Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Զ.
       Գաղթականների Ռուսաստանի սահմաններն ոտ կոխելուն պէս, սկսուում են նոցա նեղութիւնները։ Նոքա նեղուում են ցրտաշունչ քամիներից, աշնան անձրեւներից, որովհետեւ ցրտերն արդէն սկսուել էին, իսկ գաղթականներն անծանօթ լինելով Ռուսաստանի կլիմային, դուրս էին եկել Ղրիմից իւրեանց ամառուայ թեթեւ զգեստներով։ Ճիշդ է, Ազովի նահանգապետը եւ գաղթականութեան գլուխ կանգնած միւս գործակալները շտապում են արքունի ծախսով տաք վերնազգեստներ ու մուշտակներ բաժանել չքաւորներին, բայց ո՞ր մէկին եւ ո՞րքան պէտք է բաժանէին, որ կարողանային գաղթականների այդ կարօտութիւնը լրացնել, հարուստների թիւը շատ քիչ էր, մեծամասնութիւնը չքաւոր էր։ Բացի դորանից, գաղթականներին հարկաւոր էր հանգստութիւն, տաք անկիւն, որ նոքա, ՚ի հարկէ, չէին կարող ունենալ քանի որ պէտք է շարունակ ճանապարհ գնային, մինչեւ որ հասնէին նշանակուած տեղերը։
       Այդպիսի հանգամանքներում նոքա ճանապարհորդում էին եւ անձրեւի տակ, ենթարկուում էին եւ ցրտին եւ դառնաշունչ հողմերին, ստիպուած էին լինում քնել յաճախակի բացօդեայ կամ բարակ վրանների տակ, ուրեմն ինչ տաք զգեստ կարող էր օգնել նոցա, եթէ մինչեւ անգամ բոլորեքեան եւս ունենային, բոլորեքեան եւս տաք հանդերձներ ստանային տէրութիւնից, նամանաւանդ ցաւալի էր մանուկների, կանանց, ծերունիների, հիւանդների եւ անկարողների դրութիւնը. նոքա չ՚կարողանալով դիմանալ անսովոր կլիմային, երկար ճանապարհի դժուարութիւններին, զրկուած լինելով տաք, սննդարար կերակուրներից, հարիւրներով մեռնում էին եւ իւրեանց գերեզմանների անշուք թմբիկներով զարդարում էին այն ընդարձակ, միատեսակ, ձանձրալի փոշոտ դաշտավայրը, որ ձգուում է Պերեկոպի պարանոցից մինչեւ Դնեպր գետի Սամարա եւ Օրիօլ ճիւղերը եւ որի միջով յամրաքայլ շարժուում էին Ղրիմի «մաջառ-արաբները» եւ նահանգապետի ուղարկած ռուսական սայլերը, որոնց վերայ բարձուած էին գաղթականների բոլոր շարժական գոյքը, եկեղեցիների սուրբ սպասները, անօթները, զգեստները, պատկերները եւ մինչեւ անգամ խաչքարերը եւ եկեղեցիների հին դռները։
       Ի մեծ զարմանս գաղթականների երբ նոքա հետզհետէ տեղ են հասնում, կարելի չեն համարում տալ նոցա Դնեպր, Սամարա եւ Օրիօլ գետերի մէջ գտնուած տարածութիւնը, որ տեսել եւ հաւանել էին նոցա պատգամաւորները եւ որ, ինչպէս ասացինք, խոստացուած էր նոցա, որովհետեւ այդ տեղերը մասամբ արդէն վաղուց բռնուած էին. մասամբ էլ բռնուելու վերայ էին արքունի եւ կալուածատիրական գիւղացիների բնակութեամբ կարելի չեն համարում տալ նոցա եւ Եկատերինասլաւն իւր գաւառով, որ խնդրում էին գաղթականները, ցանկալով մօտ լինել Դնեպրին, որ կարողանան օգտուել գետի ընձեռած առեւտրական գործողութիւնների յարմարութիւնից եւ ձկնորսութիւնից։
       Գաղթականների բնակութեան համար շատ ընտիր տեղեր կային եւ Դնեպրի ափին Աղեքսանդրեան ամրոցից սկսած դէպի ցած, բայց այդ էլ նահանգապետն անյարմար էր համարում տալու գաղթականներին, որովհետեւ այդ հողերը շատ մօտ էին Ղրիմին։ Կարելի չեն համարում, վերջապէս գաղթականներին բնակեցնել, ձմեռն անցկացնելու համար, Օրիօլ գետի վերայ գտնուած Նովոսելիցա, Կամենկա, Պրոտովչի եւ միւս գիւղերում, ինչպէս ինքեանք գաղթականներն էին ցանկանում եւ ինչպէս որ արդէն խոստացուած էր նոցա, այսինքն այդ գիւղերի բնակիչների երկու տունը մէկ անելով եւ այդպիսով իւրաքանչիւր գիւղում տների կէսը դատարկելով եւ գաղթականներին տալով, այլ առաջարկում են նոցա բնակել նոյն Օրիօլ գետի վերայ գտնուած միւս գիւղերում, ուղղակի ռուս գիւղացիների տներում, որպէս զի նոքա կարողանան առաջին նուագ օգնութիւն ստանալ ռուսներից եւ ընտելանան այն ժողովրդի վարք ու բարքին, լեզուին ու կենցաղավարութեան տարազին, որի հետ նոքա այնուհետեւ պէտք է ապրէին։
       Այսպիսի հանգամանքներում գաղթականներն ընկնում են անելանելի դրութեան մէջ. նոքա ստիպուած են լինում կամ իւրեանց վրաններով թափառել տեղից տեղ ձիւն ձմեռ օր, կամ միմեանցից շատ հեռու ընկած գիւղերում երկու երեք ընտանիք մի տան մէջ ապրել եւ կամ այստեղ ու այնտեղ ժամանակաւոր հիւղեր շինել ու բնակել անտէր, անօգնական, որից ՚ի հարկէ, շատերը հիւանդանում են, շատերն էլ մեռնում են, չենք խօսում արդէն այն անտանելի նեղութիւնների մասին, որ նոքա քաշում են չքաւորութիւնից, աւազակների յարձակումներից ու կողոպտումներից ուրիշ այդպիսի դէպքերում սովորաբար տեղի ունեցող պատահարներից։ Դեռ այս բոլոր բաւական չէր, Պետրոս վարդապետն էլ, որ հայերի միակ խնամակալն էր, միակ ներկայացուցիչն իշխանութեան առաջ, անտանելի նեղութիւններից հիւանդանում է եւ 1779 թուի Յունուարին մեռնում ու թաղուում է «Սամարում», իւր սկսած գործի վերջը չ՚տեսնելով։ Նորան տիրապէս հալ ու մաշ են անում ոչ այնքան ճանապարհի դժուարութիւնը եւ Սամարում քաշած նեղութիւնները, որքան ժողովրդի իրաւացի տրտունջը եւ այն միտքը, թէ ինքն է եղել պատճառ խեղճերին այդ դրութեան։ Գաղթականները մնում են բոլորովին անտէր անտիրական, խեղճ, աղքատացած եւ օտարների մէջ ցրուած։ Դրութիւնը յուսահատական էր, հանգամանքները վհատեցուցիչ։
       Այդ դժուար դրութեան մէջ թշուառ ժողովրդի աչքերը դառնում են դէպի Ռուսաստանի այդ ժամանակուայ Հայոց առաջնորդ Յովսէփ արքեպիսկոպոս Երկայնաբազուկ Արղութեանը, որի մօտ նոքա դեռ Պետրոս վարդապետի կենդանութեան ժամանակ պատգամաւորութիւն էին ուղարկել եւ խնդրել, որ նա գործ դնէ իւր ազդեցութիւնը եւ նպաստէ հրովարտակը փութով ստանալու գործին։ Ճիշդ է, նոքա դեռ Ղրիմից հրովարտակը ստանալու համար պատգամաւոր էին ուղարկել Պետերբուրգ իւրեանց երեւելիներից՝ Փառակեցի Իգնատիոսի որդի մահտեսի Յարութիւնին եւ Փառակեցի Տէր Ոսկանի որդի Կարապետին, բայց նոքա տեղական լեզուին եւ կարգ ու կանոնին անծանօթ լինելով, չէին կարողացել հասնել իւրեանց նպատակին, նամանաւանդ որ պատգամաւորներից մէկն էլ՝ Տէր-Ոսկանի որդի Կարապետը մեռել էր մայրաքաղաքում։
       Նոյն ժամանակ 1779 թուի Ապրիլի 18-ին գաղթականները բողոքախառն խնդրագիր են ուղարկում ժեներալ Սուվորովին եւ իշխան Պատեօմկինին, նկարագրում են նոցա իւրեանց կացութիւնը եւ իւրեանց ցաւերին դեղ ու դարման են հայցում։ Այդ խնդրագրերից, որոնցից առաջինը գրուած է ամբողջ հայ հասարակութեան բերանից, իսկ երկրորդը Կարապետ Ոսկանեան, Սարգիս Մաթվէլեան եւ Յակովբ Օքսենտեան երեւելիների բերանից, երեւում է, որ գաղթականները, բացի նորանից, որ այդ ժամանակները չեն ստանում եղել խոստացուած պաշարեղէնը, ռոճիկը, ցանկացած հողերը, պատրաստի բնակարաններ Ղրիմում թողածի փոխարէն, բացի նորանից, որ նոքա անդադար ենթարկուել են եղել բազմադիմի զրկանքների, որից ունեւորներն անգամ այն տեղն են հասած եղել, որ ողորմութիւն են ժողովում եղել, շատերն էլ չնչին փողերով իւրեանց զաւակներին սորան նորան ծառայութեան տալով եւ թեփ ուտելով են անցկացնում եղել իւրեանց օրերը, վերջապէս, բացի նորանից, որ նոքա ապրելուս են եղել արձակ դաշտում, ենթարկուելով անձրեւի, արեւի եւ եղանակների զանազան փոփոխութիւնների վնասակար ազդեցութեան, որից շատ շատերը մեռնում են եղել, այլ եւ տեղական իշխանութիւնը եւս կամենում է եղել երկրագործներին բաժանել եւ հեռու Տերս գետի ափին բնակեցնել եւ ստիպում է եղել, որ գաղթականները ստորագրութիւն տան, թէ ինքեանք բաւական են իրենց տրուած անփայտ եւ անջրդի հողերից եւ առհասարակ իւրեանց դրութիւնից եւ մինչեւ իսկ արգելում են եղել բարձր իշխանական խնդրագիր կամ որ եւ իցէ թուղթ ուղարկելու։
       Յովսէփ արքեպիսկոպոսի մօտ ուղարկած պատգամաւորները՝ կապիտան Յւվհաննէս Աբրահամեանը, Փառակեցի Պետրոսի որդի Մկրտիչը, Մահտեսի Դանիէլը եւ միւսները պատահում են առաջնորդին այն ժամանակ, երբ նա Հաշտարխանից դուրս գալով, ճանապարհ էր ընկել գնալու Պետերբուրգ Հայոց եկեղեցին, որի շինութիւնն այդ ժամանակ արդէն վերջացել էր, օծելու։ Պատգամաւորները ներկայացնում են նորան, յայտնում են նորան իւրեանց վիշտն ու ցաւերը եւ խնդրում են նորա աջակցութիւնը հրովարտակը ստանալու համար։ Առաջնորդն ընդունում է նոցա գուրգուրալով, քաջալերում, սիրտ է տալիս եւ խոստանում է նոցա համար անել ամեն բան, ինչ-որ միայն իւր ձեռքից կ՚գայ եւ նոցա իւր հետ առնելով, տանում է Մոսկուա, այնտեղից էլ Պետերբուրգ։ Այդ ժամանակից է իսկապէս սկսուում Յովսէփի Նախիջեւանցւոց հովուելու գործը, որովհետեւ թէեւ տակաւին պաշտօնապէս ոչ կաթուղիկոսից, ոչ էլ տէրութիւնից է յանձնուած լինում նորան գաղթականների հոգսը, բայց նոցա բոլոր կարեւոր գործերը՝ արքունիքի հետ գաղթականների վերաբերութեամբ բանագնացութիւններ անելը, խնդիրներ մատուցանելը եւ հրովարտակ ստանալը նա է կատարում։
       1779 թուի Նոյեմբերի 14- ին պատգամաւորների հետ միասին կայսրուհուն աղերսագիր մատուցանելուց յետոյ վերջապէս, առաջնորդը կարողանում է յաջողեցնել գործը, եւ Պատեօմկինի եւ Յովհաննէս աղա Եղիազարեանի միջնորդութեամբ ստանում է ցանկալի հրովարտակը։ Նա իսկոյն եւ եթ յանձնում է հրովարտակը պատգամաւորներին եւ ուղարկում է նոցա Կատարինասլաւ, պատուիրելով, որ նոքա շտապով ժողովեն լուսաւորչական հայերին եւ տանեն հրովարտակում նոցա համար նշանակուած տեղը, իսկ ինքը մնում է Պետերբուրգում աւարտելու այն գործը, որի համար իսկապէս եկել էր - օծելու նորակառոյց եկեղեցին։ Պատգամաւորները շտապում են կատարել սրբազանի հրամանը. նոքա հասնում են գաղթականների ցրուած տեղերը, հապճեպով ժողովում են լուսաւորչական Հայերին եւ տանում են նոցա դէպի Դօնի ափը։ Չարչարուած, տանջուած ժողովուրդը տեսնելով պատգամաւորներին եւ նոցանից տեղեկանալով հրովարտակի ստացուելու մասին, կարծես մի առժամանակ մոռանում է իւր կրած նեղութիւնները, իւր աղքատութիւնը, տնանկութիւնը. նա խրախուսուում է եւ մի վերջին անգամ էլ ճիգ թափելով հաւաքում է իւր ունեցած-չունեցածը եւ հասնում է այն տեղը, որ կոչուում էր «Ռոստով սրբոյն Դեմեդրի», 1780 թուի Յունուարի 14-ին։ Իսկ կաթոլիկ Հայերը, որոնց թիւը հասնում է եղել 80 տան, առանձին հրովարտակ են ստանում եւ բնակում «՚ի Սամար առ Տնիբէր գետով», Կատարինասլաւ քաղաքի մօտ, որտեղ հրովարտակի զօրութեամբ տրուում է նոցա ընտիր հողեր թէ քաղաքում եւ թէ նորա շրջակայքում։
       Յովսէփ արքեպիսկոպոսը մայրաքաղաքի եկեղեցու օծման շքեղ հանդէսը կատարելուց յետոյ, պատրաստուում է ճանապարհ ընկնել գնալու գաղթականների մօտ եւ հոգալու նոցա քաղաքի հիմնարկութեան, շինութեան եւ կառավարութեան գործերը, որովհետեւ արդէն թէ՛ մարմնաւոր եւ թէ՛ հոգեւոր իշխանութիւններից նորան էր յանձնուել գաղթականների հովուելը։ Այդ մասին արդէն կայսերական հրովարտակ էր հրատարակուել եւ Պատեմօկինի ձեռքով հրաման էր արձակուել Ազովի նահանգապետ Չերտկովին, որ նորեկ հայերը եւս, ինչպէս Ռուսաստանի բոլոր հայերը, պէտք է ենթարկուեն Արղութեանի առաջնորդութեան իրաւասութեան։ Ստացուել էր եւ երջանկայիշատակ Սիմէօն կաթուղիկոսի կոնդակը, որով նա պատուիրում եւ յորդորում էր իւր սիրասուն աշակերտին շտապել, գնալ գաղթականների բնակութեան տեղը եւ ստանձնել նոցա խնամելու գործը։
       1780 թուի Մայիսի 9-ին առաջնորդը Յովհաննէս աղա Լազարեանի հետ ներկայանում է կայսրուհուն եւ թագաժառանգին «Ցարսկի-Սելօ» ամարանոցում. նա շնորհակալութիւն է մատուցանում իրեն շնորհած պարգեւների համար եւ մնաս բարեաւի հրաժեշտը տալով, ճանապարհ է ընկնում դէպի «Ռոստովի Ֆորշտատը», ուր եւ ժամանում է նոյն թուի նոյեմբերի 14-ին եւ ձեռնարկում է հիմնարկելու Նախիջեւան քաղաքը եւ նորա հինգ գիւղերը՝ Մեծ-Սալա, Սուլթան-Սալա, Թոփտի, Չալթիր եւ Նիսուիթայ։
       Տէրութիւնը բոլոր գաղթականութեան գործի վերայ ընդհանրապէս ծախսում է 75029 ռուբլի 92 կ., որի կէսը մօտաւորապէս ծախսուում է Հայերի վերայ, որովհետեւ Հայերն իւրեանց թուի քանակութեամբ կազմում էին համարեա՛ թէ բոլոր գաղթականների կէսը։
       Թէ ի՞նչ առարկաների եւ գաղթականների ո՞ր պիտոյքների վերայ որքան է ծախսուել այդ գումարից, - այդ կարելի է տեսնել հետեւեալ հետաքրքրական «ծախուց-ցուցակից», որ մենք քաղելով Ն. Դուբրովինի պաշտօնական վաւերաթղթերից, դնում են այստեղ։
       Հայադաւանները Նոր-Նախիջեւան քաղաքը եւ նորա գիւղերը հիմնարկելուց յետոյ, մշտապէս բնակութիւն են հաստատում Ռուսաստանում, իսկ կաթոլիկները 12 տարի Կատարինասլաւում մնալուց եւ այդտեղ Ս. Լուսաւորիչ անունով մի փայտաշէն եկեղեցի կառուցանելուց (1781-1782) յետոյ, Յովսէփ արքեպիսկոպոսի միջնորդութեամբ իրաւունքեն ստանում վերադառնալու Ղրիմ եւ վերաբնակելու Կարսու- Բազարում, որտեղից տիրապէս դուրս էին եկել նոքա։ Ճիշդ է, հայադաւանները եւս յուսախաբուելով եւ չհաւանելով իւրեանց նոր բնակութեան տեղերին, հակումն են ցոյց տալիս հետեւելու կաթոլիկների օրինակին եւ մինչեւ իսկ մի երկու ընտանիք փախչում են Կատարինապաւ եւ կաթոլիկների հետ միասին վերադառնում են իւրեանց նախկին բնակութեան տեղերը, բայց չեն յաջորդում, նոքա ստիպուած են լինում իշխանութեան հանած խիստ արգելքների դէմ գլուխ խոնարհեցնել, եւ հետզհետէ ընտելանում են իւրեանց նոր հայրենիքին։
       Ժողովրդի յուսախաբուելը եւ իւր նոր բնակութեան տեղերին չհաւանելը հետեւանք էր մի կողմից նոցա տրուած տեղի անբերիութեան եւ կլիմայական խստութեան, համեմատելով նորան Ղրիմի հետ, միւս կողմից էլ այն միջոցների, որ գործ էին դրել մարմնաւոր եւ հոգեւոր իշխանութիւնները նոցա գաղթեցնելու համար։ Հետաքրքրական է այս դէպքում բուն ժողովրդի կարծիքն իւր գաղթականութեան մասին, որ մենք գտնում ենք մի ձեռագիր հաւաքածուի մէջ, որ գրուած է գաղթականութեան մասնակցող Քէֆէցի Տէր Մարտիրոս Դպիր Աւետիքով քահանայի ձեռքով 1794-1799 թուականներին Նոր-Նախիջեւանի Նիսուիթայ գիւղում, «Թվին ռմիէ ամսեանն յուիսի, ասում է Տէր-Մարտիրոսը, խօսելով գաղթականութեան մասին, մէկէն ըսկըսվեցավ Ղրիմի եղեալ հայք եւ հոռոմք գընալ ՛ի ըռուստաց երկիրն վասն մեծ ծովացեալ մեղացն բարկացեալ էր Աստուած ՛ի վերայ մեր խաբէութեամբ հանեցին քաղաքներէս տուներըս մլքերըս պաղպաղճաներըս բոլորը ձքէցինք մեր կամավըն որդոք դըստերօք ւիրլօք եւ բարեկամօք խաղալ խընդալով մէկ տարի ըռուստաց գիւղ քաղաք մաշեցանք այս բանէս Կատարինէ թագուհին չէր խապար. իրեն մեծամեծքըն ասել են թէ Ղրիմի միջի եղեալ թուրքն բազում նեղութիւն կուտան տիվ գիշեր. թագաւոր ապրած կէնաս քեզմէն ողորմութիւն կուխընդրեն կուհայցեն թէ ըզմեզ այս հողէս վերցընես ՛ի հոդ բերես մենք քեզ ծառայեմք որդոց որդիս, որովհետեւ զիս սիրօվ խընդրել են հրաման է թող խընդիրքն թող հայոց հայցուածքն կատարվի, շատ բան ըլլաւն ետքը եկինք ըռաստովի հողըն. Թէնի (Դօնի մի ճիւղին Չալթրցիները մինչեւ ցայսօր եւս «Թեն» են ասում) քընարն քաղաքի տեղ չաբէցին տըվին մէկ մէկ հատ միրքի (?) դոն պարգեւք արաւ թագուհին 5-ական ըռուպլիանոց որն բադէ որն քէրբիճէ. ոմանք ուժ ունեցողը իւր բողովըն շինեց մինչեւ բճ. ըռուպլիէն բռ. գռ. դռ. ըռուպլիի շինեցին, քաղաքին անունը դրին ՚ի Նորըն Նախիջեւան, առաջնորդ եղեւ մեզի Յովսէփ արքեպիսկոպոսն որոյ Տէր Աստուած տացէ երկար կեանք. Ամէն»։
       Ժողովրդի նոյն յուսախաբութեան եւ գաղթականութեան նոյն տխուր հանգամանքների ազդեցութեան ներքոյ է, գուցէ, գրել Տէր-Մարտիրոսը եւ այն գովասանքը Կաֆա քաղաքի մասին, որ մենք գտնում ենք նոյն ձեռագիր հաւաքածուի բազմաբովանդակ յօդուածների շարքում եւ որի մէջ Քէֆէն ներկայանում է մեզ ինչպէս մի ամեն բանով բարեշէն եւ գեղեցիկ բնակութեան տեղ, հակառակ գաղթականների նոր բնակութեան տեղին, որ այն ժամանակ բոլորովին անշէն եւ ամայի էր։
       Աստուած թող շէն պահէ զԿաֆայ,
       Բոլոր պարիսպն, որ ՚ի նմա կայ.
       Գերահռչակ անուն նորա,
       Աստուած թող շէն պահէ Կաֆայ։
       Դռներն ամուր, ինչ ՚ի նմա,
       Եկեղեցիքն գերակայ,
       Զանգակներուն ձայնն կուգայ,
       Է իւր վանքերն շրջակայ.
       Աստուած թող շէն պահէ Կաֆայ։
       Էպիսկոպոս մեծ եւ արքայ,
       Ընտրեա մաքուր սուրբ քահանայ,
       Թագ պարծանաց յերկրի վերայ.
       Աստուած թող շէն պահէ Կաֆայ։
       Ժամատեղաց նման չիկայ,
       Իւր քահանայքն փիլիսոփայ,
       Լուսոյ մաքուր շատ աբեղայ.
       Աստուած թող շէն պահէ Կաֆայ։
       Խոճանին դեկան կուտայ
       Ծառայ դնեն եւ ազատեն զնա.
       Կարդեն զնա, առնեն տղայ.
       Աստուած թող շէն պահէ Կաֆայ։
       Հայոց տուն է այժմ Կաֆայ,
       Ձայնն ընդհանուր յերկիր կերթայ,
       Ղրիմն ՚ի հետ իւր մերձակայ.
       Աստուած թող շէն պահէ Կաֆայ։
       Ճոխայ ամեն մարդն եւ խնդայ,
       Մանուկ եւ՛ մեծ եւ՛ երեխայ,
       Յերեսնուն լոյս ցայթեալ ցոլայ.
       Աստուած թող շէն պահէ Կաֆայ։
       Նաւն ի ծովին շատ բարեօք գայ,
       Շուրջ վաներօքն ուրախանայ.
       Ըրդիք մարդկան ՚ի յուխտ կերթան.
       Աստուած թող շէն պահէ Կաֆան։
       Չար թշնամին թող վերանայ,
       Պատիւ հայոցս մեծանայ.
       Ջաղջնին իւր քամով շուրջ գայ.
       Աստուած թող շէն պահէ Կաֆայ։
       Ռամիկ մարդիկ իշխանք որ կայ,
       Սարկաւագեր եւ քահանայ
       Վարդապետին հնազանդ կենայ.
       Աստուած թող շէն պահէ Կաֆայ։
       Տիկին կանայք պարկեշտք նոքա,
       Րամեալ մարդկան պարծանք նոքա,
       Ցնծայ ամեն եւ ուրախանայ,
       Աստուած թող շէն պահէ Կաֆայ։
       Հիւանդ հոգով ես ձեզ ծառայ.
       Ճառք Աստուծոյ յերակ ասա՛,
       Մեզ Մարտիրոս Աստուած գթայ.
       Աստուած թող շէն պահէ Կաֆայ։