Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ը. ՀՈԳԵՒՈՐ ԴԱՍԱԿԱՐԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՅԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

(Изложение канонических постановлений о клиръ "Христ. чтение 1860 г. II ч. " Церковное право. Соколов - 310 стр. )

 

Ձեռնադրութեան միջոցով աշխարհականներից ընդհատուելով կազմւում է մի նոր դասակարգ, որ կոչւում է կղեր, հոգեւորականութիւն, եկեղեցականութիւն, եկեղեցու պաշտօնեայ, որոնք չնայելով իրանց զանազան աստիճաններին, բոլորը միասին վերցրած` ունին ընդհանուր պարտքեր, նշանակութիւն, ընդհանուր հովւութեան եւ ժողովրդին ծառայելու միանման պարտաւորութիւններ, այս տեսակէտից, իբրեւ ամբողջական դասակարգ, առանց աստիճանի խտրութեան ունին որոշ դիրք, պարտքեր, իրաւունքներ եւ կացութեան որոշակի պայմաններ:

Հոգեւոր դասակարգը, կազմուած լինելով այնպիսի անձինքներից, որոնք ընտրուած են ժողովրդի այն անդամներից, որոնք վարք ու բարքով, կրթութեամբ եւ բարոյականութեամբ բարձր են միւսներից, նրանք պէտք է իրանց պաշտօնակատարութեամբ, հովուական պարտքի ճիշտ կատարմամբ օրինակ հանդիսանան ժողովրդին. թէ ի՞նչպէս պէտք է վարուեն հօտի հետ, ի՞նչպէս հովուեն եւ կեանք վարեն, այդ մասին թէ Ս. Գրքում, թէ ժողովների եւ թէ ս. հարց կանոններում կան բազմաթիւ ցուցումներ, խրատներ:

 

1) Մեր կանոնները պահանջում են, որ ոչ միայն ներքուստ, այլ եւ արտաքուստ, այն է` դրսի նիստ ու կացի, շորի, հագուստի կողմից հոգեւորականները բռնեն օրինակելի դիրք, չերեւան այնպիսի ձեւով եւ դիրքով, որոնք կարող են ծիծաղ յարուցանել ժողովրդի մէջ. հագնեն այն ձեւով եւ տարազով, որոնք ժողովրդի համար եւ նրա աչքին պատկառելի է համարւում [1]:

 

2) Որպէս զի հոգեւորականները միշտ լինեն ողջախոհութեան, պարկեշտութեան համեստ  կացութեան  օրինակ կանոնները  արգելում  են  մտնել այնպիսի տեղեր, որտեղ գինարբութիւն, զեղխութիւն եւ անկարգ գործողութիւններ են կատարւում. օրինակ` գինետուն, պանդոկներ, զուարճական վայրեր գ., 82, 159, 161). այս կանոնները չափաւոր ուրախութիւնը չարգելելով հանդերձ, թոյլ չեն տալիս մասնակցել շռայլ կոչունքներում, խրախճանութիւններում (Ներսէս Ե, 58 կ., 426 եր. ):

 

3) Բարոյական կասկածներից հեռու մնալու համար եւ ժողովրդի մէջ մոլորութիւն չյարուցանելու նպատակով, ոչ մի հոգեւորական չպէտք է իւր մօտ պահի ո՛չ մի կին, բացի մօտ ազգականներից, որոնք կասկածից հեռու են գ., 110, 159, 177, 236):

 

4) Հոգեւորականները պիտի հեռու մնան այն բոլոր զուարճական, ըմբշամարտական տեղերը այցելելուց, որտեղ բացի անվայել արարքներից ո՛չ մի լրջմիտ գործ չի կատարւում. նոյնպէս հներում թատերավայրերը, ուր կռապաշտական, կախարդական եւ այլ վատ հակումներ գրգռող տեսարաններ չեն ներկայացնում. նոյնպէս թղթախաղի տներ, որտեղ բացի ժամավաճառութիւնից ոչինչ օգուտ չէր կարելի ստանալ: Լուսաւորչի 27 կանոնը (355 եր. ) մինչեւ իսկ ձեռնածուներին 2 տարուայ ապաշխարանքի է ենթարկում: Մանդակունու խրատները խստիւ արգելում են թատերախաղեր գնալ ո՛չ միայն հոգեւորականներին, այլ եւ աշխարհականներին` համարելով այն խաղերը կռապաշտական:

 

5) Արգելւում էր հոգեւորականներին աշխարհային գործերով զբաղուել, շահագրգռական զբաղմունք ունենալ. օրինակ` կերակրանոց եւ հիւրատուններ պահել, կամ կառավարիչ լինել այդպիսի տեղերում, անազնիւ ճանապարհով փող դիզել, վաճառականութիւն, առեւտուր անել, խանութ դնել: Պարզ է, որ այս կանոնները չեն արգելում, եթէ հոգեւորականը, ազնիւ պարապմունք ունենալով, շատացնում է իւր ընտանիքի, կամ եկեղեցու, վանքի արդիւնքները, օր. վաճառելով հացապտուղների աւելորդը, այգու գինին, փեթակների մեղրը եւն: Աշխարհային պարապմունքով զբաղուելու արդյունքը առաջանում էր նրանից, որ շատերը, թողնելով իրանց հոգեւոր պարտքերի կատարելը, խառնւում էին ժողովրդական գործերի մէջ, դատաւոր լինելով, գիւղապետի կամ հարկահանի պաշտօն յանձն առնելով, շատերը զինուորական ասպարէզ էին մտնում, ուրիշները որսորդութեամբ պարապում գ., 80, 161, 406, 428 երես):

 

6) Կանոնները խստիւ արգելում են հոգեւորականներին փողը շահով տալ, կամ վաշխառութեամբ պարապել: Յունա-հռոմէական կանոններով վաճառականներին թոյլ էր տրւում փողը տալ պարտապաններին 8%-ով, մնացածներին` 6%-ով, իսկ բարձրաստիճան մարդիկ պիտի բաւականային 4%-ով (Սօկօլով, 317). Այժմ պետական օրէնքով 12%-ից աւելին վերցնողը համարւում է վաշխառու, հոգեւորականները շատ-շատ իրաւունք ունէին փոխ տալու առանց շահի եւ տուած փողը յետ ստանալու գ., 80, 117, 156, 268):

 

7) Արգելւում է հոգեւորականներին երաշխաւոր լինել դատարաններում, այդ հիմքով Յուստինիանոսի 123 նովելլայով արգելւում էր դրանց՝ առեւտրական, պարտատիրական պայմաններում, դատարաններում պատասխանատու անձանց փոխարէն երաշխաւոր, միջնորդ, հոգաբարձու եւ կտակակատար լինել զանազան անձանց: Այդ արգելքները դրուեցին նրա համար, որ առաջին՝ հոգեւորականները չշեղուեն իրենց ուղղակի պարտաւորութիւններից. եւ երկրորդ՝ որ երաշխաւորութեան դէպքում չենթարկուեն, քաղաքացիական գործերի պատրուակով, դատի, խիստ պահանջների, անպատւութեան եւ պատժի: Իսկ այնպիսի դէպքերում, երբ հարկաւոր է խնամել որբ ու տնանկներին, խնամատարութեան տակ ընդունել տկարներին եւ աղքատներին, այդպիսի դէպքերում թէ եկեղեցին եւ թէ տէրութիւնը թոյլ էին տալիս ոչ միայն օգնական հանդիսանալու, այլ եւ ինքեանք դրանց նպաստում էին այդ բանում գիրք, 75):

 

8) Հոգեւորականները իրանց ընտանեկան կեանքով պիտի լինեն մաքուր եւ օրինակելի բոլոր հօտի համար. ամուսնական կեանքը պիտի որոշ բարոյական սկզբունքներով առաջնորդուի: Ամուսնական կեանքի պարտաւորութիւնները միեւնոյն չէ բոլոր եկեղեցիների համար, գոնէ մինչեւ Ե դարը համարեա թէ միեւնոյն ամուսնութեան վերաբերեալ կանոններով էին առաջնորդւում բոլոր եկեղեցիները, յետոյ արդէն զանազանութիւն մտաւ այդ եկեղեցիների կանոնների մէջ: Հռոմէական եկեղեցին բոլորովին արգելեց ամուսնութիւնը բոլոր հոգեւորական աստիճաններում, բողոքական եկեղեցին, ընդհակառակն, ամուսնանալ թոյլատրեց բոլորովին, յունաց եւ Հայոց եկեղեցին ամուրիութիւն սահմանեցին եպիսկոպոսական եւ վարդապետական աստիճանների համար` թոյլ տալով ամուսնանալ քահանայական դասակարգին: Ամէն մի եկեղեցի իւր արածը ապացուցանելու համար դիմում է հին եկեղեցու կանոններին եւ գործնականութեան, որտեղ եւ գտնում է իւր ցանկացածը, որովհետեւ հինը չէր արգելում ոչ մէկը եւ ո՛չ միւսը, ով կամենում էր` ամուսնանում էր, ով` չէ, մնում էր ամուրի:

Տերտուղիանոսը, որ ապրում էր Բ դարում, իւր գրուածքներում ասում է Է. գլխում, ինչքան ինձ յայտնի է, երկկին քահանաները զրկւում էին քահանայութիւնից: ԺԱ գլխում յիշում է, որ պատարագը անում էր եւ ամուսնացած, եւ կուսակրօն քահանան` շրջապատուած ամուսնացած եւ կուսակրօն սարկաւագներով: Սոկրատը դարում) Ե գլխում ասում է, որ Թեսաղիայում եթէ կղերականը շարունակում էր կնոջ հետ ապրել, որի հետ ամուսնացել էր ձեռնադրութիւնից առաջ, մերժւում էր կղերից. իսկ Արեւելքում եթէ եպիսկոպոսները իրանց կանանցից հեռանում էին, այդ անում էին յօժար կամքով, իսկ շատերը կանանց պահում էին եւ եպիսկոպոսութեան ժամանակ երախաներ էին ունենում: Եպիփանոս Կիպրացին դարում) ասում է` ամուսնացած եւ որդիներ ունեցող անձին եկեղեցին չի տալիս քահանայական աստիճաններ, մանաւանդ որտեղ խիստ են եկեղեցական օրէնքները, իսկ միւս տեղերում եթէ հակառակն է լինում, այդ ո՛չ եկեղեցական կանոնով է, այլ մարդկային թուլութիւնից եւ կարիքից ստիպուած են ամուսնացեալին ձեռնադրում: Յերոնիմոսը դարում) վկայում է, որ հոգեւորականները իրանց զսպում էին ամուսնական անկողնից (Սօկօլով, 325 եր. ): Վերոյիշեալից երեւում է, որ հնումը օրէնքը իւր խստութեամբ չէր գործադրւում, որովհետեւ այդ հարցը դաւանաբանական նշանակութիւն չունէր, որքան կառավարչական, տեղի ժամանակի  եւ  հանգամանքների  հետ  կապ ունեցող:

Գրիգոր Լուսաւորիչը 3 տարուց յետոյ բաժանուեց կնոջից, կինը մտաւ կուսանոց, ինքը նուիրեց հոգեւոր ասպարէզին: Նրա կրտսեր որդին վանք մտաւ իբրեւ կրօնաւոր, իսկ մեծը ամուսնացաւ, եպիսկոպոս ձեռնադրուելուց յետոյ առանձնացաւ ամուսնուց: Մինչեւ Ե դարը ս. Սահակի ժամանակ կաթուղիկոսները մեծ մասամբ ամուսնացած էին, կաթուղիկոս ընտրուելուց յետոյ կուսակրօն կեանք էին վարում: Ամուսնութիւնից հեռանալը անպայման պարտք չէր հոգեւորականութեան համար, իսկ առաքեալների ժամանակ ամուսնութիւնը սովորական էր, եւ պարտք էր սահմանուած, որ եպիսկոպոսը, սարկաւագը «միոյ կնոջ» այր լինէին (Տիմ. Գ 2, Տիտ. Ա 6): Բ առ. 51 կանոնը գ., 82) ասում է` եթէ եպիսկոպոսը, երէցը, կամ սարկաւագը, կամ քահանայական կարգից որ եւ է մէկը կհրաժարուի ամուսնութիւնից, մսից, գինուց, ոչ թէ ժուժկալութեան պատճառով, այլ պիղծ համարելով եւ անարգելով ստեղծագործութիւնը, դրանք կամ ուղղուեն կամ կարգալոյծ լինեն եւ մերժուեն եկեղեցուց: Յամենայն դէպս Զ դարուց սկսած հայոց մէջ կուսակրօնութիւնը մտաւ գործնականութեան մէջ, եւ այլեւս եպիսկոպոս ու կաթուղիկոս չենք ունենում ամուսնական կեանքով: Նիկիայի ժողովում երբ հարց բարձրացաւ կուսակրօնութեան համար պարտաւորական օրէնք սահմանելու, Թեբէի Պափնուտ եպիսկոպոսը, որը կուսակրօն էր, երկար խօսեց ժողովում այդ մասին, ճգնեց ցոյց տալ, որ աւելի լաւ է ամուսնանալ, քան թէ վատթար կեանք վարել, քանի որ ամենքը չեն կարող ողջախոհ կեանք վարել, միայն ով անպսակ ձեռնադրութիւն կստանայ, իրաւունք չունենայ յետոյ պսակուելու, իսկ ով պսակուած կլինի հոգեւորական, իրաւունք չունենայ կնոջ արձակել: Եպիսկոպոսի խօսքերը մեծ ազդեցութիւն արաւ, եւ ժողովը, համաձայնելով նրա կարծիքի հետ, կուսակրօնութեան համար պարտաւորական կանոն չսահմանեց (Սոկրատէս Ա, Սոզոմենոս Ա): Յուստինիանոսի 123 նովելլայով կարգադրուեց` ստորին պաշտօնեաները ազատ են ընտրելու կուսակրօն կամ ամուսնացեալ կեանք, բայց սարկաւագ լինելուց առաջ նրանք կամ պիտի պսակուեն, կամ խօսք տան որ ձեռնադրութիւնից յետոյ պիտի վարեն ազնիւ կեանք եւ առանց օրինաւոր կնոջ պիտի ապրեն: Ամուսնական կեանքը չի վերջանում քահանայ կամ սարկաւագ ձեռնադրուելով, թէ եւ ժուժկալութիւնը եւ մաքրութիւնը աւելի գերադասելի է հոգեւոր անձանց համար, բայց նոյնպէս այդ լինելով ազատ վճռի գործ, ստիպողական չէ, ամուսնական յարաբերութիւնների շարունակութիւնը անհամապատասխան չի համարւում քահանայական կոչման (Սօկօլով, 331):

 

Տրուլի ժողովը 691 թուին լսելով, որ Հռոմի Պապը ստիպողական կարգադրութիւն է արել երեք բարձր քահանայական դասակարգի համար կուսակրօնութիւն պահպանել անպայման կերպով, դատապարտեց այդ կարգադրութիւնը քահանաների եւ սարկաւագների վերաբերմամբ եւ որոշեց 13 կանոնով. 1) քահանաներին եւ սարկաւագներին չարգելել ամուսնութեան մէջ մնալ, 2) ոչ ձեռնադրութիւնից առաջ եւ ո՛չ յետոյ նրանցից չպահանջել ամուսնական յարաբերութիւն ունենալ իրանց կնոջ հետ, 3) պատժել նրանց, որոնք բարեպաշտութեան պատրուակով կհեռացնեն կնոջ հակառակ նրա կամքի: Վերոյիշեալները ի նկատի առնելով` կարելի է հետեւեալ կանոններով ամփոփել այդ հարցը:

 

1) Որ ամուսնացեալ հոգեւորականները լինեն մի կնոջ այր: Թէ եւ Թէոդորէտը երկրորդ ամուսնութեան մէջ մտած անձանց ձեռնադրում էր եւ արդարանում էր նրանով, որ ուրիշների օրինակին է հետեւում (Սոկոլով, 334):

 

2) Ամուսնութեան մէջ մտնելը պիտի լինի նախ քան ձեռնադրութիւնը, բացի ստորին պաշտօնեաներից, որոնց թոյլ էր տրւում յետոյ էլ ամուսնանալ: Յուստինիանոսի ժամանակ այնքան շատ էր ձեռնադրութիւնից յետոյ ամուսնացողների թիւը, որ հնար չկար առանց խիստ պատժողական օրէնքների դիմելու առաջն առնելու, մինչեւ իսկ այդպիսիների ինչքը գրաւում էր յօգուտ եկեղեցու եւ որդիներին ապօրինի հրատարակելով` զրկում էր ժառանգութիւնից:

 

3) Հոգեւորականի կինը մեղանչելիս, կամ պիտի արձակուի, կամ ինքը ամուսինը լուծուի կարգից:

 

4) Եպիսկոպոս, վարդապետ, վանականներ պիտի լինեն կուսակրօն, եւ իրաւունք չունենան պսակուելու:

Մինչեւ Ե դար, ինչպէս վերեւում ասացինք, կամաւոր էր եպիսկոպոսի կոյս կամ ամուսնացեալ լինելը: Սոկրատի վկայութեամբ` Թեսաղիայում, Մակեդոնիայում եւ Յունաստանում արդէն սովորութիւն էր դարձել կուսակրօն հոգեւորականութիւնը, միայն Արեւելքում շարունակւում էր ամուսնացեալ հոգեւորականութիւնը, նոյն իսկ որդիներ ունեցող եպիսկոպոսներ հազուագիւտ չէին: Կամաց-կամաց եպիսկոպոսական աթոռի համար սկսեցին նախապատւութիւն տալ այն անձանց, որոնք վանական էին, որոնք ամուրի էին, կամ որոնք կամաւոր յօժարութեամբ հեռացած էին իրանց կանանցից: Յուստինիանոսը 528 թուին պատուիրեց ընտրել եպիսկոպոս այն անձանց, որոնք ծանրաբեռնուած չէին ընտանիքով, որպէսզի եկեղեցու ինչքը, ստացուածքը մնայ ուղղակի եկեղեցուն եւ չգնայ եպիսկոպոսի ընտանիքի պահպանութեան համար: Երեք տարի յետոյ արգելեց ընտրուած եւ ձեռնադրուած եպիսկոպոսին կենակցել կնոջ հետ: 535-ին հրամայեց, որ եպիսկոպոսութեան ընտրելիները կամ լինեն վանական, կամ առնուազը վեց ամիս կղերում մնացած լինեն եւ բաժանուած կնոջից ու չունենան որդիք եւ մօտ

ազգականներ: Հակառակ այս օրէնքի գնացողը պատժուելով, զրկուի կարգից, ձեռնադրողն էլ բանադրուի: Այսպէս շարունակուեց մինչեւ 691 թիւը, Տրուլի ժողովը, որի վճիռը արդէն յայտնի է, սրանից յետոյ արդէն վերջանում է ամուսնացեալ եպիսկոպոսութիւնը: Մեր մէջ, ինչպէս ասացինք, վերջին ամուսնացած կաթուղիկոսն էր ս. Սահակ. նրանից յետոյ գոնէ ոչ մի փաստ չունինք հաստատելու, որ ամուսնութիւնը չէր վերացած, կուսակրօնների` եպիսկոպոս եւ կաթուղիկոս ընտրուելը մեր մէջ աւելի վաղ սկսուեց, քան օտար եկեղեցիներում: Մեր առաջի վանական կաթուղիկոսն էր Արիստակէս «որ ի մենակեաց լեառնակեաց կրօնս մտեալ էր» (Ագաթ., 494), «եւ էր Արիստակէս կուսան՝ սուրբ ի մանկութենէ» (Բիւզ., 9):



[1]           Ծանօթութիւն: Թէ երբ է սկսել հոգեւորականութիւնը տարբեր տարազով երեւալ եւ ժամերգութեան ժամանակ բոլորովին այլ զգեստ հագնել, այդ մասին տանք մի քանի տեղեկութիւններ. ժամերգութեան ժամանակ առանձին հանդերձ գործ ածելը, գոնէ Ասիայում, պէտք է համարել առաքեալների ժամանակից, քանի որ թէ առաքեալները, թէ իրանց հրէայ աշակերտները քարոզում էին սինագօգաներում եւ հրէաների ձեւով աղօթում ու հագնւում, քրիստոնէական համայնքներ կազմելուց, սարկաւագի, քահանայի, եպիսկոպոսի դասեր հաստատելուց յետոյ, ըստ հրէական քահանայապետների, քահանայից եւ ղեւտական ծառայողի, պէտք է մտցնէին այն հանդերձները ժամերգութեան ժամանակ, որոնք դարերի ընթացքում սրբագործուած եւ Մովսէսից սկսած յարգի էին  ու  պարտաւորական էին  համարւում  հրէից  տաճարներում  քահանաների  համար: Բինգամի կարծիքով (տե՛ս Սօկօլով, 323 երես)` «կղերը ունէր ժամերգութեան համար առանձին հանդերձներ գոնէ Դ դարու սկզբին, ա՛յդ ժխտել չի կարելի, բայց այդ ժամանակ նկատելի լինէր սովորական հագուստների մէջ առանձին տարազ, այդ բանին հակասում են հին շատ ցուցմունքներ»: Ոսկեբերանի ժամանակ հոգեւորականութիւնը ըստ սովորութեան սեւ շոր էր հագնում, իսկ նովատեանները իբրեւ նորամուծութիւն` սպիտակ: Ափրիկայի եւ Գաղղիայի կողմերում կղերը տարբեր հագուստ չէր գործածում. Յերոնիմոսը Եզեկիէլի մեկնութեան մէջ ասում է. «Մենք չպէտք է ածիլենք մեր գլուխը Օզիսի եւ Սերապիսի քրմերի նման, ոչ էլ երկարացնել բարբարոսների եւ զինուորների նորաձեւութեան հետեւելով, հապա քահանաները պէտք է երեւան գան պատկառելի եւ վայելուչ արտաքինով, ոչ ածիլելով ճաղատի չափ, ոչ էլ այնպէս խուզելով որ ածիլուած երեւան, հապա թողնեն որ բուսնին եւ կաշին ծածկեն (նոյն տեղ, 314): Մեր աղբիւրներին նայելով` Դ դարում հայոց մէջ ոչ միայն եկեղեցում, այլ եւ դրսում հոգեւորականները առանձին տարազով շօր էին հագնում, որ կոչւում էր «հանդերձ կղերիկոսաց». Փաւստոսը Ներսէս Մեծի ընտրութեան համար ասում է. «Բերին կղերիկոսաց հանդերձները եւ հագցրին նրան» (59 երես): Ներսէս Մեծը թունաւորելուց յետոյ, երբ գնաց վրանը, Փաւստոսը (183 երես) ասում է. «Երբ մտաւ իւր օթեւանը, հանելով իւր պարեգօտը, սիրտն էր ցոյց տալիս». պարեգօտը այժմեայ կապան է կամ վերարկուն, ըստ ձեւի հրէական պարեգօտի: Իսկ Մանազկերտցի Զաւէն կաթուղիկոսի նորաձեւութեան համար ասում է 223 երեսում. «Զի ամենայն քահանայից ուսոյց առնել հանդերձս զինուորաց: ... զի ոչ ըստ կրօնիցն ագանէին քահանայքն զպճղնաւորն, որպէս օրէն էր ի բնէ, այլ սկսան զխոտոր-կտուրսն ի վերայ ծնգացն ունել... »: Մի քահանայի ձեռնադրութեան համար ասում է 226 երեսում. «Հրամայէր (եպիսկոպոսն) լուծանել զհանգոյցս մեկնոցին, եւ արկանել նմա աղաբողոն» (փիլոն): Յովհան Մամիկոնեանը իննակեան վանքի կրօնաւորների համար ասում է` «սեւազգեստ», «կնկղաւորք», որ նշանակում է` նրանք հագնում էին սեւ զգեստ երկար, եւ գլխներին` վեղար: