Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Գ.
       Կաֆայի եւ առհասարակ Ջանովացւոց բոլոր կալուածների բարգաւաճման եւ ծաղկելուն նամանաւանդ նպաստում են նոր Ղրիմ եկած Հայերը։ Նոքա Ջանովացւոց իշխանի հետ կապած իւրեանց պայմանի համաձայն նախապէս բնակութիւն են հաստատում Ֆրանկ- Հիսանրում, Կագարաթում, Սուրխաթում եւ դոցա շրջակայքում, յետոյ բազմանալով, տարածուում են եւ լցնում են այն բոլոր տարածութիւնը, որ գտնուում էր Ղարապազարի, Սուրխաթի եւ Կաֆայի մէջ։ Թէ որքան է լինում Հայերի թիւը Ղրիմի թերակղզում մեծ գաղթականութիւնից յետոյ - մենք դժուարանում ենք ճշդիւ որոշել։ Յամենայն դէպս կարող ենք ասել, թէ Հայերն այդ ժամանակները մի պատկառելի թիւ են կազմել միւս բոլոր Ղրիմաբնակ ազգերի մէջ, որովհետեւ հենց այդ ժամանակներն է եղել, որ Ղրիմի ծովափնեայ մասը սկսուել է օտարներից Հայաստան կամ ծովային Հայաստան կոչուել։ Յիշատակարանի ասելով, գաղթական հայերը շինում են Ղրիմում հարիւր հազար տուն եւ շատ զօրանում ու բազմանում են։ Եթէ միայն Յիշատակարանի հեղինակը «հարիւր հազար» թիւը չի գործածում իբրեւ անորոշ մեծութիւն ցոյց տուող մի թիւ եւ տուն ասելով հասկանում է այնպէս, ինչպէս այժմ մենք ենք հասկանում, կարելի է ուրեմն ամենայն ճշտութեամբ այդ ժամանակուայ Ղրիմաբնակ Հայերի թիւը հաշուել 5 հարիւր հազար հոգուց ոչ պակաս։ Չ՚պէտք է մոռանալ այն հանգամանքը, որ հինգ հոգի թիւը, որ առհասարակ մի միջին թիւ է համարւում ամեն մի տան համար, շատ էլ չի յարմարուում հայերի տուն կամ ընտանիքին, որովհետեւ, ինչպէս յայտնի է, Հայոց տները չեն սիրում բաժանուել եւ այդ պատճառով էլ շատ բազմամարդ են լինում։
       Հայերը մի կողմից իւրեանց յատուկ աշխատասիրութեամբ, աչքաբացութեամբ եւ ընդունակութեամբ, միւս կողմից էլ երկրի բարեբերութեան եւ առեւտրական գործերի յարմարութեան շնորհիւ շատ շուտով մոռանում են իւրեանց հայրենիքից գաղթելու եւ թաթարների մէջ ապրելու ժամանակամիջոցում քաշած նեղութիւնները, նոքա կարճ միջոցում բարւոքում են իւրեանց կեանքը, հարստանում են, ծաղկում են, կամ, ինչպէս ասում է Յիշատակարանը, զօրանում են։ Նամանաւանդ շատ առաջ է գնում առեւտրական դասակարգը, յաջող հանգամանքներից օգտուելով եւ նաւահանգիստների ու առեւտրական շուկաների գործերի մեծամասնութիւնն իւր ձեռքը ձգելով։ Հայ վաճառականները յաջողութեամբ մրցում են իտալացիների հետ եւ իւրեանց ճարպկութեամբ եւ հմտութեամբ պատուաւոր տեղ են գրաւում թէ Ջանովացի իշխանաւորների առաջ եւ թէ ընդհանրապէս բոլոր ազգաբնակութեան մէջ։ Նոքա վաճառում են իտալական եւ գերմանական գոյնզգոյն մահուդներ, անկուածներ, ապակի, գինի, մարգարիտ, կարմիր կաշի եւ ձեռք են բերում թաթարներից մեծ քանակութեամբ գոհարեղէն եւ ոսկի, որ նոքա կողոպտել ու յափշտակել էին Հնդկաստանում, Չինաստանում եւ Պարսկաստանում։
       Նիւթական բարգաւաճման հետ զուգընթացաբար առաջ է գնում եւ հայերի մտաւոր զարգացումը։ Նորա շինում են բազմաթիւ եկեղեցիներ, վանքեր ու մատուռներ, որոնցից որը կանգուն, որը կիսակործան, որն էլ իսպառ աւերուած մինչեւ ցայսօր դեռ երեւում են հետաքրքիր ճանապարհորդի աչքին, եթէ նա անցնում է Թէոդոսիայի արեւելեան կողմից լեռների վերայով մինչեւ Էսկի- Ղրիմ եւ Ղաբասու։ Յիշատակարանն ասու է, թէ գաղթականների կառուցած եկեղեցիների թիւը եղել է հազար. թէ ինչու անպատճառ հազար - մենք չ՚գիտենք, կարելի է Յիշատակարանի հեղինակը կամեցել է Անեցի գաղթականների շինարարութիւնը նմանեցնել Անի քաղաքին, որ ինչպէս ասում է աւանդութիւնը, ունեցել է հազար ու մի եկեղեցի։ Բայց մենք կարծում ենք, թէ ճշմարիտ որ Ղրիմի Հայերը խիստ շատ եկեղեցի են շինել. միայն Կաֆան ունեցել է 45 եկեղեցի, ինչպէս ցոյց են տալիս եկեղեցիների այժմուայ բազմաթիւ աւերակները եւ տեղերը եւ ինչպէս պատմում է յայտնի «Քէֆէ քաղաք ծովահայեաց» երգը, որի մէջ յիշուում են 24 եկեղեցու անուն, որոնք դեռ շէն ու զարդարուած են եղել մինչեւ անցեալ դարի վերջերը։ Այս բոլոր եկեղեցիները, վանքերը եւ մատուռները զարդարուած են եղել թանկագին ոսկէ եւ արծաթէ սպասներով, մետաքսեայ, բեհեզեայ, եկեղեցական զգեստներով, վարագոյներով ու փռուածքով ականակուռ խաչերով, սաղաւարդներով ու վակասներով։ Տաճարների պատերի մէջ դրսից ու ներսից հագցրած են եղել բազմաթիւ որձաքար եւ մարմարիոնեայ խաչքարեր նուրբ քանդակներով ու արձանագրութեամբ, որոնց շինելու, քանդակելու ու փորագրելու դժուար արհեստը գաղթականները բերած են եղել հայրենիքից։ Եկեղեցիներից նամանաւանդ նշանաւոր է եղել Թէոդոսիոյ Ս. Սարգիսը, որ եղել է «աթոռակալ» կամ մայրեկեղեցի, իսկ վանքերից՝ Ս. Նշանը կամ Ս. Խաչը, որտեղ նստել են ղրիմաբնակ հայերի առաջնորդները եւ ամբողջ հինգ հարիւր տարի կառավարել են հայոց այդ հեռաւոր թեմը։ Բոլոր հին շինութիւնները՝ վանքերը, եկեղեցիները, մատուռները եւ աղբիւրների աւազանները շինուած են եղել հայկական ոճով ու ճաշակով եւ զարդարուած են եղել քանդակագործ փայտեայ ամուր դռներով, որոնցից շատերը գաղթականները շատ ուրիշ եկեղեցական զարդերի ու սպասների հետ միասին բերած են եղել Հայաստանից։
       Ղրիմաբնակ Հայերն ունեցել են բազմաթիւ հոգւորական դաս կուսակրօն եւ ամուսնացել, որոնք դատարկաձեռն չեն անցկացրել իւրեանց օրերը։ Նոքա ամուր կապ են պահպանել Մայր-Աթոռի հետ, հոգացել են գաղթականների մտաւոր եւ բարոյական կրթութեան վերայ, իւրեանց խցերը դպրոց դարձնելով ժողովրդի մատաղ սերնդի կրթութեան համար, իսկ գիտնական աբեղաները «հողէ տներ» են շինել եւ իւրեանց կեանքն անց են կացրել, մագաղաթ պատրաստելով եւ թանկագին ձեռագրեր արտադրելով «ընդ հովանեաւ» բազմաթիւ վանքերի ու եկեղեցիների, որոնք շինուած են եղել սիրելի հայրենիքի եկեղեցիների ու վանքերի անուններով։
       Առաջին անգամ Ղրիմի լուսաւորչեան հօտը պառակտուել է 1438 թուին։ Հռոմի պապերն օգտուելով այն հանգամանքից, որ Ղրիմի մի մասին իշխում են կաթոլիկ Ջանովացիք, հաստատում են 1320 թուին եպիսկոպոսական աթոռ Կաֆայում եւ ապա սկսում են ուղերկել ճիզուիթեան կարգի աբեղաներ քարոզչութեան։ Ճիզուիթները նախապէս իւրեանց նպատակ են դնում քրիստոնեայ դարձնել թաթարներին, բայց երբ այդ նոցա չի յաջողում, նոքա իւրեանց քարոզչական գործունէութիւնը փոխադրում են հայաբնակ տեղերը, օգտուելով իւրեանց աթոռակալ եպիսկոպոսի իշխանութիւնից եւ վայելելով Ջանովացւոց իշխանի հովանաւորութիւնը։ Սակայն հեշտ չէր եւ հայերին կաթոլիկ դարձնելը. նոցա հոգեւորականութիւնն արթուն էր, ինքը ժողովուրդն էլ սիրով եւ ամուր կապերով կապուած էր իւր հարազատ եկեղեցու հետ։ Հարկաւորում էր մի երկար եւ յամառ մաքառումն, որի մէջ մեծ դեր է կատարում մարմնաւոր իշխանութեան ճնշումն, մինչեւ որ կաթոլիկները կարողանում են հասնել իւրեանց նպատակին։ Ժամանակի կոսուլ Պուալօ Իմպերիալէն սկսում է զօրեղ կերպով իւր ազդեցութիւնը բանեցնել վիճակաւորի եւ հայ հարուստ դասակարգի ու ազնուականութեան վերայ, սպառնելով, որ եթէ հայերը յամառեն, կ՚զրկուին իւրեանց ունեցած արտօնութիւններից, իրաւունքներից։ Նեղն ընկնելով ու ուրիշ ճար չ՚գտնելով ազատուելու Ջանովացւոց բռնութիւնից, նոքա առաջին նուագ համաձայնում են միայն ընդունել պապի գլխաւորութիւնը, կարծելով, թէ այդ կաթոլիկութիւն ընդունել չի նշանակում։ Ճիզուիթները շատ զգուշութեամբ են վարուում, նոքա, նախ, մուտ են գործում հայոց եկեղեցիները, յետոյ հետզհետէ սկսում են փոփոխել լուսաւորչական եկեղեցու ծէսերը եւ, վերջապէս, բանն այն տեղն են հասցնում, որ սկսում են լատիներէն աւետարան կարդալ եւ առհասարակ լատիներէն ժամասացութիւն էլ կատարել։ Միով բանիւ գործն այնպիսի խոհեմութեամբ ու Ղտակտով» է առաջ տարուում, որ հայ ժողովուրդը կամաց- կամաց ընտելանում է կաթոլիկութեան, այնպէս որ հայերը մէկ էլ աչք են բաց անում եւ տեսնում են, որ արդէն կաթոլիկ են։ Ազգային եկեղեցուն հաւատարիմ է մնում միայն գաղթականների հասարակ դասը - ամբոխը։
       Առհասարակ Ջանովացիք սիրով են վերաբերուում դէպի հայերը, նոցա ըստ ամենայնի հաւասար իրաւունքներ շնորհելով իտալացիների հետ։ Նոքա նամանաւանդ սիրով են վերաբերուում դէպի հայ ազնուական ու հարուստ դասակարգը, որոնցից առաջնին տալիս են մեծամեծ պատիւներ, պաշտօններ ու իշխանական իրաւունքներ, իսկ երկրորդին լիաձեռն ազատութիւն առեւտրական ասպարիզում եւ ամեն տեսակ արտօնութիւններ։ Եւ այդ բոլորն ՚ի զուր չէր, որովհետեւ հայերն իսկապէս օգտաւէտ տարր էին հանդիսանում Ջանովացւոց կալուածներում նիւթականապէս եւ բարոյապէս Հայ երկրագործը բարձրացնում էր երկրի արդիւնաբերութիւնը, արհեստաւորը ծաղկեցնում էր արհեստները, վաճառականը, բացի երկրի առեւտուրը զարգացնելուց, յանձն էր առնում ամեն տեսակ զոհողութիւն բերդեր շինելու եւ քաղաքներն ամրացնելու գործում եւ, վերջապէս, հայ իշխանը բազմաթիւ մարդկանց գլուխ անցած՝ իւր զէնքի զօրութեամբ պաշտպանում էր Ջանովացւոց կալուածները թշնամիների յարձակմունքից։ Հայերն են շինում «Հայոց-բերդ» կոչուած Կաֆայի նշանաւոր ամրութիւնը, հայերն են իւրեանց զէնքի զօրութեամբ երկար ժամանակ թեւ ու թիկունք լինում Ջանովացւոց՝ նոցա թաթարների դէմ մղած երկարատեւ ու բազմաթիւ կռիւներում, վերջապէս հայերն են լինում, որ իւրեանց իշխանների առաջնորդութեամբ կարողանում են երկար ժամանակ պաշտպանել Կաֆան Օսմանցիների յարձակմունքի ժամանակ։
       1344 թուին թաթարները յարձակուում են Սուդակի վերայ եւ սկսում են սպառնալ Կաֆային եւ Ջանովացւոց միւս կալուածներին։ Ահա այդ ժամանակ հայոց մեծամեծները հաւաքուում են կոնսուլի մօտ եւ խորհրդակցում են նորա հետ Կաֆայի հին բերդի - «Ֆռանկ-Հիսարի» մօտ մի նոր բերդ շինելու եւ այդպիսով աւելի եւս ամրացնելու քաղաքը։ Նոքա մտածում են այդ բերդով պաշտպանել հայոց թաղը, որ բոլորովին անպաշտպան էր, որովհետեւ հայերը մեծ գաղթականութեան ժամանակ «Ֆռանկ-Հիսարում» բնակութեան տեղ չգտնելով բնակուել էին հին բերդից դուրս քաղաքի արեւելեան կողմը։ Ջանովացի կոնսուլը լաւ հասկանալով հայերի դիտաւորութեան օգտակարութիւնը, ոչ միայն թոյլ է տալիս, այլ եւ խրախուսում է նոցա եւ յորդորում փութով ձեռնարկելու գործին, եռանդով առաջ տանելու եւ շուտով ի կատար ածելու։ Վճռում են Ֆռանկ-Հիսարի պարիսպների պէս մի նոր աւելի հաստակառոյց ու աւելի մեծ տարածութիւն բռնող աշտարակազարդ եւ մեծամեծ դարպասներով պարիսպ քաշել, շրջապատել ամբողջ հայոց թաղը եւ մէջ առնել Ֆռանկ-Հիսարը, սկսելով ծովածոցի հարաւային կողմից եւ անցնելով լեռների վերայից դէպի ծովածոցի հիւսիսային կողմը, որտեղ գտնուում էր Ֆռանկ-Հիասարի «Իսկիլէ-Ղափու» կոչուած դուռը։ Որոշուում է, որ մեծատուն հայերից իւրաքանչիւրը, որ պէտք է մասնակցէր շինութեան գործին, յանձն առնէր պարսպի միայն մի մասը շինելու եւ դորան համեմատ որոշեալ քանակութեամբ քար ու ատաղձ բերել տար ու կուտէր նշանակուած տեղը, իրաւունք ստանալով իւր անուամբ կոչելու իւր շինած պարսպի մասը եւ իւր յիշատակարանը գրելու նորա վերայ։ Ասում են, թէ սորանից առաջ եկել Ղրիմեցի գաղթականների մէջ նոցա միմեանց հարստութիւնը չափելու յայտնի տարօրինակ սովորութիւնը։ Կաֆացիք, երբ որ կամենում էին ասել, թէ այս ինչ մարդը այսքան հարստութեան տէր է, սովորութիւն էին արել ասելու, թէ այս ինչ մարդը կարող է քաղաքի ամրութիւնների համար այսքան քար տալ։
       Մեծ եռանդով հայերը ձեռնարկում են գործին եւ կարճ միջոցում պատրաստուում է ահագին պարիսպը, որ ամեն մի 20, 40 եւ 60 սաժէն տարածութեան վերայ ունենում է մի մի աշտարակ որմնածերպերով եւ ինը դարպաս իւր բոլոր երկարութեան վերայ։
       Ոմանք ասում են, թէ Հայոց բերդի շինութեան պատճառը եղել է ոչ թէ թաթարների Սողդայի կամ Սուդակի վերայ յարձակուելը, այլ մի ուրիշ դէպք։ Պատմում են, որ մի անգամ Ջանովացի առեւտրականներից մէկը վիճաբանութեան է բռնուում մի թաթար վաճառականի հետ, որ մի հարուծ է տալիս իտալացու երեսին։ Ծագում է կռիւ եւ Ջանովացին սպանւմ է թաթարին։ Ջանիբէկ խանը ուխտում է վրէժխնդիր լինել եւրոպացի վաճառականից, նա մարդ է ուղարկում եւ պահանջում, որ մարդասպանին իւր ձեռքը տան, բայց մերժումն ստանալով, գալիս, պաշարում է քաղախը։ Ահա այդ ժամանակ, ասում են, հայերը, որոնք պաշարումից դեռ շատ առաջ տեղեկացած են լինում խանի դիտաւորութեան մասին, հաւաքուում են կոնսուլի մօտ եւ եւ թոյլտուութիւն են խնդրում ամրացնելու քաղաքն իւրեանց ծախսով ամենավտանգաւոր կողմից, այն է ծովափից դէպի այն կողմը, որտեղ այժմ գտնուում է գերեզմանոցը։
       Պաշարումը տեւում է երկու տարի, բայց խանը եւ ոչ մի վնաս չի կարողանում տալ քաղաքին, որովհետեւ պարիսպները շատ ամուր էին եւ լաւ պաշտպանուծ։ Ճիշտ է, խանը մտածում է մեքենաներով քանդել պարսիպները, բայց քաղաքացիք յանկարծակի դուրս են խուժում քաղաքից եւ այնպիսի ջարդ են տալիս նորան, որ նա ըստիպուած է լինում թողնել պաշարումը եւ հեռանալ քաղաքից։ Նա իւր զայրոյթը թափում է Բալըխլուի վերայ, որ ոռնում եւ այրում է։ Ջանովացիք ընկնում են նորա յետեւից, աւերում են Ազովի ծովի ափերը եւ այնպիսի սարսափ են ձգում խանի վերայ, որ նա հարկադրուում է խաղաղութեան դաշն կապելու։
       Ղրիմի հայ ազնուական դասի մէջ նշանաւոր են լինում չորս իշխանական տուն կամ տոհմ Պահլաւունիք, Մուղայենք, Դարեջանենք եւ Աղամալենք, որոնց վերայ յետագայ ժամանակներում աւելանում է եւ Բագրատունի տոհմը։ Սոքա մեծ յարգանք են վայելում ժողովրդից եւ մեծամեծ պատիւների ու պաշտօնների եւ արժանանում «Ջինիւիզաց» իշխաններից։ Պարսպաշինութեան ժամանակ Պահլաւունի Տէր-Մաղաքիա աւագ երէցն իւր պապի եղբօր թոռան Պետրոսի հետ շինում են պարսպի մի մասը «Եճ կարտի» տարածութեամբ եւ գրում են իւրեանց յիշատակարանը նորա վերայ Մուղալենց Մարգար իշխանը Ջանովացւոց Շիրին իշխանի հրամանով նշանակւում է Ջինիւիզաց կալուածների պահապան եւ իւր զօրագնդով նստում է Կազարաթում, ուստի եւ թաթարները սովորութիւն են անում նորա տոհմի անունով Կազարաթի համանուն գետը կոչել «Մուղալյէօզէն». Դարիջանենց աւագ- պարոն Մուրատի Յովսէփ որդին համարւում է Կաֆայի առաջին նախարարը. Աղամալենց Մեսրոպ իշխանը նշանակում է Կաֆայի չորրորդ գնդապետ, եւ այլն։
       Այսպիսի բարւոք վիճակի մէջ ապրում է Ղրիմի հայ գաղթականութիւնը մինչեւ 1475 թուականը, երբ գալիս, տիրապետում են Կաֆային Օսմանցի Տաճիկները եւ կոտորում, հալածանքի են ենթարկում հայերին ու նոցա զանազան կողմեր ցրուելու պատճառ լինում։
       Օսմանցւոց արշաւանքի պատճառները զանազան աղբիւրներ զանազան տեսակ են պատմում։ Ոմանք, ինչպէս Նախիջեւանի Յիշատակարանը, պատմում են, որ 1344 թուականի պատերազմներից յետոյ Ղրիմի խաներն ընդհանրապէս խաղաղութեամբ են կառավարուում Ջանովացւոց հետ եւ սիրով պահպանում իւրեանց դրած դաշինքը եւ ուխտը մինչեւ 1468 թուականը, երբ նորից անհամաձայնութիւն է ծագում երկու ազգի մէջ, որ եւ Կաֆայի աւերմունքի պատճառ է լինում։ Այդ թուին, ասում է Յիշատակարանը, խանը կնութեան է առնում իւր որդուն Ջանովացւոց Շիրին իշխանի դուստրը։ Խնամութիւն կապելուց յետոյ, Շիրինը հրաւիրում է իւր մոտ փեսային որից օգուտ քաղելով թշնամիները, սկսում են գրգռել խանին Ջանովացւոց դէմ ասելով, թէ Շիրինը հրաւիրեց քո որդուն իւր մոտ խորհրդակցելու, որ նորան նստեցնէ քո տեղ խան, եւ Շիրինին խանի դէմ, ասելով թէ փեսադ եւել է քո մոտ, որ քեզ հալածէ ու սպանէ։ Թշնամիները հասնում են իւրեանց նպատակին։ Շիրինը հաւատ ընծայելով բանսարկուների խօսքերին եւ կասկածելով փեսայի սիրոյ եւ հաւատարմութեան վերայ, անակնկալ կերպով բռնում է նորան եւ բանտարկում, տալով նորա «՛ի պահեստ լատին իշխանին» ։ Խանը, որովհետեւ յոյս չի ունենում իւր ոյժերով յաղթելու Ջանովացւոց եւ իւր որդուն ազատելու, դեսպան է ուղարկում Օսմանցւոց սուլթանի մոտ եւ խնդրում նորա աջակցութիւնը, ասելով, թէ թո՛ղ Կաֆա քաղաքը ձերը լինի, միայն որ մի որդուն բանտից ազատէք ու ինձ յանձնէք։ Սուլթանը համաձայնում է եւ թաթարները ցամաքից, իսկ թուրքերը ծովից պաշարում են քաղաքը։ Երկար ժամանակ պաշարում են քաղաքը, բայց չեն կարողանում առնել, որովհետեւ Ֆռանկհիսարը եւ հայոց բերդը ամուր էին եւ հայոց իշխաններն միացած Ջանովացւոց հետ ոգի ՛ի բռին ընդդիմանում ու պաշտպանում էին նորան։ Սակայն շուտով պաշարը վերջանում է Ջանովացւոց զօրքը թուլանում, ինքը իշխանն էլ յոյսը կտրելով, թողնում, փախչում է։ Հայերը, մինակը, անօգնական ու անճար մնալով, ստիպուած են լինում ընդունել թուրքերի առաջարկութիւնը, բանալ քաղաքի դռները եւ անձնատուր լինել, ազատ ու անվնաս մնալու պայմանով։
       Ոմանք էլ, ինչպէս Ղրիմի պատմագիր Կոնդորակին, նւյն պատմութիւնն ուրիշ տեսակ են պատմում։ Նոքա ասում են, թէ Ջանովացիք ստիպում են Մինգիլիգիրեյ խանին պաշտօնանկ անել իւրեանց սահմանակից գաւառի իշխան Էմինեկ բէկին եւ նորա տեղը նստեցնել են տալիս թաթարներից ատուած մէկին։ Էմինեկ բէկն ապստամբում է խանից, մեծ կուսակցութիւն է կազմում եւ դեսպարններ ուղարկելով Օսմանցւոց Մէհէմմէտ բ. սուլթանի մօտ, որ այդ ժամանակներն արդէն առել էր Պօլիսը, խնդրում է նորա ձեռնտուութիւնը Ջանովացւոց դէմ, խոստանալով մտնել նորա գերիշխանութեան տակ։ Նշանաւոր սուլթանը, որ այդ ժամանակները պատրաստուած է լինում արշաւելու Իտալիա, Ալբանիա, Կանդիա եւ Հռոդոս եւ այդ նպատակի համար մի մեծ նաւատորմիղ է կազմած լինում, ըմբռնում է Էմինեկ-բէկի առաջարկութեան օգտաւէտութիւնը Օսմանեան կայսրութեան համար եւ պատրաստի նաւատորմիղն ուղարկում է Սեւ ծովը դէպի Կաֆա։ Նաւատորմղի պետ Ահմադ Կեդիկ Կապուտան փաշան հասնելով Կաֆայի նաւահանգիստը, հրամայում է նախապէս թնդանօթներն ուղղել դէպի քաղաքի պարիսպները եւ ռմբակոծել, յետոյ նա զօրք է իջեցնում ցամաք եւ չորս տեղ մարտկոց շինելով, շարունակում է ռմբակոծութիւնը ցամաքից եւ ծովից, ճիգ թափելով քանդել պարիսպները։ Երբ որ այսպէս հինգ օր շարունակ տեւում է ռմբակոծութիւնը եւ ամուր պարիսպները չ՚դիմանալով, փլչելու նշաններ են ցոյց տալիս, Ջանովացւոց վերջին կոնսուլ Անտօնիօ-դելլա-Գաբելլան եւ նորա խորհրդական Ուբերտօ-Սկուարչիաֆիօն դուրս են գալիս քաղաքից եւ յանձնում են փաշային քաղաքի բանալիները, նախապէս խօսք առնելով չ՚վնասել քաղաքացւոց եւ ձեռք չ՚տալ նոցա ստացուածքին։ Ասում են, թէ դոքա կաշառուած են լինում եւ հէնց իւրեանց այդ գործողութեան համար ստանում են իւրեանց արժանաւոր պատիժը։ Անտօնիօն դատապարտուում է տաժանակիր աշխատանքի, իսկ խորհրդականը տարուում է Կոստանդնուպօլիս եւ նահատակուում է կապանքների մէջ։ Ասողներ էլ կան, թէ դաւաճանողներն եղել են ոչ թէ կոնսուլն ու նորա խորհրդականը, այլ ու ականաւոր մարդ հայ մեծամեծներից, որոնք ժողովրդին գրգռել են իշխանաւորների դէմ եւ ստիպել են նոցա քաղաքը յանձնել թուրքերին, որի համար դոքա էլ կրել են իւրեանց արժանաւոր պատիժը։ Փաշան հրամայել է նոցա գլխատել։
       Եւ զարմանալին այն է, որ այդ անհաւասար պատերազմում, բացի հայերից, ոչ ոք չի օգնել Ջանովացւոց, չ՚նայելով, որ նոքա պատերազմից դեռ շատ առաջ զգալով, որ թուրքերը պիտի միանան խանի հետ եւ արշաւեն իւրեանց վերայ, օգնութիւն էին խնդրել իւրեանց Դոժից եւ նորա միջոցով դիմել էին Անգլիացւոց եւ Հունգարացւոց թագաւորներին։
       Կոնդորակին թուրքաց աղբիւրներից առնելով, ասում է, թէ այդ ժամանակները Կաֆան ունեցել է վեց հազար քրիստոնեայ ընտանիք, որոնց իւրեանց հերթով ունեցել են 30 հազար ստրուկ։