Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ս. ՆԻԿՈՂԱՅՈՍ.
       Մաղաքիս հիւսիս-արեւմտեան անկիւնում շինուած է Ս. Նիկողայոս եկեղեցին, որ համարուում է քաղաքի անդրանիկ տաճարը, որովհետեւ նորա քարէ շինութիւնն ամենից առաջ է վերացել ու օծուել։ Մենք ասում ենք «քարէ շինութիւնը», որովհետեւ եթէ հաշուելու լինենք փայտէ շինութիւնները, Ս. Աստուածածինը կ՚լինի ամենահինը, քանր որ հէնց սկզբից շինուել է դորա փայտէ շինութիւնը, առաջին անգամ պատարագ է մատուցուել եւ հէնց դորա մէջ էլ օծուել են միւս եկեղեցիների, դոցա թուում եւ Ս. Նիկողայոսի, հիմնաքարերը։ Ս. Նիկողայոսը հիմնարկուել է «Ս. Համբարձման» հետ միասին 1781 թուի Մայիսի 2-ին եւ աւարտուել ու օծուել է 1783- ին։ Որ սա հիմնարկուել է 1781 թուին եւ Ս. Համբարձման եկեղեցու հետ միասին, - այդ երեւում է Յովսէփ արքեպիսկոպոսի ձեռագիր «Դաւթարից», որի մէջ այդ մասին գրուած է. «՚ի սմին թուոջ (1781) եւ ՚ի Մայիսի Օծաք եւ զսբ Համբարձում եւ սբ Նիկողայոս եկեղեցւոյ հիմանց քարինսն եւ մեծափառ հանդիսիւ տարեալ ՚ի սբ Ածածին յեկեղեցւոյն, եդաք ՚ի տեղիս իւրեանց. գոյին եւ բազումք իշխանք ազգին ռուստաց»։ Իսկ որ նա աւարտուել ու օծուել է 1783-ին, այդ էլ երեւում է նորա բեմի ճակատին գրած մարմարիոն քարից, որի վերայ փորագրուած է. «Կառուցաւ տաճարս ածային յանուն սբյ Նիկողայոսի հոգեւորական արդեամբք յօժանդակութեամբ եւ օծմամբ սրբոյ աթոռոյն Էջմիածնի ծայրագոյն նուիրակ եւ ռուսաց երկրի ամենայն հայոց առաջնորդ եւ նոր քաղաքիս Նախիջեւանայ հիմնադիր Սանահնեցի Յովսէփ արքեպիսկոպոսին Արղութեանց ՚ի թագաւորութեան մեծին Եկատարինէի երկրորդի կայսերուհոյն ամենայն ռուստաց ՚ի հայրապետութեան բոյ աթոռոյն Էջմիածնի տն Ղուկաս կաթուղիկոսի ամ հայոց թվին 1783»։ Սա աւելի փոքր է, քան թէ Ս. Լուսաւորիչը, բայց շինութեան ոճն ընդհանուրում համարեա թէ մի եւ նոյնն է։ Նոյն երեք դուռը, նոյն սիւնազարդերը դռների առաջ, նոյն գաւիթը արեւմտեան դրան առաջ եւ զանգակատունը նորա վերայ։ Վերջին ժամանակները միայն, երբ Սարգիս Խոջեան երեցփոխի օրով հիմնաւորապէս վերանորոգուել է այդ եկեղեցին, նորա գմբէթի եւ զանգակատան գլխի ձեր հայկականի է փոխուել։
       1883 թուին լրացած լինելով դորա հարիւրամեակը, հանդիսաւորապէս տօնուել է դորա յօբելեանը, որ եւ արժան է համարել ժամանակի երէցփոխն իւր անուան հետ միասին յաւերժացնել հետեւեալ ճապաղ ոտանաւոր արձանագրութեամբ, որ փորագրել է տուել մարմարիոն քարի վրեայ եւ հագցրել գաւթի աջակողմեան պատի մէջ.
       ՛Ի 16 Հոկտեմբերի 1883 ամի
       Յիշատակ հարիւրամեակի
       Կառուցման Ս. Նիկողայոսի,
       Նոր-Նախիջեւան քաղաքի.
       Կօաեցաւ տօն յօբելենի
       Քաղաքիս նախահիմ տաճարի
       Յաւուրս Մակար սրբազանի
       Եւ թեմակալ առաջնորդի,
       Իսկ սրբոյ տանս երեցփոխի,
       Պատուամեծար Վարդերեսի
       Մկրտչեան Սրմաքեշեանի։
       Բացի այս երկու՝ բեմի ու գաւթի արձանագրութիւն ունեցող քարերից, եկեղեցու պահապանում պահուում է եւ մի փոքրիկ նրբաքանդակ մանր խաչերով մարմարիոն, որ գաղթականները բերել են իւրեանց հետ Ղրիմից։ Դորա շուրթի վերայ գրուած է. «Բարեխօս է Ասվատուրի որդի Խաչերեսին, ՌՃԿԷ (1167-1718)».
       Այս եկեղեցու մէջը շատ գեղեցիկ է, պատերը ներկած ու զարդարած են զանազան նկարներով, ունի վերնատուն, մի սեղան փոքր ու մեծ վարագոյրներով եւ երկու խորան, ինչպէս Լուսաւորչումը։ Բայց որ մի առանձին գեղեցկութիւն է տալիս նորան, - այդ այն է, որ նախ դորա բեմը հայկական ճաշակով աւելի բարձր է շինուած եւ երկրորդ, դորա խաչկալն եւ պատկերները թանկագին ընկուզենուց են կերտուած միաձեւ, նրբաքանդակ եւ գեղեցիկ պարզութեամբ։
       * եւ Ս. Փրկիչը։ Ս. Փրկիչ ասելով հասկանում են ձախակողմեան դասում գտնուած պահարանը, որի մէջ պահուում է մի երեք կտոր եղած մեծ լեռ քար, որի մէջտեղը բոլորաձեւ տաշուած է եւ վերան մի փոքրիկ խաչ ձեւացրած։ Այդ քարը, որ կոչուում է «Ս. Թադէոսի քար», աւանդութեամբ բերուած է համարւում Հայաստանից եւ առնուած Թադէոս առաքեալի գերեզմանի վերայից։ Բացի Ս. Թադէոսի քարից պահարանում գտնուում են երկու հասարակ փայտեայ խաչ, մի «թոփուզ», դերձաններ եւ արծաթեայ բարակ կտորներից շինուած ոտքեր, ձեռքեր, աչքեր եւ այլն։ Փայտէ խաչերը, որոնց կոթը կամ բռնելու տեղը ծածկուած է մետաքսէ ոսկեթել եւ արծաթաթել նախշած կտորով՝ գործ են ածուում այն ժամանակ, երբ երեխաներն ուշ են ոտք լինում։ Խաչերը տալիս են երեխաների ձեռքը եւ երեք անգամ պտտեցնում են նոցա եկեղեցու չորս կողմը։ «Թոփուզը» մի կարճ փայտ է, ծայրն արճճէ գնտով եւ ծածկուած՝ խաչերի նման՝ մետաքսէ կտորով։ Երբոր օրհասում գտնուածները չարչարւում են եւ երկարում է նոցա մահը, այդ «թոփուզը» տանում են հիւանդի կրծքի վերայ, որ կամ այս կամ այն կողմը լինի։ Դերձանները բերում, դնում են պահարանի մէջ հիւանդատէրերը։ Երբոր մէկը հիւանդանում է, հիւանդի տէրը դերձանով չափում է հիւանդի հասակը եւ հասակաչափը դերձանը բերում, դաում է պահարանը, ուխտելով որ եթէ հիւանդն առողջանայ, նա նորա հասակով մի կերոն թափել կ՚տայ եւ կ՚վառէ Փրկչի առաջ։ Արծաթէ ոտքերը, ձեռքերը, աչքերը եւ այլն կախում են պահարանում նոքա, որոնց կամ ոտքերը կամ ձեռքերը եւ կամ աչքերն են ցաւում։
       «Ս. Փրկչի» պահարանը, որ ապակեայ դուռ ունի եւ որի առաջ յատակի վերայ դրուած է մի անօթ, միշտ օրհնած ջրով հիւանդների համար, կոչուում է «Ս. Փրկիչ», որովհետեւ նորա ճակատը զարդարում է Փրկչի մեծադիր պատկերը։ Ժողովուրդը մեծ ջերմեռանդութեամբ ուխտ է գալիս պահարանում պահուած սրբութիւններին, խնդրում է «բանալ ս. Փրկիչը», մոմ է վառում, խմում է օրհնած ջրից եւ առատ խաչհամբոյր է տալիս «Փրկիչ բանալու» ծէսը կատարող քահանային։ Ս. Նիկողայոսի ընդարձակ բակի մի մասը բռնուած է հին գերեզմանոցով, մի մասը բաց հրապարակ է եկեղեցու առաջ, մի մասի վերայ էլ գտնուում է նախկին Սանդխտեան դպրոցի գեղեցիկ շինութիւնը։ Հին գերեզմանների մէջ արժանի է ուշադրութեան ազնուական Յովհաննէս Աբրահամեանի գերեզմանը, որ Պետերբուրգ գնացող եւ արտօնութեան հրովարտակ ստացող պատգամաւորներից մէկը եւ Նախիջեւանի հիմնարկութեան հէնց առաջին տարիներում գաղթականների մէջ առաջ եկած մեծամեծ խռովութիւնների ժամանակ «Հակասրբազանական» կամ «Աբրահամեան» կուսակցութեան պարագլուխն է եղել։ Աբրահամեանի գերեզմանը, որ գտնուում է բակի դարպասի աջակողմը, ունի մարմարիոն տապանաքար հետեւեալ ոտանաւոր արձանագրութեամբ.
       Ի սոյն հանգստեան եդաւ տապանի
       Այրըս բազմաշխատ ազնիւ, մեծազգի,
       Իվան Աբրամովիչ սերունդ Հայկազնի,
       Ծնեալ ՚ի Խըրիմ Քէֆէ քաղաքի,
       Ապա ծառայեալ կայսեր հըզօրի,
       Ռուստաց թագուհի Կատարինէի,
       Ստացաւ գաւալեր ըզնշանս խաչի
       Եւ բօտ բօլքովնիկ հազարապետի։
       Յօգնութիւն հասեալ նեղ ժամանակի
       Կառապեալ ազգիս, մնացեալ ՚ի դաշտի,
       Աղերս մատուցեալ կայսերուհւոյն մեծի,
       Շնորհեալ պռիվէլեկ ընդ հրովարտակի,
       Առ հիմնարկութիւն Նոր-Նախիջեւանի
       Եւ ազատութիւն մինչ ցտասն ամի։
       Յորմէ ընկալեալ զխնդիր բարի,
       Հիմնեաց զայս քաղաք յապահով երկրի.
       Աստ բերեալ հանգոյց զազգն ողորմելի,
       Որք վարեալ էին յերկրեն Խրիմի։
       Բազում երախտիս արար իւր ազգի,
       Յիշատակ բարեաց թողեալ յաշխարհի.
       Խա ինքն ծաղկեալ բարեօք աւուրբ լի,
       Հանգեաւ ՛ի Քրիստոս առ յոյսն ամենի։
       Ով որք հանդիպիք սոյն գերեզմանի,
       Ողորմիս ասեք միով հայր մերի։
       Ս. Նիկողայոսի գերեզմանոցում են թաղուած եւ Յարութիւն Խալիբեան ու Մարգար հայրապետն մեծատուն վաճառականները, որոնցից առաջինը 12 տարի շարունակ քաղաքագլխութիւն է արել, Ներսէս կաթուղիկոսի ժամանակ Ս. Էջմիածնի աթոռակալն է եղել եւ Խալիբեան ազգային դպրոցի հիմնադիրը, իսկ երկրորդը «հակախալիբականների» պարագլուխ եւ հանգուցեալ Միքայէլ Նալբանդեանցի մտերիմ բարեկամն ու ընկերն է եղել։ Այս եկեղեցին էլ ունի բաւականաչափ ձեռագիր մատեաններ եւ Ղրիմից բերած եկեղեցական հին սպաներ, որոնք ինչպէս Լուսաւորչինը՝ նուիրուած են «ի դուռն եկեղեցւոյն. զանազան բարեպաշտ մարդկանցից «՛ի յիշատակ», «՛ի բարեխօսութիւն», «՛ի քաւութիւն մեղաց» եւ «՛ի փրկութիւն հոգւոյ»։