Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
*
       Ա.
       Հազար եօթ հարիւր ութսուն եօթ թուականի Մարտի 9- ին իրար յետեւից հրատարակուում են Եկատարինէ Բ. կայսրուհու մի ռեսկրիպտը եւ մի «Ուկազը»։ Առաջինը, որ տրուած է Ռուսաց զօրքի այդ ժամանակուայ ընդհանուր հրամանատար Ժեներալ-Ֆելդմառշալ Պեօտր Ալէքսանդրովիչ կամս Ռումեանցովի անունով, պարունակում է իւր մէջ հետեւեալը. «Ղրիմի վերաբերութեամբ մեզ արած ձեր վերջին զեկուցումից մենք հաւաստիացանք, որ դուք հրամանագրել էք Ժեներալ- պորուչիկ իշխան Պրոզորովսկուն համոզելու այնտեղ ապրող Յոյներին եւ միւս քրիստոնեաներին գաղթել Ռուսաստան։ Մենք այդ կէտի վերայ առանձնապէս ուշադրութիւն դարձնելով, կարեւոր ենք համարում շեշտել այն միջոցների վերայ, որ նա պէտք է գործ դնէ, որպէս զի կարողանայ համոզել նոցա, որ նոքա յօժարակամ տեղափոխուեն Նովոռուսսիոյ եւ Ազովի նահանգները, որտեղ նոքա կ՚գտնեն մեր հովանաւորութեան տակ անդորր կեանք եւ կարելին բարօրութիւն։ Նամանաւանդ անհրաժեշտ է յորդորել այնտեղի մետրոպոլիտին, խոստանալով նորան զանազան արտօնութիւններ, իսկ խանին պէտք է հասկացնել, թէ այդ բոլորը կատարւում է քրիստոնեաներին թաթարների, գուցէ, եւ տաճիկների երեսից, եթէ այդ վերջինները մտնելու լինին Ղրիմ, նոցա գլխին գալիք վտանգից ազատելու համար։ Ուստի եւ չ՚զլանաք յանձնարարել Ժեներալ Պրոզորովսկուն, որ նա եւ մեր բոլոր զօրագլուխները նոցա դիմող բոլոր քրիստոնաներին ընդունեն ամենայն սիրով եւ ձեռքից եկած ամեն միջոցներով օգնեն եւ ճանապարհ դնեն դէպի վերոյիշեալ նահանգները, եւ հենց որ մէկը նոցանից դիտաւորութիւն յայտնէ այս կամ այն նահանգը տեղափոխուելու, իսկոյն եւ եթ առանց յապաղելու յանձնարարեն նորա այդ նահանգների նահանգապետներին։ Իսկ ինչ որ վերաբերում է ճանապարհի պաշարին, - տալ նոցա ամեն բան մթերանոց եղած տեղերում այդ մթերանոցներից, չեղած տեղերում - գնելով։ Նոցա մեր սահմաններում տեղաւորելու եւ առաջին նուագ հարկաւոր բաները նոցա մատակարարելու համար էլ մենք ուղարկեցինք այդ նահանգների ժեներալ նահանգապետ Պատեմօմկինին առանձին հրամանագիր։
       Ուկազն էլ, որ տրուած է Պատեօմկինի անունով եւ որի մասին խօսք է լինում ռեսկրիպտի մէջ, պարունակում է իւր մէջ հետեւեալը. «Մենք ժեներալ- ֆելդմառշալ կոմս Ռումեանցովին սոյն թուով տուած մեր ռեսկրիպտով, հրամայեցինք մեր զօրագլուխներին Ղրիմում ապրող Յոյներին, Վրացիներին եւ հայերին, որոնք բարեյօժար կամքով կ՚համաձայնեն մեր հովանաւորութեան տակ մտնելու եւ կ՚ցանկանան վերաբնակուել Նովոռուսսիոյ եւ Ազովի նահանգներում, ոչ թէ միայն սիրով ընդունել ու ճանապարհ դնել նոցա վերոյիշեալ նահանգների նահանգապետներին մթերանոց եղած տեղերում մեր մթերանոցներից, չեղած տեղերում - գնելով, այլ եւ ջանք անել ձեռքից եկած բոլոր միջոցներով համոզել, որ նոքա համաձայնեն յօժարակամ գաղթել եւ նամանաւանդ համոզել յոյն մետրապօլտին։ Ձեզ էլ սորանով հրամայում ենք, որ դուք էլ անէք ձեզ վերաբերեալ պարտ ու պատշաճ տնօրինութիւնը, որպէս զի այս նոր գաղթականները մեր սահմանները մտնելու որից ոչ թէ միայն կարօտութիւն չունենան պաշարեղէնի, այլ եւ, որ, ըստ ձեր բարեհայեցողութեան, տրուի նոցա ինչպէս հողի բաւականացոցիչ քանակութիւն, նոյնպէս եւ արքունի օժանդակութիւն տուն եւ տեղ շինելու համար։ Մենք, ՚ի հարկէ, չենք զլանայ շնորհել նոցա զանազան արտօնութիւններ, նայելով նոցա թուին եւ դրութեան, իսկ մինչեւ այդ - յանձնեցէք նոցա այնտեղի նահանգապետների խնամքին, որ նոքա պատահեն նոցա»։
       Ահա՛ այս երկու բարձրագոյն հրովարտակի հիման վրայ Ռումեանցովը հրահանգներ տալով, հրամանագրում է Ղրիմի թերակղզում այդ ժամանակ եղած Ռուսաց զօրքի հրամանատար եւ լինազօր ժեներալ Պրոզորովսկուն, իսկ նորանից յետոյ նորա տեղը բռնող Սուվորովին եւ խանի մօտ եղած Ռուսաց «ռեզիդենտ» Կոստանդինովին կատարել կայսրուհու հրամանը։ Իսկ Պատեոմկինն անում է պարտ ու պատշաճ տնօրինութիւնը իւր իշխանութեան տակ գտնուած Ազովի եւ Նովոռուսսիոյ նահանգապետներին՝ Չերտկովին եւ Եազիկովին գաղթականներին ընդունելու մասին, եւ սկսուում է Ղրիմի քրիստոնեաների Ռուսաստան գաղթելու գործն ընդհանրապէս եւ հայերի գաղթականութիւնը մասնաւորապէս Ղրիմի խանութիւնն այդ ժամանակները գտնուում էր մի շատ խղճալի դրութեան մէջ, առեւտուրը դադարած, արհեստները ընկած, երկրագործութիւնն ու անասնապահութիւնն երեսի վրայ թողած, ժողովուրդը պառակտուած, կուսակցութիւնների բաժանուած եւ բոլոր երկիրը ծայրէ ՚ի ծայր ծփում էր խռովութեան մէջ։ Չկային այլ եւս Օրան Թիմուրի նշանաւոր յաջորդները, որոնք այնքան բարձրացրին Ղրիմի նշանակութիւնն իւրեանց ժամանակուայ քաղաքական աշխարհում, չըկային այլեւս Թոխտամիշները եւ միւս նշանաւոր Գիրէյները, որոնք իւրեանց ահարկու արշաւանքներով երկար ժամանակ սարսափի մէջ էին պահել Ռուսաստանն ու Լեհաստանը։ Վերջին ժամանակներն իշխում էին Ղրիմին Գիրէյների թոյլ, զեղխ եւ անընդունակ յաջորդները, որոք խաղալիկ էին դարձել Տաճկաց սուլթանների ձեռքին, իսկ վերջինս այդ իսկ ժամանակուայ խան Շահինգիրէյը Ռուսաստանի դրածը եւ նորա զէնքի զօրութեամբ պաշտպանուածն էր։ Երկրի այդպիսի դրութիւնը հետեւանք էր մրցողութեան, որ քանի ժամանակներից ՚ի վեր սկսել էին գործ դնել Ղրիմի վերաբերութեամբ Ռուսաստանն ու Տաճկաստանը, իւրաքանչիւրը դոցանից ձգտելով ինքը տէր դառնալ գեղեցիկ թերակղզուն։
       Այն օրից, երբ առաջին անգամ խաները դաշն կապելով Օսմանեան սուլթանների հետ, օգնութեան կանչեցին նոցա Ջանովացւոց դէմ մղած պատերազմի ժամանակ, նոքա վասսալ եւ հպատակ դարձան Օսմանցիներին եւ իւրեանց իշխանութիւնն իւրեանց ձեռքով մատնեցին նոցա ձեռքը։ 1475 թուին Օսմանցիք իբրեւ դաշնակից իւրեանց մարտանաւերով հասնելով Ղրիմի հարաւային ափը, զօրք իջեցնելով նշանաւոր Կաֆայի նաւահանգիստը եւ յաղթելով ու կործանելով Ջանովացւոց եւ նոցա դաշնակից հայերի զօրութիւնը, ամուր կերպով հաստատուեցին Ղրիմում։ Նոքա Ղրիմի նաւահանգիստ քաղաքները բռնեցին իւրեանց զօրքով նոքա մի զօրավար փաշայ կարգեցին խանի գործողութիւններին հսկելու եւ խանի հաստատութեան իրաւունքը սուլթանին սեփականացրին։ Սուլթանի բարի կամքից կախումն ունէր այնուհետեւ Չինգիզի գոռոզ շառաւիղների գահ բարձրանալը եւ գահից իջնելը, սուլթանի բարեհաճ տնօրինութեան էր կարօտ խանի այս ինչ կամ այն ինչ գործողութեան հաստատութիւնն ու մերժումը։ Այլ այնուհետեւ ամեն բան փոխուում է Ղրիմում - զօրքի կազմակերպութիւնը, երկրի կառավարութեան ձեւն ու եղանակը, թաթարների մտաւոր եւ բարոյական կրթութիւնը, մինչեւ իսկ նոցա լեզուն ենթարկուում է Օսմանցիների ազդեցութեան։ Եւ եթէ այսպէս երկար ժամանակ շարունակուէր գործը, Ղրիմն ամբողջապէս կ՚կորցնէր իւր իսկական գոյնն ու հոտը, ժողովուրդը կըթուրքանար, երկիրը կ՚ստանար Օսմանեան կայսերութեան երկրներին յատուկ կազմակերպութիւնն ու բնաւորութիւնը եւ քաղաքականապէս իսկ նորա նահանգներից ու վիլայէթներից մէկը կ՚դառնար։
       Սակայն կար մի ուրիշ պետութիւն, որին սահմանակից էր Ղրիմի, որ խէթ աչքով էր նայում Օսմանցւոց գործողութիւնների վերայ եւ որ Օսմանցիներից պակաս ցանկութիւն չունէր Ղրիմին տիրապետելու։ Այդ Ռուսաստանն էր, որ Պետրոս Մեծի ժամանակից ամրանալով եւ իւր բնական սահմանների մէջ հաստատուելով, սկսել էր իւր արեւելեան արշաւանքները, որոնց ոյժն ու զօրութիւնը հենց առաջին անգամ ստիպուած էին եղել փորձել եւ նոցա առաջ տեղի տալ արեւելեան երկու մահմեդական մեծ տէրութիւնները՝ Տաճկաստանը եւ Պարսկաստանը։
       1774 թուին կայանում է Քիւչուկ - Կայնարջիկի նպաստաւոր դաշնադրութիւնը, որի հիման վրայ Ռուսաստանը ձեռք է բերում ոչ միայն Բուդ եւ Դնեպր գետերի մէջ գտնուած տարածութիւնը, Կինբուրնն իւր շրջանով, Կերչը, Ենիկալէն եւ Ազովը, այլ եւ դաշնադրութեան մէջ կարողանում է մտցնել մի յօդուած, որի զօրութեամբ Ղրիմը մի անկախ քաղաքական մարմին է ճանաչւում։ Բարձր-Դուռը թէեւ պարտուած, թէեւ նեղն ընկած, այնուամենայնիւ սաստիկ ընդդիմանում է դաշնադրութեան այդ ձեւով կազմուելուն, որովհետեւ շատ լաւ է հասկանում, որ դորանով մի կողմից Տաճկաստանը յետ է մղուում Ղրիմից, միւս կողմից էլ Ռուսաստանն, ընդհակառակը, մօտենում է թաթարներին, միջոց է ստանում ամրանալու Ղրիմում, խառնուելու խանութեան գործերին եւ կամաց կամաց հասնելու իւր վերջնական նպատակին։ Տաճկաստանի յամառութիւնն այնքան սաստիկ է լինում, որ քանիցս խաղաղութեան դաշն քանդուում է եւ նորից վերանորոգուում է։ Նա չի կամենում հանել իւր զօրքերը Թաման թերակղզուց եւ ձեռքի տակից անդադար ինտրիգներ է լարում Ռուսներերի դէմ Ղրիմում ու Ղուբանում, գրգռելով թաթարներին եւ աշխատելով յարուցանել նոցա մէջ ատելութիւն դէպի Ռուսները։ Ահա այս միջոցին Ռուսաստանը վճռական քայլ է անում։ Նա որպէս զի չ՚թոյլ տայ այնքան դժուարութեամբ ձեռք բերած յաղթութիւնն իւր ձեռքից գնալու, կարճ միջոցում զանազան հնարներով կազմակերպում է Ղրիմում մի զօրեղ կուսակցութիւն եւ նորա միջոցով ժողովրդի մի մասն իւր կողմը ձգելով, իւր կողմնակից Շահինգիրէյին խանութեան գահն է բարձրացնում։ Շահինգիրէյը, որ հին խաների ցեղից էր, տարուում է Ղուբանի կողմերը եւ Ռուսաց ազդեցութեամբ այն կողմերում թափառող Էդիսանեան, Էդիչղուլեան եւ Ջանբոյլուղեան Նողայ-թաթարների ցեղերի ձեռքով խան է ընտրուում եւ այնտեղից էլ Ռուսաց զօրքի եւ Ղրիմի ռուս կուսակցութեան օգնութեամբ առաջնորդուում է դէպի Ղրիմի մայրաքաղաք Բախչիսարայը եւ ընդհանուր խան է հրատարակուում։
       Բարձր-Դուռը սաստիկ զայրանում է եւ մի կողմից իւր կուսակից թաթարների ձեռքով աշխատում է ապստամբեցնել թաթարներին նորընտիր խանի դէմ, միւս կողմից էլ պատօնապէս չի ճանաչում Շահինգիրէյին Ղրիմի տէր, նորա ընտրութիւնն օրինական չի համարում եւ, վերջապէս, սկսում է նաւատորմիղ կազմել եւ կամաց-կամաց մօտենալ Ղրիմի ափերին, որ պատեհ րոպէին պաշտպանութիւն կարողանայ ցոյց տալ իւր կուսակիցներին։ Տաճիկների թափած ճիգը շուտով պսակուում է յաջողութեամբ։ Ծագում է ապստամբութիւն եւ թաթարները խումբ- խումբ զէնքի են դիմում, իւրեանց նպատակ դնելով զէնքի զօրութեամբ գահավիժել Շահինգիրէյին եւ մի ուրիշին իւրեանց յօժարակամ ընտրութեամբ Բախչիսարայի գահը բարձրացնել։ Տաճկաց գործակալները վխտում են Ղրիմի ամեն մի անկիւնում, խրախուսում են ապստամբներին եւ խոստանում են իւրեանց օգնութիւնը, մատնացոյց լինելով Օսմանեան նաւատորմղի վերայ, որ խարիսխ ձգած - կանգնած սպասում էր պատեհ ժամի Ղրիմի ափերից ոչ շատ հեռու։
       Բայց Ռուսաստանը, որ սուր աչքերով դիտում էր ամեն բան, շտապում է իւր զօրքով բռնել Ղրիմը եւ ապստամբութիւնն իւր բնումը խեղդել։ Երկու մեծ բանակ է ուղարկուում Ղրիմ, որոնցից մէկը ժեներալ պորուչիկ Պրոզորովսկու առաջնորդութեամբ բռնում է թերակղզին եւ ջարդում է ապստամբների խմբերը, միւսը ժեներալ-պորուչիկ Սուվորովի զօրավարութեամբ արշաւում է Ղուբանի կողմերն այնտեղ նողայ-թաթարներին եւ արիւնռուշտ լեռնորդիներին հնազանդութեան մէջ պահելու եւ չ՚թողնելու նոցա միանալ թերակղզու ապստամբների հետ։ Իսկ որպէսզի Տաճկաց նաւատորմիղը զօրք չիջեցնէ հարաւային ափը, կարգադրութիւն է լինում, որ ծովափնեայ մասում ապող թարարները քաշուին հեռանան դէպի լեռները, որ նոքա ոչ թէ միայն չ՚կարողանան միանալ Տաճիկների հետ, այլ եւ հնարաւորութիւն էլ չունենան յարաբերութիւն ունենալ նոցա հետ։ Օսմանցիք տեսնելով Ռուսաց վաթսուն հազարանոց բանակը, տեսնելով թաթարների ապստամբութեան արագ ընկճուելը եւ իւրեանց կուսակցութեան պարտուիլը, չեն համարձակում թշնամական գործողութիւններ սկսել եւ դորանով նորից պատերազմ հրատարակելու պատճառ լինել եւ մնում են լոկ հանդիսատես։ Նոքա միայն շատանում են բողոքելով, թէ Ռուսաստանը հակառակ դաշնագրութեան պայմաններին ձեռնամուխ է լինում Ղրիմի խանութեան անկախութեան եւ այդպիսով դրժում է այն սկզբունքը, որ կազմում էր Քիւչուկ- կայնարջիկի դաշնագրութեան գլխաւոր հիմունքը եւ որի զօրութեամբ Ղրիմը ճանաչուած էր անկախ երկիր եւ ոչ մէկը՝ ոչ Ռուսաստանը եւ ոչ էլ Տաճկաստանը չ՚պէտք է խառնուէին խանութեան գործերին։ Սակայն Ռուսաստանը նուրբ դիւանագիտական բանագնացութեամբ կարողանում է ջրել եւ այդ բողոքի առարկութիւնները, ասելով թէ ինքը չի խանգարիլ դաշնագրութիւնը, իսկ եթէ մտել է Ղրիմ ու իւր զօրքով բռնել է երկիրը, - այդ էլ արել է իւր իսկ խանի խնդիրքով եւ ցանկութեամբ, որ իբրեւ իւր երկրի անկախ իշխան ու տէր իրաւունք ունէր խնդրելու ու հրաւիրելու որին որ ցանկանար իրեն օգնելու եւ ապստամբութիւնը ընկճելու։ Եւ վերջ ՚ի վերջոյ, յաջողում է վաւերացնել տալ դաշնագրութիւնը, որ Տաճկաստանը այդ բոլոր եղելութիւնը առիթ բռնելով, չէր կամենում վաւերացնել եւ վերջնականապէս ստորագրել, յաջողում է օրինական խան լինելու իրաւունքն այնքան յամառութեամբ մերժում էր սուլթանը։
       Այժմ Ռուսաստանին մնում էր մի երկրորդ քայն անել, որ կարողանայ իսպառ տիրանալ Ղրիմին, նորան մնում էր ջանք թափել աղքատացնելու ազնուական դասակարգը եւ իրան խանին, որպէս զի դորա նիւթական կարօտութիւնից հարկադրուած ստիպուած լինին իրանից նիւթական օժանդակութիւն ու նպաստ ստանալ եւ երկիրն իւր ձեռքը մատնել։ Այդ լինում է մի շատ յաջող քաղաքականութիւն, որ շատ շուտով պասկաւում է կատարեալ յաջողութեամբ, անվրէպ հասցնելով Ռուսներին նոցա իւրեանց առաջ դրած վերջնական նպատակին։ Ռուսաստանին քաջ յայտնի էր, որ Ղրիմի խանութեան գլխաւոր աշխատաւոր դասակարգը կազմում են թերակղզում շատ ժամանակներից ՚ի վեր ապրող քրիստոնեաները, յայտնի է լինում որ քրիստոնեաներն են հմուտ արհեստաւորները, երկրագործները, պերտիզպանները, այգեպանները, ձկնորսներն ու առեւտրականները, որոնք իւրեանց աշխատանքով ծաղկեցնում են երկիրը, կերակրում են մուզաներին եւ եկամուտ են տալիս խանի գանձարանին, իսկ բուն թաթարները- հասարակ դասակարգը պարապում է միանյ անասնապահութեամբ ու խաշնարածութեամբ, ազնուականները պատերազմական եւ երկրի կառավարութեան գործերով։ Այդ պատճառով էլ հենց Եկատիրինէ կայսրուհու նշանաւոր համհարզները միտք են յղանում Ղրիմի խանութեան հենց այդ մեծ եւ կարեւոր աղբիւրը սպառեցնել, խանին եւ մռզաներին հենց այդ առատ եկամտի հասոյթից զրկել։ Որոշւում է քրիստոնեաներին ձեռքից եկած ամեն միջոցներով համոզել, որ նոքա թողնեն իւրեանց բնակութեան տեղերը եւ տեղափոխուեն Ռուսաստան։
       Ահա Ռուսաց այդ քաղաքականութեան հետեւանքն է լինում Ղրիմի Հայոց գաղթականութիւնը, որի մասին մենք վերը յիշեցինք։