Հեղինակ

Բաժին
Alishan  

Թեմա

ԱԿԱՆԱ, ԾԱՐ, ՀԱՆԴԱԲԵՐԴ

97. Խաչենի տերերի եւ իշխանների արձանագրություններում, որոնք պահվում են վանքերում, շատ տեղերում նշված են ԺԳ–ԺԴ դարերի բնակավայրերի անունները: Եվ Ականան պետք է լինի Հանդաբերդի ու Գեղամա ծովի մոտերքը, որով ճանաչում են Սոդքի լեռնային ու հարավային կողմերը, եւ Սոդքի գյուղերի մեջ հիշվում է Ականքը ԺԶ դարի սկզբին: Կիրակոս Պատմիչը [1] ԺԳ դարի կեսին ասում է Սարթախ խանի մասին, որը դարձել էր Ջալալ իշխան, որից խլել էին Ականան եւ Կարկառը: Թվում է՝ սա պետք է լինի գավառի հյուսիսում, եւ ինչպես որ Զակամի աշխարհագրության մեջ հիշատակեցինք, պետք է լինի մինչեւ օրս հայտնի Կերկեր գյուղը կամ վտակը, որը գտնվում է գավառի հյուսիսում 20 մղոնից ոչ ավելի: Եվ այս ամենից ենթադրում եմ, որ այստեղ, Թարթառի հյուսիսային վտակների հովիտներում, պետք է գտնվի եւ Ականան, որ ցայժմ հեղինակներից ոչ մեկը չի հիշատակել, եւ արձանագրություններում կամ մի այլ տեղում չի հիշվում, նրանում էլ՝ ոչ մի շենք: Իսկ թղթերում նշվում է միայն Լեվ - գալե բերդը վտակի եզրին, որը, թվում է՝ այդ փոքր բնակավայրերի գլխավոր շենքն է եղել, իսկ թե այն ժամանակ ինչպես է կոչվել եւ այժմ ինչպես է կոչվում, չգիտեմ:

Սրա ելքի մոտ, Չլաբերդ գավառի ծայրին է գտնվում Յան - շախ գյուղը: Սրանց մոտ էլ, իմ կարծիքով, գտնվում է Գլուխ կոչված փոքր բնակավայրը՝ Ականի կամ Ծարի մի մասը, քանի որ ինչ-որ հիշատակարանում Փոքր Սյունիքի տեր Գրիգորը 1312 թ. նշում է իր իշխանության հիշյալ երկրամասը. « Փոքր Սյունիքի, Հանդաբերդի, Ականի, Գեղամա ծովակի բարձր լեռները եւ Սոդքից մինչեւ Շաղվագա», նրան է միացնում նաեւ մանր «մեր գավառները, որոնց անուններն են՝ Սոթ, Գլուխ, Բերդաձոր, Ճոխանց » եւ այլն, եւ այլն: Քանի որ Բերդաձորը համարեցինք Կուրակի վերնահովիտը, հարմար է այստեղ՝ Ականի մոտ կարծել եւ Գլուխը:

98. Ծար երկիրը գրավում է Ոսթիսու գետի հովիտը կամ Տրտուի միջին մասը, սահմանակից է Սոդքին եւ երկուստեք պարսպված է լեռներով. անկասկած հարուստ է այդ վայրը: Վերոհիշյալ բնակավայրերի հետ սա որպես գավառակ չի հիշվում, այլ Սոդքի մի մասն է, իսկ ավանն էլ առանձին է հիշվում: Որ Սոդքը Սյունիքում է գտնվում, աշխարհագիր Վարդանն էլ է վկայում՝ սրանց կոչելով անվանակից. «Սոդքի գավառը Ծարի երկիրն է» [2]: Եվ մենք հարմար գտանք այս անունով կոչել ամբողջ երկիրը:

Ընդարձակ Ծար ավանը, որ գրքերում եւ արձանագրություններում գյուղ եւ գյուղաքաղաք է կոչվում, գտնվում է գավառի հարավային կողմում, այն վտակների միջեւ, որոնք Թարթառի միջին մասում են հոսում, հարուստ եւ արգավանդ մի վայրում, որը դարձել է անշուք եւ սակավամարդ մի վայր, եւ որը պետք է եղած լինի այդ կողմերի հին եւ գլխավոր շենը: Առաջինը Գրիգոր Մագիստրոսն է տալիս գիհի փայտյա եկեղեցու նկարագիրը. «Ասում եմ քեզ, որ մեր սեփական աղվանական աշխարհում կար Ծար կոչված ավանը, եւ ես ինչ որ ասում եմ, կատակ չէ. վաղուց վրան աճել է գեղեցկատես գիհին, որից պատրաստված քիչ սյուներ չենք տեսել կոչարանում, հաստ ու ուժեղ, երկար ու գեղեցիկ գերաններ. այն սուրբ Հակոբի վկայարանն է: Տաճարի ամբողջ գույքը կատարյալ է՝ տախտակները, խոյակները, սյուների պատվանդաններն ու գլուխները, դռները, սեմերը եւ հատակը ասում են, որ գիհի այդ մի ծառից են պատրաստված: Այդ գավառի այն տաճարում տեսել ենք նաեւ ընդարձակ սրահներ, միջանցքներ, որոնց չենք հանդիպել ոչ մի տեղ, բացի այդ թագավորական քաղաքից» [3]: Աղվանքի մեջ է մտնում եւ Ծարը՝ այն ժամանակ Արցախը Աղվանքի տիրապետության տակ լինելու պատճառով, որին, ըստ արձանագրության վկայության, տիրում էին Խաչենի իշխանները ԺԳ–ԺԴ դարերում, ինչպես որ ասում է Գրիգորի եւ Դոփի որդի Հասանի մասին, որը լինելով այդ կողմերի «եւ բազմաթիվ այլ գավառների իշխանը, ամենից շատ սիրում էր Ծար գյուղը՝ քաջ հայրենիքն ու պարգեւները, որոնք արյան գինն են՝ տրված հայոց թագավորների կողմից»: Պետք է ասել, որ նա այն ոչ միայն սիրում էր, այլեւ գեղեցկացնում էր շինություններով՝ իրեն գործակից եւ եղբայր ունենալով Հովհաննես արքեպիսկոպոսին, որը Հաղպատի առաջնորդն էր եւ շատ շենքեր էր կառուցել այնտեղ:

99. Սա ըստ Թադեի վանքի արձանագրությունների «շինեց Գետամեջ սուրբ վանքը», որը նույն Ծարի վանքն է ավանի հարավում՝ գեղեցիկ մեծ եկեղեցով, որը շատ հին է, եւ նրա տեղի ու շինության մասին վկայում է արձանագրությունը. «Այն ժամանակ, երբ թաթարները տիրել էին շատ երկրների, մինչեւ օվկիանոս մեծ ծովն ու Ստամբուլը, Պոնտոսից մինչեւ Եփրատ գետը տիրելով գոռոզաբար, մեծ հարկեր էին պահանջում՝ նեղություն պատճառելով բոլորին, մեծերին ու փոքրերին մատնելով մահվան ու գերության: Տեր Հովհաննես Դոփյանց, խղճուկ, տկար եւ նվաստ հոգի, այն ժամանակ, երբ մենք նեղության մեջ էինք, մեր նախահայրերից մեզ հրաման հասավ գնալ մեր առաջին հայրապետների աթոռը՝ հռչակված Հաղպատ վանքը եւ դարձի բերել մեր հարազատ ավագ եղբայր, հռչակավոր քաջ զորավար Հասանի հայրենի եւ սեփական տունը, եկեղեցուն եւ քահանաներին սիրող նրա որդի Գրիգորին, բարեհամբավ իր տիկին Ասփային, որը Սյունիքի կողմերի իշխան, մեծ կոմս Տարսայիճի դուստրն էր: Եվ մենք նայելով ձորակներին, ուր այստեղից, այնտեղից հոսում էին ջրեր, տեսանք որ նրանց միջեւ մի գեղեցիկ բլրակ կա, ես հավանեցի, մտա անապատ ու սկսեցի կառուցել մի մատուռ: Եվ այդ նպատակի համար եկավ գավառի իշխան, մեր եղբորորդի Գրիգորը, որն իշխում էր նաեւ շատ այլ կողմերի եւ կամեցավ կառուցել սուրբ Աստվածածինը, որպես միջնորդ մեզ եւ բոլոր քրիստոնյաների համար: Ես Տեր Հովհաննեսի շինության սկիզբը դրեցի ՉԺ (1261) թվին»:

Իր դիրքի համաձայն էլ ստացել է Գետամեջ անունը, որտեղ վանքից առաջ եղել է վաղեմի մի շեն, քանի որ Գեղարքունի (Ծարի մուտքից մոտ 20 մղոն հեռու)՝ այդ կողմերի վրա իշխող Վանեվանքի արձանագրության մեջ Շապուհ Բագրատունին ասում է, որ 903 թ. վանքին է տրվում Գետամեջը այլ չորս գյուղերի հետ միասին: Արձանագրությունները միշտ այս անունով են հիշում վանքը եւ ոչ թե Ծարից: Օրինակ, Խութի կամ Թադեի արձանագրություններում ասվում է Հովհաննեսի եղբայր Գարեգինի թոռ Սարգսի մասին, որին տրվել են շատ վանքեր «գեղեցիկ զանգակներ... (եւ) Գետամիջում՝ Ծար գյուղաքաղաքում, Եկեղեցու շուրջը կան տոհմի իշխանների խաչազարդ գերեզմաններ, ինչպես որ ասվում է Խութի արձանագրությունում. «Գետամեջը մեր գերեզմանատունն է, մեր պապերից մեզ մնացած», եւ 1430 թ. Սայտի թոռը՝ վերոհիշյալ Սարգսի որդին տաճարի դռանը մի մեծ խաչավեմի վրա արձանագրում է. «Աստծու օգնությամբ ես՝ մեր ազգի մեծ իշխան, քաջ եւ հաղթող զորավար պարոն Շանշի որդի Սայտիս, Փոքր Սյունիքի Ականի, Հաթերքի, Հանդաբերդի եւ Գեղամա ծովակից մինչեւ Շաղվանք տեղերի տերս, ՊՀԹ (1430) թ. կանգնեցրի մեր հայր Շանշի խաչը. ովքեր որ երկրպագում են, թող աղոթքների մեջ հիշեն»:

Այլ արձանագրություններ չեն նշում, եւ ոչ մի առաջնորդ չի հիշվում: Եվ թվում է, որ երկար ժամանակ շեն չի մնացել, որովհետեւ ԺԵ դարի կեսին Խութի վանքի արձանագրություններում իշխանները (պայազատները) վկայում են, որ այդ ժամանակ եւ՛ դրանում, եւ՛ Խաթրի «վանքերում մարդ չկար, որ առաջ կար եւ շեն էր պահում»: Եվ տոհմը, որ այստեղ մինչեւ ութ սերունդ ցույց տրվեց, դրանից այն կողմ չի հիշվում այստեղ, այլ կհիշենք Խաչենում, նաեւ այլ իշխանների, որոնք Խաչենի շառավիղի ճյուղերից են, որոնք տիրել են Արցախի արեւմտյան եւ հարավային կողմերին: Գյուղաքաղաքի անունը հռչակվեց, որը բնիկներից մեկը ԺԶ դարում կոչում է Փոքր Սյունիք, ինչպես եւ Խաչենը:

100. Հետագա դարերում Ծար երկրից եւ ավանից դուրս եկան անվանի շատ մարդիկ, ինչպես՝ Հովհաննես Վարդապետը ԺԶ դարում, որն ապրեց Թադեի վանքում, մեռավ 1583-ին եւ թաղվեց Սյունիքի Վասակաշենում: Նրան անվանակից եւ ժամանակակից Հովհաննես Վարդապետ Ծարեցի պատմիչը, որն իր ժամանակի անցքերը պատմում է մինչեւ ԺԶ դարի վերջին տարին, նրա պատմության մի մասը տպագրվել է Առաքել պատմիչի Պատմության հետ, իսկ մնացած մասը մեզ անծանոթ է: Մատթեոս Սարկավագը՝ հայկական տպագրության հաստատման համար քրտնաջան վաստակավորներից մեկը ԺԷ դարի կեսին, 1655 թ. գալով Եվրոպա եւ դեգերելով Վենետիկում ու Հռոմում, ձեռնարկում ու Ամստերդամում կառուցում է տպարան, որը բարգավաճման հասցրին Ոսկանյանները, որովհետեւ անժամանակ մեռնում է Մատթեոսը, 1660-ին:

1250 թ. Ծարում սկսում է գործել Դավիթ անունով մի խաբեբա, մի այլանդակ մարդ, որը «չքավորներից եւ աղքատներից էր, պահում էր նրանց ջրաղացը ... եւ դրանով կերակրում իր կնոջն ու որդիներին...: (Սա խաբվելով դեւից)՝ սկսում է քարոզել, թե Քրիստոսը երեւաց իրեն եւ ասաց, որ ինքը պետք է փոխի աշխարհը եւ բժշկություն անի: Նրան միացան ուրիշները եւ սկսեցին տարածել նրա համբավը՝ նրան կոչելով Դավիթ միայնակյաց ու սքանչելագործ: Եվ բռնությամբ խլելով նրա տան ձիթահանքի գերանը՝ բարձր խաչ պատրաստեցին, տնկեցին եկեղեցու դռանը, մորթեցին զվարակ (արջառ) եւ նրա մսից, ոսկորներից, խաչի տաշեղներից, ջրաղացի կորեկի հատից, որպես օրհնության նշխարք, տալիս էին բոլոր ուխտավորներին, որոնք գալիս էին զանազան կողմերից: Նույն բանսարկուն, որ հորդորեց նրան, դրդեց ամբողջ գավառին՝ տղամարդկանց, կանանց, երեխաներին, երեցներին, ազատ մարդկանց, հիվանդներին, ցավագարներին այլ համբավի համար գնալ նրա մոտ, առաջինը ինքը կեղծավորելով, ոչ մեկին դեռաքրիստոսին չէր նմանեցնում: Նա այսպես էր քարոզում. Ո՞վ եմ ես, մեղավոր մի աղքատ, բայց Քրիստոսը ինձ հրամայել է քարոզել՝ երկուշաբթի օրը պաս պահեցեք, հայհոյանք մի տվեք, եկեք, համբուրեցեք ինձ, եւ թող ներվեն ձեր մեղքերը մինչեւ ձեր յոթերորդ սերունդը»: Ըստ տարբեր տեսակի հիվանդությունների՝ անում էր նաեւ այլ անմտություն ու խաբեություն, որոնցով «բոլորի միտքը իր կողմն էր գրավում, եւ այնքան մարդ էր հավաքվում նրա մոտ ժողովի, որ մինչեւ անգամ տեղը չէր բավականացնում: Եվ քանի որ ամառվա ժամանակն էր, մարդիկ, դուրս գալով դաշտերն ու սարերը, գիշերը այնտեղ էին մնում եւ կատարում էին զանազան չարիքներ..., եւ շատերը գնում էին ընծաներով, ոսկով, արծաթով, զվարակով, ոչխարով..., այլ երեցներ եկան եւ միացան նրանց՝ հարստության տիրանալու նպատակով: Մարդիկ ծառայում էին նրան, լվանում էին նրա ոտքերը եւ ջուրը շաղ տալիս իրենց ու ժողովրդի վրա... », որը լսելով Վանական մեծ Վարդապետը, նրա աշակերտ, այդ դեպքերը պատմող Կիրակոսը եւ ուրիշներ, զգուշության ու կշտամբանքի գիր գրեցին, իսկ Տեր Գրիգորիս եպիսկոպոսը՝ Դադիվանքի առաջնորդը, եկավ «շատ քահանաների հետ այն գյուղը, քանի որ այն նրանց թեմի մեջ էր մտնում, խաչով, ավետարաններով եւ, գիշերային պաշտամունք կատարելով, խաբված մարդուն կանգնեցրին մեջտեղում, որպեսզի թերեւս նրա միջից դուրս ելնի պիղծ ոգին: Եվ երբ նրան հարցնում էին, թե ինչ է տեսնում, ասում էր, որ երբ բերանքսիվայր ընկնում է երկրի վրա, երկրից [աստված] իրեն է երեւում եւ խոսում իր հետ: Ապա եպիսկոպոսն ու երեցները վերցնելով խաչը, որը տնկել էր խաբեբան, կամենում էին ջարդել: Շարժվեց ամբողջ բազմությունը եւ սրերով ու դագանակներով կամենում էր սպանել նրանց, իսկ նրանք, դուրս գալով ամբոխի միջից, անեծքներով խիստ նզովում էին հանդգնողներին: Նրանցից ոմանք զղջացին, գնացին եւ աղաչեցին եպիսկոպոսին՝ արձակել իրենց անեծքի կապանքներից: Եվ այն մարդուն տվեցին նրանց ձեռքը: Եվ երբ տանում էին նրան, հանդիպեցին գառնեցիք, որոնք գալիս էին մեծ դռնից, այն մարդը նրանց աղաչեց, որպեսզի նրանք իրեն ազատեն եպիսկոպոսի ձեռքից, քանի որ իրեն գառնեցի էր համարում եւ նրանց ազգակից: Նա ժողովրդի առաջ ասում էր, թե ինքը Արշակունիներից է, հետեւաբար իր որդիներից մեկը պետք է լինի թագավոր, իսկ մյուսը՝ կաթողիկոս, եւ նրանց վրա պետք է կատարել սուրբ Սահակի տեսիլքը: Այնուհետեւ եպիսկոպոսը այն մարդուն տվեց նրանց եւ երդում պահանջեց, որպեսզի նա այլեւս չմոլորեցնի մարդկանց, ահա այսպես հազիվ վերացավ չարը» [4]:

101. Ծարի հարավում նշված է միայն Ծիպիլ գյուղը, որը պետք է լինի մենաստանի մոտ, եւ նրա անունով էլ պետք է կոչվի Իսդիսու գետակը, իսկ հյուսիսում, գետի ձախ կողմում՝ Գյունեյ-Բեյի արեւմտյան կողմում, Քելշդաքն է: Նրա հյուսիսային կողմում Քելվաճիրն (՞) է, որից հյուսիս՝ Սերֆինասը, սրանից արեւելք, գետի աջ կողմում՝ Չիրքինը, որոնց մասին ոչ մի տեղ չի ավանդված: Ինձ թվում է՝ այդ տարածքում պետք է լինի հին Հղերկս գյուղը, ուր Է դարի սկզբին Գեղամա երկրից եկավ ոմն ճգնավոր Հովսեփը, ծերունի եպիսկոպոս Միհրի օրհնությամբ եկեղեցի շինեց եւ այնտեղ տեղավորեց սուրբ Ստեփաննոսի, Գեւորգի, զորավար Անդրեի նշխարքները, որոնք Տանձիքի ճգնավոր Մխիթարը բերեց Երուսաղեմից ու Տորոսից: Դրանց վրա Հովսեփը ավելացրեց նաեւ Հովհաննես Մկրտչի նշխարքները, որոնք բերել էր Գեղարքունիքի Պուհ վանքից: Եվ վկայարանը, ըստ Աղվանքի պատմիչի տեղեկությունների [5], շինեցին ոմն Փոքրիկ անունով հյուսնը եւ նրա որդի Հովհաննեսը:

102. Հանդաբերդում, որն ընկած է Տուդխո գետակի ընդարձակ հովտում, հարավարեւմտյան կողմերում եւ աղբյուրների մոտ, նշվում են Պաշդիպելի եւ Շեքերեմ գյուղերը, իսկ հարավարեւելյան կողմում, հարավից դեպի հյուսիս գնացող հոսանքների մոտ՝ Գալապունը, Իրզան կամ Իրծան, աջից՝ Հիրխիջեւանը, ձախից, այսինքն՝ արեւմուտքից՝ Ասերիխը, Քյապեպաշին, Չայքենդը, Հաճիսումլուն: Սրանց մոտ են գտնվում տաք ջրերի անվանի բաղանիքները, որոնք նշում է Ապիքերմ (ջերմաջրեր) անունով պարսիկ ոմն աշխարհագիր: Դրանց տեղը նշում է Կիրակոսը Դավիթ խաբեբայի պատմության մեջ, երբ Ծարի մասին ասում է, թե այն պետք է լինի « Հանդաբերդի մոտ, որտեղ Ջերմուկն է» [6]: Թ դարի հնագույն պատմիչը եւս նշում է նույնը եւ նրա մոտ էլ՝ Հանդուն, որը Վայկունիքում է, մեկ գյուղ էլ կա այս անվամբ, քանի որ Ատրներսեհի՝ Սահլ Սյունի Հայկազնի որդու Աղվանից հարստության ժառանգ Ապրսամիկի հետ փեսայանալու մասին ասում է. «շինում է Հանդու բերդը եւ իր ապարանքը, Վայկունիք կոչված գյուղում, որտեղ գտնվում են արքունական բաղանիքները» [7]: 900 տարի հետո Վայկունի ավազակի դաստակերտը կամ գահը փոխելով Սյունի-Աղվանքի իշխանության նոր աթոռով՝ նա երկար ժամանակ չկարողացավ վայելել խաղաղության մեջ, քանի որ Բուղան այլ իշխանազունների հետ միասին նրան էլ գերի տարավ Սամառա, որտեղից շատ տարիներ անց նա վերադարձավ: Երկրամասի պայազատները մինչեւ ԺԵ դարի կեսը, ինչպես ցույց տրվեց Սայտինի արձանագրության մեջ կոչվում են նաեւ Հանդաբերդի տերեր: 1271 թ. Գանձասարի արձանագրության մեջ գրում է նաեւ Հանդաբերդցի ոմն Սասնան՝ նվեր տալով վանքին իր կին Մահանի հիշատակին: Այժմ այդ բերդի տեղը չի նշվում, բայց ես կարծում եմ, որ այն պետք է լինի Չայքենդի մոտ, այսինքն՝ Վայկունիք գյուղը:



[1] Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Երեւան, 1961, էջ 358–359:

[2] Աշխարհացոյց Վարդանայ Վարդապետի, հրտ. Հայկ Պէրպէրեան, Փարիզ, 1960, էջ 12:

[3] Գրիգոր Մագիստրոս, Թղթերը, Աղէքսանդրապօլ, 1910, էջ 221:

[4] Կիրակոս Գանձակեցի, էջ 321–328:

[5] Հմմտ., Կղնկտ., էջ 280–282:

[6] Կիրակոս Գանձակեցի, էջ 322:

[7] Կղնկտ., էջ 340: