Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Զ. ՊՕԼՍՈՅ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆԸ

 

Պօլսի պատրիարքութիւնը համեմատաբար աւելի նոր է, առաջացաւ տաճկաց՝ Պօլիսը գրաւելուց յետոյ, այն է` 1464 թուին, երբ սուլթան Մուհամէդ Բ յունաց կայսրութիւնը կործանելուց յետոյ, քրիստոնեայ ազգերի հոգեւոր իշխանութիւնը Պօլսում կեդրոնացնելու նպատակաւ կարգեց հոգեւոր ազգապետներ, եւ ի միջի այլոց հայոց եպիսկոպոսներից մէկին, որի հետ առաջուց ծանօթ էր, նշանակեց Պօլսոյ պատրիարք, իբրեւ ընդհանուր՝ Տաճկաստանում գտնուած հայերի հոգեւոր գլուխ եւ պատասխանատու անձն սուլթանի առաջ: Այսպիսով ԺԵ դարու կէսից մտնում է Հայոց եկեղեցու նուիրապետական կազմի մէջ նոր աստիճանաւոր առանձին իրաւունքներով եւ պարտքերով՝ համարեա կիսանկախ կաթուղիկոսից: Մինչեւ 1860 թիւը Պօլսոյ պատրիարքները ընտրւում եւ հեռացնւում էին Պօլսի հայ իշխանների ձեռքով կայսերական հաստատութեամբ, նրանք կառավարում էին բոլոր տաճկահայ թեմերը՝ նշանակելով եւ արձակելով թէ առաջնորդներ եւ թէ վանահայրեր ընտրութեամբ թեմի ժողովրդի եւ վանքերի, նրանց կապը Էջմիածնի կաթուղիկոսների հետ երեւում էր եպիսկոպոսական ձեռնադրութեան, մեռոնի բաշխման եւ նուիրակների ընդունման ու գանձանակադրամների ժողովման մէջ` յօգուտ Էջմիածնի, իսկ առաջնորդական թեմերը, ըստ նախկին կանոնաց, համարեա կիսանկախ կառավարում էին առաջնորդ-եպիսկոպոսների ձեռքով: 1861-ից յետոյ Պօլսոյ պատրիարքների ընտրութիւնը, հրաժարումը, ամբողջ տաճկահայոց թեմերի ընդհանուր վարչական կազմակերպութիւնը կանոնաւորուեց, կարգի տակ մտաւ ընդհանուր՝ Պօլսի ազգային ժողովի իրաւասութեան եւ հսկողութեան ներքոյ (տե՛ս Ա գիրք, Սահմանադրութիւն 730-772):

 

Պօլսոյ պատրիարքը ենթարկւում է Ամենայն հայոց կաթուղիկոսի իրաւասութեան եւ համարւում է կաթուղիկոսական փոխանորդ Տաճկահայաստանում. նա եւ նրա ձեռքի տակ եղած առաջնորդները պիտի ձեռնադրուած լինեն Էջմիածնում, բոլոր թեմերի մեռոնը պիտի բերուի Էջմիածնից, պսակալուծութեան եւ այլ կարեւոր ծիսական, պատժական, դատական խնդիրներում պատրիարքը միշտ դիմում է կաթուղիկոսի վերջնական վճռին եւ որոշման. դաւանափոխ, ուխտադրուժ եւ կարգալուծութեան ենթարկուելի եպիսկոպոսներին վերջնականապէս կարգից զրկելու վճիռը վերապահւում է կաթուղիկոսին. որոշում է կայացնում այդ խնդիրների մասին պատրիարքը խառն ժողովի (տե՛ս Ա գ., 521-523) հետ միասին կամ կրօնական ժողովի հետ միայն, վճիռը կաթուղիկոսին է ուղարկւում ի հաստատութիւն եթէ վճիռը միաձայն է, իսկ եթէ տարաձայնութիւն կայ խառն ժողովի կամ կրօնական ժողովի վճռի մէջ, կաթուղիկոսը նոր հարցեր է տալիս պատրիարքին եւ պարզաբանելուց յետոյ՝ վերջնական վճիռ է դնում հարցերին, այդպիսի վճիռները չեն ենթարկւում բողոքման, համարւում են վերջնական: Պօլսոյ պատրիարքութիւնը ունի 40-աչափ թեմական առաջնորդութիւններ՝ բացի Երուսաղէմից, որոնք անմիջական կապ չունեն կաթուղիկոսի հետ, կարեւոր դէպքերում դիմում են Պօլսի պատրիարքի միջոցով կամ երբեմն ուղղակի: