Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Մահ ե ւ յուղարկաւորութիւն
       Երբոր Նախիջեւանում մէկը մեռնում է, սովորաբար ասում են, թէ այս ինչ մարդը «Դուն շատ ապրիս է եղել» մի ոճ, որ առաջ է եկել այն հանգամանքից, որ հանգուցեալի տիրոջ մխիթարելու համար, առհասարակ ասում են. «Դուն շատ ապրիս», ուրեմն եւ կազմուել է ճնշտ այնպէս, ինչպէս «Աչքի լուս է եղել» ոճը։
       Քաղաքում շատ հեշտութեամբ կարելի է իմանալ, թէ ո՞վ է մեռնողը-այր-մարդ, թէ կին-մարդ, որովհետեւ նախ եթէ ոչ բոլոր մեռնողների, գոնէ, շատ շատերի համար սովորաբար քաշուում է մայր-եկեղեցու զոյգ-զանգակը, երկրորդը այր-մարդու համար առաջ քաշուում է մեծ զանգակը, յետոյ փոքրը, կին-մարդու համար-ընդհակառակը։
       Մեռեալն իսկոյն եկեղեցի չի տարուում, ինչպէս շատ տեղեր, այլ բոլոր ժամանակ, որ տեւում է 2-3 օր, պահուում է տանը եւ միայն թաղման կարգը կատարելու համար տարուում է եկեղեցի. », որտեղից ուղղակի յուղարկաւորում է հանգստարանը։ Իսկ եթէ այնպէս է պատահում, որ տանը պահելու յարմարութիւն չի լինում, սովորաբար մեռեալը տարուում է հանգստարանի եկեղեցին եւ այնտեղ մնում է որոշեալ ժամանակը, որովհետեւ միւս եկեղեցիներում հանգուցեալ դնել-պահելը գեղեցիկ կարգադրութեամբ խստիւ արգելուած է։
       Ամբիծը կամ, ինչպէս Նախիջեւանցիք ասում են, «համբիծը» անխախտ կերպով շարունակուում է մեռնելու օրից մինչեւ կիւրակնամուտը - «կիրամուտքը» ամեն երեկոյ առաջ մեռեալի վերայ, քանի օր նա թաղուած չի, յետոյ մեռեալի տանը։ Մեռեալի վերայ հին հայկական սովորութեամբ սաստիկ լացուկոծ անելն այստեղ էլ պահպանուել է, միայն վերջացել է երախառն ողբասացութիւնը, որ այնքան տարածուած է Հայաստանում եւ ուրիշ հայաբնակ տեղերում։ Սուգ անելու համար, քանի որ մեռեալը տանն է, դագաղի մօտ դրուում են աթոռներ ու նստարաններ, որ շարքով եւ հանգուցեալին ազգակցական մերձաւորութեան կարգով բռնում են կանայք։ Հանգուցեալի ամեն մի մօտ ծանօթի ու բարեկամի գալու միջոցին սգուորները նորոգում են իւրեանց սուգը, բարձրացնելով ձայները, ձեռքերը խփելով դագաղի սեղանին եւ հրաւիրելով նորեկին ականատես լինելու իւրեանց եւ իւրեանց բարեկամի անբախտութեան։ Իսկ երկուորների թիւը խիստ շատ է լինում, որովհետեւ հանգուցեալի համարեա՛ թէ բոլոր ազգականները, ծանօթներն ու բարեկամները, հայկական հնաւանդ գեղեցիկ սովորութեամբ, իւրեանց սեպուհ պարտականութիւնն են համարում լինել մեռելի տանը, ներկայ գտնուել ամբիծներին, սիրտ տալ, մխիթարել հանգուցեալի մերձաւորներին, որ, չգիտենք ի՞նչու համար, կոչուում է «կարամուտ տալ»։
       Սուգը շարունակուում է եւ եկեղեցում ու գերեզմանատանը թաղման կարգը կատարելու ժամանակ, որովհետեւ այս կողմերում կանայք էլ յուղարկաւորում են հանգուցեալին եւ ներկայ գտնուում թաղման տխուր հանդիսին։ Եկեղեցում էլ հանգուցեալի կարգը կատարելու ժամանակ ամենամօտ ազգականների համար դագաղի մօտ մի առանձին նստարան է դրուում եւ սգուոր կանայք ոտից ցգլուխ սեւաւորուած բազմում են այդ նստարանի վերայ, անդադար լաց լինելով, հառաչելով եւ յաճախակի խանգարելով ժամասացութիւնը։
       Յուղարկաւորութիւնը կատարուում է հայկական յուղարկաւորութիւններին յատուկ շքեղութեամբ ու փառաւորութեամբ, նայելով հանգուցեալի հասարակական դրութեան եւ նիւթական կարողութեան։ Հարուստները համարեա՛ թէ միշտ վարձում են շքեղ դիակառքեր թաղման պրոցեսսիոններին յատուկ բոլոր պարագաներով՝ ձիաւոր եւ հետեւակ յուղարկաւորողներով, լուցեալ դամբարաններով, պսակատարներով եւ նուագածուներով։
       Յուղարկաւորութեան ժամանակ ամեն ոք ճանապարհի վերայ գտնուած տներում պէտք է ոտքի կանգնի, մինչեւ իսկ մանուկների օրօրոցները պէտք է բարձր տեղ դրուեն, որովհետեւ կարող են «մեռելկոխ» լինել։ Մեռելկոխ կարող են լինել եւ նոքա, որոնք շատ լաց են լինում մեռեալի վերայ, ուստի եւ նոցա հանգստացնելու, մեռեալից հովացնելու եւ այդպիսով մեռելկոխ լինելուց էլ ազատելու համար, պէտք է գերեզմանի հողից մի բուռն ածել նոցա կռնակի օձիքի տակից։
       Հանգուցեալների թաղման կարգը կատարելու ժամանակ «գանձ» ասելու սովորութիւնն այստեղ էլ կայ. սովորաբար ասում են «Յոյս իմ» գանձը, այն էլ, ՚ի հարկէ, գլխաւորապէս հարուստների վերայ։
       «Այգը» միշտ կատարուում է թաղման կարգի հետ միասին, իսկ «եօթն»-ն երբեմն միասին, երբեմն էլ, եւ աւելի յաճախ, առանձին։ Միասին կատարելու դէպքում կարգը կատարող քահանան միշտ այդ մասին յայտնում է հանգուցեալի տիրոջ, ասելով «Կիրամուտքն ալ եղաւ»։
       Թաղումն առանց հոգեհացի կամ մեռելահացի չի լինում, նախապէս գերեզմանի վերայ քաղաքում բաժանուում է մի մի կտոր «տորթ» եւ մի մի գաւաթ օղի, յետոյ ամենքը հրաւիրուում են մեռելատունը հոգեհացի. որից յետոյ ամեն մէկին տրուում է մի մի գաթայ, որ իւրեանց հետ տուն են տանում։ Թաղման գաթան, որ մի միջին մեծութեամբ հաստ կլորակ ուռուցիկ հաց է, պատրաստուում է մաստակախառն խմորից եւ խորսխից։ Եօթն եւ քառասունքը կատարուում են սովորաբար մասնաւոր կերպով, իսկ տարին դարձեալ ընդհանուր կերպով, ինչպէս թաղման հոգեհացը։ Բացի սովորական գերեզմանօրհնէներից, ունեւոր մարդիկ սովորութիւն ունին տարին մի անգամ պատարագ անել տալու իւրեանց մեռեալների հոգուն, եւ այդ առթիւ հաց են տալիս աղքատներին։ Այդ տեսակ պատարագները կոչուում են «ժամ պատարագ»։
       Նախիջեւանցիք էլ միւս Հայերի պէս սիրում են շքեղ շիրիմներ կանգնեցնել իւրեանց ննջեցեալների վերայ եւ զանազան սրտառուչ արձակ եւ ոտանաւոր տապանագրեր փորագրել տալ նոցա վերայ, անպատճառ երկու լեզուով-հայերէն եւ ռուսերէն։ Պատահում են եւ աշխարհաբառ տապանագրեր։ Զուրկ չէ հետաքրքրութիւնից հետեւեալ աշխարհաբառ տապանագիրը, որ մենք արտագրում ենք Ս. Նիկողայոսի հանգստարանի գերեզմաններից մէկի վերայից։
       Երբեմն մարդ էի ես ձեզի պէս,
       Այժըմըս եղայ ես հողի պէս,
       Ես չի պիտ ըլլամ ձեզի պէս,
       Դուք պիտի ըլլաք ինձի պէս