Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Տղաբերք ե ւ կնունք
       Երբոր Նախիջեւանում մի կին յղանում է, սովորաբար ասում են, թէ այս կինը «ծանրած է» կամ «տղով է»իսկ երբոր կինը ծնում է, ասում են թէ այս տանը, կամ այս ինչ մարդուն եւ կամ այս ինչ կնոջը «այչի լուս է եղել»։
       Նախիջեւանցիք, որոնք ամեն մի ընտանեկան ուրախառիթ եւ տխրառիթ երեւոյթի համար իբրեւ շնորհաւորանք, կամ մխիթարանք ու ցաւակցութիւն ստեղծել են զանազան իմաստուն ոճեր ու դարձուածներ- «բարի սհաթի ըլլայ», «բարի պըսակ առնուս», «պսակներովդ ծերանաք », «գալդ բարի», «դուն շատ ապրիս», «մեծ օրդ շնաւոր» եւ այլն, տղաբերքը շնորհաւորելու համար էլ սովորաբար գործ են ածում «աչքդ լուս» ոճը, որից անկասկած առաջ է եկել եւ այդ տղաբերք նշանակող «աչքի լուս լինել» դարձուածը։ Տղաբերքի մտքով կիրակարուած այդ ոճը, որ այժմ գործ է ածում անգիտակցաբար, շատ հետաքրքրական է, որովհետեւ դա ցոյց է տալիս թէ ինչպէս են նայել հին Նախիջեւանցիք զաւակաբերութեան վերայ. դա նոցա կարծիքով եղել է Աստուծոյ շնորհքը, ուրեմն եւ աչքի լոյսի պէս սիրելու ու փայփայելու բան է եղել նոցա համար զաւակը, իբրեւ նախախնամութեան տուած պարգեւը, իբրեւ ժառանգ, սերունդը շարունակող, իբրեւ տան ծնողներին աջակից, եւ վերջապէս իբրեւ օգնական աշխատող ոյժ։
       Բացի «աչքի լուս լինել» Նախիջեւանում ծնուելու, աշխարհ գալու մտքով կիրարկուում է եւ մի ընտիր ոճ- «ընծա-լուել», որ սովորաբար գործ են ածում, երբ կամենում են արտայայտել մէկի այս ինչ տեղում, այս ինչ ժամանակ ծնուած լինելու իմաստը։ Նախիջեւանցին սովորաբար չի ասում, ես ծընուել եմ այս ինչ թուականին, կամ այս ինչ տեղում, այլ անպատճառ-«ես ընծայած եմ», այս ինչ տարին, կամ այս ինչ գիւղն ու քաղաքը Ծննդականը կոչուում է «տղոցկան» իսկ տղոցկանին ազատողը կամ, ինչպէս Նախիջեւանցիք ասում են, «տղայ առնողը» կոչուում է «Դայեկ», որ ինչպէս ամեն տեղ, այստեղ էլ լինում են պառաւ կանայք, ուստի եւ կոչուում են դայեկ-մաներ, այսինքն «Դայեկ-մամաներ»։ Դայեկները ներկայումս մնացել են միայն գիւղերում, իսկ քաղաքում նոքա արդէն վերացել կամ վերանալու վերայ են, նոցա փոխանակել են մասնագիտական կրթութիւն ստացած մանկաբարձ կանայք կամ աղջիկներ։
       Բացի դայեկներից, տղոցկանին նայու, նորա մոտ նստելու, մաքրութեան վերայ հսկելու համար Նախիջեւանում կան եւ առանձին պառաւ կանայք։ Դոքա «Գոզ- անաներ» են, որոնք չափաւոր վարձով միշտ հրաւիրում են ծննդականի տունը եւ չար աչքից ազատում եւ առհասարակ խնամում են թէ տղոցկանին եւ թէ նորածնին, գոնէ առաջին ժամանակները։
       Նախիջեւանում ծննդկանը համարեա թէ երբէք լիակատար կերպով քառասունք չի պահում, քաղաքում սովորաբար պահում են 22 կամ ամենաշատը 30 օր, որից յետոյ կամ ինքըն ծննդականն է գնում եկեղեցի փարատուում, կամ ինչպէս ասում են «քառսունքուում», կամ քահանան է տուն գալիս փարատում։ Գիւղերում ծննդկանն աւելի շուտ է վեր կենում տեղից, աւելի շատ է քառասունքում եւ դուրս գալիս տանից, որովհետեւ ինչպէս ամեն հայաբնակ տեղ, Նախիջեւանի գիւղերում էլ բոլոր տնային տնտեսութիւնը ծանրանում է կնոջ վերայ եւ չի կարելի երկար ժամանակ նորա երեսի վերայթողնել։
       Երկունքի դժվարութեան դէպքերում Նախիջեւանի պառաւները զանազան միջոցների են դիմում, նոքա ծնդդական ցաւով բռնուածի սենեակում բոլոր փակուած, գոց տեղերը բաց են անում- դռները, պահարանները, գզրոցները, որպէս զի հեշտութեամբ բացուի, ազատուի եւ ծանրածը։ Նոքա եկեղեցիների - Ս. Գէորգի ու Ս. Նիկողայոսի «թոփուզներն» են բերել տալիս եւ դնում տղոցկանի վերայ, «ջէնկի թուր» են ջրում ողողում եւ ջուրը տալիս խմելու, եւ այլն եւ այլն։
       Նորածին մանուկներին աղելն այստեղ էլ անխտիր կերպով պահպանուել է, իբրեւ առողջարար եւ հայկական հնաւանդ սովորութիւն, բայց երեխաներին օրօրոցում կապկպելու սովորութիւնը, որ ընդունուած է Հայաստանում ամեն իեղ, այստեղ քաղաքում արդէն իսպառ վերացել է, գիւղերումն էլ վերանալու վերայ է։
       Երեխայի մկրտութիւնը կամ կնունքն այս կողմերում որոշեալ ժամանակ չունի. նա կատարուում է կամ 2-3 օրից յետոյ. կամ աւելի ուշ նայելով հանգամանքին։ Գիւղերում կնունքի կարգը միայն բացառիկ դէպքերում է տանը կատարուում, իսկ քաղաքում այդ ատապարտելի սովորութիւնն աւելի յաճախ է տեղի ունենում եւ շարժական աւազան գործածելու սովորութիւնը գնալով տարածուում ու ընդհանրանում է։ Այդ, ինչպէս եւ մեր եկեղեցական ծէսերի ու կարգերի զեղծումներից շատերը, պէտք է վերագրել մեր քահանաների անհոգութեան եւ նոցա ձգտման հաճոյանալու իւրեանց հարուստ ծխականներին, որոնց, իհարկէ, շատ էլ հաճելի չէ իւրեանց բամբակում պահած ու պահելիք «աչքի լուսին» շատ անգամ ցուրտ ու անախորժ եղանակներին քաղաքի հեռաւոր տեղերից ու անկիւններից իւրեանց ծխական եկեղեցին տանելու մկրտելու համար։ Կնքահոր իւր սանամօրը եւ սանին տարած սովորական ընծաներին միշտ դարձ է տրուում մի որ եւ է արծաթեղէն եւ սառը-շաքար, կամ ինչպէս Նախիջեւանցիք ասում են, «Նէբէդ-շաքար»։
       Նախիջեւանի քահանաները մանուկներին սովորաբար տալիս կամ դնում են օրացոյցի մէջ գտնուած զանազան սրբերի եւ սրբուհիների անուններ, նայելով, թէ ի՞նչ օր է ծնուել մանուկը եւ այդ օրն օրացոյցով ո՞ր սրբի կամ սրբուհու տօն է կատարում եկեղեցին։ Այդ է պատճառը, որ Նախիջեւանում ազգային անունները համարեա թէ չկան, իսկ դորա փոխարէն կան բազմաթիւ Սարգիսներ, Յովհաննէսներ, Կարապետներ, Մկրտիչներ, Գրիգորներ, Գէորգներ, Մարկոսներ, Ղուկասներ, եւ Քրիստինէ, Նեկտարինէ, Ակիւլինէ, Հերմոնէ, Եփրոսինէ եւ ուրիշ այսպիսի հայի ականջին խորթ անուններ։
       Կնունքը տուն է բերուում լուռ ու մունջ, սկսում են միայն երգել, երբ հասնում են ծննդկանի տանը։ Հին ժամանակների եկեղեցուց մինչեւ տուն շարական ասելը եւ զանգակներ հնչեցնելով կնունքի տուն բերելը ներկայումս քաղաքում իսպառ վերացել է եւ մնացել է միայն գիւղերում, այն էլ ոչ ամեն տեղ։ Մինչեւ ցայսօր դեռ կարելի է տեսնել կնունքի այդ զանգակները մեր եկեղեցու միւս նուագարանի- ծնծղաների հետ Նախիջեւանի եկեղեցիներից մի քանիսի պահարաններում պահուած եկեղեցական ուրիշ անդօրծածելի իրեղէնների հետ միասին։
       Մկրտութեան խնջոյքի սեղանի վերայ անպատճառ գրուում է աւանդական ձուածեղը, որ ուտելուց յետոյ, հրաւիրեալներից իւրաքանչիւրն իւր համար անհրաժեշտ պարտականութիւն է համարում փող ձգելու ձուածեղի սկուտեղի մօտ յատկապէս այդ նպատակի համար գրուած պնակի մէջ, որից հին ժամանակները հատուցուել է դայեկի կամ մանկաբարձի աշխատութեան վարձը։ Ներկայումս դորանից հաւաքուած ամբողջ գումարը դարձեալ պատկանու է դայեկին, բայց դա համարւում է ոչ նորա աշխատութեան վարձը, այլ իբրեւ վերադիր ընծայ, որովհետեւ նա իւր աշխատութեան վարձը դարձեալ ստանում է կնունքի տիրոջից։