Գեղարուեստական արձակ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գ․

Պ. Շաքարեանցը, այս իւր յառաջաբանով, այլեւ ձեռների եւ դէմքի շարժուածքով մի այնպիսի ձեւ ցոյց տուեց պ. Մարկոսին, որ սա կարծեց, թէ նորա հաւատալու գաղտնիքը մի քաղաքական մեծակշիռ բան է․ վասն որոյ պ. Մարկոսը, պատրաստուելով լսել, աւելորդ չհամարեց վերստին հաւատացնել պ. Շաքարեանցին, իւր դէպի նա անկեղծ բարեկամութիւնը:

Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, ասաց Շաքարեանցը, ես գիտեմ քո բարեկամութիւնը, եւ այդ էր պատճառը, որ յօժարեցայ հաւատալ քեզ իմ գաղտնիքը․ լսի՛ր ուրեմն:

Մի քանի ժամանակ է, որ երազում մի գեղեցիկ աղջիկ տեսանելով, սիրահարուել էի նորա վերայ, այնպէս, որ ո՛չ ցերեկս ցերեկ էր, ո՛չ գիշերս գիշեր: Եթէ միայն մնում էի տանս եւ ընկնում էի մտածութեան մէջ, յանկարծ մի շարժողութենից, մի աղաղակից դուրս գալով այդ խոր մտածութեան միջից եւ աչքս դարձնելով դէպի այն կողմը, որտեղից լսել էի աղաղակը կամ շարժողութեան ձայնը, այն սիրած աղջիկս, ուրուականի պէս երեւում էր աչքիս եւ անյայտանում դարձեալ: Շատ մտածեցի, շատ որոնեցի մեր քաղաքի մէջ, թէ կա՞ր արդեօք այդպիսի մի աղջիկ. ճշմարիտն ասեմ, եթէ լինէր, այնուհետեւ ամենայն ջանք պիտոյ է գործ դնէի, այդ աղջիկը ինձ կին խնդրելու, որովհետեւ ինձ թւում էր, թէ ստեղծուած եմ միմիայն նորա համար, եւ միմիայն նորա հետ ամուսնանալով, կարծում էի, թէ կարող էի երջանկանալ: Բայց բոլոր իմ հարց ու խնդիրս, բոլոր աշխատութիւնս զուր կորան. իսկ աղջկայ պատկերը ասես թէ բեւեռել էին աչքիս, որովհետեւ աչքերս այս կամ այն կողմը ձգելու ժամանակ, անդադար տեսնում էի նորան: Թուլացայ, մաշուեցայ. մարդու հետ խօսելու ժամանակ, շատ անգամ չհասկանալով նորա խօսածը, որովհետեւ միտքս թռչում էր այն աղջկայ քամակից, ամենեւին մեքենաբար պատասխանում էի մի անորոշ բան, ո՛չ ստորասական եւ ո՛չ բացասական, այն խորհրդով, որ դիմացս կանգնած մարդը հակառակախօսութեան պատճառը չգտանելով, թողուր ինձ հանգիստ: Ամենայն ջանք գործ էի դնում հեռի փախչել որեւիցէ ընկերակցութենից. այն մարդիկը, որ յառաջ շատ սիրելի էին ինձ, այժմ դարձել էին իմ աչքում փսխողական փոշի. նոցա իմ մօտ ներս մտանելը ատելի էր ինձ, որովհետեւ ընդհատւում էր իմ մտածութիւնը. ես երջանիկ էի, մինչեւ անգամ, միմիայն երեւակայելով այն հրեշտակային պատկերը: Ահա այսպիսի հոգեմաշ հանգամանքների մէջ կորուսի բոլոր հոգեկան եւ մարմնական կարողութիւնքս, փոքր էր մնացել որ մահիճ ընկնէի:

Անցեալները... մի օր, քաղաքից դուրս գնացած լինելով, մի  ծառաստանի մէջ ման գալու ժամանակ, յանկարծ, ծառերի քամակից տեսանում եմ այդ աղջիկը, որ կանգնած, կամենում է բռնել մի թիթեռնակ: Ինձ թուեց, թէ աչքիս է երեւում... շփում եմ ճակատս, սրբում եմ աչքերս, որպէսզի, եթէ երեւոյթ է այդ, ապա արիւնը երակներումս ընթացք ստանալով, անհետանայ այդ երեւոյթը... բայց ահա զարմանք... աղջիկը նոյն դրութեան մէջ, կանգնած ոտքի մատների վերայ եւ պարզած աջ ձեռքը, աշխատում է բռնել մի մեծ թիթեռնակ, որ նստած մի թուփի վերայ, շարժում էր իւր պայծառ, ծաղկանկար թեւերը: Մի անգամ դարձեալ սրբում եմ աչքս... եւ դարձեալ տեսանելով նորան վազում եմ դէպի նա... բայց, աւա՛ղ... աղջիկը մի զարհուրալից երկիւղ ցոյց տուող ձայն արձակելով, անյայտացաւ ծառերի քամակում: Շատ որոնեցի նորան անտառի մէջ, այնուամենայնիւ չկարողացայ գտանել: Այն բանից յետոյ, սէրը, առաւել եւ առաւել զօրացաւ իմ մէջ, որ հալումաշ արեց ինձ. թւում էր, թէ մի վէրք գոյացել էր սրտումս եւ ճարակում է սորան: Քունը իսպառ փախաւ աչքիցս, օրը ինձ տարի էր թւում. վերջապէս, զրկուելով ամենայն բարեյաջող յոյսերից, մտածեցի գործ դնել իմ գերմարդկային զօրութիւնը... ես յառաջ եւս կարող էի այդ բանը առնել, բայց չէի կամենում, յուսալով, որ առանց դորան եւս կարող եմ մի բան իմանալ: Քանի օր էր արդէն, որ վճռել էի կատարել մի մեծ վհկական արարողութիւն, բայց մնացել էր այդ իմ դիտաւորութիւնը անկատար, չգտանելով մի բոլորովին սեւ հաւ, որ անշուշտ հարկաւոր էր. միւս այլ բաները վաղուց պատրաստել էի: Երէկ երեկոյեան, սպասաւորս գտել էր մի այդպիսի հաւ, եւ այնպէս ուրախ էի դորա վերայ, որպէս թէ այդ հաւի մէջ տեսանում էի այն գեղեցիկ օրիորդը, որ խելքս առել էր գլխիցս: Ուրախ ուրախ ման էի գալիս դրսումը ամբողջ գիշերը. լուսնի արծաթափայլ ճառագայթները խաղում էին տանս պատուհանի ապակիների հետ: Կապոյտ երկինքը զարդարուած անհամար գոհարներով, ասես թէ, ուրախակից էր լինում ինձ. մեղմիկ քամին ողջունում էր ծառերի ամէն մի տերեւը, այս բոլոր բանաստեղծական հանգամանքները այնպէս վառեցին ու բորբոքեցին հոգիս, որ չկարողացայ զսպել սրտիս խորհուրդը, որ եռած ջրի նման վեր ու վայր էր լինում իմ մէջ: Սկսեցի բարձր խօսել իմ հետ, կատարելի վհկական արարողութեանս մասին: Ձայնաւոր մտածութիւնք էի առնում եւ նկարագրում էի այն օրիորդը, որ անշուշտ համարում էի յաւերժահարսն:

Երբ որ ամենայն բան խօսել էի եւ մի փոքր հանդարտել էի, թափելով սրտիս ուրախութեան աւելորդը, լսում եմ ահա, որ մի մարդ, պարսպի միւս կողմից ծիծաղում է բարձրաձայն: Ես ամբոխուեցայ, որովհետեւ իմ բոլոր խօսակցութիւնքը անտարակոյս պիտի լսած լինէր այդ  անպարկեշտ մարդը: Վեր ելայ պարսպի վերայ, կամելով տեսանել թէ ո՛վ էր այն, եւ ահա ոչ ոք չկար... բայց... արդարացի կասկած ունիմ դրացուս վերայ, որի հետ անցեալները կռուել էի մի մսրահաւի համար:

Գնալով անկողին մտածեցի հոգ տանել եւ մեր կատարելի խնջոյքի վերայ, որովհետեւ երջանկութիւն ասացեալը ոչինչ յարգ ու արժանաւորութիւն չունի, եթէ փակւում է միայն մի մարդու մէջ, եւ եթէ այդ մարդը չէ կարող ուրիշները եւս հաղորդել նորան: Գիշերը, երազում տեսայ իմ յաւերժահարսը, որ, մի բարակ բատիստեայ շապիկով, դուրս էր գալիս գետից: Ջուրը թացացնելով նորա շապիկը շինել էր բոլորովին թափանցիկ, եւ այդ պատճառով աչքերս վերստին կախարդուեցան նորա գեղեցկութենից...

Այսօր առաւօտ ուղարկեցի քեզ այն տոմսակը, որ ստացար. իսկ ինքս գնացի ախոռ կատարելու իմ վհկական արարողութիւնը: Այդ դիւթիւթեան խորհուրդը այն էր, որ անմաքուր ոգիների միջնորդութեամբ կանչէի իմ գեղեցկութեան գաղափարի ուրուականը, որ անտարակոյս պիտի երեւէր ինձ, եօթն ջրհօրի ջրով լցրած պտուկի մէջ, եւ հարցանէի նորանից, նորա ո՛վ եւ ինչ լինելը:

Քեզ արդէն յայտնի է, որ ես շատ անգամ կատարել եմ եւ աւելի ծանր գործեր, այս պատճառով ոչինչ տարակոյս չունէի իմ յառաջադիմութեան վերայ: Յանկարծ, մինչ բոլոր արարողութիւնը կատարած, մեծ եւ անզովանալի փափագով աչքս ձգում եմ պտուկի վերայ, երեւում է ինձ մի կերպարանք, որ սատանայ լինելու համար, միմիայն կոտոշ չունէր գլխին: Ես նայում եմ դարձեալ, երեւում է նոյն կերպարանքը, եւ ինձ թուեցաւ, թէ այդ կերպարանքը ժպտում էր... բայց այնպէս ահարկու էր նորա տեսիլը, որ մահու սարսափ բերեց վերաս: Իմ գեղեցիկ օրիորդի ուրուականը կանչելը եւ այդ հրէշի ինձ երեւելը ապացուցանում էր, թէ օրիորդը, որի վերայ սիրահարուած էի, արդարեւ ադամորդի չէր, որ խայտառակելով իմ թեթեւամտութիւնը, երեւել էր ինձ այդ դիւական կերպարանքով, դեռ եւս ծիծաղելով իմ վերայ... Այստեղ կորուսի ես ինձ... գիտեմ միայն, որ ներս վազեցի... բայց թէ ի՛նչ էր պատահել այնուհետեւ, դու պիտոյ է ինձանից լաւ իմանաս, որովհետեւ ներկայ էիր:

Պ. Շաքարեանցը այնպիսի անկեղծ ոգեւորութեամբ խօսեց այս բաները, որ պ. Մարկոսը շարժուեցաւ: Նորա երեսի մեռելատիպ կերպարանքը, վշտահար աչքերը, դողդոջուն ձայնը եւ հեկեկանքից ընդհատուած կարճ եւ արագ շնչառութիւնը այս բոլորը միանալով կազմում էին արդարեւ մի տխուր եւ սրտաշարժ ներդաշնակութիւն:

Պ. Մարկոսը աշխատելով այս խաւար մտածութեան ամպերը ցրուել իւր բարեկամի գլխից, ասաց «Ես, մտանելով ախոռը, զննեցի քո արարողութեան համար պատրաստած բաների մնացորդը եւ տեսայ մի ջրով լիք պտուկի յատակում Յուլիա Պոստրանայի պատկերը, որ ձեռքով եւ բաւական կոպիտ նկարած էր. հանեցի եւ ձգեցի նորան յատակի վերայ...

Ի՞նչ բան ունի այդ հրէշի պատկերը իմ պտուկի մէջ, ո՞ր սատանան ձգել է նորան այդտեղ, եւ միթէ՞ ճշմարիտ է այդ, միթէ՞ ես երկիւղ կրելով այդ յիմար պատկերից, անկատար թողեցի իմ արարողութիւնը, որ գուցէ հասուցաներ ինձ իմ նպատակիս:

Պ. Շաքարեանցը, այս խօսքերը ասելով, սկսեց երեխայի պէս լալ եւ գլուխը ծեծել ձեռներով: Նա մտածում էր, որ եթէ կիսակատար չթողուր իւր վհկական արարողութիւնը, ապա երեւելու էր նորա յաւերժահարսը եւ ինքը հասանելու իւր փափագելի նպատակին: Պ. Մարկոսի կարեկցութիւնը ստացաւ մի գործունեայ բնաւորութիւն: Նա մտքումը դնելով անպատճառ գտանել այդ օրիորդը, որի համար խելքը թռուցել էր պ. Շաքարեանցը, խնդրեց սորանից նկարագրել այդ օրիորդը:

Պ. Շաքարեանցը թէեւ բանաստեղծ չէր, թէեւ չունէր մի առոյգ եւ կայտառ հոգի, մի կենդանի լեզու, այնուամենայնիւ, այս դիպուածում, այնպէս խօսեց, որ, ասես թէ, նորա բոլոր շարժողութիւնքը, դէմքը, աչքերի փայլը, ձայնը, եւ այլն, եւ այլն, ամենեքին իւրեանց համար ջոկ ջոկ լեզու դարձած խօսում էին պ. Շաքարեանցի փոխանակ: Նա յայտնեց, թէ այդ օրիորդը բարձրահասակ է, սպիտակ, մազերը շիկագոյն, աչքերը պարզ երկնագոյն, շրթունքը կարմիր, որի երեսը նմանեցնում էր թաւիշի. իրանը շատ կանոնաւոր, կուրծքը կատարելապէս կերպարանագործուած եւ պարարտ, իսկ հագուստը վերջին ամենանոր ձեւով, որ կրում էին Փարիզում: Պ. Շաքարեանցը կարծում էր նոյնպէս, թէ այդ օրիորդը պիտոյ է գեղեցիկ եւ սուր ձայն ունենայ․ նա եզրափակում էր այսպէս նորա աղաղակից, որ արձակել էր անտառի մէջ, պ. Շաքարեանցի երեւելու ժամանակ:

Պ. Մարկոսը, այս բոլոր նշանները գրելով իւր ծոցի տետրակի մէջ, խոստացաւ ամենայն հնար գործ դնել, ամենայն հարց ու խնդիր անտես չառնել, այդ օրիորդը գտանելու համար, եթէ միայն կար արդարեւ մի այդպիսի օրիորդ իւրեանց քաղաքում:

Երբ մի փոքր հանդարտել էր պ. Շաքարեանցը, պ. Մարկոսը խնդրեց մի բաժակ արաղ․ եւ մի փոքր նախաճաշիկ: Նա ասում էր, որ այդ կ’ամրացնէ պ. Շաքարեանցի թուլացած զօրութիւնքը: Արդարեւ մի րոպէ հոգի առնելուց յետոյ, երկու սրտակից բարեկամների խօսակցութիւնը ստացաւ բոլորովին այլ ուղղութիւն