Հեղինակ

Բաժին
Alishan  

Թեմա

ՄԵԾԻՐԱՆՔ–ԿՍԱՊԱՏ

130. Արցախի հայտնի գավառներից մեկը Մեծիրանքը կամ Մեծյուրյանքն է, որն ավելի լավ է կոչել Մեծարունիք: Այն մեր առաջին պատմիչները չեն հիշատակում, բացի Աղվանքի պատմիչից, Զ–Թ դարերի մոտակայքում: Սա համարվում է Խաչենցիների հին ցեղի օրրանը: Ուներ եպիսկոպոսական հին աթոռ Ս. Հակոբի անվանի վանքում, որի առաջնորդները հիշատակվում են Զ դարից, ինչպես ցույց կտրվի ստորեւ:

Այս գավառը տարածվում էր Տրտու գետի աջ կողմում, արեւմուտքից դեպի արեւելք եւ ձգվում դեպի հյուսիս: Նրա հարավային կողմին մոտիկ հոսում են գետակներ, որոնց ակունքները հայտնի չեն: Դրանցից մեկը, իմ կարծիքով՝ Կսապատի մոտով անցնողը, կոչվում էր Չղախ, եւ պատմիչի նկարագրությամբ նրա սահմանները կոչվում են « Չղախյան հովիտ, Ասպարիսաձեւ դաշտակ Տրտու գետի ափին, որը գտնվում է Մեծիրանքի վիճակում (գավառում)» [1], որտեղ կանգ են առել Մեսրոպի աշակերտները, որոնց թաքցրած նշխարքները հայտնաբերվեցին Է դարում: 821 կամ 822 թ. պարտավցիները ասպատակելով Ամարասը՝ եկան այստեղ «եւ ամրացան Մեծիրանքի գավառում, Շիկաքար կոչվող տեղում» [2], որոնց կոտորելով Քաջ Սահլի Սմբատյանը՝ գերի վերցրեց: Երեսուն տարի անց (մոտավորապես 853 թ. ) «անձրեւների շատությունը Մեծիրանք գավառում տեղատարափի է վերածվում, եւ հեղեղի ընթացքը հասնում է Դաստակերտ գյուղը, որը գտնվում է գետերի միացման տեղում, որտեղից խաշնարածների ութ հարյուր վրան տարավ, որոնք Կովկասից եկել էին ամառային արոտավայր» [3]: Գետերի միացման տեղում կարծեմ Խաչենագետի վտակն է, որը աջից (հարավից) է հոսում:

131. Հյուսիս-արեւելքում, Տրտուի ջրբաժանի սկզբում, սույն գավառի եւ Ճվանշերի սահմաններին մոտիկ, կա երկու գյուղ՝ Ուլու-ղարաբեկ եւ Քյուչյուկ-ղարաբեկ, այսինքն՝ մեծ եւ փոքր: Փոքրի հարավում է գտնվում աշխարհագիրների նշած Կսապատ կամ Քասաբադ մեծ ավանը՝ հեռվից շրջապատված լեռներով, իսկ մոտիկից՝ այգիներով. այն գեղեցիկ մի վայր է, ինչպես ես կարծում եմ ոռոգվող Չղախ գետով, որը տոթակեզ ամռանը շողում է լեռների շուրջը: Ունի գեղեցկաշեն եկեղեցի՝ բարձրացած չորս սյուների վրա, կառուցված 1686 թ.: Այժմ այդ գավառում դրանից մեծ եւ բազմաբնակ բնակավայր չկա, որի հետեւանքով էլ նրա գլխավոր գյուղն է եւ, ինչպես կարծում եմ, այդ կողմի տեսուչի նստավայրը:

Սրա հարավային կողմում գտնվում են Քյուլ-յադախ եւ երկու Ճան-յադախ գյուղերը, արեւելքում Քելանին է, իսկ արեւմտյան կողմում գյուղ չի նշվում: Ըստ աշխարհագծի՝ այդ Քյուլ-յադախը Մոխրաբակ գյուղը պետք է լինի, հիշատակված Ջալալյան Սարգսի կողմից: Այնտեղ կա երկու գեղեցկաշեն եկեղեցի, որոնցից մեկը Տիրամոր անունով է, իսկ մյուսը՝ Ինը-Մասանց (՞), ինչպես նաեւ Մելիք-Ադամի մի հոյակապ ապարանքը [4]:

132. Այս հովտում եւ Ասպարիսաձեւ դաշտակում, որը իր շուրջը գտնվող լեռների շնորհիվ է այդ անունն ստացել, ինչպես վերեւում եւ այլուր ասացինք, մի քանի օրով հանգրվանեցին Մեսրոպի աշակերտները, որոնք եկել էին Մեծկունիքից: Եվ երբ հոնական ասպատակները մոտենում են, աշակերտները այնտեղ թաղում են Երուսաղեմից բերած նշխարքները եւ մեկնում, բայց չեն կարողանում ազատվել ավազակների ձեռքից, եւ նրանցից նահատակվածները որպես սրբություն ծածկված են մնում շուրջ 200 տարի, մինչեւ որ Աստծու այր Իսրայելին տեսիլք երեւաց, եւ նա իր վիճակի եպիսկոպոս Դավթի հետ գալով Մեծիրանքի կողմերի եպիսկոպոս Հովելի մոտ, որի թեմի մեջ էր մտնում Չղախը, սկսեց որոնել երազում տեսածները: Արդ՝ նրանք Մեծիկողմանքի Ըռոսաստակ գավառից Տրտուի վրայով անցնելով Չղախյան հովիտը, «դուրս գալով տեղավորվեցին նշանավոր անտառում, բարձրավանդակ տեղում, մի սարավանդակ վայրում: Այնտեղ կար փայտաշեն մի մատուռ՝ խեցիներով երեսապատված, խաչանիշ զարդաքանդակներով դրվագված, պատերը զարդափայլ գեղեցկությամբ հորինված: Արդ՝ այդ լուրը հայտնի դառնալու ժամանակ աճապարանքով հավաքվեցին պատվական մարդիկ, քորեպիսկոպոսներ, հարյուրների սարկավագներ, գլխավոր գավառապետներ եւ մեծամեծներ, գործակալներ, տղամարդկանց ու կանանց ժողովրդական բազմություններ, որպեսզի բոլորը մասնակցեն Աստծու սքանչելագործությանը: Եվ երեքօրյա պասի ժամկետը լրանալիս Աբասուն Իսրայելը բահը ձեռքն առավ, խոնարհվեց բոլորի առաջ եւ, ուղիղ նայելով նկատված տեղը, հրամայեց աներկյուղ փորել: Եվ այնտեղ մեկտեղ հավաքված բազմաթիվ մարդիկ, մասնակցելով այդ գործին, իրենց զգեստներով կրում էին հողը հեռու: Նրանք աշխատանքից հոգնելով՝ չկարողացան տենչալի ու բաղձալի գանձը գտնել: Ապա այնուհետեւ արեւելյան կողմի փայտաշեն հարկը քանդեցին, ուր դրված էր Տիրոջ մեղսաքավիչ պատարագի սեղանը: Այնտեղ հետախուզելով եւ որոնելով՝ սեղանի տակ մոտ մեկ կանգուն փորեցին: Հանկարծակի այնտեղից շատ քաղցր ու անուշ բուրմունք տարածվեց: Եվ լցվելով հաճելի առատությամբ՝ շատերի հոտոտելիքները մշտապես քաղցրացրեց: Այդ հոտը ճշգրիտ կերպով նմանվում էր խնկերի ու զանազան ծաղիկների ազնիվ բույրերին, մինչեւ որ բոլորը առհասարակ զարմացան: Եվ երբ փորեցին տասը թիզ, գտան երկու արծաթյա արկղեր, որոնց վրա դրված էր կապարե կնիք: Վերջինիս վրա հաստահեղույս մեխերով մեխված էր մի ոսկեձույլ տախտակ եւ նրա վրա գրված էր ասորերեն եւ հայերեն…:

Ապա եպիսկոպոսները Իսրայելի եւ պատվավոր քահանաների հետ միասին առանձնացնում եւ բաց էին անում սրբության տապանակների մատանու կնիքը ու այնտեղ գտնում Քրիստոսի փրկարար խաչի մի մասը: Նույն ինքը՝ արքիդիական քորեպիսկոպոսը կարդում է ոսկեձույլ տախտակի գրությունը, որը հետեւյալն էր, թե՝ «Առանձնացված մասունքները Երուսաղեմի սրբերինն են»: Իսկ Մեծիրանքի հովվապետ տեր Հովելը, երբ տեսնում է այդ աստվածային հրաշքը, իր լայնածավալ գիտությամբ նույնպես բազմաբեղուն կերպով ծաղկում էր եւ ամբողջ սրտով գոհանում Աստծուց…: Եվ որովհետեւ իր նահանգում էր գտնվում նախապես սահմանված վայրը, որտեղ ծածկված էր կենսատու լույսը, ուստի չսպասեց որպես ճամփորդ կամ հանցավոր որեւէ մեկի կողմից շնորհ ստանալու, այլ ինքը դարձավ տնօրինող ու հսկող դրանց վրա, իբրեւ իր գանձերի վրա: Եվ տապանակներից մեկը որպես պատիվ ինքն է առնում եւ տանում եպիսկոպոսանոցը: Սակայն դրանից խիստ դժգոհ էր Աստծու մարդը…, բայց մի պահ նա թույլ տվեց եւ իր հեզության համաձայն ոչ ոքի չամբաստանեց, այլ առավ մնացած տապանակները եւ Դավիթ եպիսկոպոսի հավանությամբ Տիրոջ պաշտամունքը կատարող բազմաթիվ քորեպիսկոպոսներով, քահանաներով, ամբողջ ժողովրդով տարավ իր բնակավայրը եւ սաղմոսներով, օրհնություններով, լուսվառ լապտերներով ու մոմերով Տիրոջ սրբությունը ուղի գցած իջեցրեց Գլխովանքի սուրբ եկեղեցին» [5]: Եվ ապա այդ դեպքերի մասին գրեցին կաթողիկոսին, իսկ հավելված նամակում ասվում է նաեւ կնիքով հաստատված կողովների մասին. «վրան հռոմեական փականքով կապարե կնիք, որից էլ կախված էր ոսկեձույլ մի տախտակ» [6]: Եվ դրանք կաթողիկոսին եւ Մեծն Ջվանշիրին ցույց տալուց հետո Իսրայելը իր մասը տանում է Գլխովանք, իսկ Հովելը իր մասը՝ Ս. Հակոբի վանքը:

133. Չղախից հարավ ընկած է մեկ ձորահովիտ եւս՝ Թարթառ եւ Խաչեն գետերի միջեւ. դա Գապարտն է կամ Ղաբարթուն, որի արեւելյան կողմում էլ համանուն գյուղն է, իսկ արեւմտյան կողմում՝ Գազանճլը եւ Քելանին: Խաչենագետի հովտում, վիճակի հարավարեւելյան ծայրում, գետի աջ կողմում, մի բարձրավանդակի վրա գտնվում է Բարուխ գյուղը, իսկ նրա հարավում՝ Տաշ-պաշը, դրանից ավելի վերեւ, արեւմտյան կողմում՝ Շալվան, սրա հյուսիս-արեւմուտքում, գետի ձախ կողմում՝ Ախմաք գյուղը. սրա եւ վերոհիշյալի միջեւ գետերի միացման տեղն է, եւ այնտեղ, նրա անկյուններից մեկում կարելի է հանդիպել Դաստակերտ գյուղին, որ հեղեղվեց հազար տարի առաջ: Հասան-Ջալալյանը Արցախի արձանագրությունների ժողովածուներում այդ գյուղը կոչում է Տաստակեր, որտեղի եկեղեցում էլ ընդօրինակված է մի արձանագրություն, ըստ որի այն կառուցվել է Սարգիս եպիսկոպոսի կողմից, 1281 թ. «ՉԼ թվին Աստծու կամքով, Արղունի իշխանությամբ տեր Ստեփաննոսի հայրապետության ժամանակ, Փախրատինի որդիներ Իվանի եւ Սատրատինի ամիրայության օրոք, ես՝ Տեր Սարգիսս, կառուցեցի ժամատունը, զուգեցի գավազանները, ավետարանները, Ստողոգինը, Եսային: Ովքեր աղոթում են, թող ողորմությամբ հիշեն հանուն Քրիստոսի»:

Ախմաքի հյուսիս-արեւելքից նրան մոտ է գտնվում Պալլագայա գյուղը, իսկ հյուսիս-արեւմուտքից նույնպես նրան մոտիկ՝ Տավշանլը, որը հայոց աղբյուրներում Առաջաձոր է, հիշատակարաններում՝ Առջաձոր, բայց ըստ իս ավելի ճիշտը Արջաձորն է: Խաչեն գետի ձախ կողմում, Գանձասարի ելքից չորս մղոն հեռու, ապառաժոտ ու մացառոտ ձորավայրում, հայկական 100 տներով գյուղն է, որտեղ կա քարաշեն եկեղեցի, կառուցված կամ նորոգված 1668 թ. Դավիթ քահանայի կողմից, որի օրոք գյուղի ավագն էր Յաղուբ բեկը, իսկ Ագառգալլինը՝ Պահարը: Բայց եկեղեցու դռան վրա ամրացված է 1253 թվի մի խաչվեմ. «ՉԲ թվին ես՝ Աբուսալի որդի Վաչես, խաչ կանգնեցրի պարոն Թուրքին. ովքեր կկարդան, թող հիշեն հանուն Քրիստոսի»:

Արջաձորի մերձավոր վայրերը հիշատակվում են կանոնների մեջ, 1458 թ., որոնցում հիշվում են նաեւ Մերաթի որդի Շահնշահը, Արղութի թոռը եւ Ջալալ Մեծի որդու, Մեջլիսի որդու, Ուլուբեկի Աղաբաստ տան Արաբա-հողը (ուր սպանություն էր կատարվել), իսկ սահմանները կոչվում են Առաջաձորի ջուր, Մեծ Շահառ, Դիցարած քարեր, Արապա ճոթեր, Ծով, Արխե աղբյուրի հող, Հավավի խոռ, Որդյաց խաչի խոռ, Քարոտն, Քարի ջրաղաց Խաչեն գետի վրա. այս հանգամանքներին վկա են եղել Աղվանքի Հովհաննես կաթողիկոսը, Գանձասարի առաջնորդ Եղիա եպիսկոպոսը, Ջալալի որդի Աղաբաստը (որը այդ կողմերի ազնվագույն տանուտերերից է), Աթաբեկ Ամիր Հասանը, նրա եղբայրները եւ Դուրսունի որդի Միրղալին:

Արջաձորի հյուսիս-արեւելքում բարձրանում է Չիլեթ լեռը, որը հայերը կոչում են Չափարած խաչ ՝ նրանում գտնվող մի ցանկապատ խաչվեմի պատճառով, եւ այնտեղով է անցնում ճանապարհը դեպի հյուսիս:

Գետակի աղբյուրների տեղերում գտնվում են Սալտարան, Խթրխան, Հազարգոխ (՞), Հնձախոտ կամ Հնձախութ հանգրվանները կամ ձմեռանոցներն ու ագարակները, որտեղ գտնվում էին նաեւ Գանձասարի վանքի կալվածքները, որոնց մոտ կան եկեղեցիների ավերակներ կամ լքված մատուռներ, խաչարձաններ եւ գերեզմաններ, որոնցից մեկն էլ բլրի գագաթին գտնվող Կարմիր եկեղեցի կոչվածն է, որը դեռեւս կանգուն է: Նրա մոտ կան կարմրաքար խաչվեմեր, որոնց արձանագրությունները ճշգրտված չեն: Գապարտի կոչվող աղբյուրների վայրի եւ սարահարթից հոսող Թարթառի միջեւ ընկած է Հնձախոտ բուն գյուղը, որը այլազգիների կողմից Յայճի է կոչվում:

Հնձախոտ ձմեռանոցի սկզբից, մեկ մղոն հեռավորությամբ գտնվում են Աղբերքհան ձմեռոցն ու գոմերը: Այն ռամիկները կոչում են Ըխպըրքան կամ Խըբըրքան, որտեղ գտնվում է Սկյանդար (՞) նահատակի մի ուխտատեղ-եկեղեցին, ուր զատկի օրերին տոն եւ հանդիսություններ են կատարվում: Նրա կարմրաքար սյուների ու դռան վրա եւ գերեզմաններում երեւում են արձանագրություններ, որոնք դեռեւս չեն վերծանված: Հնձախոտի հյուսիսային կողմում, մի լեռնաբլրի լանջերին կա Բեփգոմեր (ռամիկների արտահայտությամբ՝ Պեմեն-կյումեր ) կոչվածը: Լեկերի եւ պարսիկների ասպատակություններից այդ տեղերը ամայացան ԺԸ դարի երկրորդ կեսին, իսկ այժմ պատկանում են Արջաձորին: Սահմանները անտառախիտ են, որտեղ կան երկանաքարի եւ կարմիր ջրաղացքարի լքված քարահանքեր:

134. Խաչենագետի եւ նրա վտակ Քոլատակի միջեւ, երկուսից մեկ մղոնաչափ հեռավորությամբ գտնվում է Մեծիրանքի հնագույն, նշանավոր ու հայտնի Ս. Հակոբի մենաստանը, որը կոչվում է նաեւ Մեծիրանքի վանք՝ կառուցված բարձր բլուրի վրա: Գըրք-կյոլ լեռան արեւելքում անտաշ քարերով կառուցված երեք եկեղեցի կա: Նրանց առջեւի մասում գավիթն է, իսկ շուրջը՝ վանքի մութ սենյակները: Իսկ մյուս արձանագրություններից, ասում է Սարգիս Ջալալյանը, կարելի է գուշակել, որ մենաստանը կառուցվել է ՁԳ թվին, որը Տիրոջ 634 թիվն է, բայց հարկ է կարծել, որ այն ավելի վաղ է հիմնադրվել, քանի որ այնտեղ էր տեղադրված Մեծիրանքի եպիսկոպոսի աթոռը, եւ առաջին եպիսկոպոսը հիշատակվում է Տեր Աբասը, Զ դարի կեսին, որը եւ 552 թ. Աղվանից Տան կաթողիկոսություն վերակոչվեց: Այդ դարի վերջում եպիսկոպոսը Սիմեոնն էր, որին հիշում է Աբրահամ կաթողիկոսը իր թղթում [7], իսկ Է դարի կեսին՝ Հովել եպիսկոպոսը, որի ժամանակ Չղախյան հովտում տեղի ունեցավ մասունքների գյուտը, եւ կողովներից մեկը բերվեց այստեղ: Նրանից հետո հիշվում է Զաքարիան, որին ձեռնադրեց Ներսես կաթողիկոսը, Է դարի վերջում կամ Ը-ի սկզբում: ԺԳ դարի կեսին Սարգիսն ու Վարդանը առաջնորդ կարգվեցին, իսկ շատ դարեր անց հիշվում է Գրիգոր եպիսկոպոսը, որի հիշատակը գրված է Մծբինի Ս. Հակոբ եկեղեցու արծաթյա պահարանի վրա. «Նորոգվեց ՌՃԽ (1691) թվին Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով»: Քանի որ այդ սրբին է նվիրված, դրա համար էլ առանձին արձանագրություններում (օրինակ, Գանձասարի արձանագրությունը) կոչվում է Մծբինի աթոռ: Այժմյան եկեղեցին կառուցվել է Խորիշահ տիկնոջ կողմից, 1212 թ., որի որդիները՝ մեծն Ջալալ-դոլն ու Զաքարեն եւ վերին Խաչենի իշխանները, նրանց հետ նաեւ ուրիշները, վանքին նվիրել են գյուղեր եւ ագարակներ, ինչպես ցույց կտրվի այլ արձանագրություններում, որոնց մեջ վերջին թվականն է 1293-ը: Բայց կան նաեւ անթվակիր արձանագրություններ, ինչպես պայազատ իշխան Ջալալի որդի Հովհաննես կաթողիկոսի խաչարձանը: Թվում է, որ մյուս խաչվեմը նա է կանգնեցրել վանքի գավիթում եւ մակագրել՝ «Ես՝ Հովհաննես կաթողիկոսս, կանգնեցրի այս խաչը իմ հոգու փրկության համար»: Այնտեղ է գտնվում նաեւ նրա գերեզմանը՝ «Այս է Աղվանքի կաթողիկոս Տեր Հովհաննեսի գերեզմանը. ՋԺԹ», որից հայտնի է դառնում նրա վախճանվելու թվականը՝ 1470:

135. Մեծիրանքի վանքի արձանագրությունները.

Ա. «ՈԿԱ թվին Աստծու կամքով ես՝ Վախտանգի տիկին, մեծն Սարգսի դուստր, Զաքարիայի եւ Իվանեի քույր Խորիշահս, վերստին կառուցեցի Մեծիրանքի եկեղեցին՝ իմ հոգու փրկության եւ իմ զավակների բարեխոսության համար. ԱԽ (իմա՛մի քառասուն) ժամերգություն թող լինի ինձ եւ իմ ծնողների համար: Վախտանգին եւ ինձ ձեր աղոթքների մեջ հիշեցե՛ք»:

Բ. «ՉԽԲ թվին ես՝ Հեջուբի եղբորորդի Մավիս, դարձա սուրբ ուխտի միաբան, գնեցի Խաչեղիքի սուրբ նշանը եւ տվեցի վանքին: Իմ տերը եւ միաբանները խոստացան սրա դիմաց ժամերգություն կատարել»:

Գ. «Ջալալի հրամանով ես՝ Վահրամս, Հասանը, Սմբատի որդիները մեր հոր հոգու համար Ծաղատեղի հողը տվեցինք Մծբինի աթոռին: Տեր Վարդանը եւ միաբաններս Հասանի, Սմբատի, Թամարի համար ժամերգություն տվեցինք. ով հողը խլի եւ ժամերգությունը խափանի, ՅԺԸ (318) հայրապետների կողմից թող նզովվի»:

Դ. «ՈՂ թվին ես՝ Մեծիրանքի տան Սմբատի որդի Գրիգորս, Տեր Սարգսի ու Տեր Վարդանի առաջնորդությամբ սուրբ նշան ավետարանը եւ Ակեսավերը իր հողով ու իշխանությամբ տվեցի Ջալալին ու միաբաններին»:

Ե. «Աստծու կամքով ես՝ Տեր Հովհաննես կաթողիկոսս, մեծ իշխան Ջալալի որդիս, կանգնեցրի խաչը իմ հոգու փրկության համար. ովքեր երկրպագում են, թող հիշեն աղոթքների մեջ»:

Զ. «Աստծու կամքով մենք՝ Սարգսի որդիներ Ուքանս եւ Պապքանս, որդու հոգով (՞), Ջալալ-դոլի իշխանությամբ, ընծաներով միաբանվեցինք սուրբ նշանին. Տէր Վարդանը եւ միաբանները տվեցին տասը ժամերգություն. ով խափանի, թող դատապարտվի Աստծու կողմից»:

Է. «ՉԱ թվին թագավոր Ջալալ-դոլի հրամանով ես՝ Հեջուբի որդի Սմբատս, Էգատեղը տվեցի Գրիգորին. նրանք թող ժամերգություն կատարեն»:

Ը. «Ես՝ Խաչենի տեր Վախտանգի որդի Զաքարես, Կոռի երկիրը տվեցի Մեծիրանքի սուրբ նշանին, եւ սրանք Վարդավառի տոնի ժամանակ ժամերգություն տվեցին ինձ եւ իմ տիկին Արղու Խաթունի համար. ով խափանի ժամերգությունը, թող դատապարտվի Աստծու կողմից»:

Սակավ անգամ հիշատակվելու պատճառով անծանոթ են սրանց տեղերը, այն է՝ Ծաղատեղը, Ակեսավիրը, Կոռի երկիրը, թերեւս դա նույն Բոռի Հանդ կոչվածն է, Քոլատակի արձանագրությունում նշվածը:

136. Հյուսիս-արեւելքի վանքերից կես մղոնից մի փոքր ավելի հեռու է գտնվում Տամկալե կամ Տամողլի գյուղը, իսկ հարավի վանքերից մեկ մղոն հեռու՝ Քոլատակ գյուղը: Այս կամ սրան մերձավոր անունով բնակավայրեր շատ տեղերում ու կողմերում են նշվում, որոնք աշխարհագրագետները գրում են Քյուլադաք կամ Քյուլադակս ձեւերով: Ինձ թվում է, որ նշված են տեղի հանգամանքները, այսպես՝ ագարակի, գերեզմանոցի եւ այլնի տեղերը. օրինակի համար Դադիվանքի արձանագրության մեջ՝ «Դադի վանքը իր Քոլատակով»: Այնտեղ կան գերեզմաններ, մահարձաններ, եւ մի խաչարձանի վրա գրված է 1243՝ «Ի ՈՂԲ թվին Աստծու, Խաչենի տերերի, Ջալալի եւ իր որդի Աթաբեգի ողորմությամբ ինձ՝ Հուսարեցի վարդապետ տեր Վարդանիս, իշխանները տվեցին հողը, իսկ ես գնեցի Բոռի հանդը, Շեղջատափը, երկրի տնատեղը եւ Գանձասարի վանքին նվեր տվեցի իմ հոգու համար: Սրանք Վարդանանց տոնի ժամանակ տարին երկու ժամերգություն տվեցին: Ով հայրենիքը զրկի սուրբ ուխտից, թող նզովվի ՅԺԸ (318) հայրապետների կողմից եւ իմ մեղքերին պարտական լինի»:

Գերեզմանոցում, մի մահարձանի վրա հականե-հանվանե հիշատակվում են Ջալալյան երկու պայազատներ, այսպես՝ «Այս է Մեհրաբ Աղայի տապանը». եւ նրա մոտ՝ «Ես՝ Մեսրոպ Բեգի որդի Ջալալ Բեգս, կանգնեցրի իմ հոգու տապանը (հիշատակը). աղոթքների մեջ հիշեցե՛ք մեզ»:

137. Ս. Հակոբի վանքի դիմաց եւ նրան մոտիկ (կարծեմ հյուսիսային կողմից) մի բարձրակատար եւ անմատույց ժայռի վրա գտնվում է Հավախաղաց կամ Հավքախաղաց բերդը, որն անունն ստացել է իր դիրքի պատճառով: Այն այլազգիները մինչեւ օրս կոչում են Սաղսաղան-քալեսի, այսինքն՝ կաչաղակի անունով: Թվում է, ով բերդը հնում էլ այդպես է կոչվել եւ թերեւս այդ անունից ու տեղից էլ ստացել իր Կաչեղյաց խաչ անունը, որը հիշատակվում է Մեծիրանքի արձանագրություններում: Սույն բերդը կառուցել է Սահլյան Ատրներսեհի որդի Գրիգորը, Թ դարի երկրորդ կեսին, որին ԺԲ դարում տիրում էին Վախտանգյանները: Իսկ թաթարների հարձակման ժամանակ, 1236–38 թթ., եղել է Ջալալի իշխանության տակ: Այն այլ բերդերի հետ միասին ամուր պաշտպանված էր, քանի որ փախստականներից «շատերը ամրացել էին այն ապահով վայրերում, որոնք տեղի դժվարության պատճառով Հավախաղաց էին կոչվում, եւ մարդիկ ապահով կերպով ապաստանում էին այդ ամրոցներում: Բայց քանզի Տերը երես թեքեց մարդկանցից, թշնամիները հանկարծակի խուժեցին ամրոցները եւ մարդկանց մի մասին սրի քաշեցին, իսկ մի մասին էլ գահավեժ արեցին: Ընկածների շատությունից գետինը ծածկվում է, եւ արյունն, առու կազմելով, հոսում է իբրեւ ջուր: Ոչ ոքի չխնայեցին, եւ երկար ժամանակ նրանց ոսկորները երեւում էին իբրեւ քարակույտեր»: Ցարդ երեւում են ամրոցի, հին բնակարանների մնացորդները եւ լճաձեւ մի մեծ ջրավազան:

138. Սրանց հյուսիսային կողմում, Խաչեն գետի ձախ կողմում, կան նշանավոր այլ բնակավայրեր, ինչպես՝ Տամկալեի հյուսիսում, Արջաձորից մեկ մղոն դեպի արեւմուտք գտնվում է Պազարքենդ գյուղը, որը հայերն անվանում են Վաճառ գյուղ, իսկ տեր Հասան Ջալալյանը արձանագրություններում վերնագրել է Ծմակահող: Այդ արձանագրությունները մեզ տեղեկություններ են տալիս մեծն Հասան-Ջալալդոլի իշխանության օրերի մասին՝ ծանուցելով այնտեղ գտնվող սուրբ Ստեփաննոսի մասունքների եւ 1229 թ. նրա կառուցած եկեղեցու մասին: Այնտեղ կարդում ենք. «Աստծու շնորհիվ ես՝ Վախտանգի եւ Խորիշահի որդի, Խաչենի տեր Հասանս, կառուցեցի այս սուրբ եկեղեցին, երբ սուրբ Ստեփաննոսի մասունքները հայտնվեցին այս տեղում ՈՀԸ (1229) թ.: Զատկին ժամերգություն սահմանեցի ինձ եւ իմ հոր համար»: Մասունքները թերեւս Է դարում Ցղերկքից բերածները լինեն, որոնք մենք վերագրեցինք Վայկունիքին, որովհետեւ այդ տեղը Վայկունիք գետից 4 կամ 5 փարսախ հեռու է գտնվում. այն Տուդիսն է:

Կարճ ժամանակ անց, այն է՝ 1251 թ. Ջալալի տիկին Մամքանը կառուցել է մի այլ փոքր եկեղեցի, որի արձանագրությունն է. «Ես՝ Ջալալ-դոլի տիկին, Սյունյաց Բաղուց թագավորի թոռ Մամքան թագուհիս, կառուցեցի եկեղեցիները եւ իմ Այլընծա հողը ընծա տվեցի իմ հոգու համար. սպասավորները թող ինձ համար երկու պատարագ կատարեն, իսկ ծննդյան ութ օրերը՝ իմ ծնողների համար մինչեւ իմ մեռնելը: Ով իմ տվածը խլի կամ ժամերգությունը խափանի, թող դատապարտվի Աստծու եւ սրբերի կողմից. Չ թվին»:

Եկեղեցու գավիթում կանգնեցված են խաչվեմեր, որոնցից Սպիտակ կոչված մեծ խաչի վրա 1507 թ. Վելիճանը արձանագրել է. «ՋԾԶ թվին Աստծու կամքով ես՝ մեծն Աղբաստի թոռ, պարոն Սայտունի որդի Պելիճանս, կանգնեցրի այս խաչը»: Մի այլ փոքր խաչի վրա գրված է. «Աստծու կամքով ես՝ Գրիգոր կաթողիկոսս, կանգնեցրի այս սուրբ խաչը իմ հոգու փրկության համար. անվանակոչման օրը կանգնեցրի սուրբ խաչը պարոն Մեյրաբի փրկության համար, Հայոց ՌԺԲ թվին»:

139. Վաճառից երկու մղոն դեպի արեւմուտք. մոտավորապես գետի մեջտեղում նշվում են Սյումաքալ վանքն ու գյուղը: Եթե ճշմարիտ լինի գրածը, ապա Գանձասարին մոտիկ ու կից քարաժայռ ու անառիկ բլրի գագաթին պահպանվել են Խոյախան կամ Խավախան բերդի ավերակները: Մեր նախնիները այն գրում են նաեւ Խավխան եւ Խոխանաբերդ ձեւերով, որոնք վերցված են պարսկերենից, ինչպես գրում է Կիրակոս Գանձակեցին [8]: Ինձ թվում է, որ այն ծագում է Խեհան բառից, որ նշանակում է փափագող, որպես թե տենչալի: Սա անշուշտ Խաչենի բերդն է, անվանի տոհմի բնիկ նստավայրը, որովհետեւ գրքերում, արձանագրություններում, իշխանների հիշատակարաններում այն նշվում է Խոյախան կամ Խաչենի բերդ ձեւերով, միայն թե բոլոր տեղերում ոչ միատեսակ: Ուրեմն հայտնի է, որ այն երկրամասի անունով Խաչենի բերդ է կոչվում կամ էլ Խավխան հատուկ անվամբ: Եվ քանի որ պարսկերեն այդպես էր անվանվում, ուրեմն այստեղից էլ կարելի է ենթադրել բերդի հնության մասին: Բացի դրանից, այն այդպես էր անվանվում նաեւ Միհրական տոհմի կողմից: Իսկ իշխանության սկզբնավորումը պետք է ընդունել Առանից:

Պատմիչների կողմից Խաչենի բերդը առաջին անգամ հիշատակվում է Թ դարից, երբ՝ Դադոյի վանքի Խորաձորում իր ազգականների կողմից սպանվեց Ստեփանոս Միհրականը. «սպանվածի կինը այդ աղետներից զինվում է առնական քաջությամբ, վերցնում է իր ողջ մնացած դուստր Ապրսամին եւ գիշերային տաժանելի ուղեւորությամբ (դժվարին լեռներով գնալով) մտնում է Խաչենի բերդը: Իր տան մասին բարիք խորհելով՝ Ապրսամին ամուսնացնում է Սահլի որդի Ատրներսեհի հետ…: Այս Ատրներսեհը շինում է Հանդու բերդը» [9]: Դրանից հետո այդ արձանագրության մեջ, Դադի վանքում կարդում ենք. «Հաթերքի, Հանդաբերդի, Խաչենաբերդի եւ Հավախաղացի տեղը»: Իսկ Խավախանդ անունը հիշվում է մի փոքր ավելի առաջ, նույն Հասանի ժամանակ, ԺԲ դարի կեսին: Նրա տերը կոչվում էր Վասակի որդի Գրիգոր, որը համարվում է Հասանի հորեղբորորդին: Սա գնաց Ճառաբերդի տեր իր փեսա Տողանի մոտ, «որպեսզի նրա միջոցով վրեժ լուծի Դեսրումի որդի Հասանից՝ իր եղբայր Սմբատի համար, որին սպանել էր նա պատերազմի պատճառով: Նրանք միմյանց նկատմամբ ունեին անմիտ թշնամանք եւ այդ պատճառով իրենց դուստրերին կնության էին տալիս այլազգիներին: Եվ այդ պատճառով էլ Գրիգորը համարձակվեց գալ իր փեսա Տողանի մոտ» [10], եւ նրա հետ կռվելով մի թուրքմենի դեմ, Դիվախոռ լեռան մոտ, պարտվեցին: «Տողանն սպանվեց, սպանեցին նաեւ Գրիգորին, իսկ նրա հետ էլ այլ ազատների: Եվ չնայած նրանց թաղեցին այնտեղ, քրիստոնյաների գավառում, բայց մի տարի անց վերցրին, բերին Գանձասար կոչված վանքը, որը նրա նախնիների տապանատունն էր, եւ նրան այնտեղ թաղեցին» [11]:

Գոշ վարդապետի այս խոսքերը մեզ հնարավորություն են տալիս ըմբռնելու Խաչենցիների տոհմի՝ երկու մասի բաժանվելու պատճառները:

ԺԳ դարի կեսին այս բերդում էր նստում բազմիցս հիշատակված Ջալալ Հասանը, որը Դեսրումյան ցեղից էր. «այս իմաստուն մարդը, երբ տեսավ անօրենների հարձակումը, իր աշխարհի բնակիչներին ամրացրեց այն բերդում, որ կոչվում է Խոխանաբերդ՝ ըստ պարսից լեզվի: Երբ եկան նրան պաշարելու, տեսան, որ հնարավորություն չկա գրավելու բերդը. սիրով եւ խաղաղությամբ նրան կանչում են իրենց մոտ. նա իմաստուն կերպով ընդունում է նրանց առաջարկը եւ շատ նվերներով գնում նրանց մոտ, նրան մեծ պատվի են արժանացնում ու իր աշխարհը տալիս իրեն» [12]: Եվ տասը (կամ ավելի կամ պակաս) տարի անց անգութ Բուղա Ղանը, գրգռվելով անզգամների կողմից, թաթարների դռանը բռնեց իշխանին, քանդեց Խոյախանը, նրա հետ նաեւ « Դեդը, Ծիրանաքարը եւ այլ ամրոցներ ու դրանք այնպես հավասարեցրեց գետնին, որ մինչեւ անգամ հետք չի երեւում, թե երբեւիցե բնակավայր է եղել» [13]: Սակայն մինչեւ օրս երեւում են ավերակները, թերեւս բերդերը դրանից ավելի չէին, քան կարելի է գուշակել պատմիչի խոսքերից: Նրանից ներքեւ գտնվում է երբեւէ բազմաբնակ ավանի ավերակ, որտեղ գտնվում էին նաեւ Ջալալի ապարանքը եւ Դարպասներ կոչված եկեղեցին, որոնք մինչեւ օրս երեւում են: Դրանից ոչ հեռու, Խաչեն գետի աջ կողմում, գտնվում է Թարխանի բերդը: Այսպիսով, վերոգրյալ երկու բերդերից մեկն էլ Ծիրանաքարն է, հենց նույն Շիկաքարը, որը գրավվել էր պարտավցիների կողմից ավելի վաղ ժամանակներում:

140. Ամբողջ Հայոց Աղվանքում ու Առանում վերոհիշյալ բերդերից ու գյուղից մեկ մղոն դեպի արեւմուտք, Խաչենի գետափին, գտնվում է հռչակավոր ու նշանավոր Գանձասար գյուղը, որն ընկած է Գանձասար լեռան հարավային լանջին, որի անունով էլ կոչվում են գյուղն ու վանքը: Այն Աղվանից տան հետագա դարերի կաթողիկոսարանն էր: Հայտնի չէ այդ հռչակավոր վանքի կառուցման ժամանակը, որը աշխարհացույցում եւս Աղվանքում է նշված: Բայց այն ավելի շուտ է եղել, քան Ջալալ-դոլի ժամանակը: Վերջինս ոմանց կարծիքով նրա կառուցողն է համարվում, քանզի հիշատակվում է Գոշի կողմից, ինչպես որ վերեւում նշվեց՝ [14] ԺԲ դարի կեսին: Եվս երկու դար առաջ, Ժ դարի կեսին, այն հիշվում է Սյունյաց պատմիչի կողմից Անանիա կաթողիկոսի Գանձասարի եկեղեցի գալու առթիվ [15]: Եվ որովհետեւ այն Ջալալի նախնիների գերեզմանատունն էր, եւ նրա հայրը կտակով պատվիրել էր նրան՝ եկեղեցի շինել գերեզմանի վրա, եւ ինքը Ջալալ-դոլը, կամեցավ փայծառացնել վանքը, այդ տեղը նորոգեց եւ մի հոյակապ եկեղեցի շինեց 1226–1238 թթ., որպես եւ ինքը արձանագրում է ճոխ ու գեղեցիկ խոսքերով, որը ցույց կտրվի արձանագրության մեջ:

Եկեղեցու շինարարությունը սիրով հիշում է նաեւ ժամանակակից պատմիչ Կիրակոսը. «Շինեց գեղեցկազարդ կառուցվածքով մի եկեղեցի, Աստծու փառքի գմբեթարդ ու երկնանման մի տաճար… Գանձասար վանքում, Խոխանի բերդի դիմաց, իրենց շիրիմի տեղում: Շատ տարիներ աշխատեցին նրա վրա, եւ երբ շինարարությունն ավարտվեց, մեծահանդես նավակատիկ (տոն) կատարեց եկեղեցին կառուցելու համար: Այնտեղ էր Աղվանքի կաթողիկոս Տեր Ներսեսը բազում եպիսկոպոսների հետ, ինչպես նաեւ Վանական վարդապետը շատ վարդապետների հետ միասին: Այնտեղ էին նաեւ Խաչենի սուրբ վարդապետներ, միմյանց հարազատ Գրիգորիսը եւ Տեր Եղիան… բազում քահանաների հետ: Եվ ասում էին, թե քահանաների թիվը ԷԾ (700) էր: Նա երբ կնքվեց օծմամբ, մեծ ճաշկերույթ կազմակերպեց, եւ ինքն իր իսկ ձեռքերով պատիվ էր տալիս բազմածներին: Եվ յուրաքանչյուրին, ըստ իր պատվի, առատ նվերներ տալով՝ արձակում էր: Այս դեպքը տեղի է ունեցել Հայոց ՈՁԹ թվին, Վարդավառի մեծ տոնի օրը: Նրա տիկին Մամքանը եկեղեցու դռանը շինեց մի հրաշալի գավիթ, իսկ ինքը ամբողջ կյանքում ապրելով առաքինաբար, ամեն օր ճգնում էր պաս պահելով ու աղոթքներով եւ ընթերցանությամբ գիշեր ու ցերեկ մտածում էր կատարել Տիրոջ պատվիրանները՝ ըստ Սուրբ Գրքի» [16]: Այս տաճարը… երկարությամբ ու լայնությամբ եւ գավիթը նորոգվել են ԺԷ դարի կեսին, կանգուն ու լուսավոր են՝ ըստ նկարագրված քանդակների ու պատկերների զարդարանքի: Բեմի ճակատին արձանագրված է հետեւյալ կարճ խոսքը. «Ովքեր կերկրպագեն աստվածազարդ այս սուրբ սեղանին, աղաչում եմ՝ Վախտանգի որդի Հասանին հիշեցե՛ք ձեր սուրբ աղոթքներում»: Եկեղեցու մյուս արձանագիրը թերեւս ակնարկում է Մամքանի այն շինարարության մասին, որ կատարվել է հարավային կողմում, 1256 թվին:

141. Սրանցից զատ, հարկ է ենթադրել, որ ուրիշ եկեղեցի էլ եղած լինի, որի դեպքերը պատմվում են Ս. Կարապետի գլխի բերման հիշատակարանում: Գլուխը Կոստանդնուպոլսում երբ կամեցան ֆրանկներից հափշտակել, այն ստացող իշխանը «առնելով փախցրեց հյուսիսի կողմը, Վրաստան, որն այնտեղ ընկավ Արցախի տեր Ջալալ-դոլի եղբոր ձեռքը: Յոթ հարյուր թվին Ջալալ-դոլը գնաց եղբոր մոտ եւ խնդրեց սուրբ գլուխը, բայց նա չհամաձայնեց հոժարությամբ տալ: Իսկ սա բռնի կերպով հափշտակեց եղբորից, բերեց Գանձակի կողմերը, Արցախի գավառը եւ ամփոփելով իր հայրենի գերեզմանատան շիրիմում՝ վրան շինեց զարմանաշեն ու հրաշալի կաթողիկե եկեղեցի՝ ի փառս Քրիստոս Աստծու ու սուրբ Հովհաննես Մկրտչի: Նավակատիկի անվանակոչության օրը բարձր ձայնով կանչեց՝ Գանձասարի Սուրբ Հովհաննես: Բացի դրանից, այնտեղ են զետեղված Լուսավորչի օրենսուսույց սուրբ ծնոտը, նրա թոռ սուրբ Գրիգորիսի աջը, Հովհաննեսի հոր՝ սուրբ Զաքարիայի արյունը, մեծ մարտիրոս սուրբ Պանդալյոնի եւ շատ այլ սրբերի մասունքները, որոնց միջոցով շատերը բուժվում են ի փառս մեր Քրիստոս Աստծու [17] »:

Մեծ եկեղեցու կառուցումից տասներկու տարի անց Ջալալը մարտիրոսաբար տանջամահ եղավ Գաղու քաղաքում անգութ Արղուն Ղանի կողմից: Նրա մարմինը գցվեց մի ցամաք ջրհորի մեջ: Այն պատվեց լույսով, հետո գողացվեց իր որդի Աթաբեգի ջանքերով եւ բերվեց ու թաղվեց այստեղ, «Գանձասար վանքում, իր հայրենի գերեզմանոցում» [18]: Եվ շիրիմի վրա արձանագրված է. «Մեծ իշխան Ջալալը, կատարելով ծնողի կտակը, հիմնադրեց այս հոյակապ ու քարաշեն եկեղեցին Հայոց թվականության ՈԿԵ թվին եւ գոտեւորելով զանազան շինություններով՝ ավարտեց ՈՁԷ թվին՝ իր՝ Ջալալ-դոլի ու իր տիկին Մամքանի հոժար կամքով»:

142. Հայրենի իշխանության բարեպաշտ ժառանգ Աթաբեգը օժանդակեց վանքի զարգացմանը. նրա հրամանով իր հորեղբորորդի ու առաջնորդ Հովհաննեսը 1271 թ. ավելացրեց կալվածքները: Նրա քույր, պարոն Ումեկի տիկին Մամախաթունը 1280 թ. ուխտի եկավ այստեղ: Դրանից ավելի առաջ, 1268 թ., Ումեկի հայր Ճարը եւ մայր Մամախաթունը վանքի միաբաններ էին դարձել: Ամարասի եպիսկոպոս Տեր Ներսեսը միաբան էր գրվել 1282 թ., Սասնա Հանդաբերդցին՝ 1271 թ. եւ ուրիշներ: Նմանապես նաեւ նրա պայազատներն ու Աղվանքի կաթողիկոսները վանքը բարենորոգեցին ու պահեցին մինչեւ ԺԶ դարի կեսը: Դրանից հետո այդ տեղը մեկ դար դառնում է անշուք մի վայր, եւ այդ պատճառով էլ ընդհատվում են արձանագրությունները: Այդ դարից հետո, 1657 թ. Թալիշի մելիք Հովսեփի որդի Աբովը նորոգել է Գանձասարի երկու եկեղեցիների տանիքը եւ քանդված պատերը: Եվ այդ տեղը մպատվի արժանացավ՝ այնտեղ վերոհիշյալ սրբերի մասունքները զետեղելու շնորհիվ: Եվստաթեոսի աշակերտը Ս. Թադեոսի եւ Ս. Լուսավորչի մասունքները բերել էր Հունաստանից: Լուսավորչի թոռ Գրիգորիսը մի մասը տարել էր եւ պահել Ճիղբք աշխարհի Ցռի քաղաքում: Նրա նահատակությունից հետո մասունքները պահվեցին Հակա գյուղում: Դրանք հայտնաբերվելով Վաչագանի օրերում՝ բերվեցին Ամարաս, միացվեցին մյուս մասին. այդ տեղափոխության մասին վկայում է պատմիչը [19]:

143. Այդ տեղի համբավը է՛լ ավելի բարձրացավ Աղվանքի կաթողիկոսների նստավայր լինելու շնորհիվ: Աթոռը այդտեղ տեղափոխվեց Պարտավից, ինչպես կարծում եմ վանքը Բեկլար Մելիքի կողմից նորոգվելուց հետո: Եվ միաբանության առաջնորդությունն անցավ կաթողիկոսների ձեռքը:

Առաջին վանահայրերից հիշվում են՝

Վարդանը՝ ԺԳ դարի կեսին.

Հովհաննեսը՝ Իվանեի որդին, 1271 եւ 1311.

Եղիան՝ 1443–1467.

Ներսեսը՝ 1469–14. 5.

ԺԵ դարի սկզբում Գանձասարի վանքում հիշատակվում է Մատթեոս վարդապետ Ուխտեցին՝ Գրիգոր Տաթեւացու աշակերտը: Իսկ Աղվանքի վերջին կաթողիկոսներից եւ վանքի առաջնորդներից շատերը Ջալալի սերնդից են: Դրանք են՝

Սարգիսը՝ 1556-ին.

Գրիգորը, որը հետո ուրացող դարձավ:

Դավիթ Արջաձորեցին, որին խեղդեցին խաչենցիները՝ կախելով եկեղեցու զանգակատնից:

Փիլիպպոսը.

Հովհաննես Ը-ն.

Գրիգոր Դ-ն՝ 1634.

Պետրոսը՝ 1653.

Սիմեոնը՝ 1675.

Երեմիան՝ 1676.

Եսային՝ 1702, որը գրի առավ ժամանակի դեպքերը:

Ներսես Ե-ն, 1706 թ., որը Եսայու հակառակորդն էր:

Իսրայելը եւ Հովհաննեսը՝ 1763.

Սիմեոն Է-ն՝ 1794.

Սարգիս Բ-ն՝ աթոռի հակառակորդը, 1794, որի ժամանակ, 1815 թ., վերացվեց Աղվանքի կաթողիկոսության անունը եւ տվեց մետրոպոլիտի աստիճան: 1838 թ. նրան հաջորդեց Բաղդասար Հասան-Ջալալյանը, որը արքեպիսկոպոսական աթոռը տեղափոխեց Շուշի:

Այժմ Գանձասարում, բացի վերոհիշյալներից, կան նաեւ վանականների անշուք սենյակներ եւ իշխանների ու վերջին ժամանակների մի քանի կաթողիկոսների գերեզմաններ:

144. Գանձասարի արձանագրությունները [20]:

145. Այսքան մեծ եւ բարգավաճ կաթողիկոսական աթոռի եւ արքայաշուք իշխանության վիճակը (գավառը) պետք է, որ լավ բնակված լիներ եւ շատ բնակավայրեր ունենար: Արձանագրություններում հիշվում են 30-ի չափ բնակավայրեր՝ գյուղեր, ագարակներ, որոնց մեջ գլխավորներն ու հնագույնները ԺԳ դարում հիշատակվածներն են՝ Մառ, Մակեղ, Հարկանդուս, Նորշինական, Արծաթենիս, Ճռանց, Վարդանաթաղ: Վերջինս, ըստ երեւույթին, այդպես է անվանվել Վարդանի կողմից: Վարդանաթաղում են գտնվում Ուղտանոսի կտուրը, Տնկի երկիրը, Բոլոր քողը եւ Սեղընկնի այգին, որոնք ագարակներ են համարվում: Իսկ ԺԴ–ԺԶ դարերում հիշվում են Կակաչանց, Փդուռանց եւ Ծաղկավանց բաժինները, Ալմանատաին, Բեմի հողը, Կուճի հողը, Մսերսի կամ Մսեշի հողը, Տանձաչորը, Կասրան, Մինակտանը (՞), Առատունքը, Կուռալանը, Ալմանան, Ադախը, Բազմատուքը, որտեղ գտնվում են Ծովերի հողը, Ծակ-խաչը, ուր մինչեւ օրս գոյություն ունի մի խաչվեմ հետեւյալ արձանագրությամբ. «ՈՀԸ (1229) թվին ես՝ Սմբատս, կանգնեցրի այս խաչը հանուն իմ հայր Վասակի. ովքեր կերկրպագեն, թող աղոթքներում հիշեն հանուն Տիրոջ, իմ ցավակից եղբայրներ»: Իսկ մյուսներից ոչ մեկը չի հիշատակված գործերում, քարտեզներում կամ գրքերում: Թվում է, որ Ադախը Ատախտ տեղն է, ուր Խաչենի իշխան Գրիգորը Ժ դարի վերջին հավաքեց իշխաններին ու եպիսկոպոսներին, եւ Անանիա կաթողիկոսը դատեց Աղվանքի կաթողիկոսների հակառակորդներ Գագիկին ու Հունանին՝ երկուսին էլ կարգազրկելով:

146. Գանձասարի հակառակ կողմում, դեպի հյուսիս-արեւմուտք, բարձրանում է համանուն լեռը, որտեղից սկիզբ է առնում Խաչեն գետի ջրերի ակունքների մի մասը: Այդ անունը ստուգաբանում են այսպես՝ Գանձա-սար՝ արծաթի գանձաշահ հանքերի շնորհիվ, որոնք երբեւէ արդյունահանվում էին այնտեղից: Բայց այդ տեսակետից էլ քննություն չի կատարված, բացառությամբ արծաթահանքերի տեղի, որը բնակիչները ցույց են տվել Սարգիս Ջալալյանին [21]: Ըստ երեւույթին հանքի կողմերում էր գտնվում Արծաթենիս գյուղը, որը հիշատակված է մեծն Ջալալ-դոլի արձանագրություններում եւ վանքի պարգեւագրերում: Սպասելի է, որ այնտեղ կարող են լինել եւ այլ մետաղահանքեր, որովհետեւ Գանձասարը հիշվում է Ժ դարից, հետեւաբար շատ վաղուց հանքը հայտնի էր: Եվ այն Խոչքարի գավառի հանքերի հետ միասին Արցախի եւ Աղվանքի հարստության աղբյուրն էր կազմում:

Լեռան ամրության պատճառով ապահովված է ներքեւում գտնվող վանքի պաշտպանությունը թշնամիների հարձակումներից: Այսպես, օրինակ, 1722 թ., երբ լեկերը ասպատակեցին Խաչենը, բանասեր Եսայի կաթողիկոսը, նահանջելով լեռան գագաթը, անվտանգ վայրից տեսնում էր ողբալի կողոպուտը, ինչպես որ ինքն ասում է. «Եկան, հասան Խաչենի երկիրը անվախ ու համարձակ կերպով… եւ ինչ որ կամեցան, այն կատարեցին, որ ի վիճակի չեմ նկարագրելու: Քանզի մեկ օրում անցնելով Կարկառ գետից մինչեւ Տրտու գետն ու Չարաբերդ երկիրը՝ ամբողջովին ասպատակ սփռեցին լեռներում, դաշտերում: Նախ՝ հրի մատնեցին գյուղերի փայտաշեն տներն ու բնակարանները, եւ ապա՝ հարձակվեցին գերիների վրա, իջեցրին լեռների գագաթներից, հանեցին լեռների ծերպերից եւ ներքեւի ծառախիտ ու մացառոտ անտառներից: Եվ հավաքելով նրանց ունեցվածքը՝ նրանց միացրին նաեւ ոչխարների, արջառների ու ամեն տեսակի չորքոտանի անասունների հոտերն ու նախիրները եւ իրար խառնած գետի ափով քշեցին ներքեւ: Գերիներին եւ անասուններին իրար էին խառնել այնպես, ինչպես հորդ հեղեղ: Եվ նրանք գնում էին ինչպես մի մեծ բանակ, որը մենք մեր աչքերով տեսանք, քանի որ փախել եւ հասել էինք լեռան կատարը, որը Գանձասարի սուրբ աթոռի վերեւում է: Թշնամիները մեզ չհասան: Եվ լանջերից դիտելով մենք տեսնում էինք կատարվող դեպքերը: Սա եղավ ՌՃՀԱ (1722) թվի ապրիլ ամսի Ի (20)-ին, Զատկի երկրորդ կիրակի օրը: Այնտեղից տեսանելի էին նաեւ ետ մնացողների ողբը, կոտորվողների սուգը, գերիների վայնասունը, մայրերի կսկիծը, գերված զավակների լաց ու կոծը, որբացածների ողբալը, ունեցվածքի կողոպուտը: Լացողների ձայնին իրենց վայնասունն էին խառնում նաեւ մեջքակոտոր տղամարդիկ: Եվ բնակություն հաստատելով կարծր քարաժայռերում ու լեռներում՝ նրանք միասին սուգ էին անում: Իսկ թշնամու զորքը, տանելով ավարն ու գերիներին, խառնում է իր բանակին, չվում Տկռնակերտ եւ տեղավորում Տրդու գետի (որին այժմ պարսկերեն լեզվով Թարթառ ենք կոչում) մի կամրջի վրա, որին Ղարի-քոփրի են ասում: Բայց այնտեղ չմնացին եւ չկարողացան Չարաբերդի ու Պարտայի երկրին այնքան վնաս պատճառել, ինչքան մեզ, քանի որ նրանք, նախապես իմանալով, ամրացել էին իրենց լեռների ամրոցներում: Մանավանդ, որ երիտասարդներից ոմանք էլ դիմադրում էին թշնումուն, որոնցից շատերին կոտորեցին: Դրա համար նրանք ավարն ու գերիներին շտապ կերպով անցկացրին Կուր մեծ գետից դեպի իրենց կողմը» [22]:



[1] Կղնկտ., էջ 208:

[2] Անդ, էջ 326:

[3] Անդ, էջ 333:

[4] Հմմտ. Ջալալյանց Սարգիս, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, հ. Ա, Տփխիս, 1842, էջ 180:

[5] Կղնկտ., էջ 205–208:

[6] Անդ, էջ 210:

[7] Կղնկտ., էջ 276–279:

[8] Հմմտ. Կիր. Գանձակեցի, էջ 269:

[9] Կղնկտ., էջ 340:

[10] Մխիթար Գոշից կատարած մեջբերումը հմմտ. Կղնկտ., էջ 354:

[11] Կղնկտ., էջ 354–355:

[12] Կիր. Գանձակեցի, էջ 269:

[13] Անդ, էջ 313:

[14] Կղնկտ., էջ 354–355:

[15] Հմմտ. Ստ. Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, հ. Բ, Փարիզ, 1859, էջ 22:

[16] Կիր. Գանձակեցի, էջ 269–270:

[17] Կղնկտ., էջ 349–350:

[18] Մխիթար Գոշ, հմմտ. Կղնկտ., էջ 355:

[19] Հմմտ. Կղնկտ., էջ 56–57:

[20] Նկատի ունենալով, որ այդ արձանագրությունները ավելի կատարյալ կերպով հրատարակել է Բ. Ուլուբաբյանը (Երեւան, 1981, էջ 76–166) եւ համեմատելով Ալիշանի ձեռագրի հետ՝ դրանք մենք զանց ենք առնում (ծան. «Բազմավեպի» խմբագրության):

[21] Հմմտ. Ջալալյանց, անդ, հ. Ա, էջ 181–182:

[22] Հասան Ջալալյանց Եսայի կթղ., Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի, Երուսաղէմ, 1868, էջ 37–39: