Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հարսնախօսութիւն եւ նշանդրէք
       Հարսանիքները, կամ, ինչպէս ինքեանք Նախիջեւանցիք ասում են, «Հարսանիքները», ինչպէս ամեն տեղ, Նախիջեւանումն էլ սկսուում են աշնանը եւ շարունակուում են մինչեւ Մեծ-պասը, երբ գիւղացիք վերջացնում են իւրեանց դաշտային աշխատանքները, իսկ քաղաքացիք վերադառնում են ամառանոցներից եւ սկսում են իւրեանց կեանքի աշնան եւ ձմեռուան սեզօնները։
       Հարսնախօսութիւնը սովորաբար լինում է կամ տղայի ու աղջկայ ազգականների ձեռքով, կամ քահանաների միջնորդութեամբ եւ կամ առանձին հարսնախօսների ձեռքով, որոնք կոչուում են «Դիբոնչի»։ Աղջիկ հաւանելու ու ուզելու գործում, բացի աղջկայ տեսքից ու գեղեցկութիւնից, մեծ դեր է խաղում եւ աղջկայ վերայ եղած փողն ու բաժինքը, կամ, ինչպէս ասում են «ջրհէզը»։
       Նախիջեւանում կապուած՝ պսակները մեծաւ մասամբ հաշուի ու գործնական դիտումների արդիւնք են։ Ամուսնութեամբ ինտելլիգենտ մարդիկ կեանքի ապահովութիւն են ձեռք բերում, վաճառականներն իւրեանց մայր գումարներն են մեծացնում եւ իւրեանց առեւտրական գործերն ընդարձակում, գործակատարները դուրս են գալիս իւրեանց «աղաների» ու «չորպաջիների» մօտից եւ իւրեանց սեփական գործը սկսում, եւ այլն եւ այլն։ Հաշուի ամուսնութիւնները, ՚ի հարկէ, աւելի յաճախ տեղի են ունենում քաղաքացիների մէջ, քան թէ գիւղացիների, որոնք բնականապէս աւելի են պահպանել իւրեանց նահապետականութիւնը։ «Հէլալ կաթնակէր» եւ «Օջախի որդի», խօսքերը որոնց մինչեւ ցայսօր քիչ-շատ դեռ գին են տալիս գիւղացիք, քաղաքացւոց բերանում արդէն կորցրել են իւրեանց խորհուրդը եւ նշանակութիւնը։ Քաղաքում ոչ մի բանի չեն նայում, մինչեւ իսկ տեսքն ու գեղեցկութիւնը, «բնութքն» ու «մեարիֆէթը», գիտութիւնն ու կրթութիւնը բանի տեղ չեն դնում։ «Կարգուել» ցանկացող քաղաքացի երիտասարդը, երբ «խնամի է ուղարկում» նախապէս եւ տիրապէս պատուիրում է իմանալ, թէ աղջկայ տէրը ո՞րքան փող պէտք է տայ աղջկայ վերայ, ո՞րքան «ջրհէզ» միտք ունի անելու։ Իւրեանց աղջիկներին «Հարս տնել» ցանկացողներն էլ իւրեանց հերթով նախապէս աշխատում են իմանալ, թէ փեսացուն ի՞նչ կարողութեան տէր է։ Գիւղացիք տեսնում ու հաւանում են աղջիկներին եկեղեցիներում, հարսանիքներում եւ հրաւէրներում կամ «զիաֆէթներում» եւ ուխտագնացութիւնների ժամանակ, մասնաւորապէս վարդավառին ու «խըտրելլեզին», իսկ քաղաքացիք ամեն տեղ, որովհետեւ քաղաքի աղջիկները բոլորովին ազատ են եւ ամեն տեղ լինում են, ամեն տեղ զբօսնում ու շրջում են երիտասարդների հետ։
       Սիրահարութեամբ, սրտի միտումներով ու զգացմունքի հակումներով եղած ամուսնութիւնների սակաւութեամբ պէտքէ մեկնել եւ այն հանգամանքը, որ Նախիջեւանի գաղթականների մէջ համարեա՛ թէ սիրահարական երգ չկայ եւ յիշողութիւն էլ չ՚կայ, որ մի ժամանակ շատ եղած լինի։ Հաշիւը, կողմնակի դիտումները եւ կարրիերը բանաստեղծութիւն չեն սիրում։ Իդէալների, գաղափարների եւ զգացմունքների աշխարհ չէ Նախիջեւանը. ժրոզան, կեանքի լուրջ ու կոշտ պրոզան է այս կողմերի հայ գաղթականների մտքում թագաւորողը, սրտին տիրող, իշխողը։ Մեզ յաջողեց գրի անցնել «Արզու եւ Խամբեր» վերնագիր կրող երգը, որ Ղրիմից բերուած լինելով, մինչեւ ցայսօր դեռ պահպանուել է գիւղացիների բերանում, եւ որ սիրահարական երգի բոլոր տարերքն է պարունակում իւր մէջ։ Այդ երգն այլ եւս կոչուում է «Ապոճանի երգ»։
       ԱՐԶՈՒ
       1, Փարչս առի, ջուրի գնացի,
       Տալտրմիշ արի, վերուցի,
       Հոգիս, հաւատս, Խամբեր,
       Ապռճանս կորուցի
       Հոգիս, հաւատս, Խամբեր,
       Առճանս կորուցի։
       ԽԱՄԲԵՐ.
       2, Ես ասօր չորվախ գնացած չիմ,
       Ձեռքս երեսըս լուացած չիմ,
       Աղու տասնէ, կը խըմիմ,
       Ես քու ապռճանդ տեսած չիմ։
       ԱՐԶՈՒ.
       3, Աղու ուզենասնէ, աղու կ՚լամ,
       Ինձի ուզենասնէ, ես կ՚լամ.
       Բայց իմ ապռճանս ալ
       Ճերմակ ծոցիդ մէջը պէնկ է 1)։
       ԽԱՄԲԵՐ։
       4, Քաղաքը փորուած էր,
       Ճերմակ ոչխարը խուզիով էր
       Ապռճանիդ վըրան
       Ի՞նչպէս գիր գրած էր։
       ԱՐԶՈՒ.
       5, Քաղաքը փորուած էր,
       Ճերմակ ոչխարը խուզիով էր,
       Ապռճանիս վըրան
       Անո նս ալ գրած էր։
       ԽԱՄԲԵՐ.
       6, Ջուրը կերթար օլուխ, օլուխ,
       Կ՚քաշէին թօլուխ, թօլուխ,
       Ապռճանդ գըտնողին
       Ի՞նչ պիտ տաս մուշտուլուխ։
       ԱՐԶՈՒ.
       7, Ջուրը կերթար օլուխ, օլուխ,
       Կ՚քաշէին թօլուխ թօլուխ,
       Ապռճանս գըտնողին
       Արզուն կերթայ մուշտուլուխ։
       ԽԱՄԲԵՐ.
       8, Աստեղը ինձի մեղք կանին,
       Կէնճ 1) կլոխս խըյմալամիշ կանին 2),
       Էգէր էրկուսս մէկ լանքնէ,
       Մեզի զընտան կըձգին։
       ԱՐԶՈՒ.
       9, Տունին տիրէկը 3) մարջան 4) է,
       Հոգիիս սիրածը տուն իս.
       Էգէր էրկուսին մէկ զնտան ձգիննէ,
       Զնտանը մեզի սուքայութին է։
       ԽԱՄԲԵՐ.
       10, Բէկս իմիս տալիս է,
       Կտրած օրէնքին խայիլ իմ.
       Ալէմ աշխըրքին հետ չիմ փոխիլ,
       Արզուն իմիս փայըս է։
       ԱՐԶՈՒ.
       11, Գետինին վրայէն չորս ձիաւոր կուգան,
       Չորսին մէկ հատը մուրատլը է,
       Ես կ՚ճանչնամ Խամբերին,
       Օրթայի դոռու 5) ձիովը Խամբերն է։
       ԽԱՄԲԵՐ.
       12, Ինչ որ էղիլ է էղիլ է,
       Ճակատս սեւը գրուիլ է,
       Ճակատս սեւը գրուած էր,
       Խամբերին զուլում էղաւ։
       Սիրահարական երգի տարերք է պարունակում իւր մէջ եւ հետեւեալ վեց տողը, որ Նախիջեւանի պառաւներն սովորաբար ասում են, երբ որ տեսնում են մէկին նստած քունը տանելիս
       Քունն էկիլ է, աչքն առիլ է,
       Եարն էկիլ է, դուռը կայնիլ է.
       Ինչ գիտէ քի եարին էշթայ,
       Ինչ գիտէ քի քունին էշթայ։
       Քունն էշթայ-նը, մէմալ կուգայ,
       Եարն էշթայ-նը, մէմալ չի գայ 1)
       Նախիջեւանում հին ժամանակներն ապրելուս է եղել մի ժողովրդական երգիչ Աղապալի անունով, որ ՚ի միջի այլոց, մի քանի սիրահարական երգեր է ասել եւ տարածել ժողովրդի մէջ, բայց ներկայումս այդ երգերը համարեա թէ ամբողջովին մոռացուել են։ «Աղապալի»-ին է պատկանում յայտնի «Սամաւարի երգը», որ քանիցս տպագրուած է, նորան է, գուցէ, պատկանում եւ «Երեք օրուան լուսնի նման ունքերդ» յայտնի երգը, ւր իւր գեղեցկութեամբ Նախիջեւանի ժողովրդական սիրահարական երգերի մէջ ամենաընտիրը կարող է համարուել։
       Երբ որ երկւ կողմերից էլ համաձայնութիւնը կայանում է, փեսացուն առնում է իւր հետ իւր ամենամօտ ազգականներին եւ գնալով աղջկայ տունը, «խօսք» է անում, այսինքն համբուրում է «բիաթին» եւ «բիանայի» - աներոջ եւ զոքանչի ձեռքերը, պաշտօնապէս փեսացու է յայտարարուում եւ շնորհաւորութիւն ընդունում։ «Նշանտուք» խօսքը, որ Նախիջեւանցիք գործ են ածում, արտայայտում է ոչ թէ ընդհանրապէս ամբողջ նշանադրութեան հանդէսը, այլ միայն նշան տալու կամ մատանի փոխելու պարզ գործողութիւնը, որ կատարուում է կամ նոյն խօսքի ժամանակ եւ կամ «բէհին»։ Ընդհանուր նշանադրութեան գործողութիւնն արտայայտելու համար Նախիջեւանցիք սովորաբար գործ են ածում տաճկական այդ «բէհ» բառը, որ, ինչպէս յայտնի է, նշանակում է իսկապէս գրաւական, այսինքն այդ դէպքում հարսնացուն ներկայանում է ինչպէս «բարի» կամ ապրանք, որ գնուած է, բայց տակաւին գինը ամբողջովին չի վճարուած, այլ միայն մի մասը։ Փոխաբերական մտքով, ՚ի հարկէ, «բէհ» բառը կարող է նշանակել եւ նշանադրութիւն։
       «Բէհը» կատարուում է «խօսքից» մի քանի օր յետոյ աղջկայ տանը եւ շատ հանդիսաւոր կերպով, այնպէս որ շատերը, որոնք հանդիսաւոր «բէհ» են կատարել, այլ եւս հանդիսաւոր հարսանիք չեն անում, որովհետեւ «բէհն» էլ հարսանիքի պէս բան է եւ նոյն ծախսն ու «դառաթն» է պահանջում։ Յաճախակի մեծ ծախսերից խոյս տալու համար «բէհն» ու «խօսքը» միացնում են ու իսկոյն սկսում են հարսանիքի պատրաստութիւն տեսնել։
       Գիւղերում սովորաբար հաւանած աղջկայ տունը խնամի է գնում տղայի հայրը կամ մօտ ազգականը։ Հասնելով տուն եւ մտնելով բակը, նա անմիջապէս չէ մտնում, այլ նախապէս կանգնում է դրան առաջ եւ դուրս է կանչում աղջկայ հօրը եւ յայտնում է նորան իւր գալու պատճառը։ Եթէ խնամու առաջարկութիւնը հաճելի է լինում աղջկայ հօրը, նա իսկոյն եւ եթ ներս է հրաւիրում նորան, յարգում եւ «ջուղաբ» տալիս, այսինքն նորա առաջարկութիւնն ընդունում է, իսկ եթէ հաճելի չի լինում, նա նորան ճանապարհ է դնում առանց ներս հրաւիրելու եւ առանց «ջուղաբի»։ Առաջին, այսինքն առաջարկութիւնն ընդունելու դէպքում տղայի հայրն արտասանում է «խօսքը մէկ Աստուած մէկ» ասացուածքը, որով եւ ամրացնում է գործը, եւ անմիջապէս ընդհանուր համաձայնութեամբ որոշուում է «բէհի» օրն ու տեսակը, որովհետեւ գիւղերում բէհը լինում է մեծ եւ փոքր։ Եթէ որոշուում է «փոքր բէհ» անել, նշանակուած օրը տղայի ծնողները եւ ամենամօտ մարդիկ սահմանափակ թուով գնում են աղջկայ տունը, համեստ կերպով ուտում, խմում, ուրախութիւն են անում «նշանտօք» կատարում, այսինքն մատանի են դնում աղջկայ մատը. իսկ եթէ որոշուում է «մեծ բէհ» անելու, նշանակուած օրն աւելի մեծ թուով մարդիկ են գնում, Հրաւէրք են անում, դաբ ու զուռնայ են կանչում եւ աւելի մեծ հանդիսով են կատարում «նշանտօքը»։ Երկար ժամանակ քէֆ, ուրախութիւն անելուց, կուշտ ու կուռ ուտել- խմելուց եւ պարելուց յետոյ, աղջկայ տանից բոլոր հրաւիրեալները նոր խնամիների հետ գնում են տղայի տունը «փեսատես», որովհետեւ դեռ գիւղերում պահպանուել է փեսայի մինչեւ հարսանիքը աղջիկը չ՚տեսնելու եւ աղջկայ տունը չ՚գնալու սովորութիւնը։ Աղջկայ տանից փոխադարձ մատանին ուղարկուում է փեսային եւ կամ նոյն իսկ բէհի օրը խնամիների ձեռքով, եւ կամ նշանադրութիւնից յետոյ պատահած մեծ տօներից մէկի ժամանակ - Ծննդեան, Ս. Սարգսին, Բարեկենդանին, Միջինքին, Ծաղկազարդին, Զատկին, եւ միւս տօներին, երբ աղջկայ եւ տղայի տներից միմեանց փոխադարձաբար «տարուբեր» է ուղարկուում։ Տարուբերը, կամ ինչպէս քաղաքացիք ասում են, «խրկուածքը» բաղկացած է լինում անուշեղէնից՝ խաթմուխ եւ իփլիկ հալուաներից եւ զանազան ընծաներից խնամացող ընտանիքի կարողութեան համեմատ։ Ամեն մի «խրկուածք» ունենում է իւր «տառցը», այսինքն աղջկայ կողմիցն էլ փոխադարձաբար ուղարկում են անուշեղէն եւ ընծաներ փեսայի տունը։ Ահա՛ այդ դարձերից մէկի հետ ուղարկում են եւ մատանի, որ հագցնում են փեսայի մատը իբրեւ փեսացուի նշան եւ իբրեւ փոխ նորա հարսին ուղարկած ու մատը հագցրած մատանիին։
       Հին ժամանակները «նշանտուքի» ժամանակ նշան օրհնելու եւ կէս պսակ կատարելու սովորութիւն է եղել, բայց նշան յետ տալու, կամ, ինչպէս ասում են, «ետ լինելու» դէպքերի յաճախելու պատճառով, կէս պսակ կատարելը այստեղ էլ ինչպէս ուրիշ տեղերում, արգելուել է հոգեւոր իշխանութիւնից։
       Մենք ասացինք, թէ քաղաքում բէհը մեծ «դառաթով» է կատարուում եւ յաճախ աւելի ծանր է լինում, քան թէ հարսանիքը, ուստի եւ «դառաթով» բէհ կատարողները շատ անգամ այլ եւս հանդիսաւոր հարսանիք չեն անում։ «Դառաթ» ասելով Նախիջեւանցիք հասկանում են ամեն մի այնպիսի հանդիսաւոր գործողութիւն կամ արարողութիւն, որի ամեն բանը տեղն է, ամեն բան շքեղ, թանգ եւ սարգին է, ամեն մանրամասնութիւն, ամեն ծէսք եւ սէթեւեթք ճշտիւ կատարուած, ճշտիւ պահպանուած է։ Եւ ճշմարիտ, բէհ կատարողը, որ սովորաբար լինում է աղջկայ տէրը, նախօրօք ուղարկում է իւր եւ իւր նոր խնամիների ազգականներին տպագրուած հրաւիրատոմսակներ, վարձում է երաժշտութիւն, բռնում է հմուտ խոհարար եւ բազմաթիւ սպասաւորներ, պատրաստում է շքեղ խնջոյք եւ նախընթրիք եւ ընթրիք փարթամ սեղաններ թանգանոց գինիներով եւ մասնաւորապէս շամպանով եւ ազգի-ազգի սեթեւեթքներով, եւ այլ եւ այլն։ Բէհի ամենահետաքրքրական եւ հանդիսաւոր րոպէն լինում է խնամիների գալու ժամանակը։
       Խնամիներն առհասարակ ուշ են գալիս, նազով-տուզով են գալիս, որովհետեւ այդ օրը նոցա պատիւը շատ մեծ է. այդ օրը նոքա «թոռէ պատն» են նստում, այդ օրը նոքա անդադար յարգուում ու մեծարուում են, խնամի ջան, խնամի ջ՜ան, «Խնամի- բա՜, «խնամի մա՜» քաղցր խօսքերն ասելով ու լսելով։ Երբ որ ուշ, երեկոյեան 11 ժամին, իմացուում է որ խնամիները գալիս են, իսկոյն բէհի տանը բոլորեքեան իրար գըլխով են կպչում, իսկոյն ամենքն ընդառաջ են դուրս գալիս եւ վառած աշտանակները առ մոմակալները »ձեռքերին բռնած, շարուում են գլխաւոր մուտքի դրան երկու կողմը, նշան տալով երաժշտութեան, որ խնամիների երեւայում պէս ընդառաջելու հանդիսաւոր «մարշն» նուագեն։ Գրկախառնութեան, համբոյրների, «բարի սահաթի ըլլայ», «բարի պսակ առնուն» շնորհաւորանքի եւ ուրախ բացականչութիւնների ձայները խառնուելով երաժշտութեան նուագների հետ, մի խուլ, մի անորոշ, բայց քաղցր ժխոր են կազմում, որ ըստ ամենայնի, համապատասխանում է շքեղ հանդիսին։
       Բէհի բնորոշ առանձնայատկութիւնն է «նշանի խուրաբիան», որ ուղարկուում է բէհի յաջորդ օրը տղայի տունը մեծ քանակութեամբ եւ տղայի տանից արդէն բաժանուում է փեսայի բոլոր ազգականներին։ Նշանի խուրապիան զատուում է միւս բոլոր խուրապիաների հեսակից իւր կտորների խոշորութեամբ, իւր առանձին համով ու հոտով եւ զարդարանքով։ Կտորները լինում են շատ խոշոր, որովհետեւ խիստ շատ է պահանջուում եւ բնականապէս հնարաւորութիւն եւ ժամանակ չի լինում, փոքր, նուրբ եւ պէս- պէս ձեւերով կտորներ պատրաստելու, ինչպէս շինուում են սովորական խուրաբիաները։ Իսկ համի, հոտի եւ զարդարանքի առանձնայատկութիւնն այն է, որ նշանի խուրապիայի մէջ խառնում են վարդի իւղ եւ երեսը զարդարում են ցոլուն սեթեւեթ քներով։
       Հարսանիքից 15 օր առաջ գիւղերում աղայի տանից ուղարկուում է հարսի տունը պսակի զգեստացուն «խումաշ» շրջազգեստի համար եւ թանգնոց երեսացու «բուրնու»-ի համար։ «Խումուշ» ասելով, գիւղացիք հասկանում են ամեն մի մետաքսէ կտոր, որից սովորաբար կարուում է հարսի պսակի հանդերձը, իսկ «բուրնուն» կարճ քաթիպայի պէս վերնազգեստ է, որի երեսացուն աթլաս կամ թաւիշ է, իսկ աստառը մագեղէն։ Քաղաքում նոյն «խրկուածքը», նախ ուղարկում են «խինա- գեջասիի» օրը եւ երկրորդ, աւելի հանդիսով են կատարում այդ պսակի զգեստացուն ուղարկելու ծէսը, քանթէ գիւղերում։ Քաղաքի զգեստեղէնի «խրկուածքը» բաղկացած է լինում պսակի ամբողջ շորից իւր բոլոր պարագաներով, սկըսած քօղից, եւ վերջացրած կօշիկներով, որովհետեւ այնպիսի հասկացութիւն կայ, որ հարսն իբրեւ թագաւորի պատկանելիքը պէտք է տուն գայ տղայի պատրաստաց զգեստներով։ Մինչեւ իսկ պսակի կերոններն էլ փեսան է ուղարկում «խըրկուածքի» հետ։