Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ս. ԹԷՈԴՈՐՈՍ
       Ս. Թէոդորոսը կամ Ս. Թորոսը գտնւում է քաղաքի հարաւարեւելեան անկիւնում ընդարձակ բակի մէջ, որի մի կողմը պարտէզը ու ծխական միդասեան դպրոցի շէնքն է, իսկ միւս կողմը հին գերեզմանոցը։ Եկեղեցու շինութեան ոճը եւ միջի սարք ու կարգը մի եւ նոյնն են, ինչ որ Ս. Լուսաւորչում եւ Ս. Նիկողայոսում։ Դա հիմնարկուած է դարձեալ Յովսէփ արքեպիսկոպոսի ձեռքով 1783 թուի Հոգեգալստին եւ աւարտուած ու օծուած է 1786 թուին։ Այդ մասին արքեպիսկոպոսի ձեռագիր «Դաւթարում» գրուած ». «՛Ի սոյն թուոջս (1783) ՛ի հոգեգալստեան արկաք զհիմն որ Թորոսի։ Թիւն 1786 նոյեմբերի 22 օծաք սբ Թորոս եկեղեցին»։
       Եկեղեցու մէջ բեմի ճակատին դրուած է մի գեղեցիկ խաչքար, ըստ ամենայնի, Լուսաւորչի բեմի խաչքարի մեծութեամբ եւ նմանութեամբ։ Նորա վերայ փորագրուած եւ հետեւեալը. «Սբ խաչս բարեխաւս է Խչտրին Սառային եւ կուսին Հռիփսիմէ եւ Կարապետին»։
       Մի փոքրիկ խաչքար էլ, որ հագցրած է արեւմտեան դրան աջակողմը ներսից, ունի հետեւեալ առանց որ եւ է արձանագրութեան հին թուականը. թվ ՊԺԲ (812-1363)։
       Դրսից գաւթի մուտքի երկու կողմը պատի մէջ հագցարծ է մի մի մարմարիոնեայ նուրբ խաչքար։ Մէկի-աջակողմեանի վերայ մենք կարդում ենք. «Բարեխօս են նշանքս տր Աւեքսենտին Ակոբին կողակցին ահա խթ քրոջն տատ խթ ծնողացն պր Լուսին Շամ խթ Յովհանին եւ Սիմեօնին։ Իսկ միւսի-ձախակողմեանի վերայ-Կանգնեցաւ սբ Նշան խաչաց ՛ի բարեխօսութիւն երկրապագուց թվին ռղը (1098- 1649) Յովհաննիսի եւ իւր ծնօղաց եւ կենակցի յիշատակի իր եւ ազանց Մուրատ կուլե սխինճի Թագուհի։ Յիշատակարան տունս ռճ։ Այս եկեղեցին ունի Ս. Թէոդորոս զօրավարի մասունք, որ պահուում է մի արծաթեայ ոսկեզօծ գեղեցիկ ափի մէջ, եւ մի սրբութիւն, որ կոչուում է «Այ-Թոդոր» այսինքն Ս. Թէոդորոս, «Այ-Թոդորը» մի լեռ քար է, որ հագցրած եւ արեւմտեան սիւնի մէջ եւ գոյացնում է Ս. Նիկողայոսի Փրկչի պահարանի պէս մի ապակազարդ պահարան, որի մէջ դրուած են Ս Թէոդորոս զօրավարի ու Տիրամոր պատկերները եւ օրհնած ջուր։ Այ-Թոդորը մի փոքր քառակուսի քար է, որի վերայ թէեւ երեւում են զանազան կոպիտ քանդակուածներ, բայց դժուար է որոշել թէ իսկապէս ինչ են արտայայտում դոքա։ Թէ ինչու է այդ քարը յունական անուն կրում եւ ինչու են յարգանք մատուցանում դորան-դա մեզ յայտնի չէ. մենք միայն գիտենք, որ դա բերուած է Ղրիմից, պատկանել է «Քաֆայու Ս. Թորոս» եկեղեցուն եւ հէնց իւր տեղում էլ կոչուելուս է եղել «Այ- Թոդոր» որից գուցէ եւեղեցին էլ ստացել է իւր անունը։
       Առհասարակ Նախիջեւանի գաղթականների մէջ էլ պահպանուել են բարեպաշտութեան հետքեր, որ մենք յաճախ տեսնում ենք Հայաստանի զանազան գաւառների Հայերի մէջ։ Բացի Ս. Նիկողայոսի եւ Ս. Թորոսի բարերեց, Ս. Լուսաւորիչն էլ ունեցել է մի քառանկիւնաձեւ քար, որ կոչուում է եղել «Ս. Թադէոսի քար» եւ աւանդութեամբ օծուած է համարուում եղել Ս. Թադէոսի ձեռքով եւ բերուած Անիից Ղրիմ։ Այդ քարը, որի վերայ երկու ոտքի հետք է եղել եւ որին ժողովուրդը նոյնպէս ջերմեռանդութեամբ ուխտ է գալիս եէել, ունեցել է եւ մի յունական արձանագրութիւն, որ երբ կարդացուել ու թարգմանուել է, յայտնուել է, որ առաջ դրուած է եղել կամ մի հրապարակական տեղ եւ կամ Թէոդոսիոյ Ապողոնի տաճարում։ Այժմ այդ քարը գտնուում է Պետերբուրգի կայսերական թանգարաններից մէկում։ Բացի վերոյիշեալ խաչքարերից Ս. Թէոդորոսն ունի այլ եւս ինը մարմարոնեայ հին խաչքար, - որոնք այժմ պահուում են եկեղեցու բակում պահապանի տանը։ Դոքա դուրս են եկել գաւթի յատակը նորերում նորոգելու ժամանակ հին յատակի տակից։ Պէտք է կարծել որ եկեղեցին շինելու ժամանակ տեղ չի եղել Ղրիմից բերած այդ խաչքարերը տեղաւորուելու եւ ստիպուած են եղել դնել գաւթի փայտեայ յատակի տակ եւ պահել։
       Այդ խաչքարերը , որոնք բոլորը եւս «յիշատակ» եւ «բարեխօս» են զանազան բարեպաշտ անձանց, արժանի են ուշադրութեան իւրեանց թուականների հնութեամբ։ Ցաւալի է միայն, որ մի քանիսի թուականները կամ կոտրուած են եւ կամ այնքան եղծուած են, որ դժուարընթեռնլի են։
       ա. Յիշատակ ե որ սբ նշանքս Թագվորշա դպրին որդի Ղազարի եւ հօրն Մկրտչի եւ տօհմին եւ եղբօրն Գրիգորին թվ…
       բ. (վերը կլոր ձեւով) ՛ի ծովն ընկղմեալ Մարտիրոսի հոգւոյն։
       (ներքեւ) Բարեխօս եւ սբ նշանքս Ածատուրի քահանային եւ ծնողացն նորին եւ կենակցին քեռն իւրոյ Վարդան եպիսկոպոսին եւ ամ զարմիցն թվ. ՌՃԻԱ (1121-1672)
       գ. Յիշատակ եւ սբ նշանս Քս մղտսի Աթաքայի…
       դ. Սբ նշանքս յիշատակ է Թինկրի-Պիրմիշին եւ զար սորին թվ. Ջի (910-1461)։
       ե. Յիշատակ է սբ նշանքս Աննա խաթունին եւ Խազարին թվ ջիզ (926-1477)։
       գ. Յիշատակ սբ նշանքս Էմինին եւ իւր կողակցին Ջապլուին եւ իւր ծնողացն թվ. պղբ (892-1443)։
       է. Յիշատակ է սբ. նշանքս Ալեքսիանոսի Գրիգորին Խաչիկին Խազարին Մարտիրոսին թվ ՋԺԱ (911-1462)։
       ը Յիշատակ է սբ նշանքս Տովլաթ խթ…
       թ. Բարեխօս եւ սբ նշանս տր. Խարգսին կողակցին Մարիամին եւ երից գաւակաց հոգւոյն թվին Ռճիը (1128-1679).
       Ս. Թէոդորոսն էլ ունի ձեռագիր մատեաններ իսկ նորա Ղրիմից բերած հին եկեղեցական սպասները նորերումս վաճառուել են իբրեւ հին եւ անպէտք արծաթեղէն։