Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

Ը․

Կոմս էմմանուէլը, տխրութեամբ լցուած, բաժանուեցաւ մահու թագաւորութեան սպասաւորից եւ սկսեց դիմել դէպի պարսպի դարպասը, որ գնայ իւր օթեւանը: Նա մտածում էր, թէ արդարեւ Հայոց ազգը թէպէտեւ քանի հազար տարեկան, այնուամենայնիւ դեռեւս մի խակ տղայ է եւ գուցէ երբեք դուրս գալու չէ այս տղայութենից: Այսպիսի ազգերը, ասում էր ինքն իւրեան, կարօտ են, որ, ինչպէս անչափահաս որբեր, գտանուին հոգաբարձութեան տակ, բայց Հայոց ազգը չունի հոգաբարձու եւ գտանելու չէ երբեք: Ուրեմն ի՛նչ պիտի լինի այս ազգի վերջը, շարունակում էր նա մտածել․ անտարակոյս այն, ինչ որ լինում է առանց հոգաբարձուի մնացած անչափահաս որբերի վերջը․․․

Այս խորախորհուրդ, բայց տխուր եւ տրտում մտածութիւնքը զայրացուցին  կոմս էմմանուէլի սիրտը, եւ արտասուքի երկու խոշոր կաթիլներ դուրս թռան նորա լցուած աչքերից եւ թաղուեցան գետնի փոշու մէջ: Այո՛, ասաց նա, նայելով իւր արտասուքի ընթացքին, թէպէտ եւ ասում են, որ արտասուքի թափուիլը թեթեւութիւն է տալիս մի վշտահար սրտի, բայց դուք թաղուելով այս ոտնակոխ փոշու մէջ, տեղիք էք տալիս, որ աւելի տխրութեան ամպեր պատեն իմ սրտին: Դուք ցոյց էք տալիս ինձ, որ տարագիր ընկած ազգի կամ մասնաւոր մարդու արտասուքի համար եւս չկայ մի ազնիւ առարկայ, որ ժողովէր այս ազնիւ հիւ֊թը, որ միմիայն հոգու ներգործելուց դուրս է գալիս մարմնից:

Այո՛, երանի՜ այն անբաղդին, այն թշուառին, որ մնաց իւր տեղում, գոնէ նորա արտասուքը կը թափուին հայրենիքի աւերակների կամ իւր անցած կեանքի յիշատակարանների վերայ, որ սուրբ են եւ միշտ պիտի սուրբ մնան քնքուշ եւ հասկացող սրտի համար: Բայց վա՜յ այն ազգին, այն ժողովրդին, որի արտասուքի համար օտար փոշուց աւելի չկայ մի ուրիշ ազնիւ ընդունարան:

Ինչ այդպէս գլուխներդ կախած գնում էք, պարոն, ասաց մի ձայն:

Կոմս Էմմանուէլը վեր բարձրացրեց գլուխը եւ ձեռքի թաշկինակով սրբեց աչքերը շտապով, բայց, ծածկել կամելով իւր արտասուած լինելը, ձեւացուց, որպէս թէ սրբում էր ճակատի փոշին կամ քրտինքը: Երբեմն, արտասուքներ, որ յառաջանում են հոգու խիստ մօտիկ, խիստ սիրական, բայց օտարի համար գաղտնի պատճառից, չէ պիտոյ երեւին ուրիշին, սա իրաւունք չունի նկատել այդ նուիրական գաղտնիքի ազդեցութեան հետեւանքը, այդ մի սուրբ բան է եւ պիտի ծածուկ մնայ միշտ ուրիշից, որ մի գուցէ օտարոտի խորհուրդների տէր լինելով, անարժանաբար տեսանէր մի այսպիսի մաքուր զեղումն սրտի:

Կոմսի հետ խօսողը էր մի տիրացու:

Դո՞ւք էք, ասաց կոմսը փոխուած ձայնով: Նորա կիրքը նստած չէր դեռեւս, եւ արիւնը ալեկոծւում էր սրտի եւ թոքերի մէջ:

Այո՛, ե՛ս եմ, պատասխանեց տիրացուն: Երեւի, օդի լաւութեան պատճառով դուրս էք եկել ման գալու, շատ լաւ էք արել: Միմիայն երջանկութիւն, որ կայ մեր քաղաքում, օդի մաքրութիւնն է, մանաւանդ առաւօտները եւ երեկոյեան ժամանակ:

Ստո՛յգ է, ես եւս նկատում եմ այդ, պատասխանեց կոմսը, բայց այնպիսի սառնութեամբ, որ յայտնի ցոյց էր տալիս, թէ ծանրութիւն էր իւրեան խօսել այն րոպէին օդի վերայ:

Արդարեւ, եթէ մարդու կեանքը առնունք որպէս մի թել, ապա ուրեմն, շատ խայտաբղետ եւ պիսակ մի թել է նա: Այդ կարճ կամ երկայն շղթայի  օղերը ունին իւրեանց վերայ զանազան դրոշմներ, ոմանք ուրախութեան, ոմանք տրտմութեան, ոմանք յուսահատութեան, մի խօսքով, հոգու բոլոր զգացողաթիւնքը, բոլոր հոգեբանական երեւոյթքը: Կեանքի մէջ կան եւ այնպիսի րոպէներ, երբ մարդը պիտի խոսէ միմիայն իւր հետ, իւր հոգու հետ, իւր Աստուծոյ հետ: Այդպիսի նուիրական րոպէներում մարդը հրաժարւում է նիւթական աշխարհից, նա մոռանում է իւր շրջակայքը, նա դուրս է գալիս մտքի ծովի վերայ եւ այդ ճանապարհորդութեամբ ապրում է այն րոպէին: Այդպիսի րոպէներում մարդու բոլոր զգացողութիւնքը եւ կարողութիւնքը կենդրոնանալով մտքի գործարանի մէջ, ուղեղի վերին կիսաբաժինների մէջ, միւս ջղերը եւ գործարանքը ասես թէ դադարում են ներգործելուց: Աչքը, տեսողական գործարանը, համարեա թէ սառչում է, եւ այն րոպէին նորա վերայ ընկած ճառագայթը մի առարկայից, չէ հասանում դէպի ուղեղը․ ականջը, լսողական գործարանը, նոյնպէս, եւ եթէ առաջինը կամ երկրորդը հասուցանեն մի կիսատ թերատ տպաւորութիւն դէպի ուղեղը, սա յագ է եւ չէ կարող ընդունել տպաւորութիւնք, մինչեւ մի դղրդեցուցիչ խթան չներգործէ նորա վերայ: Բայց, սատանայական, այնպէս է պատահում, որ եթէ ոչ միշտ, գոնէ շատ անգամ, այսպիսի քաղցր րոպէները ընդհատւում են այդ րոպէների բնաւորութեան մի բոլորովին հակառակ հանդիպմամբ: Սա մի անախորժ զգացողութիւն է, որ մարդը ձգում է համարեա թէ մի տեսակ կատաղութեան մէջ. եւ ամենասիրելի մարդը սատանայ է թւում այսպիսի ժամանակ:

Բայց կոմս էմմանուէլի սառն ընդունելութիւնը ոչինչ ազդեցութիւն չգործեց տիրացուի վերայ: Նա սորված չէր օդից խոնաւութիւն ընդունել. դորա հակառակ, այն տեսակ մարդերից էր, որոնց ջրհեղեղ է հարկաւոր խոնաւութիւն զգացուցանելու համար, անձրեւը փոքր է:

Ես եւս դուրս եմ եկած ման գալու, ասաց տիրացուն, եթէ կամիք, գնանք միասին:

Թէպէտեւ շատ ծանր էր կոմսին ընդունել այս հրաւէրը, բայց մի փոքր մեղմացել էր արդէն սրտի կրակը, բացի սորանից յիշեց նա իւր սովորական կանոնը, թէ չէ պիտոյ արհամարհել եւ գայթակղեցնել մի խեղճ մարդ, որի պատահական դրութիւնը նախանձելի մի բան չէր աշխարհի երեսին:

Գնանք, գնանք, պատասխանեց կոմսը, բայց այսպէս... ուղիղ. պատճառ, ես այժմ վերադառնում եմ դէպի տուն եւ միտք չունիմ երկար միջոց ման գալու:

Սկսեցին գնալ: Երկու կողմից եւս պահւում էր մի կամակոր լռութիւն

Կոմսի միտքը նմանում էր մի ծովի, որ երկար ժամանակ մրրկից ալէկոծուելով, չէ կարող իսկոյն հանդարտել, թէեւ դադարել էր մրրիկը: Մրրկից յետոյ եւս դեռ բաւական ժամանակ վազում են կատաղութեամբ դէպի ծովեզրը փրփրած ու դէպի վեր ցից ցից գագաթներով սուր անկիւնաւոր ալիքները, մինչեւ որ ծովի մրրկից ստացած ուժը թուլանայ եւ ալիքների սուր եւ կոնաձեւ գագաթները ստանալով աւելի կամարաձեւութիւն՝ մօտենան հորիզոնական մակերեւոյթին: Բայց այս բանի համար հարկաւոր է երկար միջոց. տիրացուն հանդիպեցաւ կոմսին, երբ նորա միտքը հասել էր խռովութեան մինչեւ հնարաւոր ծայրը. այս պատճառով կոմսը չէր կարող խօսել այլ բանի մասին, քան թէ նիւթ էր եղած նորա ամբոխմունքին: Տիրացուի լռութիւնը յառաջանում էր նորանից, որ չգիտէր, թէ ինչպէս խօսք բանայ եւ ինչ բանի համար. մանաւանդ լսած լինելով իւր ուղեկցի անունը, հարկաւոր էր համարում զգուշութիւն գործ դնել, որովհետեւ կոմսը համարուած էր այդ քաղաքում որպէս մի վտանգաւոր մարդ:

Տիրացուն մտածեց մտածեց եւ վերջապէս ուժ ու սիրտ ստանալով ասաց, Պարոն, դուք ինչպէ՞ս էք վերլուծում « Լոյս զուարթը »:

Ահա քեզ մի ուսումնական խնդիր, որ արժէ tartarus emeticus [1] ինձ հարկաւոր չէ մի խօսք եւս յաւելացնել. ինքեանք ընթերցողք կարող են հասկանալ խեղճ կոմսի դրութիւնը: Ին՜չ պիտոյ է առնել: Ընկել էր մի անգամ:

Երկնաւոր, անմահ սուրբ եւ կենարար Հօր սուրբ փառքի, զուարթ լոյս Յիսուս Քրիստոս, պատասխանեց կոմսը, ախ քաշելով սրտի խորքից: Ինքը ինչ բաների վերայ էր մտածում, ի՛նչ օդեղէն ամրոցնէր էր շինում, տիրացուն, որ եւ քառասունի չափ աշակերտ ունէր, ի՛նչ բան էր հարցանում:

Տիրեց դարձեալ լռութիւն:

Տիրացուն առաջարկեց մի այլ պատմական խնդիր:

Պարոն, ասաց նա, Առաքել․․․ պատմագիրը, Քեօռ-օղլուն եւ նորա աւազակ ընկերները անուանում է Ջալալիք, այս մարդիկը հա՞յ էին [2]:

Միթէ՞ չգիտէք, որ մահմետականք էին նոքա, պատասխանեց կոմսը:

Ապա որտեղի՛ց է Հայերի մէջ Ջալալեան մականունը. ես այնպէս էի կարծում, որ այդ տուները յառաջանում են Ջալալիներից

Նշանակում է, ազնիւ ծագում էք վերագրում եղած այդ տուներին: Ես չգիտեմ այդ տուների ծագման պատմութիւնը, սակայն հաւանական է, որ Ջալալիների ժառանգները չեն դոքա, թո՜ղ որ նոցանից Րահան արաբը Արաբիայից Կոստանդնուպօլիս գալով միացել էր Քեօռ-Օղլուի հետ, երբ սա գնացել էր այնտեղ Տեմիրճի Օղլուի ձեռքից Այվազը իւր սիրական մանկլաւիկը ազատելու, որ իւր կարգով մի փոքր ժամանակից յետոյ նոյնպէս ջալալի դարձաւ:

Դարձեալ վերջացան տիրացուի երկբայական խնդիրները դարձեալ լռութիւն:

Փողոցը, որով գնում էին այս երկուքը, դատարկ էր բոլորովին մարդերից: Կովերը նախիրից տուն վերադառնալով բարձրացրել էին մի թանձր փոշի, որ քամի չլինելուց բաւական երկար մնում էր օդի մէջ, որ միմիայն դողում էր այս անասունների բառանչելուց:

Այս եւ այն բաց պատուհաններում երեւում էին կանանց եւ աղջիկների կերպարանքներ, որ մի ձանձրալի միօրինակութեամբ անշարժ նստած նայում էին այս երկու գնացողների վերայ:

Մայրի՜կ, մայրի՜կ, ասաց դուստրը իւր մօրը, ահա այն մարդը, որ նոր է եկել, երեւի թէ դարձեալ գնում է Մահտեսի Թովմասի տուն, առաւօտ եւս այնտեղ էր, ես տեսայ նոցա տանից դուրս գնալը:

Շատ կարելի է, պատասխանեց մայրը, –գուցէ նշանուելու դիտաւորութիւն ունի։ Մահտեսի Թովմասի Մարիամը գեղեցիկ աղջիկ է եւ վարժուած, ո՜վ գիտէ...

Յանկարծ, այս միջոցին, կոմս էմմանուէլի ականջին հասաւ մի ֆորտոպիանօի ձայն․.. Ուշադրութեամբ ականջ դնելով հասկացաւ, որ ածում էին «Տէ՛ր, կեցո՛ դու զՀայս» [3] երգի եղանակը: Տիրացուն նկատեց, որ այս ձայնը տպաւորութիւն գործեց կոմսի վերայ, վասնորոյ եւ ասաց. «Ես իմանում եմ, թէ ով է դորա ածողը, ահա, այն սպիտակ տանիցն  է լսւում... Մահտեսի Թովմասի տանից, նորա դուստրն է ածողը»: Արդարեւ մի վայրկենից յետոյ լսուեցաւ մի քնքուշ եւ թարմ կանացի ձայն, որ երգում էր.

«Աջովդ համատարած

Զազգ մեր արտահալած

Փոյթ գումարէա․

Յաշխարհ Արարատեան,

Ի վայր մեծ ծննդեան,

Որ այժմ է սեպհական

Օտար ազգաց»:

Դարձեալ մի տխրութեան ամպ անցաւ կոմս էմմանուէլի երեսի վերայով: Այս խեղճ մարդը դարձել էր մի ամենազգաստ ծանրաչափ բարօմետր ազգային բաների համար, որոնց եւ վերջինը, ամենաթեթեւը մեծ ազդեցութիւն էին գործում նորա վերայ: Մի րոպէի մէջ ուղղելով իւր այլայլուած դրութիւնը, ասաց.

Աա՛, Մահտեսի Թովմասի տանի՞ց, ուրեմն օրիորդ Մարիամն է ածողը:

Ինչպէ՞ս. դուք գիտէք եւ անունը, հարց արեց տիրացուն, դուք ճանաչու՞մ էք նորան

Այո՜, պատասխանեց կոմսը, ես այսօր առաւօտ եւս այնտեղ էի, եւ օրիորդ Մարիամը ածեց իմ համար Պորտիչիու Համը [4] անունով ողբերգութեան գեղեցիկ ներածութիւնը: Ես չգիտէի, որ ունի նա «Տէ՛ր կեցո»-ի նօտերը, ապա թէ ո՛չ, խնդրած կը լինէի ածել այդ եւս, ըստ որում շատ սիրում եմ այդ տաղը:

Ճշմարի՛տ է, լաւ տաղը շատ լաւ բան է: Բայց իմ տաղարանի մէջ չկայ այս, չնայելով, որ բաւական հարուստ տաղարան ունիմ, չնայելով որ Բաղդասար Խալֆայի բոլոր տաղերը [5]  Զիս քո սիրոյն, Արիք որ երթամք, Գարունն է բացուէր...

Երգի կախարդիչ շարունակութիւնը ընդհատեց իմ տիրացուի բանասիրական քննութիւնը․ լսւում էր.

«Առաքեա՛ ի բարձանց

Զհամակցութիւն կամաց

Ի մերազնեայս,

Զոմն ի մէջն յարո՛

․․. ազգի մերոյ,

Տո՛ւր նմա ցուպ հուժկու

Հովուել զմեզ»:

 

Չէ, ասաց Կոմս էմմանուէլը, չէ կարելի, որ ես մի րոպէ չմտանեմ Մահտեսի Թովմասի տուն: Մնացէք բարեաւ․ ներողութի՛ւն, որ չեմ կարող աւելի երկար ընկերակից լինել ձեզ:

Ոչի՜նչ, ոչի՜նչ, պատասխանեց տիրացուն կակազելով եւ բոլորովին մեքենաբար, առանց հասկանալու ասածի խորհուրդը:

Կոմս էմմանուէլը մտաւ Մահտեսի Թովմասի բակը:

Արդէն երեկոյեան ժամը ինն էր համարեա, եւ շամանդաղը սկսում էր փոքր առ փոքր գետինը առնուլ: Դատարկ փողոցի մէջ լսւում էր մի բարձրաձայն երգեցողութիւն. «Յո՛ր քահանայն եւ Ղեւտացին հանդիպեալ զանց արարին, աւա՜ղ ո՛հ... »։

Այդ տիրացուն էր, որ տաղերի մասին խօսելուց ոգեւորուելով ցոյց էր տալիս անմարդացած փողոցի պատերին իւր երաժշտական քանքարը:

Այստեղ հարկաւոր է չթողուլ առանց յիշատակի այն, որ միւս առաւօտը, որի օրամտի մասին խօսեցի, պաշտօնական լուր էր այդ քաղաքի պառաւների բերանում, թէ կոմս էմմանուէլը կամի նշանուիլ Մահտեսի Թովմասի դստեր հետ

Մայր ու աղջիկ, որոնց մասին յիշեցի վերեւումը, պատուհանից տեսել էին կոմսի մտանելը նոցա տուն: Հայերի մէջ մի անսովոր բան չէ, մանաւանդ կանանց մէջ, այսպիսի հիմքերով դրական բան խօսել:



[1] (Լատ. ) Գինեքարի փսխեցուցիչ, ործկադեղ (1945 թ. Երկերի ժողով. խմբ. ):

 

[2] Նկատի է ունեցել Սարգիս Ջալալեանին եւ Գաբրիել Այվազովսկուն:

[3] Այս երգը առաջին անգամ երեւեցաւ Կալկաթայի Ազգասէր անունով օրագրի մէջ, որ հրատարակում էր յաւիտենական յիշատակի արժանաւոր Մէսրոպ Դաւթեան Թաղիադեանց ուսումնական ազգասէրը: Այս երգը թէ իւր բովանդակութեան, թէ իւր բանաստեղծական վառվռուն յօրինուածքի եւ թէ հայոց ներկա վիճակի ճշգրիտ պատկերը հանդիսացնելու եւ դորա բարւոքելու համար հարկաւոր եղած հնարները խնդրելու մասին, արժանի է ազգի մասնաւոր ուշադրութեանը: Եթէ հնար ունենայի ես, ամենասուրբ պարտականութեան կը դնէի ամէն մի հայի վերայ անգիր ուսանել այս երգը: Մինչեւ այսօր իմ կեանքի մէջ չեմ տեսած կամ լսած մի այսպիսի երգ. ահա բուն ազգային երգ: Խե՜ղճ Թաղիադեանց. խաղաղութիւ՜ն քո հոգուն, չարչարուեցար, չարչարուեցար ազգի լուսաւորութեան համար, բայց չհաջողեցաւ քեզ, որպէս է շատերին, տեսանել քո մարգարէական ազդու քարոզութեան պտղաբերութիւնը մեր ազգի մէջ: «Արշալոյս Արարատեան» Ջմիւռնիոյ պատուական եւ անդրանիկ օրագրի 1858 թուականի հոկտեմբ. 31, ուրբաթ, 583 համարի մի յօդուածը արժանայիշատակ Թաղիադեանցի մասին, արժան եմ համարում դուրս գրել այստեղ բառ առ բառ, իմ ծանօթաբանութեամբ հանդերձ:

«Առ յարգոյ հրատարակիչ Արշալուսոյ Արարատեան,
Յարգոյ պարո՛ն

Տխրութեամբ ծանուցանեմ, որ Մեսրոպ Դաւիթ Թաղիադեան, վաղածանօթն յարգութեանդ գրաւեալ է ի թանգագին կենաց իւրոց ի 10 յունիսի այսր ամի ’ի Շիրազ քաղաքի. յորոյ վերայ ի ներքոյ գրեալս սակաւատող բանսն խնդրեմ, շնորհ արարեալ հաճեսջիք հրատարակել միջոցաւ պատուական օրագրի ձերում, որով եւ շնորհապարտ կացացանել զձեր խոնարհ ծառայ Թադէոս Խ. Աւետումեան: Կալկաթա, 21 օգոստոսի, 1858»:

Ահա յօդուածը, որ ուղարկում է այս պարոնը:

«Չէ մեր նպատակ գրել զվարս ազգասէր հեղինակիս, մանաւանդ չի չունիմք զբաւական նիւթս առ նոյն ձեռնարկ, այլ սակաւուք միայն յայտնել կամիմք զմասն գործոց նորա, որք եղեն մեզ ծանօթ:

Մեսրովբ Դաւիթ Թաղիադեան ծնեալ էր ի Կարբի, որ յԵրեւան եւ սնեալ ի սուրբ աթոռն էջմիածնի, առ ժամանակաւ Սրբազնասուրբ Կաթողիկոսին Եփրեմայ, ուր եւ ձեռնադրեցաւ սարկաւագ: Իբրեւ յամի 1823, եկն ’ի Հնդիկս յերիտասարդութեան հասակի եւ միջնորդութեամբ Տեառն Աբրահամու ծայրագոյն նուիրակին Երուսաղեմի, եմուտ ի Համալսարանն եպիսկոպոսական ուսանել զԱնգղիերէն, ուր թարգմանեաց ի մեր լեզու եւ ի լոյս ընծայեաց զՀուգօ Գրովտիոսի ճշմարտութիւն քրիստոսական հաւատոյ զգործ ընտիր: Յետ սակաւուց ելեալ անտի եկաց երրորդ վարժապետ ի մարդասիրական ճեմարանի մերում:

Ապա գնացեալ ’ի Ջուղայ կարգեցաւ գլխաւոր վարժապետ դպրոցի որ անդ զամս յոլովս: Անտի չոգաւ ի կողմունս Տաճկաստանի եւ կացեալ առ ժամանակ մի ի Կոստանդնուպօլիս, շրջի վտարանդի ընդ Հայս եւ Պարս եւ վերադառնայ միւսանգամ ’ի Հնդիկս:

Զարմանալի բան է. այս մարդու (Թաղիադեանցի) եւ Աբովեանի կեանքը շատ նմանութիւն ունին միմեանց: Երկուքը եւս դուրս գալով էջմիածնից գնում են օտար եւ հեռաւոր աշխարհներ եւ ուսանելով իսկոյն վերադառնում են էջմիածին ինչո՞ւ համար, մի դպրոց հիմնարկելու, ստացած լոյսը ազգի մէջ տարածելու համար: Աբովեանը կատարեց երկրորդ անօգուտ փորձը, որի առաջինը կատարել էր Թաղիադեանցը: Սա վերադարձաւ էջմիածին Յովհաննէս կաթողիկոսի ժամանակին (1835–1840) եւ աղաչելով պաղատելով, սորան միջնորդ եւ միասին բարեխօս բռնելով կարողացաւ որպէս գլխաւոր ուսուցիչ մտանել էջմիածնի դպրոցը: Բայց ի՛նչ ուսուցչութիւն, ի՛նչ եղաւ այս եռանդոտ ջանքի հետեւանքը: Կարճ միջոցում ստացաւ նա, ինչպէս սովորական է Հայերի մէջ, մի ահագին բազմութիւն թշնամիների, որոնցից գլխաւորքը էին Սիւնհոդոսի Պրոկուրոր Ղորղանեանցը եւ ատենադպիր Քարտաշեանցր: Ի՛նչ զրպարտութիւնը, ի՛նչ հալածանք բարձրացաւ այնուհետեւ խեղճ Թաղիադեանցի վերայ: Ցուրտ սենեկի մէջ փայտ չէր ստանում վառելու, ահա մինչեւ այս վիճակին հասաւ նորա թշուառութիւնը: Ոչ ով տաք սրտով արժան չէր համարում նայել դպրոցի եւ հետեւաբար նորա գլխաւոր վարժապետի կամ կառավարչի վերայ: Յովհաննէս կաթողիկոսի իշխանութիւնը հասած էր վերջին աստիճանի թուլութեան: Ութեքեանց (այսպէս անուանում էին էջմիածնումը այն ութն աբեղաներին, որ ապստամբուել էին կաթողիկոսից եւ բողոք էին գրել դէպի ռուսաց տէրութիւնը) վճռական գործակատարութիւնը շուարեցուցել էր Յովհաննէս կաթողիկոսը, եւ ամենամերձ եպիսկոպոսքը, որք դեռեւս բարերարուած էին կաթողիկոսից, հարազատ չէին սորան, թէպէտեւ առ երեսս բարեկամ եւ գործակից: Քարտաշեանցը սկսել էր մի երկար ու ձիգ կռիւ Ներսէս առաջնորդի հետ, Լուսաւորչական եւ Գրիգորեան, Սիւնհոդոս եւ Սինօդ բառերի մասին: Ներսէս արքեպիսկոպոսը գրում էր ի Գրիգորեան Հայոց Սինօդն Քարտաշեանցը պահանջում էր, որ գրէ ի Լուսաւորչական Հայոց Սիւնհոդոսն: Սոցանից ջոկ ուրիշ այլ բաների մասին, մինչեւ որ բողոքել դէպի Մինիստր Բլուդովը: Ներսէս սրբազանի պատասխանը այս բողոքի ընդդէմ հասաւ Բլուդովի յաջորդի կոմս Պերովսկու ձեռքը: Շատ չանցաւ սորա վերայով, Ներսէսը կաթողիկոսացաւ, եւ Քարտաշեանցը իսկոյն դուրս եկաւ սիւնհոդոսի ծառայութենից: Ինչեւիցէ: Ահա այսպիսի մի ժամանակում կացաւ Թաղիադեանցը էջմիածին: Վերջապէս տեսանելով, որ ոչինչ հնար չկայ մնալու, ստիպուեցաւ վերստին դուրս գնալ Աթոռից:

Մի փոքրիկ անցք, որ պատահում է սոյն այս միջոցում, աւելի ճշգրիտ պատկեր է տալիս Թաղիադեանցի վառ աշխոյժի մասին: Վերջին անգամ գնում է Յովհաննէս կաթողիկոսի մօտ Գրաշարական ողջոյն տալու Վեհարանում գտնւում են եղած, հին ժամանակներից կաթողիկոսին ընծայ ուղարկուած ճախարակեայ մարմարիոնեայ թքամաններ: Սոցանից մի փոքրը եւ գեղեցիկը, կաթողիկոսի սարկաւագը շինել է թանաքաման: Թաղիադեանցը տեսանելով այս փոխարկութիւնը թքամանի դէպի թանաքաման, անպատրաստից ասում է հետեւեալ ոտանաւորը

Երբ թքաման, թանաքաման

Դարձեալ ետես այս Վեհարան,

Զի՛նչ այլ քեզ յոյս աստէն մնալ

Մեսրոպ Դաւթէան Թաղիադեան:

Յամի 1845, յայսմեանն օգոստոսի օժանդակութեամբ Արարատեան ընկերութեան սկսաւ հրատարակել զԱզգասէր լրագիր սակայն զբաւումն ի կենաց միոյ եւ ձախորդութիւնք միւսոյ ընկերացն քակտեցին զընկերությիւնն վաղվաղակի։ բայց եռանդ հանգուցելոյս ոչ շիջավ, այլ շարունակեաց զտպագրութիւն լրագրին մեջ ցմէջ 1852 ամի: Թէ որքան վառ էր եռանդ նորա յայսպիսի գործ, եւ որքան ժիր յաշխատութեան, գործք իւր ինքնին յայտնեսցեն քաջ; Զի ի միջոցի եօթն ամացսակաւուց բացի տպագրութենէ Ազգասէր լրագրին եւ ի կառավարութենէ առանձին դպրոցի իւրոյ, ի լոյս ընծայեաց եւ զյետագայ գրեանսն յորինեալս յիւրմէ։ Այբբենարան, Դաստիարակութիւն օրիորդաց ճառ, Ճանապարհորդութիւն ի Հայս, Պատմութիւն Պարսից, Սօս եւ Սօնդիպի բանաստեղծութիւն չափեալ, վարսենիկ Առեղծաբանութիւն արձակ, եւ քերականութիւն համառօտ։

Եւ թարգմանեալս;

Առակք Պարսից, Առաջնորդ մարդկանց եւ Վարդգէս։ Թողեալ զտպագրութիւն այլոց վեշտասան  մատենից, որք ընդ վերակացութեամբ իւրով տպագրեցան, ունի զայլ գործս թարգմանեալս եւ ի լոյս ընծայեալս աստ, նախքան զկազմիլ Ընկերութեան Արարատեան որք են վերոյիշեալ Գրովտիոսն, Դիցաբանութիւն, Պաղէստին Ռ Հիբերայ չափեալ, եւ Պատմութիւն հին Հնդկաստանի։ Ունէր եւ զայլ գործս բանաստեղծականս եւ զօրագիր մնացեալ ճանապարհորդութեան իւրոյ, զորս ոչ ժամանեալ ի լոյս ընծայել տարաւ ընդ իւր, եւ որք հասցեն արդեօք ’ի Ջուղայ ընդ այլոց մատենիցն, թէ ի Շիրազ անդ անհետ եղիցին, չկարեմք ամենեւին գուշակել։

Մերձ ի վախճան 1857 ամի, հիւանդագին եւ տկար ել աստի վերադառնալ ի Ջուղայ եւ զմնացեալ աւուրս իւր նուիրել դաստիարակութեան մանկանց ազգիս, եւ հասեալ ի Շիրազ գրաւի անդ յազգօգուտ կենաց իւրոց ի 10 յունիսի այսր ամի ի հասակի իբրեւ 56 ամաց կտակելով զհազարաւոր մատեանս, պատկանեալս թէ՛ ինքեան եւ թէ՛ Արարատեան ընկերութեան, Սրբազան առաջնորդին Սրբոյ Ամենափրկչի վանաց, որ ի Ջուղայ, ուր եւ հասեալ իսկ են, եւ զայլ ստացուածս իւր ընտանեաց իւրոց, որք բնակին յԵրեւան քաղաքի։

Եթէ յարգի լինէր գրագիտութիւն եւ ի միջի մերում հարիւր մասամբ չափ Եւրոպացւոց, աշխատութիւնք սորա յոյժ աւելի լինէին քան որք եղենն զի վկայեալ եմք բազմիցս, բնական աշխոյժ եռանդեան նորա, որ նստեալ լնոյր զէջս բազումս խիստ դիւրուեամբ եւ ընտիր հայկաբանութեամբ ի միջոցի սակաւ ժամուց առանց ջնջելոյ գոգցես եւ զբառ մի։

Շարժեալ ի տխրութենէ սրտիս, զյետագայ Ողբերգն նուիրեմ վսեմ հոգւոյն այնմիկ, որ յուսամ երկնային պսակին արժանի եղեալ, սակս յարգելոյն զտաղանդն աւանդեալ ինքեան, յօգուտ եւ ի փառս եղբարց իւրոց։

Եւ դու Մեսրովբ, անգի՛ն Մեսրովբ,

Եւ դու այդպէս վաղ հանգեար

Ի վշտալից աշխարհէս մեր,

Յերանաւէան ճեպեցար։

Վաստակեցաւ, այո՛, մարմինդ,

Այլ ոչ հոգիդ միշտ աննկուն,

Միշտ վառվռուն, միշտ վսեմ։

Ափսոս Մեսրովբ - իմպէս բազումք

Ափսոսացին այսուհետ,

Որոց հոգի ազգիս փառաց

Նախանձաւոր իցէ եթ։

Մեռի՛ր յետոյ սիրեմ քեզ

Այլք ասասցեն, եւ ոչ ես

Ես սիրեցի զքեզ կանխաւ,

Ազգասիրաւդ վկայես։

Ոչ ափսոսում վասն քո ինչ,

Զի դու զերծար ի ցավոց

Զարդիւնաշատ աւուրս քո

Ազգին ի սպաս զոհելով։

Որքան կացցէ լեզու հայոց,

Որքան կացցէ եւ մեր գիր,

Պայծառ անուն իմ Մեսրովբիդ

Անմահասցի անխտիր։

Այլ ափսոսամ վասն ազգիս,

Որ քեզ պէս մարդ արդ կորոյս

Որոյ նման հազուագիւտ է,

Հայիմ յոր կողմ եւ ի կոյս։

Զի բանաստեղծ, ի բնութենէ

Կարէ միայն ծնանել

Տաշեալ կոկեալ արհեստի։

Ոչ կարէ յայն ժամանել։

Դու բանաստեղծ եւ ճարտասան

Միանգամայն յայտնեցար,

Թէեւ անձուկ էր ասպարէզդ,

Սակայն ոչինչ վերջացար։

Աշխարհանազ Սօս Սօդիպի

Եւ Ազգասէր լրագիր,

Բաւական են ի հաստատել,

Զոր ասացիր լիալիր։

Ոչ է ինձ հարկ թուել զամեն

Զգործ մատանցդ ճարտար,

Ժամանակաւ, զկնի իմ

Վկայեսցէ եւ աշխարհ։

Բայց ե՛կ Մեսրովբ, ե՛կ ասա ինձ

Հի՛մ առ օտարս ետուր վազ

Ուր հայաստան քո հայրենիք

Եւ ո՞ւր Պարսիցն Շիրազ։

Յողբալս զքեզ լամ եւ զիմ ազգ,

Վտարանդի ցան ու ցիր

Ընդ ամենայն ոլորտս երկրի

Քան զիսրայէլ տարագիր։

Իմ ընտանեացս պատմութիւն

Կարծեմ ուղիղ օրինակ

Է իմ ազգիս, որք յայսքան դարս

Չարչարին տար օրինակ ․․․ եւ այլն եւ այլն։

 

Այս վերջին պարբերութիւնը համարեա թէ նոյն խոսքերն են, որ Եւժեն Սիւ ֆրանսիական հեղինակի «Թափառական հրեայի» մէջ խօսում է ինքը թափառական Հրէայն։

Սորանից յետոյ շարունակուած քանի մի այլ պարբերութիւնք յարակցութիւն չունենալով Թաղիադեանցի հետ, հարկաւոր չհամարեցի դուրս գրել;

Առ հասարակ, թող հաճի Պարոն Ավետումեանը ընդունել իմ առ ի սրտէ անկեղծ շնորհակալութիւնը այս յօդուածի մասին, որով կամեցել է պատուել մեր քանքարաւոր հեղինակի յիշատակը։ Շնորհակալութիւն եւ Արշալոյս պատուական օրագրին, որ իւր թերթերի վերայ հասուց մեզ այս, թէեւ տխուր բայց սրտերիս խիստ մօտ ծանօթութիւնքը։ Աղաչում եմ Արշալոյսը, միջնորդ լինել իմ եւ Պարոն Աւետումեանի մէջ, եւ իմ շնորհակալութիւնը յայտնել նորան նոյնպէս Արշալոյսի միջնորդութեամբ։ Խորհուրդս այն է, որ յարգելի պարոնը մխիթարուի, լսելով, որ իւր ողբացած Թաղիադեանցի յիշատակը յարգելի է մեզ բոլորիս եւ թէ նորա գեղեցիկ յօդուածը զուր չէ գրուած Հայերի համար։

Աղաչում եմ եւ Ջուղայու Սուրբ Ամենափրկիչ անունով վանքի Սրբազան առաջնորդը աշխատութեան յանձն առնուլ Հոգաբարձու լինել, որ Թաղիադեանցի գրչագիր մնացած աշխատութիւնքը պահպանուին կորստի եւ ժամանակի երեսից։

Ցաւելի բան, Հայերի անգրասիրութեան մեղքից յառաջացած մի դառն հետեւանք, որ մեր հեղինակներից (հին եւ նոր) շատերի աշխատութիւնը ծնանելով, այլ դեռեւս Հրապարակի լոյսը չտեսած, դատապարտւում են դէպի մահ դատապարտւում են, որ վանական խցերի անկիւններում թաղուին փոշիների տակ եւ որդնակեր ու ցեցակեր ոչնչանան։

 

[4] Ֆրանսիական կոմպոզիտոր Դանիէլ Օրերի (1782–1871) օպերան:

[5] Խօսքը վերաբերում է Բաղդասար դպրի «Տաղարան փոքրիկ » խորագրով գրքին, որը լոյս է տեսել Կ. Պոլսում: