւ յաջորդ համարակալուած ծանօթագրութիւնները վերցուած են Մ. Նալբանդեանի 1945 թ. Երկերի լիակատար ժողովածուից):

[2] Շահբէգ - Նալբանդեանի գրական ծածկանուններից մէկը «Յիշատակարանում »: