Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ԱՂՑՄԻՔ

 

Աշխարհաբար թարգմանութիւն Մկրտիչ Խէրանեանի

 

Nos prêtres ne sont point ce qu’un vain peuple pense.

Notre crédulité fait toute leur science.

Voltaire

 

Je veux montrer à mes semblables un homme

dans toute la vérité de la nature.

J. J. Rousseau, „Confessions“.

 

 

 

ՈՒՂԵՐՁ

 

„Compte rendu“ [1]

Որում Խորէն հանապազ
Լարակտուր եւ քնարին
Վարդենեաց ոչինչ նիազ
Գողտրիկ անդրաձայնութիւն:

 

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

 

Je ne veux pas passer pour meilleur que je ne suis“.

J. J. Rousseau, „La nouv. Héloïse“.

 

Non, mes amis, non, je ne veux rien être…

De mon berceau près de bènir la paille,

En me créant Dieu m’a dit: Ne sois rien“.

Béranger

 

Ամենից առաջ այս մի բանն ենք խնդրում, որ ոչ մէկը չկարծի, թէ մենք մեզ հայկաբանի կամ բանաստեղծի տեղ ենք դնում. քա՜ւ լիցի: Դուզնաքեայ մէկը, տառապեալ մարդ, խոստովանում ենք, բայց սպասարկել ենք ճշմարտութեան, երբեք մեզ չենք համարում այն, ինչ որ չենք, երբե՜ք:

Բայց ինչո՞ւ ես այդ խնդրէի. մի՞թէ նրանք, որ աչքեր ունեն տեսնելու, չպիտի՞ գուշակեն այդ, հէնց որ սկսեն կարդալ: Իրօք որ, ծիծաղելի է. միթէ ամեն մարդ, որ երկու ոտքով կաղում-կակազում է, դրախտի լեզո՞ւն է խօսում, հայկաբա՞ն է միթէ։ Կամ նա, որ չափածոյ է գրում, բանաստե՞ղծ է։ «Սաւուղն է՞լ մարգարէների հաշւումն է», ասում է Գիրքը:

Քա՜ւ եւ մի լիցի. ասում ենք եւ վերջացնում, այլ ինչ որ պէտք է, առանց ամենեւին քաշուելու, իսկական ճշմարտութեամբ եւ փորձից դուրս բերելով` յարմար պատասխանը տալիս ենք։ Մի՞թէ չկան շատերը (եւ ոչ քչերը), որոնք մեծ թեթեւութեամբ այնքան են յանդգնում, մինչեւ գուցէ մեր բազմերախտ եւ առաքելանման թարգմանիչների գահից են բռնում: Քչե՞րը կան մեզ մօտ, թող թոյլ տրուի հարցնել, որոնք մի անգամ արուեստակեալ տաղաչափութեամբ քամի են փչել եւ լրբութեամբ Շեքսպիրի կամ Շիլլէրի հովեր են առնում, որոնց անարժէք համբակներին անգամ յարմար չէ մեղադրել:

Եթէ կարողանանք քաւել մեզ այդպիսի բաներից, մեզ թւում է, թէ այլեւս սխալուած չենք:

Բաւական է մեզ, ճշմարիտ ենք ասում, եւ շատ բաւական, եթէ համարձակուենք մտնել հայերէն լեզուի գիտութեան նախադուռը, որ կարծես երկնքից հրամայում էր սովորել Քաջարանցն Արամ: Թողնենք քերթողականի վսեմ ճարտարութիւնը, որով շատ քչերն են օժտուած բնութիւնից` կարծես աստուածային կայծակով ջահաւորուած, այլ միայն եթէ միւս հսկայ քերթողների սքանչելի գործերին կարողանանք խելահաս լինել, մեզ արդէն բախտաւոր կը համարենք:

 

Ա. ԱՌԱՒՕՏԵԱՆ

Ամեն առտու, թօթափած

Քունն աչքերից` գեղատես

Երազներով իր արբած

Կոյսը իջնում է պարտէզ…

Թիթեռի պէս` լուսառեչ

Ծաղկէ ծաղիկ թռչելով

Փունջեր քաղում` ցօղի մէջ

Իր մատները թրջելով:

Ի՜նչ չքնաղ է, սիրայոյզ,

Երբ գնում է ընդառաջ

Եւ ասում է «բարի լո՜յս»

Ծաղիկներին` մեղմաւաչ,

Ու համբուրում վարդերը

Եւ իր սիրած հրեշտակին.

Շիկնում են շառ այտերը,

Սիրտը զարկում հեշտագին:

Համբոյրները խաղո՜ւմ են

Կուրծքի վրայ հոլանի,

Բաբախում են սրտերը…

Արդարոց բի՜ւր երանի:

Վճիտ սիրով անբասիր

Ինչպէս Գիրքն է պատուիրում`

Մեր սիրավառ հրեշտակն իր

Կոյսին սրտա՜նց է սիրում.

Եւ բուրաւէտ ու ծիծղուն

Ծաղիկներից բազմերանգ

Նուրբ մատներով իր սիրուն

Կազմած բուրեան մի պսակ`

Պճնում ճակատն սիրածի.

Ու գեղգեղո՜ւմ է, հնչում

Եղբօրորդու քնարը`

Զերթ աղաւնեակն է մնչում…

Եւ պարտէզի գաղտնաթով`

Թաւուտներում թաքթաքուր

Շտապում են երկուսով…

Ո՛վ աչք, պահ մի եղիր կո՜յր:

«Ո՞վ կը պատմի սիրոյ ձօն

Բերողների մասին այդ»…

–Չմեղադրի նրանց, օ՜,

Թող անսէրը անհաւատ:

 

Բ. ԴԷՊՔ

Ալպեան լեռներից դէպ վայր սահելով

Ուղեւորւում եմ դէպի Ֆրանսիա,

Տանջուած, յոգնաբեկ, խղճալի տեսքով:

Մեքենաները վիթխարահսկայ

Ծխում են ահա դէպ երկինքն ի վեր

Ու բարձրաղաղակ սուլում, ձայն տալիս,

Խռնըւում ճամբորդ հոծ բազմութիւններ:

Դէպի՜ Փարիզ, դէպի՜ Փարիզ…

Եւ շտապում են նստած կառքերում

Դէպ ազատութեան չքնաղ օրօրան,

Դէպի սուրբ սիրոյ հայրենիքը, ուր

Խնջոյք է անվերջ, պար ու խրախճան:

Ես ոսկորներս եմ քարշ տալիս ուժատ,

Իմ կապանքները կտրած հազիւհազ`

Հանգստացնելու մերայնոց աղքատ

Հիւրընկալ, համեստ օթեւանում պարզ:

«Կա՛ց», դռնապանը ինձ ձայն է տալիս,

Կանգնած դռան մօտ հսկայ հասակով.

Եւ ես մթան մէջ կորցըրած ուղիս`

Անցնում եմ սխալ, ա՛յլ ճանապարհով…

«Այստեղո՛վ, պարո՛ն, այստեղո՛վ», ձայնեց,

(Ռիշըլեօ փողոց, համար յիսունվեց):

Հը, ի՞նչ կայ…

Մերսի՛:

«Ըստ ձեր ընտրութեան, ինչպէս կամենաք»:

Իսկ ես լաւ զինուած ու ձիաւորուած,

Վառուած երջանիկ սիրով երկնառաք,

Թողած պատրաստի թակարդը լարուած`

Դիմում եմ դէպի Գրընելն` անփոյթ,

Ուր եղբայրն այնտեղ միշտ ինձ էր մնում,

Եւ ուր սուրբ էին թէ՛ ելը, թէ՛ մուտ.

Ուր սէրը երբեք, օ, չէ՛ր հնանում:

 

Գ. ԱՂՕԹՔԻ ՀՐԵՇՏԱԿԸ

 

Դու, որ երբեք չես կենում

Տաճարներում հասարակ,

Երկինքը գահ քեզ համար

Ու երկիրը ոտքիդ տակ,

 

Հաճեցար դու մատուռն այս

Քո անունով կոչելու,

Տունն այս, որտեղ ապրում են

Քո որդիները հլու:

 

Սեղան շինուեց սրբութեան,

Տէ՛ր, քեզ համար, ուր արթուն`

Հաց ու գինի են ձօնում

Ի յիշատակ քո որդուն:

 

Դու չե՞ս գալիս հարաւէն,

Փառան սարից չե՞ս, Աստուած,

Այս ասում է մարգարէն

Քո սուրբ հոգով ներշնչուած:

 

Պապանձուեցին չարերի

Բերան, լեզու թունալի,

Մինչեւ` հետ սուրբ Ներսէսի`

Եւ Գրիգորին տօնեցինք:

 

Եւ մեղեդին քաղցրաձայն

Սերովբէից քո անտես`

Եղաւ զուարթ երգակից

Օրհներգութեան ձօնուած քեզ:

 

Տէ՛ր, նայիր քո ծառային,

Անուղղելոյս մի՛ յիշիր.

Աջըդ լինի նրանց վրայ,

Իսկ ինձ չարից դու փրկի՜ր,

 

Որդուն քո հեզ աղախնու,

Ում սիրտ տուիր սիրով լի

Եւ սուրբ խաչը կրելու

Նշան` որդուդ սիրելի:

 

Դ. ՏԽՐՈԻԹԻՒՆԸ ՏԵՂԻ Է ՏԱԼԻՍ

Զով ծառի տակ կոյսն է նստած հառաչում,

Մինչ ցերեկը մութ գիշերն է հալածում.

Թռչունները իրենց զուարթ համերգով

Ողջունում են այգաբացը հոգեթով:

 

«Եւ ինչո՞ւ ես դու հառաչում տխրադէմ,

Ասում եմ ես կոյսին` կանգնած նրա դէմ,

Միթէ ցաւն այդ քեզ մինչեւ այդ անծանօթ

Դրաւ քո մէջ նենգ աստուա՞ծը նախանձոտ»:

 

Ասում եմ ես եւ իրանին փաթաթուած

Թաւալում ենք շուքի ներքոյ վարդենեաց,

Կանաչներում, որոնց երկինքն է ցօղում.

Ու ձեռներըս տաք սրտին են պատահում:

Ապա ձեռքըս վեր տանելով կրծքի մօտ`

Բաց եմ անում պինդ կոճակը նախանձոտ.

Եւ արեւի ծիրան ցոլքերն անդրանիկ`

Ցոլցըլում են ստինքներից իր գողտրիկ:

 

«Որքա՜ն վսեմ ու վայելուչ, մեծ ես, Տէ՛ր,

Որ տիեզերքն սիրոյ շնչով ես լցրել.

Կը յանդգնի՞ որդը բերանն իր բանալ

Եւ աղարտել ստեղծեալիդ կատարեալ»:

 

Վարդ ժպիտն է ծաղկում անո՜ւշ, տենչագին

Չքնաղ կոյսի որդան կարմիր շուրթերին,

Բայց մնում է հաւատարիմ լռութեան…

Իսկ ես ինչի՞ն եթէ ոչ սուրբ բնութեան:

 

Ե. ՕՐՀՆՈՒԱ՜Ծ ԼԻՆԵՍ, ՔՈՅՐ…

Ով կոյս, թող սիրտդ օտար լինի

Զուր, անտեղի նազանքին.

Քո դուռը բաց, ով որ զարնի,

Եւ մի՛ մերժիր ոչ մէկին:

Եւ վրանիդ յարկի տակին

Եթէ դու հիւր ընդունես

Սիրակարօտ լքեալ հէգին`

Յար օրհնուա՜ծ դու լինես:

 

Թէ ոք գլխի տեղ չունենայ,

Դու բարձերըդ տաս նրան…

Ու թէ շոյուի գլուխը կոր…

Քեզնից նոր կեանք ստանայ,

Աբրահամեան քո վրանին

Միշտ` Մամբրէի կաղնուց` քեզ

Ցից ընծայէ ամէն տարին.

Յար օրհնուա՜ծ դու լինես:

 

Թէ սիրակէզ հէգ ծարաւին

Պտղից պտկից ջուր խնդրի,

Եւ սուրբ Յակոբ Նահապետի

Ջրհորիցըդ տաս խմի,

Առատահոս աղբըրակիդ

Անոյշ բախտից դու հրճուես,

Չի՛ ցամաքի աղբիւրդ վճիտ,

Յար օրհնուա՜ծ դու լինես:

 

Թէ տաս այգիդ մշակելու

Ջահէլներին այգեգործ,

Եւ քրտինքի արդար շահից

Դու ստանաս մի լաւ փորձ…

Ծիլը մատղաշ, դալար ու կոր

Եթէ սիրով դու շտկես`

Բունդ կը լինի միշտ զօրաւոր,

Յար օրհնուա՜ծ դու լինես:

 

Թէ մէկը գայ վարդըդ խնդրի,

Դու որպէս մայր գթութեան

Վարդի հետ քո, անչա՜փ բարի`

Զոյգ նռներըդ տաս նրան.

Եւ կեանք տուող այգուդ գինու

Խառնարանը դու տանես

Եւ տաս գինին քո խմելու`

Յար օրհնուա՜ծ դու լինես:

 

Զ. ՄՈԳԱՊԱՇՏԸ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ Է

 

„Celestial Dian, goddess argentine, will obey thee“.

Shakespeare, „Pericles, prince of Tyre“, Act V, Sc. 1

 

«Ինձ սիրողների

Անունը պիտի

Գրեմ սիրաջեր

Արեւի՜ց էլ վեր.

Նա կոյսը սիրուն,

Ով խեղճին անտուն

Պաշտում է անանց

Իր սէրը ձօնած`

Երկնքում ահա

Ընթանում է նա,

Աստղերի շարքում

Բոցավառ փայլում»…

Ի՞նչ է նրա անուն,

Հարցում է անում

Զոհը թակարդեալ.

Կամ ի՞նչ նորա փայլ:

«Մարդաչափ ահա

Բարձրանում է նա

Վեր հորիզոնից,

Մշուշի միջից

Աստղը վեհափառ`

Արուսեակ պայծառ

Էր կոչւում  հնում,

Պաշտըւում բագնում:

Իսկ քեզ, ով դու կոյս,

Շուշա՜ն դեռաբոյս,

Լուսին կը դարձնեմ,

Կը փառաբանեմ

Մեր նախնեաց պաշտած

Տիկին վեհապանծ`

Աշխարհում ամբողջ`

Ոսկիամօր հետ:

Քեզ կը խնկարկեմ,

Քո սէրը կ՚երգեմ,

Զարնելով հեշտին

Բամբռի լարերին

Այնպէ՜ս տենչարծարծ,

Որ Որմիզդը վէս,

Մնայ զարմացած,

Միայն թէ զոհե՜ս` 

Ինչ տենչում եմ ես»

……………………………………

 

Եւ շօշափուեցի՜ն

Ստինքներն կոյսի

Ու ծիրանեգոյն`

Խախտուեց կուսութիւն.

Եւ մոգպաշտը այն

Վերցընում մատեան

Եւ այնտեղ` կոյսին

Գրանցում լուսի՜ն:

 

Է. ԴՈՒՐՍ ՉԵ՜Մ ՀԱՆԻ…

 

Իմ պարտէզի ծաղկանոցը իջնելով`

Հանդիպում է ինձ զուարթերես մի տիկին.

Տեսքով սակայն տխուր սաստիկ ու խռով,

Խիստ թխագոյն մի վերարկու կար հագին:

«Ողջոյն քեզ, քո՜յր, հազար ողջոյն տիրաւանդ»:

Իսկ նա` «Ո՞վ ես, բնաւ քեզ չեմ ճանաչում»:

«Ես նա եմ, քոյր, ում պարտիզում որ զուարթ

Սոխակի միշտ թովիչ դայլայլն է հնչում»…

Նա դարձեալ, թէ` «Ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում»:

«0՜, չըգիտե՞ս սիրոյ երգչին դու վսեմ»:

Չեմ հասկանում` ինչ ես ասում մինչեւ իսկ

«Եւ չե՜ս ժպտում, այո՛, ես այդ տեսնում եմ»…

Ակնթարթում նրա վզից բռնելով

Փաթաթւում եմ նրա խրոխտ բուրգերին…

Եւ այտերը վառում իմ տաք համբոյրով.

Ջանում է նա գրկիս միջից փախուստ տալ,

Եւ բարձրացնում աղաղակող ձայնը զո՜ւր,

Սեղմել եմ ես նրա մարմինը ամուր:

Նետւում է նա պարտէզիս դուռը դէպի.

Բայց նա տուժե՜ց որովհետեւ ես իսկոյն

Նրա ներքին ծնօտի տակ ցից դրի

Ու զարթնելով իր խոր քնից`

Հրեշտակն զգում է սին պատրանք

Sակը հոսող այն հեղուկից,

Որ բոլորին տալիս է կեանք:

 

 

Ը. ՀԻՄԷ՜Ն, ՈՎ ԿՈՅՍ…

 

Արուսեակի վրայով,

Ում` կիրք վառող լեռն ի վար

Զառիվայրի գաղտնաթով

Թաւուտներն են գգւում յար,

Սահում են լուռ շօշափող

Մատները մեր հրեշտակի`

Շրթունքները ծրարող

Շուրջը կայտառ ուռուցքի:

Յաւերժական հարսերի

Շրթունքներից նրբանուրբ

Գեղեցկութեան պանծալի

Ապրշումէ քօղը սուրբ

Շղարշում է լաւ ձգուած

Մուտքը հեշտին խորանի,

Որ կոյսերի ամօթխած`

Մունետիկն է պարծանքի:

«Հիմէ՜ն, ով կոյս տենչավառ,

Պահելով դու միշտ անխախտ`

Հրեշտակիս կեանքը ա՛ռ,

Կամ փակ այգիդ այդ դրախտ

Ուրիշներին դժուարանց`

Թոյլ տուր ինձի բանալ դու

Եւ գլուխըս վեր բռնած`

Թաքստոցը մտնելու:

Ի՛նձ վրայ, կոյս, դու ցօղիր

Կուսութիւնըդ անարատ,

Սանիրայիդ կենսաձիր

Քո հեղեղը յորդառատ

Այն ինձ համար թալիսման

Ու կենսաղբիւր թող լինի,

Դեւի համար` դառնութեան

Բաժակ մահու թոյնով լի՛՛…»

…………………………………………

Եւ խաղողը տրորողն

Այն տաճարի բաց մուտքում

Իր շորերը թաթախելով

Նուիրական բոսորում`

Հպարտանում է, ցնծում

Իբրեւ փեսան նորհարսի,

Իսկ դեւը դառն հեծեծում

Հեռու կանգնած մեկուսի:

 

 

Թ. ԱՅՍ Է ԻՄ ՀԱՆԳՍՏՈՒԹԻՒՆԸ

 

Արփին ինչպէ՜ս է փողփողում

Անձրեւներից, բուքից յետոյ.

Տերեւն ինչպէ՜ս զուարթանում

Զովիկ ցօղից` տապից յետոյ.

Մերկանալով տխուր` ինչպէ՜ս

Սառչում են լիճ, դաշտ ու անտառ:

Գարնան շնչից ջրերն ինչպէս

Կարկաչում են զիլ ու կայտառ.

Գեղջուկն ինչպէ՜ս տենչում է իր

Ցորենարտի առատ հունձին,

Եւ կամ այգու տէրն անձկալիր

Խաղողաշա՜տ այգեկութին.

Ինչպէ՜ս տենչում է տարագնայ`

Ափին` նաւորդն ալեկոծեալ.

Ի՜նչ կարօտով դիտում է նա

Փարոսի հուր շողը պայծառ.

Եւ ստրուկը բազմաչարչար

Ինչպէ՜ս տենչում ազատութիւն,

Կամ բռնութեան շղթայակապ

Զոհը` բանտի խորտակուելուն:

Ի՞նչ են սոքա ողջ միասին

Անձկութեան հետ հրեշտակի,

Թէ նա ինչպէս գրկեց կոյսին`

Ոչի՛նչ հաճոյքն այդ չի՛ չափի:

Խունկ է բերում ստինքներից,

Հոտոտո՜ւմ է քերովբէն մեր.

Ծարաւըն իսկ կրծքի շաղի

Մէկ ումպովը յագենում է:

Սափորները կոկ ու գողտրիկ,

Օ՜, ժպտում են նրան կարծես,

Վիզն է նրա այնտեղ մօտիկ,

Սիրտն է զարկում կարօտակէզ

Փրփրածինի պերճ պալատում,

Կրկնալուսնի խոր ակօսով

Յաւերժահարսի շեմքն է քերում

Մեր հրեշտակն իր ֆալլոսով

Կրկնաղբիւրի առուն բռնած

Մղում ճամբով ցօղապատ եւ

Սողոսկելով բարձրանում է

Կոկիւսոնը Հայոց մինչեւ…

Ջուր է խնդրում, ու եղէգնից

Վարար ջուր է տրւում նրան,

Գնալ-գալուց ոռոգւում է`

Լաւ հերկուած կոյս արտը այն…

Սիրահոսան բաժակն քամած

Կպչում է նա ամուր` կոյսին,

Մկանները հեշտին թմրած

Ինչպէս երկաթը մագնիսին.

Ա՜յս է, գոչում է անուժ,

Հանգստութիւնն իմ անուշ»:

 

 

Ժ. ՔԵՐՈՂԸ ՔԵՐԹՈՂԸ

 

Ցորենի ոսկի հասկը լիատոք

Մեզ է ընծայում բնութիւնը մայր,

Բայց ո՞վ չի կալսում կալի մէջ արդեօք,

Թեփը չի գցում մաքրելու համար:

Մնում են միշտ մշակութեան

Բարիքները մայր բնութեան:

 

Եւ մարդը երբոր ճամբայ է գնում

Դժուարանցանելի քարքարուտներով,

Խոչ ու խութերը մի՞թէ չի հարթում

Եւ չի՞ բաց անում ուղի ապահով.

Մարդն է առած սղոց ու մուրճ

Գետի վրայ գցում կամուրջ:

 

Եւ խաղեր ասող հրեշտակը մի՞թէ

Օրէնքն այս յարգող ջատագովը չէ.

Ամեն փակ դուռը բաց է անում նա,

Որ իր ետեւից եկողը վստահ

Մտնի–ելնի հեշտ ու յարմար

Եւ կեր գտնի իրեն համար:

 

Ահաւասիկ եւ կոյսը` տարփագին

Հրապոյրներով իր բիւր ու անբաւ,

Եւ որովհետեւ գոհարն մեծագին

Առանց տաշուելու չի՜ փայլում բնաւ`

, բերուի այն տաշողին թող,

Որ կոչւում է հմուտ քերթող…

………………………………………………………

Տաշում է ակը եւ թռչում են մանր

Փայլուն բեկորներ նման յակինթի…

Ու բաբախում է սիրտը սիրավառ

Գոհարը տաշող քերթող-վարպետի.

Գովում է նա քնարերգակ`

Վաղուան փայլուն գոհարը թանկ:

 

ԺԱ. ՅԻՇԻ՛Ր ԻՆՁ

 

Արուսեակը արշալոյսին

Փողփողելիս լիալոյս

Արփին լերանց գագաթներին

Շողշողալիս, ով դու կոյս,

Պարտէզն իջած թէ փարուես դու

Սիրեցեալիդ անձկալից

Սիրոյ զոհըդ մատուցելու

Մի՛ մոռանար, յիշի՜ր ինձ:

 

Երեկոյեան խաղաղ ու զով

Թէ ծառի տակ դու պառկես,

Վարդի բոյրից թէ հարբելով

Անոյշ գրկի մէջ փակուես,

Եւ մրմնջան քո ականջին

Քնքուշ խօսքեր մեղրալից,

Ալ այտերիդ վարդաքաղին`

Մի՛ մոռանար, յիշի՜ր ինձ:

 

Մութ անկիւնում թէ հեշտագին

Մի զոյգ ձեռներ քեզ գգուեն,

Վայրի այծիդ երկուորեակին

Սուր եղջիւրները ցցուեն.

Եթէ փափուկ քո բռան մէջ

Գտնես սրած դու մի ցից

Լաւ դարբնուած ամուր մի տէգ`

Մի՛ մոռանար, յիշի՜ր ինձ:

 

Եթէ սիրոյ քամին սաստիկ,

Կո՜յս, գլորէ քեզ գետին,

Եւ նաւավարն բարեբաստիկ

Պատրաստ լինի ձեռքն ղեկին,

Եթէ ցնցուես` տեղից պոկուած

Կայմի խրոխտ շառաչից,

Աչքերըդ վեր երկինք ուղղած`

Մի՛ մոռանար, յիշի՜ր ինձ:

 

Եթէ սիրոյ բոցով վառուած

Ցանկութիւնից կենսահուր

Ոտներըդ վեր բարձրացրած

Որոնումներդ չանցնեն զուր,

Ամուր գրկած կենսատուին

Թէ յագենա՜ս շրթնալից,

Արտահոսման քաղցըր ժամին`

Ոհ, յիշի՜ր ինձ, յիշի՜ր ինձ:

 

 

ԺԲ. ԿՈՒԿՈՒՐԻԿՈ՜Ւ Ո՜Ւ Ո՜Ւ

 

«Կուտ, կուտ, կուտ, կուտ, կուտ»,

Մարին է ուռչում

Ծիպ, ծիպ , ծիպ, ծիպ, շուտ

Ինձ մօտ եմ կանչում

Մարին գալիս, գգւում է տաք,

Իմ մէջ վառում սէր ու կրակ:

«Ձուերըս բոլոր գողացան ինձնից,

Էլ ո՞վ ինձ կը տայ որդիներ, աւա՜ղ,

Մինչեւ ամառը թուխս նստեմ նորից`

Ծածկիր, խնդրում եմ, դու ինձ, աքաղա՛ղ».

Ասում է, փափկում,

Տեղնուտեղ տափկում:

Մերի՛, երկու

Ունեմ ես ձու,

Բաւակա՞ն է քեզ

Երկուորեակն իմ էս:

«Օ՜, այո՛, այո՛, այդ ինձ բաւ է, բա՜ւ»

Ես սողոսկում եմ ճեղքը շտապաւ:

«Կուտ, կուտ, կուտ, կուտ կի՜»

Կղզում է տափած:

Բերքն առա՛տ լինի,

Ասում եմ արբած

Եւ զիլ ու հպարտ` ձայնով նուագուն`

Հնչեցնում եմ ես իմ կուկուրի կուն:

 

ԱՐԿԱԾՔ ՆԱԽԱՀՕՐՆ

Ա

«Yes, love indeed is light from heaven;
A spark of that immortal fire
With angels shared, by Alla given
To lift from earth our low desire…»

Byron, The Giaour


Կենաց կանաչ ծառի տակ
Հրեշտակներով շուրջպատուած,
Տխուր` Ադամն էր նստել
Եւ տրտնջում էր յուզուած․
«Ինչո՞ւ ստեղծեց տէրն ինձի,
Է՞ր դրախտն այս փափկութեան,
Եւ ինչո՞ւ ես կարգուեցի
Արարածոց տէր, իշխան:
Ինչի՞ս են պէտք ինձ պսակք,
Լուսապաճոյճ, օդային,
Է՞ր հրեշտակաց այս բանակ
Եւ զօրութիւնք երկնային…
Այնինչ փոքրիկ մի մակոյկ,
Որ կրծքիս տակ նաւում է,
Չունենալով անուշ սիւգ`
Առագաստել անզօր է»:

Ասաց` աչքից ցօղելով
Մարգարիտները տրտում․
Առաջին արցո՜ւնքն էր մարդու`
Հոսում տխուր այս հովտում:
Եւ սերովբէն սրբելով
Արտասուքներ Ադամայ`
Գուրգուրում էր` լուսաթեւ
Ճախրելով շուրջը նրա․
Եւ բարբառով դրախտային
Խօսում նրա հետ տրտում,
Դրան երկինքն է վկայ,
Որ սերովբէն չէ՛ր ստում:
«Մխիթարուի՛ր, տէ՛ր Ադամ,
Որ չը տրուեց սրտիդ հեզ,
Ինչ կոչում ես շարժիչ հով․
Այն զլացաւ Տէրը քեզ,
Զի թէ սրտիդ մէջ փչէր
Շունչն այն բոցեղ, կիզանուտ,
Ապա իրօ՛ք կը կորչէր
Անդորրութիւնը հոգուդ:
Եւ ո՞ւր դու կը թափէիր
Բորբ կայծերը նրա բարկ,
Կարո՞ղ էիր դու միթէ
Ցոլքն այն կրել կրծքիդ տակ․
Եւ ո՞վ պէտք է քեզ հոգար,
Ո՞ւր էակն այն ընդունակ,
Որ ժողովել կարենար
Քո շանթն, ամպրոպ ու փայլակ»:
«Ի՞նչ ես փչում, սերովբէ,
Եւ զուր` ստեր հնարում,
Մարդուն, իսպառ, դու, ի՞նչ է,
Անզգա՞յ ես համարում․
Եւ տիեզերքը, միթէ,
Գործն Աստուծոյ, այս ահա՛,
Իմ աչքերի առաջ չէ․
Եւ ինքն իսկ չէ՞ Եհովան,
Որ շրջում է, ժուռ գալիս
Այս դրախտում պատուական
Եւ ողջունում թշուառիս`
Միթէ չէ՞ ինձ բաւական:
Զարմանում եմ անհանճար
Քո խօսքերին, սերովբէ՛,
Ըստ քեզ, դէպի վսեմը
Սիրտն անզգա՞յ է միթէ:
Կարո՜ղ եմ ես Աստըծուն
Սիրել սիրով վերամբարձ,
Արարածները համբուն
Նրա ձեռքով ստեղծուած`
Արեւ, լուսին եւ աստղեր,
Մեղմ երեկոյ, առաւօտ,
Խաղաղ ու զով գիշերներ
Եւ ցերեկը լուսայորդ,
Ծառ, տո՛ւնկ դալար եւ աճող,
Ծաղիկ քնքուշ, գեղանի,
Վարդեր թփի վրայ ճոխ,
Եւ շուշանը գարնայնի․
Ո՛չ կենդանեաց խայտուն խումբք
Ո՛չ սոխակի երգն անուշ,
Որով ամենքն են հրճւում
Բնութիւնք բիրտ եւ քնքուշ:
Նախ տու՛ր ինձ սէր, իմ սրտի
Ամայութիւնը լցրու,
Ապա տես թէ կը գայթի
Վէ՞ս բնութիւնը մարդու․
Երբե՛ք ստոր կրքերի
Համար սիրտը չէ՛ թիրախ․
Իսկ դու ինչո՞ւ ես ժպտում,
Ուխտ չեմ անում ես խարդախ»:
«Քաւ լիցի, տէ՛ր իմ Ադամ»,
Կրկնում էր հեզ սերովբէն․
«Թող չըշնչե՜ս յաւիտեան
Դու այն օդը բոցեղէն․
Չը տառապե՜ս թող` կամայ
Անձըդ հրին մատնելով,
Որին մարդը, հաւատա՛,
Տոկալ բնա՛ւ չի կարող»:
Ադամը խիստ հեգնում է
Սերովբէին եւ ասում,
Եւ մի վայրկեան լոկ` դժնէ`
Դէմքին ժպիտն է փայլում․
«Դո՛ւ, որ մարդ չես հողանիւթ,
Ինչպէ՞ս բընոյթը մարդու
Գիտես այդպէս, օ՛, հմուտ,
Այդ որտեղի՞ց ուսար դու:
Զարմացնում են ինձ սաստիկ
Քո խօսքերը, յիրաւի,
Եւ քանզի չեմ սերովբէ`
Չիմանալըս թող ներուի»:
Համբերում էր սերովբէն
Կամակորին այդ արու,
Զի պատուէրն էր Արարչի`
Լինել նրան պատկառու․
Ուստի եւ նա անվրդով
Խստութիւնից Ադամայ`
Գուրգուրում էր` ճախրելով
Անդադար շուրջը նրա:
Եւ մինչ Ադամն զբաղուած
Սիրոյ մասին չէր խօսում,
Սերովբէ, յո՜ւշ, նրա վրայ
Թափեց խաղաղ ու խոր քուն:
Զեփիւռի զո՜վ շոյանքի
Տակ թմրում է ու ննջում,
Նրա շուրջը սոխակի
Թովիչ դայլա՜յլն է հնչում,
Եւ սերովբէն թեւապար
Դէպ աստղերն է սլանում,
Անցնելով հուր այն կամար`
Արագ վեր է բարձրանում․
Մինչ գահոյքը աստղահուռ,
Քերովբէքով շուրջպատուած,
Կանգնում գահի հանդէպ, ուր
Փառաբանւո՜ւմ էր Աստուած:
Անդ վեցթեւեան երկուսով
ԴԷմքն է սքողում սարսափած,
Ոտքերն` ցածի թեւերով,
Միջիններով մնացած
Ծխում արցունք մարդկային,
Իբր անուշ խունկ, առ Աստուած,
Ալելուներն են հնչում
Երկնային ողջ զօրութեանց:
Հոտոտո՜ւմ է լիառունգ
Տէրը անյա՜գ, հեշտօրէ՜ն`
Նրցունքներն այն իբր խունկ`
Որ սփռում էր սերովբէն:
Եւ կարկառւում է ստեղծիչ
Աջն էութեանց վա՛ր դէպի,
Բարեխօսներն շուրթերից
Այս են լսում «Թող տրուի՛»:
Սու՛րբ, սու՛րբ, սուրբ ես, Տէր որ Էն,
Լի՜ երկինք քո փառքով,
Օրհներգում է սերովբէն
Եւ վերցընում ունելով
Կայծը կիզիչ բոց-կրակ
Այն ծխացող սեղանից,
Եւ դէպ երկիրը` արագ
Ճանապարհւում է նորից․
Ադամն ոչինչ չգիտէ,
Նա դեռ քնած է հանդարտ,
Զի այդ ամենն հազիւ թէ
Տեւում է մի ակնթարթ:
Կենաց ծառը մեղմօրօր
Հով էր անում հեշտօրէն
Խաղաղ քնած նախահօր,
Երբ որ հասաւ սերովբէն․
Նա մօտ գալով Ադամին`
Նստում ձախ կողմը նրա
Եւ կիզիչ կայծը ջերմին
Դնում կրծքին… Եւ ահա՛,
Ծխում  մորթը իսկոյն
Եւ այրըւում սիրտն անփորձ,
Բարձրանո՜ւմ է գոյնզգոյն`
Երկինքն ի վեր ծուխն ու բոց:
Շուրջ` կենդանիքն այն ամեն
Կրակի տեսքից խրտնելով,
Մասն են առնում ասում են
Սիրոյ հրից հոգեթով․
Եւ ամոլները զոյգ-զոյգ
Կրքով վառուած, խայտ ի խայտ
Փախչում վայրեր դէպ ծածուկ,
Թէ ինչո՞ւ…   չի՛ ասւում այդ:
Այն, ինչ պիտի կատարուէր`
Գիտակ եղաւ սերովբէն․
«Արդ շտապիր նաւարկել,
Ո՛վ տէր Ադամ, հմտօրէն,
Զի սրտերին առագաստ
Լցրեց սիրոյ բոց-մրրիկ,
Կը դիմանա՞յ բոցին սաստ
Արդեօք մակոյկըդ փոքրիկ»:
Արդ, այսպէս էր սերովբէն
Կշռադատում եւ խօսում,
Մինչ Ադամը քնի մէջ`
Ո՛չ զգում էր, ո՛չ լսում:

Բ

. . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . the elements
So mix'd in him that Nature might stand up
And say to all the world “This was a man!”.

Shakespeare, Julius Caesar, Act V. Sc. 5.

Չձգձգենք որպէսզի
Պատմութիւնն այս չափածոյ`
Ինչու՞ խօսել աւելորդ
Ուստի պատմենք կարճառօտ:
Մարդը հէնց որ սէր զգաց,
Գոչեց․ «Մեռնու՛մ եմ, Աստուա՛ծ,
Չունե՜մ ընկեր կաթոգին»․
Տէրը տուաւ նրան կին․
Իսկ թէ ինչո՞ւ կամ ինչպէ՞ս,
Չի՞ սովրեցրել Գիրքը քեզ,
Թէ չես լսել մինչ հիմա,
Ապա վեր առ եւ կարդա:
Իսկ այն մասին, թէ նրան
Սիրէ Ադամն պիտ մաքուր
Եւ մեղկ կրքին` սիրտը նա
Չդարձնէ կերակուր․
«Ինչո՞ւ տալիս էր պատուէր,
Ադամն ասում է յուզեալ,
Միթէ միշտ չե՞մ խոստացել
Սիրել սիրով կատարեալ`
Աստծուն եւ այն ամեն բան,
Որոնց ինքն է հեղինակ
Եւ սկիզբը գոյութեան․
Ուխտիս ես չեմ հակառակ»:
Եւ սերովբէն, որ գիտեր
Մարդու սրտի շինուածքը,
Եւ ամեն ինչ տեսնում էր
Նրա անվրէպ սուր աչքը`
Դողդողում էր երդումից
Եւ ակնարկում Ադամին`
Խնդրել ներումն նորից`
Երդման համար դժուարին:
«Գնա՛, կորի՛ր, սերովբէ,
Խօսքերդ անցնում են չափից,
Եւ ինչո՞ւ չես հեռանում,
Անզգա՞յ ես կարծում ինձ․
Ես խառնւո՞ւմ եմ ձեր գործին,
Լսե՞լ էք մի խօսք ինձնից:
Թէ՞ ասելիք չունէի
Ձեր անկայուն բարքերից»:
Եւ նա սաստում է այսպէս
Խոժոռադէմ` հրեշտակին,
Որ խրատուած խստապէս`
Դառնում է իր կրընկին․
Արտասուելով վշտագին
Թռչում իսկոյն, հեռանում,
Իսկ հարսնաբերն Եւային
Ադամի մօտն է բերում:
Նախահայրը սիրաւէտ
Պինդ գրկում է իր էգին,
Սիրախառնւում նրա հետ
Ու վեր ճախրում միասին:
Հեշտանքներից սըրարբած
Ասում է նա տարփագին․
«Օ՜, չե՛մ երբեք ուխտազանց,
Ինչո՞ւ է ինձ տրուել կին:
Խոստացել եմ չլինել
Ես ուխտադրուժ այդ շա՛տ լաւ,
Բայց թէ սիրուց հրաժարուե՞լ,
Չճաշակե՞լ այն բնաւ:
Ուրեմն ինչու՞ տուեց ինձ
Սէր, կին, ինչո՞ւ Տէրն օրհնեց,
Ակնարկում է խօսքն այն ի՞նչ`
Թէ` աճեցեք…» եւ լռեց:
Եւ կռւում են խիստ անհաշտ
Խենթ հրամանն ու բնութիւնն,
Ո՞ւմ կը մնայ մարտադաշտ,
Ո՞վ կը տանի յաղթութիւն,
Կար ժամանակ` այս հարցն էր,
Նոյնիսկ կնճռոտ յոյժ, աւա՜ղ,
Բայց գիտութիւնն լուսաբեր
Կնճիռը այդ լուծեց վա՛ղ:
Նրանց, որ չեն հաւատում
Այս խօսքերիս անպաճոյճ`
Յայտնում ենք, որ չենք խաբում,
Ահաւասիկ ապացոյց:
Ադամն ուխտել էր անխաբ
Չսխալուել մեղկօրէն,
Ուստի յախուռն ընդվզմամբ`
Մէջքի վրայ տեղն ու տեղ
Կոյսին զարկում է գետին
Հուժկու ուժով նժոյգի
Եւ ձգտում է հարուածել
Իր եղջիւրով շեշտակի․
Ապա, ոտքի՛ քաջաբար
Կպչում է լաւ ճմլուած
Դրախտաբնակին գետնահար
Եւ քայլո՜ւմ է վեհընթաց:
Մեղկութի՞ւն է որեւէ
Կամ թէ ստոր կի՞րք է այն,
Երբ ձգտում է վայելել
Սանձակոծ սէրն իր ընծան:
Կարո՞ղ է ոք բնութեան
Ճզմել կզակը սանձով,
Եւ կամ նրա զօրութեան
Դէմ դնել իր թոյլ կրծքով․
Բնութիւնն ինչո՞վ է շարժւում,
Ո՞վ է նրա հեղինակ,
Յիմարութիւն չէ՞ ստոյգ
Կենալ նրան հակառակ:
Որք պաշտամունք բնութեան
Բռնադատել են ջանում,
Նրանց հրեշտակն բարձրաձայն`
Խելագար է անուանում:
Իսկ մենք ջանանք, օ՜, փութով
Աւարտել վէպն այս մէկին,
Պատմենք ամենը հերթով,
Ինչ պատահեց մեր զոյգին:
Երբ որ երկրում հարսնքոյր
Եւ խորանի վարագոյր
Պատառւում են անկարկատ`
Նաեւ թել-թել, աննկատ`
Կտրտւում են արնատար
Անօթները մազանման`
Արդեօք հեղուած առաջին
Արիւնը չէ՞ սրբազան:
Կոյս զոյգերը թեւիթեւ
Գլորւում են տագնապով,
Դատավճիռը պարզ է`
«Անմեղութիւն, գնաս բարո՜վ»:
Իսկ հարսն ինչպէ՞ս, քոյրն ինչպէ՞ս:
«Ցնցւո՜ւմ էին մկանունք,
Եւ խլրտում, գալարւում,
Շողում նրա վառ աչկունք․
Կոյս գրկումը իր ջերմին
Մերթ պրկում էր ու թողնում,
Մերթ շօշափում Ադամին,
Մերթ հեւում էր, մերթ ուռչում․
Թռչո՜ւմ էին հեշտանքի
Հառաչանքները… ինչպէս գետ`
Կրծքից քրտինքն էր հոսում…»
Ադամն էլ չէր մնում ետ,
Մերթ մի համբոյր էր դրոշմում
Կոյսի շուշան շուրթերին,
Յուզմունքից շունչն սպառւում,
Եւ մերթ կրծքով իր ուժգին
Ճմլում փափուկ, ձիւնափայլ
Նռների պէս կաթնագեղ
Ստինքների լուսափայլ
Պտուկները վարդագեղ:
Երանութի՜ւն խելայեղ…
Զի այդ շարժման ժամանակ
Հեշտին` անօթն ընտրութեան
Եռ էր գալիս շնչի տակ
Վարդի մեծն բալասան…
Ամե՛ն․ եղաւ հոտանուշ
Ընծայաբերո՜ւմն բնութեան
Եւ դրախտից հեշտալի
Արտաքսուեցաւ զոյգն այն
Փշոց աշխարհն, ուր Եւան
Ծնում է ցաւո՛վ մինչ այսօր,
Թէեւ եկել է Մեսիան:
Իսկ Ադա՞մը, «Դեռ քրտնո՜ւմ է»:

 

 



[1] «Զեկուցում» (լատ.