Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՆՈՐ - ՆԱԽԻՋԵՒԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
       Նախիջեւանն ունի եօթն եկեղեցի։ Դոցանից վեցը ծխական են, իսկ մէկը հանգստարանի, որ թէեւ իւր առանձին ծուխը չունի, բայց քաղաքին շատ մօտ լինելով, համարեա՛ թէ ծխականի հաշուի է, որովհետեւ ունի իւր միաբանութիւնը եւ միւս եկեղեցիների պէս կանոնաւոր ամենօրեայ ժամասացութիւն ու պաշտօնակատարութիւն։ Դորա ծուխը քաղաքի ամբողջ հայ հասարակութիւնն է, երէցփոխն էլ ընտրուում է բոլոր ծխերից։
       Ի սկզբանէ, երբ դեռ հանգստարանի եկեղեցին չի եղել, ծրագրուած է եղել քաղաքում եօթն եկեղեցի շինելու Ղրիմի եկեղեցիների անունով, եւ հէնց այդ նպատակով էլ քաղաքիս հրապարակներից մէկն էլ նշանակուած է եղել այդ եօթներորդ եկեղեցու համար, որ պէտք է կոչուէր «Ս. Կարապետ»։ Բայց երբ շինուել, աւարտուել են վեց եկեղեցիները, ժողովուրդը համոզուել է, որ ժողովրդի բազմութեան նայելով, այդ վեց եկեղեցին աւելի է ու պակաս չէ, ուստի եւ յետաձգուել ու ապագային է թողնուել եօթներորդի շինութիւնը։ Իսկ երբ բարեպաշտ տիկին Ակիւլինէ, Ալաջալեանի ծախսով շինուել է հանգստարանի եկեղեցին Ս. Յովհաննու Կարապետի անունով, իսպառ թողնուել է ծրագրուած եօթներորդ եկեղեցու շինութեան միտքը եւ հրապարակը պարտէզի է վերածուել։
       Ս. ԼՈՒՍԱՒՈՐԻՉ
       * որի չորս կողմը սկզբից, քաղաքի հիմնադրութեան օրից կառուցուել են քաղաքի խանութները, իսկ մէջտեղը մնացած ազատ տեղը նուիրուել է եկեղեցուն իբրեւ խանութներին անպէտք տարածութիւն։
       Ս. Լուսաւորիչը, ինչպէս եւ քաղաքիս միւս եկեղեցիները, հիմնարկել է երջանկայիշատակ Յովսէփ արքեպիսկոպոս Արղութեանը բարեպաշտ ժողովրդի եւ օտար երկրի հայերի օժանդակութեամբ եւ կարգաւորուել է, որ ապագայում դորա բակում շինուին եւ առաջնորդարան եւ՛ ուսումնարան եւ՛ Հոգեւոր-Դատարան, եւ դա լինի առաջնորդանիստ ու մայր-եկեղեցի։ Ս. Լուսաւորիչը միանգամից չի շինուել, առաջ հրապարակի մի անկիւնում շինուել է նորա համար փայտեայ փոքրիկ շինութիւն, յետոյ արդէն հրապարակի մէջտեղը նորա այժմուայ քարեայ շինութիւնը։ Եկեղեցու փայտեայ շինութեան տեղը մինչեւ ցայսօր եւս երեւում է, որովհետեւ նորա սեղանի տեղում հանգուցեալ Յովհաննէս Մարկոսեան Պոպովը շինել է մի վանդակապատ մատռաձեւ շինութիւն, որի գագաթը զարդարում է խաչը, իսկ արեւելեան կողմի երեսը Ս. Լուսաւորչի մեծադիր պատկերը։
       Եկեղեցու քարէ շինութիւնը, որի ծաղկաշատ եւ ծառաշատ բակն այժմ շրջապատուած է մեծածախ երկաթէ վանդակով, շատ երկար է տեւել, որովհետեւ, նախ, նիւթական միջոցների պակասութիւն է եղել, երկրորդ, ջանք է եղել նորան իբրեւ մայր- եկեղեցի աւելի ընդարձակ ու շքեղ կառուցանելու։ Սորա հիմնարկութիւնն եղել է 1783 թուին, իսկ շինութիւնն առաջ է տարուել Ղարասուեցի Փանոսի որդի Գասպարի աշխատանքով, որին Արքեպիսկոպոսը վերակացու է նշանակել շինութեան վերայ։ Այս մասին Սրբազանն իւր ձեռագիր «Դաւթարում» ասում է։ Եւ ՚ի սոյն 1783 թուին Փրկչի եւ ՚ի ռմլբ. Խեպտեմբերի թ. -ին արկաք զհիմն սուրբ Լուսաւորիչ աւագ եկեղեցւոյն, որոյ վերակացու կարգեցաք Ղարասուեցի Փանոսի որդի պրն. Գասպարն, որ յոյժ հաւատարմութեամբ ծառայէր շինութեան»։
       Հիմնարկութեան ժամանակ սեղանի տակը գրուել է շատ անյայտ սրբերի մասունք եւ մի թուղթ հետեւեալ բովանդակութեամբ. «Շնորհօք ամենազօրին Աստուծոյ հիմնեցաւ սբ Լուսաւորիչ եկեղեցիս յամի մարդեղութեան Փրկչին մերոյ Յի. Քի. ՛ի 1783 թուին, եւ հայոց ռմլբ թուին, սեպտեմբերի 9. ՛ի տօնի երեք հարիւր տասն եւ ութ հայրապետացն սբ ժողովուն Նիկու, որ ՛ի բարեկենդան շբթ. օրն սբ. Խաչի։ Ի թագաւորութեն Մեծի Եկատիրինէ երկ. կայսերուհոյն ամ. ռուսաց, որ զազգս մեր ՛ի Ղռիմու հանեալ երեր ՛ի թաթարաց եբեր ՛ի յերկիրս ռուսաց, ՛ի գւռս. Ազովու որ կոչի Ռաստով յորում քղք. շինել. անուանեցաք Նախիջեւան ըս. անուան քղքամօրն աշխրհի. եւ ՛ի վեհագոյն կայսերկն. բարձրւեց. մեծ իշխան Պաւլ Պետրովիչին եւ նորին զուգակից մեծ դշխոյ Մարիա Ֆետորովնին եւ զաւակաց նոցա՝ մեծ իշխան Ալէքսանդր Պաւլովիչին եւ Կոստանդին Պաւլովիչին եւ մեծ Դշխոյ՝ Ալէքսանդրա Պաւլովնային, եւ ՛ի Հայրապետութեան սրբոյ Աթոռոյն Էջմիածնի, տեառն Ղուկաս սրբազան կաթողիկոսին ամենայն Հայոց։ Ձեռամբ սրբոյ Աթոռոյն Էջմիածնի ծայրագոյն նուիրակ, ռուստաց երկրի հայոց Առաջնորդ եւ նոր քաղաքիս Նախիջեւեանայ հիմնադիր, ՛ի Քրիստոս հանգուցեալ Սիմէօն կաթուղիկոսի աշակերտ եւ Սանահնեցի՝ Արղութեանց Ջումենց՝ իշխան Շիօշբեգի որդի Յովսէփ Արք եպիսկոպոս Մեղապարտի՝ որ օծի զհիմունս քաղաքիս եւ եդի ՛ի չորս կողմն-սորին քաղաքիս։ Եւ զհիմն սուրբ Լուսաւորիչ եկեղեցւոյս եդի ՛ի չորս անկիւն սորին՝ երեք երեք քար, յանուն երկոտասան առաքելոցն Քրիստոսի։ Եւ ՛ի ներքոյ սեղանոյն եդի զքարն օծեալ յանուն Փրկչին, ընդ նմին եդի եւ զբազում մասունս սրբոց, բայց անյայտ Վասն զի ՛ի գալն ժողովրդեան մերոյ, ՛ի Ղռիմու ՛ի Սամար եւ ՛ի Կատարինէսլաւ բնակութիւնսն, անդ այրեցեալ էր բոլոր զգեստն եւ անօթն Ղարասու կոչեցեալ քաղաքին, ուստի արծաթեայ պահարանք սրբոց մասանց հալեցեալք էին եւ նշխարք սրբոց ամբողջ մնացեալք սակայն մեզ անյայտ։ Բարւոք համարեցաք աստ ամփոփելն։ Ընդ ամեն օծաք եւ զհիմունս վանիցն որ յանուն Փրկչին եւ սուրբ խաչին։ Ապայն հանդիպօղքդ յիշեցէք զմեզ ծնողօք մերովք»։
       Թէ ե՞րբ եւ վերջացել շինութիւնը եւ օծուել, - մեզ անյայտ է։ Մենք միայն գիտենք, որ 1800 թուի օգոստոսին, երբ երջանկայիշատակ Յովսէփն արդէն ընտրուել էր կաթուղիկոս եւ ճանապարհ էր ընկել գնալու Ս. Էջմիածին, դեռ դորա շինութիւնը պատրաստ չի եղել։ Մեր ձեռքին գտնւում է «Ընտրեալ կաթուղիկոսի » այդ թուին Նախիջեւանում արձակած կոնդակներից մէկը պարոն Աստուածատրի զլավայ պարոն Կարապետ Յովհաննիսեանի, պարոն կարապետ Սահակեանի, պարոն Յարութիւն Տէր-Մկրտչեանի, պարոն Յարութիւն Ղաթրանեանի եւ պարոն Յովհաննէս Սարգսեանի անունով, որի մէջ կաթուղիկոսը դոցա յանձնելով Լուսաւորչի շինութեան աւարտելու գործը, մի քանի կարեւոր կարգադրութիւններ է անում։ Նա հրամայում է նոցա մի առանձին մատեան կազմել եւ շինութեան բոլոր ծախսերը մանրամասնաբար գրել նոցա մէջ, որպէս զի յետոյ հեշտ լինի իմանալ, թէ ո՞րքանով է գլուխ եկել բոլոր շինութիւնը, նա յորդորում է նոցա աշխատել այդ բարեպաշտութեան գործի համար եւ ուրիշներին եւս համոզել նուիրաբերութիւն անել, նա խոստանում է յանձնել նոցա իւր ձեռքում գտնուած վեց ոսկէ խաչերը եւ այլ կոտրատուած արծաթեղէնը, պատուիրելով հալել նոցա, ծախել եւ գոյացած գումարը գործ դնել շինութեան վերայ, մինչեւ որ ինքը կարողանայ հաւաքել եւ հասցնել նոցա եկեղեցու կառուցման եւ աւարտման համար հարկաւոր բոլոր փողը։ Նախիջեւանցիք, չգետենք ինչ վաւերաթղթի հիման վերայ, ասում են, թէ եկեղեցու շինութիւնը վերջացել ու օծուել է 1807 թուին։
       Եկեղեցու շինութեան ոճը, ինչպէս եւ միւս եկեղեցիները, ռուսական-բիւզանդական է, եւ ներսից ու դրսից պատերը զարդարուած են Ղրիմից բերած խաչաքարերով, որոնց վերայ գրուած արձանագրութիւնները յիշատակ են եւ բարեխօս զանազան բարեպաշտ մարդկանց։ Եկեղեցին ունի երեք դուռն՝ արեւմտեան, հարաւային եւ հիւսիսային։ Արեւմտեան դրան ձախ կողմը ներսից պատի մէջ հաղցրած է մի փոքրիկ խաչքար, որի վերայ փորագրուած է «Յիշատակ է սուրբ նշանքս Յովհաննէս եպիսկոպոսին փեսին պարոն Իւսուֆին եւ իւր ծնողացն եւ կենակցին Եղիսաբեթին որ փոխեցան առ Քրիստոս թվ. պղա. (891-1442) Յովհաննէս եպիսկոպոսին է այս»։
       Հարաւային դրան աջ կողմը դրսից կայ մի խաչքար, որ ունի հետեւեալ արձանագրութիւնը. «Սուրբ նշանքս բարեխօս է Ստաթ խաթին եւ Բաղտատ խաթնի եւ իւրեանց մօրն Սուվունչ մելիքին թվ Ջ. (900-1451) Յունվարի ե»։
       Հիւսիսային դրան ձախակողմը դրսից գտնւում է մի խաչքար, որի վերայ փորագրուած է. «Յիշ. խուրբ նշանքս Ահրոն քահանային եւ Տոնիկին եւ Ներսեսին եւ կողակցին Մարթայ խաթունին եւ իւր որդուն Յովհաննէսին թվ ջլ. (930-1481) Ձեռամբ Հարակոբին»։
       Բեմի ճակատին հագցրած է մի նուրբ քանդակուած խաչքար, որի վերայ կարդացուում է. «Սբ նշանքս բարեխաւս է Սիմեօն քահնին եւ իր երեցկնոջն Էմին մելքն եւ իւրեանց ծնող(ացն) թվ ջժգ (913-1464) Ձեռամբ Ք. Սիմեօնին»։
       Եկեղեցին ներսից իւղաներկ է, իսկ չորս հաստամարմին սիւները, որոնք բռնում են մեծ դռնից սիւնազարդ գմբէթը, մաքուր բռած են գունաւոր մարմարիոնի ձեւով ու նմանութեամբ։ Բեմը շատ ցած է, ունի վերնատուն, մի սեղան փոքր եւ մեծ վարագոյրներով, ոսկեզօծ փառաւոր խաչկալով եւ երկու կողմը մի մի խորան , որոնց չգիտենք ինչ պատճառով։ Նախիջեւանցիք «մատուռ» անունն են տալիս։ Յատակը մաքուր «պառքէ» է, պատերը զարդարած բազմաթիւ պատկերներով, որոնցից մի մասն ոսկէզօծ արծաթապատ շրջանակների մէջ առած, կախուած են պատերից ու սիւներից, միւս մասն ուղղակի նըկարուած են իւղաներկ պատերի, սիւների խոյակների եւ գմբէթի վերայ։
       Դրսից մաքուր սպիտակացրած է եւ դարձեալ զարդարուած պատկերներով, որոնք նկարուած են թիթեղների վերայ եւ կպցրած դռների ճակատին եւ գմբէթի վերայ սիւների մէջ։
       Արեւմտեան դրան առաջ շինուած է փոքրիկ գաւիթ «պառքէ» յատակով եւ իւղաներկ պատերով, որի վերայ բարձրանում է ռուսական ոճի յատկանիշ եռայարկ բարձր զանգակատունը քաղաքային մեծ ժամացոյցով։ Թէ գմբէթի եւ թէ զանգակատան գլուխներն ոսկեզօծ են եւ զարդարուած ոսկեզօծ բարձր խաչերով, իսկ հարաւային եւ հիւսիսային դռներն իւրեանց առաջ ունին սիւնազարդ, որ մի առանձին գեղեցկութիւն է տալիս ամբողջ շինուածքին։
       Եկեղեցուն այժմ պատկանում է ոչ բոլոր «ժամի ազբարը» այլ միայն նորա այն մասը, որ շրջապատուած է վանդակապատով, որովհետեւ քաղաքն եկեղեցու հարաւային եւ հիւսիսային կողմերից փողոցներ անցկացնելով, սեփականացրել է իրեն, չգիտենք ինչ իրաւունքով. «ժամի ազպարի» մեծ մասը եւ քաղաքային «սկվերներ» է շինել, այնպէս որ մինչեւ անգամ նախկին փայտեայ եկեղեցաւ սեղանի տեղում շինուած վերոյիշեալ մատուռը եւս ներկայումս մնացել է հիւսիսային «սկվերի» մէջ բուն եկեղեցուց բաւականին հեռու։ Եկեղեցու բակում ներկայումս չկան ոչ թէ միայն Յովսէփ արքեպիսկոպոսի ծրագրած Առաջնորդարանը, Հոգեւոր Դատարանը եւ Լուսաւորչեան դպրոցը, այլ եւ ոչ մի շինութիւն, բացի մի փոխրիկ փայտեայ կրպակից, որ մոմ է բաշխում քաղաքի եւ գիւղերի բոլոր հայ եկեղեցիներին։
       Գաւթի պատերի մէջ եկեղեցու արեւմտեան դրան աջ ու ձախ կողմը կանգնեցրած են երկու մեծ խաչքար, որոնցից մէկի աջակողմեանի վերայ փորագրուած է. «Կանգնեցաւ սբ խաչս պր Յովակիմին եւ կենակցին Մարիամին եւ զաւակացն Մինասին, Խասպէքին եւ ծնօթացն Ածատրին եւ Եաղուբին եւ եղբարցն Լոյսպարոնին եւ Խաչերեսին եւ Նիկողայոսին եւ Լուսեղէնին եւ այլ զարմից. Ձեռամբ Մարգար գրչի թվին ռճկը (1162-1713)»։ Իսկ միւս ձախակողմեան վերայ փորագրուած է. «Կանգնեցաւ սբ նշանս ՚ի բարեխաւսութիւն պր. Սիմէօնին եւ հայրն (հօրն) պր. Սիրամիրին, մօրն մելիք խթին եւ կողակցին եւ զաւակացն, թվ. պձ (380-1431), Ձեռագործ է Սիմէօն վարդապետին. Յիշ. է քարխանաճի Սիմէին։ Յունվարի ժէ»։
       Նոյն գաւթի մէջ մուտքի աջ ու ձախ կողմը պատերի մէջ դէմուդէմ հագցրած են երկու մեծ մարմարիոն քարեր, որոնցից մէկի վերայ փորագրուած է հետեւեալ հետաքրքրական արձանագրութիւնը. «Դպրատունս այս եւ ուսումնարանս կանգնեցաւ յանուն սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, արդեամբ Ջուղայեցի գերապայծառ իշխան աղա Յօհանջանին յանջնջելի իւր եւ կենակցոյն հանգուցեալ Գիւլիստան տիկնոջն, պապուն, Գերաք աղային, հանուն թագուհի տիկնոջն եւ դստերացն եւ ամենայն ազգայնոցն. յամի Փրկչին 1790»։ Իսկ միւսի վերայ փորագրուած է հետեւեալ դրուատը
       Յօրինուած պայծառ յարկիս նորասքանչ,
       Արամեանց ծագեալ ջինջ արփւոյն ճաճանչ,
       Ուշիմ Յօհանջանու, իշխան քաջալանջ,
       Րամին Գերաքեան պարծանք իսկաքանջ
       Վեհափառ դպրոց գիտնոց ՚ի կաճառ,
       Հաւատոց ամրոց, շնորհաց վաճառ
       Սուլեալ Հայկազանց հրաւիրման ճառ,
       Դասուց որս մանկանց դահեակ անաչառ
       Եւ յոյս, խրախոյս Ասքանազեան փունջ
       Երջանիկս բաշխոյս ձօնել համաշունչ
       Փողեա՛ ՚ի հռչակ հրճուանօք աննինջ,
       Տենչալի վիճակ երախտեացս անջինջ։
       Ս. Լուսաւորիչն ունի մեծաքանակ մեծագին զգեստներ, եկեղեցական թանկագին սպասներ ու զարդեր եւ երկու մասունք՝ Ս. Լուսաւորչի եւ կենաց փայտի։ Առաջինը մի արծաթեայ ոսկեզօծ մատները խաչակնքելու ձեւով շինած եւ մատին եպիսկոպոսական մատանի հագցրած աջ է, որի մէջ ներփակած է մասունքը, իսկ երկրորդը կենաց փայտի մասն է, արծաթի մէջ առած եւ խաչի ձեւով շինած։ Բացի սոցանից եկեղեցին ունի եւ շատ ձեռագիր մատեաններ, որոնցից ութը միայն արծաթապատ աւետարան են, եւ բազմաթիւ հին, այժմ անգործածելի, Ղրիմից բերուած խաչեր, վակասներ բուրվառներ եւ ուրիշ այսպիսի եկեղեցական սպասներ։
       Ս. Լուսաւորիչ եկեղեցու առաջ բարձրանում է Եկատերինէ Բ. կայսրուհու շքեղ արձանը, որ 1893 թուին կանգնեցրել է քաղաքի հայ հասարակութիւնն ՚ի նշան իւր երախտագիտութեան։ Արձանը ձուլածոյ է, կանգնեցրած յղկուած ու ապակու պէս փայլեցրած որձաքար գեղեցիկ պատուանդանի վերայ, որի մի կողմում ուռուցիկ ձեւով քանդակուած է Յովսէփ Արղութեանի վեղարազարդ գլուխը, միւս կողմում քարաքի նշանը եւ հիմնարկութեան թուականը, իսկ երրորդ եւ չորրորդ կողմերում գտնուում են ռուսերէն ոսկետառ արձանագրութիւններ։ Պատուանդանի եկեղեցու դէմ ու դէմ գտնուած երեսի վերայ գրուած է. «Աղէքսանդր Գ. կայսեր թագաւորութեան ժամանակ 1893 թուին», իսկ հակառակ, դէպի մեծ փողոցը գտնուած երեսի վերայ - «Եկատարինէ Բ. կայսրուհուն երախտապարտ Հայերը»։