Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ս. ԳԷՈՐԳ
       Ս. Գէորգ շինուած է քաղաքի արեւմտեան կողմը Դօնի ափին, քաղաքից դուրս, Ռաստովի ճանապարհի վերայ։ Նա հիմնարկուել է 1783 թուին եւ աւարտուել ու օծուել է 1787 թուին։ Որ սա հիմնարկուել է 1783 թուին-այդ երեւում է ձեռագիր «Դաւթարից», որի մէջ այդ մասին գրուած է. «ի սոյն թուոջս (1783) ՛ի 10 կիւրակէն արկաք զհիմն սբ Գէորգի», իսկ որ նա օծուել է 1787 թուին- այդ էլ երեւում է դարձեալ նոյն «Դաւթարից», որի մէջ ասուած է. «թիւն 1787 Դեկտեմբերի 5, օծաք՞ զսբ Գէորգ եկեղեցին, Ղռիմու բերեալ անօթն իւր, ետուք իւրեան»։
       Այս եկեղեցին էլ, որ չնայելով, որ մէկ անգամ նորոգուել է 1853թուին, միւս անգամ էլ հիմնովին վերաշինուել է նոր միայն, 1892 թուին, դարձեալ պահպանել է շինութեան նոյն ոճն ու նոյն ներքին սարքն ու կարգը, որ յատուկ է Նախիջեւանի բոլոր եկեղեցիներին Միակ զանազանութիւնը կարելի է համարել այն, որ սորա հարաւային դրան առաջ էլ կառուցուած է մի գաւթանման փոքրիկ շինութիւն, մուտքը ցրտից ու քամուց պահպանելու համար, որով հետեւ այդ դռնից է լինում գլխաւորապէս եկեղեցու ելն ու մուտքը։
       Սա ունի բազմաթիւ խաչքարեր, բայց դժբաղդաբար նոցա վերայ փորագրուած արձանագրութիւնները չեն կարդացւում, որովհետեւ նոքա իւղաներկի հաստ շերտով ծածկուած են։ Այդ խաչքարերի մէջ իւր մեծութեամբ եւ քանդակների նրբութեամբ առանձին կերպով աչքի է ընկնում մէկը, որ հագցրած է հարաւային դրան ձախ կողմը դրսից։ Դորա վերայ կարդացուում է Կանգնեցաւ սբ նշանս ՛ի բարեխօսութիւն մհդսի Յովհաննիսին եւ կենակցին… Պիքային որդոցն Գրիգորին, Ստեփաննոսին եւ Մինասին դստերացն Խասպեքային եւ Պահարին եւ Հանի մօրն եւ Շիհրին եւ ամենայն զարմիցն թուին ՌՃԼԵ (1135-1686) Ձեռամբ Սարգիս վարդապետին»։
       Բարեբաղդաբար սորա հին ոսկեզօծ եւ արծաթազօծ շրջանակներով պատկերները վերաշտինութեան ժամանակ առնուած են եւ տեղերը դրուած են կարմիր ընկուզենուց կերտած շրջանակներով նոր պատկերներ, որոնք իւրեանց պարզութեամբ մի առանձին գեղեցկութիւն են տալիս եկեղեցուն։ Արժանի է ուշադրութեան նամանաւանդ Գէորգ Դաւթեանի Չեպիեանի նուիրած Ս. Գէորգեայ մեծ շքեղ պատկերը, որի տակը շինուած է մի փոքրիկ ապակեդուռն պահարան, որի մէջ պահուում է եկեղեցու գլխաւոր սրբութիւնը - Ս. Գէորգ զօրավարի մասունքը։ Այդ մասունքը ներփակուած է մի ճաճանչաւոր արծաթեայ տուփի մէջ, որի վերայ գրուած է հետեւեալ կարճ յիշատակարանը. «Յիշատակ մհտսի Ստեփանի Գենջեցեան 1849, ի սբ Գէորգ Նախիջեւան»։
       Բացի Ս. Գէորգեայ մասունքից, Ս. Գէորգն ունի այլ եւս մի սրբութիւն - «Ս. Գէորգեայ թոփուզը», որ գործ է դրուում նոյն նպատակի համար, որի համար գործ է դրուում եւ Ս. Նիկողայոսինը։
       Ս. Գէորգն էլ ունի ձեռագիր մատեաններ եւ Ղրիմից բերուած մի քանի խաչեր, որոնք շինուած ու նուիրուած են եկեղեցուն ռճխա, ռճձէ, ռհդ եւ ռհե հայոց թուականներին։
       Եկեղեցու պահարանում պահւում է եւ մի պղնձեայ տախտակ, որի վերայ արձանագրուած է եկեղեցու վերոյիշեալ 53 թուի վերանորոգութեան հետեւեալ յիշատակարանը. «Վերանորոգեցաւ տաճարս յանուն սրբոյն Գէորգայ զօրավարին արդեամբ եւ ծախուք Նոր-Նախիջեւանայ երկրորդ կարգի հայկազուն վաճառականի Մատթէոսի Խաչատրեան Երէցփոխեանի առն ածասիրի եւ բարեպաշտի յամի Տեառն 1853 եւ մերոյս ազգականի ռյբ. ՚ի հայրապետութեան ամենայն Հայոց տեառն Ներսիսի ածընտիր կաթուղիկոսի յառաջնորդութեան ռուսաբնակ Հայոց տեառն Մատթէոսի առքեպիսկոպոսի»։