Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

Դ․

Այժմ խօսենք մեր խնջոյքի մասին, ասաց պ. Մարկոսը, արաղը խմելուց յետոյ, ցած դնելով բաժակը:

Խօսենք, եղբա՛յր, խօսենք, պատասխանեց պ. Շաքարեանցը մեքենաբար, ցանկանալով մոռանալ անցած գնացածը:

Քո պատրաստութեան մէջ ես տեսանում եմ թերութիւնք, շարունակեց պ. Մարկոսը, եզրակացնելով այն ծանօթութենից, որ տուեցիր ինձ այսօր քո կարճառօտ տոմսակով: Դու մոռացել ես հոգալ, նախ, Ռօմ, երկրորդ, անգլիական ճին, երրորդ, Կօնեակ, չորրորդ, Սարեպտի բալասան, միւս ինչ որ հոգացել ես, լաւ է: Բայց այսքան պիտոյ է իմանալ, որ ուրախութիւնը ուրախութիւն չէ լինում, եթէ նորա շինուածքը, հաստատ պահող հիմքերը չկային, այն չորս տեսակ ըմպելին այնպիսի սիւներ են, որոնց վերայ կարելի է ուրախութեան պալատներ եւս շինել:

Եղբայր, ների՛ր, մոռացել եմ. միգուցէ այդ բանը վերագրես իմ ժլատութեանը. ես իսկոյն կը հոգամ, եւ շնորհակալ եմ, որ ասացիր, թէեւ կարող էի ես եւս միտք բերել, բայց այսպիսի շփոթութեան մէջ... գուցէ մոռանայի եւս: Շատ ստոյգ է, թէ ոչինչ բան այնպէս հիմնաւոր չէ, ինչպէս միաբան խորհրդով կատարուածը. եւ ահա ես իսկոյն կը հոգամ ինչ որ պակաս է. է՛յ, Սարգի՛ս:

Սարգիսը Շաքարեանցի սպասաւորն էր, որ իսկոյն երեւեցաւ իւր պարոնի ձայն տալու վերայ:

Տե՛ս, ի՛նչ է ասում պարոնը, շարունակեց Շաքարեանցը ծառային, ցոյց տալով պ. Մարկոսի վերայ, իսկոյն պատրաստիր ինչ որ կը հրամայէ քեզ:

Երկու շիշ Եամայկայի լաւ Ռօմ, երկու շիշ Կօնեակ, երկու շիշ անգլիական ճին եւ երկու շիշ Սարեպտի բալասան, իսկոյն կցորդեց պ. Մարկոսը:

Սարգիսը գլուխ տուեց եւ դուրս գնաց:

Պ. Շաքարեանցը շարունակեց.

Ուրիշ ի՛նչ այնպիսի բանէր կային, որոնց վերայ պիտոյ է խօսել:

Դու գրում էիր, թէ պիտոյ է խորհուրդ կատարել, ովի՛ն հրաւիրել եւ ովի՛ն ոչ, պատասխանեց պ. Մարկոսը:

Այո՛, այդպէս: Ես շինել եմ ահա մի ցուցակ, որի մէջ գրել եմ մեր հրաւիրելի բարեկամների եւ ծանօթների անունները:

Կարդա՛ տեսանեմ:

Պ. Շաքարեանցը հանեց սեղանի վերայի թղթերի տակից, որ խառնիխուռն ընկած էին, մի թերթ թուղթ եւ սկսեց կարդալ

Ուրեմն բոլորը տասն մարդ, ասաց պ. Մարկոսը, մեզանով կը լինի տասներկու. առաքելական թիւ է, խորհրդաւոր է: Միայն գիտե՞ս, ես այդ մարդերից մի քանիսին չեմ ճանաչում, իսկ այսպիսի հրաւէրի ժամանակ, հարկաւոր էր, որ վերահասու եղած լինէինք դոցա բոլորի բնաւորութեանը, որովհետեւ առանց այսպիսի խտրութեան, հանդիպողին հրաւիրել, իմ կարծիքով, յիմարութիւն է: Նախ, այն պատճառով, որ մեր խնջոյքի մէջ կարող էր մի անախորժ դիպուած յառաջանալ, պատճառուած որեւիցէ յիմարութենից. երկրորդ, զանազան խօսակցութիւնք ծագել, որ ընդդէմ էին մեր ուրախութեամբ ոգեւորուած ընկերութեան ուղղութեանը: Պատահում են մարդիկ, որ առանց ուշադիր լինելու տեղին, հանգամանքներին եւ պատշաճին, փիլիսոփայութիւն է, որ առնում են եւ այդ կերպով գլխացաւութիւն պատճառելով ներկայ գտնուած մարդերին, արդէն հերիք պատճառ են դառնում, որ նոցա հոգին ուրախութենից դէպի տրտմութիւն փոխադրուի: Եւ ճշմարիտը պիտոյ է ասել, ուրախութեան մէջ ի՛նչ հարկաւոր են ուսումնական խօսակցութիւնք. մարդը ուրախանալու ժամանակ պիտի մոռանայ իւր անձը, իւր որպիսութիւնը, իւր շրջակայքը եւ հանգամանքները, որ ուրախութիւնը համ տայ նորա բերանին: Խօսքը մեր մէջ մնայ, մարդը այդպիսի ժամանակ պիտի մի փոքր անասնանայ... կարծեմ, դու եւս ընդդէմ չես այս իմ կարծիքին:

Քո ասածը զուտ ճշմարտութիւն է, ինչպէ՛ս կարելի է ընդդիմանալ նորան, ամենայն ժամանակ ուսումնականութիւն հա ուսումնականութիւն, անտանելի է, մարդու գլուխ կը ճաքեցնէ. միւս կողմից ի՛նչ մի մեծ վնաս է, եթէ մարդը երբեմն երբեմն անասնանայ նոյնպէս. հաւատա՛ ինձ, անասունի կեանքը մեր կեանքից շատ վատ չէ աշխարհի երեսին:

Դու եւս ճշմարիտ ես խօսում:

Բացի դորանից, մարդը ինչո՛վ է զանազանւում անասուններից, եւ ի՛նչ բանով գերազանց է, քան թէ անասունքը, միթէ՞ նորանով, որ խելօքները եւ ուսումնականքը գոռում են, թէ մարդը բանականութիւն ունի, թէ նա մի բարոյական էակ է եւ այլն եւ այլն. ամենեւին ոչ: Մարդու զանազանութիւնը եւ գերազանցութիւնը անասուններից այն է, որ անասունը խմում է այն ժամանակ միայն, երբ ծարաւի է. իսկ մարդը եւ ծարաւի չլինելով կարող է բաժակներ դատարկել: Անասունը խմում է միայն լոկ ջուր, իսկ մարդը, ցոյց տալով իւր մեծութիւնը եւ անասուններից գերազանցութիւնը, խմում է ոգիաւոր հեղանիւթք, երբեմն 30 0 եւ երբեմն աւելի բարձր աստիճանի: Արի՛, ճշմարիտը խոստովանենք, պ. Մարկոս, միթէ՞ մարդը եւս մի տեսակ անասուն չէ. բայց մեր թշնամիքը, այն ուսումնական անուանուած յիմարքը, պիտի ասեն, թէ մարդը բանական հոգի ունի, մարդը խօսում է եւ այլն: Նախ, ո՛վ է տեսել այդ հոգին, մարդու վիզը որ կտրես, ո՞չ ապաքէն այնպէս մեռանում է, ինչպէս այն սեւ հաւը, որ տեսար ախոռումս․ երկուքի եւս մեռելութիւնը միեւնոյն է, երկու դիպուածում եւս մահ, եւ ո՛չ ոք մինչեւ այժմ չէ տեսել, մարդու մեռանելու ժամանակ նորա հոգու դուրս գնալը մարմնի միջից: Երկրորդ, միթէ՞ անասունքը բան չեն հասկանում, ապա, թէ մարդ ես, վեր ա՛ռ գետնիցը մի քար եւ տես թէ քեզանից ոչ շատ հեռի նստած ճնճղուկը, ագռաւը, կամ շունը կը սպասե՞ն, որ դու զարկէիր նորանց: Եւ ինչ տեղից գիտենք, որ այդ անասունքը չեն խօսում միմեանց հետ իւրեանց լեզուով, մեր նոցա լեզուն չհասկանալուց կարելի՞ է եզրափակել նոցա անբանութիւնը, ոչ ապաքէն մեր խօսածը եւս նոցա համար այնպէս անհասկանալի է, որպէս նոցանը` մեր համար: Այդ փիլիսոփայութիւնը եւ գիտութիւնքը խաբեբայութիւնք են: Գոնէ, իմ կարծիքով, վերին աստիճանի փիլիսոփայութիւնը այն է, որ մարդու փորը կուշտ լինի, ըմպելիքը առատ, օրը ուրախ, սիրական կինը կողքումը: Եթէ, սորանից աւելի, կայ մի երջանկութիւն, ասա, ընդունեմ:

Ինչ որ ճշմարիտ է, ճշմարիտ է. սիրելի Շաքարեանց, ուրեմն համաձայն ես ինձ, որ պիտոյ էր ընտրութիւն առնել հրաւիրելի մարդերի մէջ:

Ամենեւին համաձայն եմ, եւ այդ պատճառով եւս խնդրել եմ քեզ իմ մօտ. արի՛ նստենք եւ կատարենք մեր գործը:

Շատ բարի, բայց, ինչպէս ասացի, այդ մարդերից շատերը անծանօթ են ինձ: Արդեօք աւելի լաւ չէ՞ր լինելու, եթէ այդ խորհուրդը կատարէինք պ. Մանթուխեանցի ներկայութեամբ․ նա դոցայ բոլորին ճանաչում է, եւ բարեկամ լինելով մեզ, իհարկէ ճշմարիտը կ’ասէ մեր օգտի համար:

Յայտնի բան է, այդ լաւ էր, բայց ցաւը այս է, որ նա հազիւ թէ ժամանակ ունենայ․ նորա պարապմունքը կը ներե՞ն արդեօք ժամանակ կորուսանել այս խորհրդակատարութեան վերայ:

Դա ի՛նչ մի երեւելի գործ ունի, ի՛նչ մի արքունի պաշտօնի տէր է, որ չկարողանար բարեկամների համար մի քանի ժամ հետ դնել իւր պարապմունքը:

Ճշմարի՛տ է, նորա բուն գործը մի երեւելի բան չէ, ինչպէս քեզ եւս յայտնի է, եւ նա այնպիսի մարդ է, որ ոչ թէ մի քանի ժամ, այլեւ օրեր պատրաստ էր զոհ բերել իւր բարեկամներին․ բայց ի՛նչ առնես, այս րոպէին նա այնպիսի դրութեան մէջ է, որ ժամանակը շատ թանգ արժէ նորան: Ես քեզանից գաղտնիք չունիմ, յաւելացրեց պ. Շաքարեանցը բարեկամաբար զարկելով պ. Մարկոսի ուսին, եւ յոյս ունիմ, որ դու այնքան խորհրդապահ կը լինիս, որ ոչ ոքի չասես այն գաղտնիքը, եթէ երդում տալով հաւատայի քեզ:

Երեք հարիւր տասն եւ ութն հայրապետների նզովքը գլխիս լինի, եթէ մի մարդու եւս յայտնեմ այդ բանը, ասաց ջերմ ջերմ պ. Մարկոսը:

Լսի՛ր ուրեմն, պ. Մանթուխեանցը շուտով այնպէս հարուստ կը դառնայ, որ Րօթշիլդը կոպեկ չարժէ նորա առաջեւ:

Ի՛նչ ես խօսում:

Լսի՛ր, նա պարապում է Ալքիմիայով...

Ի՛նչ ասել է Ալքիմիա, խնդրեմ հասկացրու, վեր առեց շուտով պ. Մարկոսը:

Դա մի գիտութիւն է, որ ուսուցանում է հասարակ մետալները, զօր օրինակ, երկաթը, պղինձը, անագը եւ այլն, ազնուացնել, այսինքն ոսկի եւ արծաթ փոխարկել նորանց:

Միթէ՞ կարելի է այդպիսի բան:

Անտարակոյս, հարկաւոր է միայն լաւ ուսանել Ալքիմիան:

Ճշմարի՛տ, առաջին անգամ լսում եմ այդպիսի բան:

Ապա ի՛նչ էիր կարծում, սիրելիս: Ալքիմիան քո կարդացած բաների նման չէ. ի՛նչ քո կարդացած, եւ իմ թալիսմաններին եւս նման չէ. դա մի ջոկ բան է...

Ին՛չ տեղից է այդ գիտութիւնը, եւ ինչպէ՛ս ուսել է պ. Մանթուխեանցը:

Թէ ի՛նչ տեղից է այդ գիտութիւնը, երկար կը լինի պատմել, մանաւանդ ես եւս հաստատ չգիտեմ, թէեւ միանգամ պատմել է ինձ պ. Մանթուխեանցը, իսկ թէ ինչպէ՛ս հասել է նա այդ գիտութեանը, այդ բանը մի գաղտնիք է, որ ինձ եւս չէ բացել:

Տարակոյս չկայ, որ շատ թէ փոքր տեղեկութիւն ունիս այդ գիտութեան վերայ, գոնէ՛ այնքան պատմի՛ր ինձ, որքան գիտես, յետոյ ես ինքս ման կը գամ գրքերի մէջ:

Դու զուր տեղը մի՛ որոնիր քո գրքերի մէջ, ոչինչ գտանելու չե՛ս. իսկ թէ շատ խնդրում ես ինձ, ուրեմն ես ցոյց կը տամ քեզ մի թուղթ, որի վերայ գրած է Մանթուխեանցը մի քանի ծանօթութիւնք Ալքիմիայի մասին: Նա տուեց ինձ այդ թուղթը հաւատացնելու համար ինձ, թէ կայ մի այդպիսի գիտութիւն եւ թէ շատ խելացի մարդիկ եղած են դորա սպասաւորք:

Աստուծոյ սիրուն, ցոյց տուր ինձ այդ թուղթը, ես շատ ուրախ կը լինիմ եւ շատ շնորհակալ, եւ դորա փոխանակ կը տամ քեզ մի գրչագիր  աղօթագիրք, որի զօրութեանը չեն դիմանում ոչ թէ հասարակ դեւերը, այլեւ բէեղզեբուղը, բելիարը եւ սատանան իսկ:

Պ. Շաքարեանցը վեր կացաւ տեղից եւ գնալով միւս սենեակը, բացեց պահարանը եւ սկսեց որոնել: Նորա պահարանի անկարգութիւնը անցել էր Օսմանեան սուլթանի կանանոցի անկարգութենից, եւ, ինչպէս ասում է Ռուսաց առածը, սատանան ոտը կը կոտրէր մտանելով այդ անկարգ պահարանի մէջ: Գրչագիր ախտարքների, ուրբաթագրքերի, կարմիր թանաքով գրուած մագաղաթների թիւը համարը չկար, բոլորը խառնիխուռն ծալուած ճնշուած, որը առանց երեսի, որի թերթերը ցիրուցան, որը ցեցակեր. մի խօսքով, բաբելոնեան խառնակութիւն: Ահա այս պահարանի մէջ սկսեց որոնել Մանթուխեանցի, Ալքիմիայի մասին տուած, ծանօթաբանութիւնքը:

Պ. Մարկոսը, մնալով միւս սենեկում, կամաց, քթի տակից, երգում էր մի մեղեդի:

Պ. Շաքարեանցը երկար որոնելուց յետոյ գտաւ Մանթուխեանցի գրչագիրը եւ ինքնաբաւական կերպով եկաւ միւս սենեակը, ուր պ. Մարկոսը երգում էր իւր մեղեդին:

Գտայ, գտայ, կանչեց Պ. Շաքարեանցը:

Տնաքանդ, խօսելու ժամանակ չէ, բե՛ր կարդանք, իսկոյն պատասխանեց պ. Մարկոսը:

Առ, կարդա՛, բայց ձայնով, ես եւս կամիմ լսել, որովհետեւ մոռացել եմ դորա բովանդակութիւնը, ասաց պ. Շաքարեանցը, տալով թուղթը պ. Մարկոսին:

Այնպէս կարդամ, որ հիանաս, պատասխանեց պ. Մարկոսը ջերմութեամբ: Եւ արդարեւ նորա անդադար Նարեկ կարդալը շատ ձեռնտու էր եղել նորան ընթերցանութեան մէջ վարժուելու:

Պ. Շաքարեանցը նստաւ իւր բարեկամի մօտ:

Պ. Մարկոսը սկսեց կարդալ:

«Ծանօթաբանութիւն Ալքիմիայի մասին, քաղուած մի հին գրչագրից։ Այդ գրչագիրը գրուած էր Ուռհա քաղաքում Հայոց ՌԻԸ թուականին: Ձեռս երթայ, գիրս մնայ, տկար մարմինս ի հող դառնայ: Յիշեցէք միով հայր մեղայիւ զաշխատողս, զներքեւեալ ոգիս Աստուծոյ ծառայից ծառայ զՄանթուխէանց:

Ալքիմիայի սկիզբը յայտնի չէ. չէ պիտոյ որոնել նորան ո՛չ Յունաց, ո՛չ Եգիպտացոց, ոչ Հնդկացոց եւ ո՛չ Չինէացոց մէջ. այս իմաստուն ազգերը չեն մտածել մարմինների վերլուծութեան վերայ: Պիտոյ է, որ Արաբացիք համարուին ամենահին Ալքիմիկոսք, նոցա մէջ միայն այդ գիտութեան խորհուրդը էր Ոսկի շինել ուսուցանել

Սկիզբը կարծիքի, թէ կարելի բան էր զանազան նիւթերից ոսկի շինել, նոյնքան հին է, որքան ագահութիւնը դէպի ոսկին: Յուլիոս Ֆիրմիկ Մատուրնոսը չորրորդ դարու սկզբումը եւ էնէաս Բլասիուս, հետեւեալ դարում, խօսում են այդ գիտութեան վերայ, որպէս արդէն բոլորովին յայտնի առարկայի վերայ: Ալքիմիկոսներից ոմանք հաստատում էին, թէ իւրեանց գիտութեան հետքը երեւում են եգիպտական քուրմերի սրբազան մատեանների մէջ, եւ թէ Եգիպտացոց ձեռքով Վուլկանին նուիրուած տաճարը կանգնեցուցած էր Ալքիմիայի պատուի համար. ոմանք, թէ այդ գիտութիւնը վեր է քան թէ մարդկային խելքը, եւ թէ աստուածակոյս կողմից յայտնուած է նա մարդերին. նոքա Ադեպտք անուանում էին իւրեանց եւ ամենեւին կամք չունէին հաղորդել ուրիշները իւրեանց գաղտնիքին, ասելով, թէ սարսափելի տարաբաղդութիւն անպատճառ հասանելու էր նոցա, գաղտնիքը բանալու համար:

Ութերորդ դարու մօտ, ապրել է Արաբացոց մէջ Գեբեր կամ Ջեբեր անունով գիտնականը, որ ծնած է Խորասանում. այդ մարդը հեղինակ է Ալքիմիայի մասին գրուած ամենահին աշխատութիւնների: Այդ աշխատութեններից մինի մէջ, որ լատին թարգմանութեամբ յայտնի էր անունովս Summa perfectionis [1], նա հաւաքած ունի այն բոլոր տեղեկութիւնքը Ալքիմիայի մասին, ինչքան եղած էին դոքա մինչեւ նորա օրը: Այղ աշխատութեան խորհուրդը է, բանալ մետալների դէպի ոսկի փոխարկելու գաղտնիքը եւ գտնել ընդհանուր դեղը կենսական կաթիլը: Եւ արդարեւ Ջեբերը, իւր կարմիր կաթիլը, որ լուծած ոսկի էր, տալիս է որպէս մի հնար, կեանքը անորոշ ժամանակով երկարացնելու եւ մանկութեան ծաղիկը վերանորոգելու:

Մինը բոլոր հին եւ նշանաւոր Ալքիմիկոսներից, Եւրոպայումը էր այն սարսափելի կախարդը, որի անունի հետ կապակից է այն հրաշալի «պղնձեայ գլխի» յիշատակը, Ֆրանսիսկեան կարգի աբեղայ, Րօճեր Բեքոնը:

Րօճեր Բեքոնը ծնած է Սօմերսետ կոմսութեան մէջ 1214 թուականին եւ ուսումն է առած նախ Օքսֆորդում, յետոյ Փարիզում: Նորա աշխատութիւնքը կարդալով չէ կարելի չզարմանալ հեղինակի բազմահայեաց գիտութեան վերայ, յայտնի բան է հաշուի տակ ձգելով նորա դարու անկրթութիւնը եւ տգիտութիւնը, որի մէջ երեւել է Բեքոնը: Նորա Opus majus [2] գործը հաստատում է մեզ, թէ մի քանի Ալքիմիկոսք կարող են  ոսկի շինել եւ գտել են այն դեղը, որի օգնութեամբ կարելի է քանի հարիւր տարիներ ապրել: Ֆրանսիսկեան կարգի աբեղայքը, նորա նախանձոտ եղբայրակիցքը, դատապարտեցին նորան որպէս կախարդ, երեւի թէ պղնձեայ գլխի համար, որ խօսում էր եւ համարում էր ոչինչ պակաս, քան թէ կարող էր մարդը, եւ խեղճ Րօճեր Բեքոնը իւր դաւաճան կարգակիցների ձեռքով ձգուեցաւ բանդի մէջ:

Այդ միջոցին Ալքիմիայի ասպարիզում փայլում էր մի այլ նշանաւոր մարդ, ոչինչ պակաս իւր գիտութեամբ քան թէ Բեքոնը: Սա էր Ալբերտոս Բօլստետեանը, կամ Ալբերտոս Մեծը, որ համբաւած էր որպէս երեւելի կախարդ եւ ծնած է Շուաբիում, 1205 թուականին: Նա մտաւ Դոմինիկեան կրօնաւորների կարգը Քեօլն քաղաքում եւ վերջապէս դարձաւ Րեգենսբուրգի եպիսկոպոս: Սա եւս Բեքոնի նման աշխատում էր այն ամենայն ուսման եւ գիտութեան մէջ, որ վերաբերում էին մարդուն, magnus in magia, major in philosophia, maximus in theologia [3]: Շատ են այս մարդու աշխատութիւնքը, բայց Ալքիմիայի մասին երկու: Առաջինը անուանւում է De Alchymia [4] այստեղ կարդում է քիմիական նիւթերի մանրամասնութիւնքը, որ յայտնի էին իւր ժամանակին, նկարագրում է անօթները, որ գործածութեան մէջ էին այն միջոցներում, եւ զանազան փորձեր եւ նկատողութիւնք, որ յաջողել էր նորան կատարել: Երկրորդի առարկան են հանքերը, որ ցոյց են տալիս հեղինակի հասուն գիտութիւնը քարերի, մետալների եւ աղերի որպիսութեններին: Ալբերտոսը վարժապետ էր Թովմաս Ակուինացու, որ նոյնպէս թողել է մի աշխատութիւն Ալքիմիայի մասին, բայց այդ աշխատութիւնը, նորա բոլոր միւս աշխատութենների նման պատած է ծածկախօսութեան մառախուղով: Այս աստուածաբանի աշխատութենների մէջ աոաջին անգամ տեսնում ենք աստեղահմայութեան եւ Ալքիմիայի զուգակցութիւնը:

Ազգային կարծիքը ասում էր, թէ Ալբերտոսը ունի մի գերբնական գործակից, որ օգնում էր նորան աշխատութեան մէջ, այլեւ յաղթելու այն բոլոր դժուարութեններին, որոնց հանդիպում էր նա: Ալբերտոսը մի անգամ ճաշի խնդրեց իւր մօտ մի հոլլանդացի կոմս: Իւր երեւելի հիւրը աւելի պատուասիրելու համար հրամայեց նա սեղան դնել այգում. եղանակը ձմեռն էր: Յայտնի բան է, որ կոմսը եւ նորա մարդիկը զարմացան Ալքիմիկոսի այս գործողութեան վերայ, ըստ որում գետնի երեսին ընկած էր մի քանի ոտնաչափ ձիւն: Բայց Ալբերտոսը սեղան նստած  չնստած, անյայտացաւ ձիւնը, մի ախորժ ջերմութիւն փոխանակեց անհամբոյր ցուրտը, ծառերը զգեցան կանաչ, ծաղիկները անուշահոտութեամբ լցուցին օդը, եւ անհամար բազմութիւն ուրախ թռչունների սկսեցին զրուցել կանաչ ճիւղերի վերայ: Այս զմայլանքը շարունակուեցաւ ամբողջ ճաշի ժամանակ․ բայց գինու վերջին բաժակը խմելով, իսկոյն անհետացաւ ամառը, եւ ցուրտը դարձեալ փչեց իւր բոլոր աոաջին խստութեամբ:

Երկար ժամանակ, բացի Բենեդիկտեան կարգի Բասիլիոս Վալենտին աբեղայից, որ Գերմանիայի էրֆուրդ քաղաքում ծնած էր 1394-ին, չերեւեցաւ մի օրինաւոր ալքիմիկոս, թէեւ շատ կային աննշան մարդիկ, որ պարապում էին այդ գիտութեամբ: Այս մարդերից մինը, յատկապէս Յովհան դը Մեօն (Jean de Meun), վարդի պատմութեան հեղինակը, մի քանի ոտանաւորների մէջ ցոյց էր տուել փիլիսոփայական քարի գաղտնիքը, առանց յայտնելու շահաստացութեան ցանկութիւն: Պիտոյ է նոյնպէս յիշել այստեղ եւ Նիկոլայոս Ֆլամելը, որ շատ խօսքերի պատճառ է եղել իւր կեանքի մասին: Ազգը ասում էր թէ նա գտանելով փիլիսոփայական քարը, տէր էր դարձել անհամար հարստութեան, որոնց մի մասը գործ է դրել տներ եւ մինչեւ անգամ եկեղեցիք շինելու համար, եւ մեռած ձեւանալով, իւր կնոջ հետ միասին, գնացել է մի հեռաւոր աշխարհ եւ անմահանալով այնտեղ թագաւորում էր անսպառելի գանձերի վերայ:

1527 թուականը մի մեծ տարեգլուխ է Ալքիմիայի համար: Առաջին ամբիոնը դասախօսութեան հիմնուեցաւ Բազըլ քաղաքում եւ Թէոֆրաստ Պարացելսոսը հրաւիրուեցաւ ունել այդ ամբիոնը: Այս գերօրինակ մարդը ծնած է 1493 թուականին Ցիւրիխ քաղաքի մօտ: Նորա հայրը, որպէս բժիշկ ուսուց նորան Ֆիզիկա եւ Խիրուրգիայ, բայց Ալքիմիան սիրական գիտութիւնն էր երիտասարդ Պարացէլսոսի. նա ուսաւ այդ գիտութիւնը նախ Տրիթեմիոս Մանհէյմեան աբեղայի մօտ, յետոյ Սիգիսմունդ Ֆուգգերոսի մօտ: Պարացելսոսը պարապում էր որոնելով ընդհանուր դեղը եւ անորոշ ժամանակով կեանք երկարացնելու հնարը: Իւր աշխատութենների մէջ նա մեծ զանազանութիւն է դնում ընդհանուր դեղի, раnасеа [5], եւ կենսական կաթիլի մէջ: Իւր նպատակին հասնելու համար, նա կատարեց շատ փորձեր. Բայց, ասում է Պարացելսոսը, ես դեռ շատ յառաջ գիտէի փիլիսոփայական քարի գաղտնիքը, որ ուսել էի Կոստանդնուպօլսում, գտանուելով Ռուսաց թագաւորի որդու (?), որ դեսպան էր այդ մայրաքաղաքում, պաշտօնեաների կարգում:

Մի զարմանալի հանգամանք հասուցել է դորան այդ պատուին: Նա  այց ելանելով եւրոպական համալսարանների մեծ մասին, գերի ընկել էր Թաթարների ձեռք եւ արձակուելով դէպի Ռուսսիա, ներկայացել էր թագաւորին, երեւի թէ Վասիլիոս չորրորդին, որ իւր որդու հետ ուղարկել էր նորան Կոստանդնուպօլիս:

Պարացելսոսը երկար ժամանակ չմնաց որպէս ուսումնապետ Ալքիմիայի: Մի օտարոտի անցք պատճառ դարձաւ, որ նա հրաժարուի այդ պաշտօնից: Նա, ուսուցանելով Ալքիմիա, պարապում էր եւ գործական բժշկութեամբ: Մի անգամ հրաւիրեցին նորան գնալ մի վտանգաւոր ցաւով հիւանդ աբեղայի մօտ: Պարացելսոսը, յառաջ քան թէ սկսած էր գործ դնել իւր բժշկութիւնը, հարկաւոր համարեց պայման կապել իւր աշխատութեան համար ստանալու վարձի մասին: Աբեղան խոստացաւ 100 գուլդըն, եթէ միայն առողջանայ: Պարացելսոսը պատրաստեց օփիւմից երեք հատադեղ եւ քսան եւ չորս ժամի մէջ առողջացրեց հիւանդ աբեղան: Առողջացած աբեղան համարեց, թէ խոստացած արծաթը շատ մեծ էր, համեմատելով Պարացելսօսի կարճաժամանակեայ բժշկագործութեանը, ուստի եւ հրաժարուեցաւ հատուցանելուց:

Բացուեցաւ մի դատաստանական վէճ. գործը յանձնուեցաւ վերջապէս բժիշկների քննութեան եւ վերահասութեան, որոնք վճռեցին, թէ հերիք է մի շատ չափաւոր վարձատրութիւն, որովհետեւ հիւանդը խիստ կարճ միջոցում առողջացել էր: Պարացելսոսը կորուսանելով այս վէճը, ցոյց տուեց դատաստանի մէջ իւր արհամարհանքը այդպիսի անիրաւ վճռահատութեան վերայ. այս բանը պատճառ տուեց նորա ընդդէմ մի մեծ թշնամութիւն յառաջանալու, որ եւ ապա հարկադրեց նորան հեռանալ Բազըլից: Նա զրկուած ամենայն օգնութենից, ման եկաւ շատ քաղաքներ, յետոյ հասանելով վերջին աղքատութեան, 1541 թուականի սեպտեմբերին վախճանուեցաւ Ստրասբուրգ քաղաքում: Այս մեծ Ալքիմիկոսը սաստիկ անձնատուր էր արբեցութեան, եւ շատերը ասում են, թէ նա զոհ գնաց իւր նախանձորդների վրէժխնդրութեանը, որոնք մի խնջոյքի մէջ դեղել էին նորան:

1703 թուականին. երեւեցաւ Անգլիայում մի մեծ Ալքիմիկոս բժշկութեան վարդապետ, Պրայս անունով (Price): Այս բժիշկը պատրաստում էր փոշիներ, սպիտակ եւ կարմիր, եւ դոցա միջնորդութեամբ, կամեցածի պէս, ժիպակը փոխարկում էր երբեմն ոսկի եւ երբեմն արծաթ: Նա եօթն անգամ հրապարակական փորձեր փորձեց, մինչ ներկայ էր մի մեծ բազմութիւն ժողովրդի: Թագաւորական Հասարակութիւնը, որ յառաջուց շատ սառն աչքով նայում էր այս փորձերի վերայ, հարկ համարեց, որովհետեւ վարդապետ Պրայսը անդամ էր այդ հասարակութեան, մի առանձին ժողով կարգել, ոսկեգործութեան հնարները եւ եղանակները քննելու համար Երբ հարկադրեցին Պրայսին փորձ կատարել ժողովի անդամների առաջեւ, նա պատասխանեց, թէ չունի այլեւս այն փոշիները, առանց որոնց անհնար էր․ բացի սորանից մէջ բերեց մի քանի այլ պատճառք: Ժողովը ժամանակ տուեց նորան փոշիներ պատրաստելու համար, եւ հետեւեալ տարումը պիտի վճռուէր նորա գաղտնիքի գործը, բայց Ալքիմիկոսը չկամենալով յայտնել իւր գաղտնիքը, մահադեղ ընդունելով մեռաւ:

Բացի այս երեւելի մարդերից ուրիշ շատերը պարապած են այս գիտութենով, բայց ցոյց տալու համար թէ ուշադրութեան արժանի էր այս ուսումը, հերիք համարւում է այս հարեւանցի գծագրութիւնը: Այժմ անցանենք համառօտապէս դնել այստեղ Ալքիմիայի տեսութիւնը, թէ նա ի՛նչ հիման վերայ կարելի է համարում ոսկեգործութիւնը, եւ թէ ի՛նչ հնարներ ունի այդ մասին:

Ջեբերի տեսութիւնը այսպէս է, թէ բոլոր մետալները բաղկացած են ժիպակից եւ շատ կամ փոքր մաքուր ծծումբից (բացի այս երկու տարրական մարմիններից Ջեբերը խոստովանում էր եւ մի երրորդ մարմին մկնղեղը). այսպէս տեսանելով բոլոր մետալները, ուրեմն եւ ոսկին, ապա հարկաւոր էր փորձել եւ իմանալ, թէ այս մարմիններից որքան եւ ինչ չափով գտանւում են ոսկու մէջ, կամ միւս հասարակ մետալների մէջ. հասկանալով այս բանը, միւս մետալների բաղադրական մասները հաւասարելով ոսկու բաղադրական մասներին, անտարակոյս անագը, պղինձը, երկաթը եւ միւսները փոխարկուելու էին դէպի ոսկի: Այս փորձերի մէջ ներգործողքը էին զանազան աղեր, պաղլեղ, արջասպ, ապակի, բուռա, քացախ եւ կրակ:

Ջեբերի ժամանակից սկսած մինչեւ երկու հարիւր տարի յետոյ, Ալքիմիան, անդադար մշակուելով, փոխեց իւր տեսութիւնը եւ դարձաւ այսպէս. որովհետեւ ոսկու բաղկացուցիչ մասները շատ կամ սակաւ գտանւում են միւս բոլոր մետալների մէջ, եւ որովհետեւ սաստիկ խառնուած լինելով պահանջում են մի ամենազուտ մաքրողութիւն, այդ պատճառով կրակը է մի մեծ ներգործող, որի կարողութիւնը անսահման է: Ոչինչ չէ յառաջանում առանց նորան. իսկ նորանով ամենայն բան կարելի է:

Կրակի օգնութեամբ, հանքերը հողային վիճակից հեշտութեամբ կարող են յեղափոխուիլ դէպի մետալ, իսկ կերպարանափոխութիւնը, որ գործւում է նոցա մէջ կրակի ազդեցութենից, է մի ապացոյց, թէ այդ մետալները կարող են առաւել եւս կատարելագործուիլ: Ալքիմիկոսք կարծում են, թէ կրակի միջնորդութեամբ, ամենախոշոր մետալները կարելի է յեղափոխել դէպի լաւ, այսինքն դէպի ոսկի:

Այս համառօտ ծանօթաբանութիւնը քաղուած է վերոյիշեալ գրչագրից  այն դիտաւորութեամբ, որ չհասկացող մարդիկ ծաղր չառնեն մեր գիտութիւնը:

Մեղապարտ ծառայ Քրիստոսի՝ Մանթուխեանց»:

Մե՛ծ Աստուած, բացականչեց պ. Մարկոսը, աւարտելով թղթի կարդալը, այս ի՛նչ բաներ են... եւ զխորհուրդս քո ո՛ գիտաց... որպէս զի մեծ են գործք քո, տէր...

Ապա, պ. Մարկոս, այսպիսի բաներ կան աշխարհի երեսին:

Բայց ասացէք խնդրեմ, շարունակեց պ. Մարկոսը, եթէ Մանթուխեանցը այդպէս սաստիկ պարապած է, ասել է, թէ նա խնջոյքում եւս չէ կարող գտանուիլ:

Ինչո՛ւ համար, ես յոյս ունիմ, որ նա մինչեւ էգուց բանը աւարտած կը լինի: Երեկի երեկոյին եկել էր իմ մօտ, որ ածուխ գնելու համար կէս մանէթ արծաթ խնդրէ: Այդ միջոցին ասաց ինձ, թէ փոքր է մնացել նպատակին հասանելու համար, որովհետեւ արդէն եօթանասուն հինգ փորձ կատարել է, իրար հետ միաւորելով զանազան մետալներ, զանազան չափերով. բոլոր փորձերը բաղկանում են եօթանասուն եւ եօթն փորձից, ուրեմն մնացել են երկու փորձք, որ անտարակոյս կը կատարէ այսօր, կամ էգուց առաւօտ եւ կը վերջացնէ բանը: Դժուարը եօթանասուն հինգ փորձն էր, որ կատարել է, երկու փորձը ի՛նչ բան է նորա համար:

Ինչու համար քեզանից խնդրում էր կէս մանէթ ածուխ գնելու համար, միթէ՛ ինքը չունի՞ այդչափ կարողութիւն, հարց արեց պ. Մարկոսը:

Նա մօտ երկու հազար մանէթ արծաթ ունէր, բայց այդ բոլորը պահեց Ալքիմիային զանազան նիւթեր գներով: Այս վերջին երեք ամսումը զանազան ժամանակ ինձանից է ստանում հարկաւոր արծաթը, ես արդէն տուել եմ նորան մօտ իբր երեք հարիւր մանէթ. երեք հազար եւս կը հաւատամ, ի՛նչ բան է այդ, մանաւանդ այնպիսի մարդու համար, որ այսօր էգուց դառնալու էր աշխարհի հարստութեան տէր:

Ես տեսանում եմ, որ դու մի ընկերութեան նման բան ունիս նորա հետ. Աստուած տայ, Աստուած տայ, ես ուրախ եմ, հարստացի՛ր, եղբայր, եւ դու, քո նման մարդը, խելացի, հասուն դատողութեամբ, անպակաս լինի մեր ազգից... բայց թէ գլուխ գայ ձեր բանը, չասե՞ս, մի նոր խնջոյք այլեւս կը կատարենք:

Ի՞նչ մին, ի՞նչ տասը... խելօք, ես քո համար շամպայնից վաննա (բաղանիս) կը շինեմ, որ լուացուիս. այն ժամանակ ինչ բան է մեր համար  արծաթը: Նորան այն ժամանակ ծանր է դուրս գալ գրպանից, եթէ ճարել ես ճակատիդ դառը քրտինքով, եթէ նորան հաւաքելու համար կոտրել ես մէջքիդ օղը. բայց եթէ ունէիր մի գիտութիւն, որ հրամայում էր պղնձին կամ երկաթին ոսկի փոխուիլ, եւ անշունչ մետալը հնազանդւում էր քո իշխանական հրամանին, այն ժամանակ ի՛նչ յարգ ոսկուն կամ արծաթին: Թո՛ղ ուրիշները որոնեն նորան Ուրալեան սարերում, Բրազիլիայի եւ Կալիֆորնիայի մէջ, մեք Մանթուխեանցի քուրայից կը ստանանք նորան, պատասխանեց պ. Շաքարեանցը ինքնաբաւական կերպով:

Այս խօսքերից յետոյ, լցրեց նա ծխամանը թաբաքով: Պ. Մարկոսը եւս, հետեւելով պ. Շաքարեանցի օրինակին, սկսեց ծխել թուրքի թաբաքը եւ, արձակելով ծուխի օղեր, որ շատ յաջողակութեամբ բաց էր թողնում բերանից, թւում էր, թէ ընկնում է մտածողութեան մէջ: Մինչդեռ սոքա զբաղուած էին, եւ ահա սենեկի դուռերը բացուեցան յանկարծ եւ շեմքի վերայ երեւեցաւ քիթը բերանը մրոտ մի մարդ: Նորա հին սերտուկը շատ տեղ ծակոտուած էր կրակի կայծերից, ձեռները, գործ ունենալով միշտ ջերմ մետալների հետ, կոշտացած էին բոլորովին եւ ճաքճքած, եւ այդ ճեղքուածքը, լցուած լինելով ածուխի եւ այլ կեղտերի փոշիներով, կազմում էին զանազան ուղղութենով սեւ գծեր:

Նորա ալեխառն մազերը համարեա թէ դեղնած էին բոլորովին եւ այդ անկանոն գունափոխութիւնը մազերի, երեւի թէ, պատճառուած էր զանազան քիմիական շոգիների ազդեցութենից, որպիսի էին խլոռից բաղկացած աղերի շոգիքը, որոնք մեծ ազդեցութիւն ունին ներկանիւթի (pigmentum) վերայ: Երեսի գծագրութիւնը բաւական անկանոն, խոր ներս ընկած աչքերը, իւրեանց անսովոր փայլողութեամբ, հաստատում էին նորա հոգու անհանգիստ բնաւորութիւնը: Ճակատը ճաղատացած, ինչպէս թւում է, ժիպակեղէն բաղադրութենների շոգիներից, քիթը մեծ (թէեւ իւրաքանչիւր ոք մեզանից, որպէս հայ, տեղիք չունի գանգատելու քթի փոքրութեան վերայ), որի ծայրը բուի կտուցի նման կեռացած դէպի վերին շրթունքը, համարեա թէ ծածկւում էր թաւ ընչացքի մէջ, որ նոյնպէս դեղնած էր: Երեսը ընդհանրապէս դեղին, բայց այտերի վերին մասները մոյգ կարմիր: Այդ կարմրութեան մասին այսպէս է մեր կարծիքը, թէ պիտոյ է, որ այդ մարդը շատ կանգնած լինէր կրակի առաջեւ, որովհետեւ այդպիսիների երեսը մեծ մասնով յատկանում է թշերի վերին մասների մոյգ կարմրութեամբ: Զարմանք չէ. երեսի այդ մասը զրկուած լինելով մազերից, առաւել ենթարկւում է ջերմութեան ազդեցութեանը, որ գրգռելով կաշին, պատճառ է տալիս արիւնի աւելորդ հաւաքուելուն: Արիւնը անդադար եւ սովորականից դուրս առատութեամբ մտանելով այդ մազի նման երակների մէջ, լայնացնում է նորանց, այս  ընդլայնողութեանը ձեռնտու է լինում եւ ջերմութիւնը. այս կերպով այդ երակները աւելի մեծ մակերեւոյթ ստանալով դուրս են փայլեցնում իւրեանց գոյնը երեսի վերայ: Ինչեւիցէ. այդ պարոնը կը լինէր այսպէս 55 տարեկան։

Բարո՛վ, բարո՛վ, պ. Մանթուխեանց. այս ո՞ր քամին փչեց քեզ մեր մօտ, այս րոպէիս խօսում էինք քո մասին: Պ. Մարկոսը խնդրում էր ինձանից, որ իւր հետ միասին գայի քո մօտ, բայց ես իմանալով քո ժամանակի սակաւութիւնը, հրաժարուեցայ, որովհետեւ անտարակոյս պիտի նեղութիւն պատճառէի քեզ. խնդրեմ, հրամայեցէք նստեցէք, շատ ուրախ եմ:

Բարով, Մանթուխեանցը, դառնալով դէպի պ. Մարկոսը, եւ քարշելով մի աթոռ, նստաւ սեղանի մօտ:

ճշմարիտը պիտոյ է ասել, այսօր շատ վաստակած եմ...

Ինչպէ՛ս վերջացաւ բանը, յաջո՛ղ, թէ անյաջող:

Պ. Մանթուխեանցը խօսքերով չպատասխանեց այս հարցմունքին, աչքով միայն ստորասաբար նշանացի արեց. նորա ինքնաբաւականութիւնը երեւեցաւ եւ դէմքի ուրախ ցուցակութեան մէջ, որ համարեա թէ գտանւում էր մի ջերմախտական-ցնցողական վիճակում: Նա չէր կարող բառերով յայտնել իւր ուրախութիւնը եւ յաջողութիւնը, որովհետեւ երրորդ մարդ կար այնտեղ, որից թաքուն էր, գոնէ համարում էր թաքուն, այդ բանը:

Ճշմարիտը պիտոյ է ասել, այսօր շատ վաստակած եմ, կրկնեց պ. Մանթուխեանցը, մի բաժակ արաղ արժէ՛ որ խմեմ. ասում են, թէ․ «Ծերաց գաւազան է» երկար աշխատութենից յետոյ:

Հրամեցէ՛ք, անուշ արեցէք: Այս ասելով պ. Շաքարեանցը լցրեց արաղը մի բաժակի մէջ եւ տուեց Մանթուխեանցին: Պ. Մանթուխեանցը, բաժակը ձեռք առած չառած, կարդաց տակի գրերը...

Չկամի՞ք ծխել, հարց արեց պ. Շաքարեանցը:

Ին՞չ է հարցանում այս մարդը, երկնքից ի՞նչ է թափուել երկրի վերայ, որ սա չէ ընդունել:

Թաբաք ծխողները դարձան երեք հոգի. ծխով լցուել էր ամբողջ տունը, ծխողքը հազիւ հազ տեսանում էին միմեանց. պ. Շաքարեանցի սենեակը դարձել էր մի մաքրատուն: Մի քանի վայրկենից յետոյ, այս երեք մարդիկը, ամենայն ծանրութեամբ սկսեցին ընտրութիւն առնել մարդերի, որ հրաւիրելու էին իւրեանց խնջոյքին մասնակից լինելու համար:

[1] (Լատ. ) Գագաթ կատարելութեան: (Ծանօթ. 1945 թ. Երկերի լիակատար ժողով. խմբ. ):

[2] (Լատ. ) Մեծ աշխատութիւն: (Ծանօթ. 1945 թ. Երկերի լիակատար ժողով. խմբ. )

[3] (Լատ. ) Մեծ` կախարդութեան մէջ, աւելի մեծ՝ փիլիսոփայութեան մէջ, ամենամեծ՝ աստուածաբանութեան մէջ: (Ծանօթ. 1945 թ. Երկերի լիակատար ժողով, խմբ. ):

[4] (Լատ. ) Ալքիմիայի մասին: (Ծանօթ. 1945 թ. Երկերի լիակատար ժողով, խմբ. ):

[5] (Լատ. ) Ամենաբուժ դեղ: (Ծանօթ. 1945 թ. Երկերի լիակատար ժող. խմբ. ):