Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Զ. ՊՍԱԿԱԼՈՒԾՈՒԹԻՒՆ

 

 

Յիսուս լեռան վրայ ժողովրդին քարոզելու ժամանակ ի միջի այլոց խօսեց եւ ամուսնալուծութեան մասին. «Առաջուց ասուեց, թէ ով որ իւր կնոջ արձակի, թող նրան արձակման թուղթ տայ: Բայց ես ձեզ ասում եմ, ով որ իւր կնոջ կարձակի առանց պոռնկութեան պատճառի, նա նրան շնութիւն է անել տալիս, եւ ով որ արձակուած կին է առնում, շնութիւն է անում» (Մատթ. Ե գլ. ):

 

Պօղոս առաքեալը Կորնթացոց գրած թղթում համոզում է խիստ սրբութեամբ կեանք վարել, ցանկանում է, որ ով կարող է` թող իւր նման անամուսին կեանք վարի, իսկ ով չի կարողանալ համբերիլ` թող պսակուի. կինը կապուած է մարդուն հետ այնքան ժամանակ, որքան մարդը կենդանի է, իսկ մարդու մահից յետոյ նա ազատ է, կարող է երկրորդ անգամ ամուսնանալ. բայց «երանելի կլինի, ասում է առաքեալը, եթէ իմ խրատիս համաձայն վարուի եւ մարդու չգնայ» Կորնթ. Է գլ. ): Բարսեղ Մեծը, հետեւելով Տիրոջ պատուէրին, ընդունում է կնոջ արձակել պոռնկութեան համար, «այդ խօսքը պիտի վերաբերէր թէ մարդուն, թէ կնոջ, բայց սովորութեան մէջ այդպէս չէ, երբ մարդը անառակ է, կնոջ պատուիրւում է մարդու մօտ մնալ. բայց եթէ կինը անառակ է, մարդուն թոյլատրւում է արձակել» գիրք, 239): Իսկ 31 կանոնի մէջ, ստիպուած հարկից, թոյլ չէ տալիս թէեւ զինուորների եւ բացակայութեան մէջ գտնուող անձանց կանանց մարդու գնալ առանց իրանց մարդկանց մահուան լուրը ճշտելու, բայց թեթեւ զիջողութիւն է անում (36 կանոն)  գիրք 243) ենթադրելով որ  պատերազմում  կարող  են  մահուան դէպքեր լինել: Լուսաւորիչ 23 կանոնով պոռնկութեան համար թոյլ է տալիս արձակել կնոջ, միայն մի տարի ապաշխարանքի ենթարկելով գիրք, 509): Շահապիվանի ժողովի 3-րդ կանոնը խիստ ծեծի, կշտամբանքի, տուգանքի, ապաշխարանքի է ենթարկում շնութիւն անող թէ կնոջ, թէ մարդուն: 4-րդ կանոնը ասում է` եթէ մարդը շնաբարոյ է եւ առանց պոռնկութեան պատճառի կամ մարմնական արատի արձակում է կնոջը, սա բոլոր մարդու շարժական եւ անշարժ կայքի կէսը իրաւունք ունի հետը տանելու եւ եթէ կամեցաւ երկրորդ  անգամ մարդու  գնալ պէտք է  տարած կարողութիւնը գանձարանին տայ, իսկ մարդը ենթարկւում է 7 տարուայ ապաշխարանքի, տուգանքի եւ ծեծի, եւ եթէ տարին չլրացած մի ուրիշ կին գայ այս մարդուն եւ իմացուի, որ այս կնոջ պատճառով է մարդը իւր առաջին կնոջ արձակել, երկրորդ կնոջ տանեն ուրկանոց աղալու մի տարի ժամանակով: Յաջորդող 5-րդ կանոնը նոյն ձեւով, նոյն պատիժներով, նոյն տուգանքներով կշտամբում է այն մարդուն, որը առանց պոռնկութեան եւ մարմնական արատի կարձակի կնոջ ամլութեան համար: Վերոյիշեալ երկու կանոնն օրինաւոր են համարում ամուսնալուծութիւնը երկու պատճառի համար, այն է` պոռնկութեան եւ մարմնական արատի: Ուրիշ պատճառներով արձակելը համարում են ապօրինի եւ փոխանակ արգելելու այդպիսի գործողութիւնը, բաւականանում են միայն տուգանքի, ծեծի ենթարկելով, եւ երկրորդ՝ չեն կարողանում արգելել, որ ապօրինի վարուող մարդը իրաւունք չունենայ ուրիշ կին առնելու, հապա մինչեւ մի տարի այդ մարդը էլի պսակւում է, եւ երկրորդ կինը ենթարկւում է մի տարի ապաշխարանքի այն դէպքում, երբ հաստատւում է, որ մարդուն գլխահանողը այս վերջին կինն էր: Այստեղից երեւում է. ա) որ բացի  եկեղեցական պսակից, կար եւ առաջուայ կարգով քաղաքացիական պսակ, ինչպէս եւ ընդհանուր եկեղեցումն էր երեւում. քաղաքացիական պսակ կատարելիս, հարսնախօսութիւնից յետոյ, մի քանի բարեկամներով գնում էին հարսի տունը, հացկերոյթ սարքում, եւ խնջոյքի ժամանակ հանդիսաւոր յայտարարւում էր, որ այս ինչ մարդը առնում է այս ինչ աղջկան. եւ պսակը համարւում էր եղած, բ) որ ամուսնալուծութիւնը չէր ենթարկւում եկեղեցու խիստ հսկողութեան, եկեղեցին մեղմութեամբ էր վերաբերւում այդպիսի յանցանքներին. մեղմութեամբ ասելով չպիտի հասկանալ տուգանքի, ապաշխարանքի չենթարկելը, ո՛չ, քանի որ խիստ ծեծը սովորական պատիժն էր այդ յանցանքում բռնուածների համար. հապա զրկելով երկրորդ անգամ ամուսնանալուց, խիստ սաստելով քահանաներին, որ այդպիսիների տունը չգնան, եկեղեցի չթողնեն նոցա: Այն ինչ երեւում է, որ առանց պատճառի կնոջ արձակողը իսկոյն պսակւում է, թէեւ ապաշխարանքի տակ է համարւում արձակողը, գ) առանց օրինաւոր պատճառի արձակուած կինը իրաւունք է ստանում մարդու գնալու, միայն մարդու հետ կես արած իւր բաժինը գանձարանին յանձնելով, այս երեւի այն մտքով է, որ բաժանման ժամանակ կինը կարող է անօգնական մնալ եւ այդ հիմքով թոյլ է տալիս մարդու հետ ամէն ինչ կէս անել, իսկ յետոյ մարդու գնալը համարում էին կնոջ համար արդէն նիւթականապէս ապահով դրութիւն եւ գրաւում էին յարքունիս նրա բերած բաժինը, երեւի թէ պատիժ համարելով այդ գրաւումը կնոջ նկատմամբ նրա համար, որ չէր կարողացել գրաւչութեամբ ամուսնու սիրտը շահած պահել եւ արձակման առաջն առնել, դ) բաժանման դէպքում շարժական եւ անշարժ կայքի հետ մարդ ու կին կէս են անում եւ որդիքը. թէ ինչպէ՞ս. անորոշ է. արդեօք հայրը վերցնում էր տղաներին, կինը աղջիկների՞ն, թէ՞ հաւասար թուով հէնց կէսում էին առանց այդ ի նկատի ունենալու. մանրամասնութիւնների համար ոչինչ չկայ:

Մարդիկ չնչին բաների համար արձակելով իրանց կանանց եւ ուրիշների հետ պսակուելով առանց որ եւ է խիստ՝ շօշափելի պատժի ենթարկուելու, պիտի դարձնէին երկիրը կնահաններով, մարդաթողներով լիքը մի վայր, քանի որ մի քանի տարի ապաշխարանքը, ծեծը, տուգանքը (100 դրամ=մօտաւորապէս 20 ռուբլի) մի մեծ նեղութիւն չէր համարուիլ կին արձակողների համար, որոնք անպիտան կանանցից ազատուել եւ իրանց հաւանած անձանց հետ կուզենային ապրել: Այստեղ հարկաւ նշանակութիւն պիտի ունենար քաղաքացիական օրէնքը, որ պսակը համարելով մի որոշ հիմք ունեցող կապ, լինի քաղաքացիական, թէ եկեղեցական, պիտի տար նրանից ծնուած մանկանց որոշ իրաւունքներ, որոշ արտօնութիւններ, որոնք խճճւում էին ըստ քմահաճոյից ամուսնալուծական դէպքերում, եւ ժառանգական հարցերը իւր բոլոր ճիւղերով յանձնւում կամայականութեան: Թէ եկեղեցին ինչու այս խնդիրներում չէր որոշում վաւերական պսակը անվաւերից, կամ պատասխանատւութեան ենթարկում պսակադիր եպիսկոպոսին կամ քահանային, հասկանալի չէ, քանի որ այդ ամուսնալուծութիւնները նա համարում էր ապօրինի, եւ քանի որ նոյն ժողովի հետագայ 7-րդ կանոնը գաղտնի պսակը համարում է անվաւեր, որ նշանակում է, թէ վաւերական պսակ եւ անվաւեր պսակ՝ արդէն եկեղեցական կանոնական շրջանում գոյութիւն ունէր, եւ բացի այդ գաղտնի պսակ անող քահանային զրկում էր քահանայագործութիւնից եւ 100 դրամի տուգանքի ենթարկում: Այս հարցերը շատ էլ կարեւոր եթէ լինեն էլ, պիտի մնան առանց պատասխանի, որովհետեւ կանոնները շատ հետեւողական չեն, հակասող կէտեր շատ ունեն եւ մութ են: Նոյն ժողովի 13-րդ կանոնը խօսում է մերձաւոր ազգականների պսակի մասին, զրկում է քահանայութիւնից պսակադիր քահանային եւ աթոռից` եպիսկոպոսին, եթէ սրանք օրհնել են պսակը եւ նրանց հարսանիքը գնացել, իսկ պսակուողների բաժանման խնդիրը թողնում է ամուսինների կամքին, կամաւոր բաժանման դէպքում մեղմ պատիժներ նշանակելով, չբաժանուելու դէպքում` խիստ. մեղմ պատիժն այն է, որ պսակուողները իրանց ունեցածի կէսը տան կարօտեալներին եւ ցմահ ապաշխարեն եւ մեռնելիս հաղորդուեն: Այս կանոնից էլ, ընդհակառակն, երեւում է, որ եկեղեցական պսակը տիրապետող օրէնք էր, եւ կանոն, այլապէս մերձաւոր ազգականները կդիմէին քաղաքացիական պսակին եւ ո՛չ եկեղեցականին, ա՛յս վերոյիշեալ մեր ենթադրութեան հակասում է, որից պիտի եզրակացնել, որ կամ նախորդ կանոնները առաջուց կազմած եւ ապա կցած են այս կանոններիս հետ, կամ ուղղակի ժողովականները կազմել են եւ մտցրել կանոնների շարքը առանց հետեւողաբար մշակելու եւ քննելու խնդիրը:

 

Յամենայն դէպս Շահապիվանի ժողովը կողմնակի կերպով թոյլատրում է ամուսնալուծութիւն. 1) պոռնկութեան դէպքում, 2) մարմնական արատի համար: Իսկ եղած պսակը լուծուած է համարւում եւ անվաւեր. 1) գաղտնի եղած դէպքում եւ 2) ազգակցական չհաս աստիճանում: Ամուսնալուծութիւն չի կարող տեղի ունենալ. 1) ամլութեան պատճառով, 2) մարդու եւ կնոջ փոխադարձ համաձայնութեամբ: Շահապիվանի ժողովը ուրեմն ամուսնալուծութեան նոր կէտ մտցրեց, որ Աւետարանում չկայ, այն է՝ մարմնական արատի համար: Թէ ի՞նչ է հասկանում ժողովը «մարմնական արատ» ասելով, չի որոշում, դժուար է ենթադրութիւններով բացատրել. բայց ունենք «Սրբոց հարց հետեւողաց» անվաւեր կանոնների մէջ մի յօդուած, որը խօսում է այն նիւթի մասին, թէ ե՞րբ կարելի է կնոջ արձակել եւ ե՞րբ չի կարելի արձակել (տե՛ս Ա գիրք, 482 երես): «Կնոջ արձակել չի կարելի ամլութեան, ծախողութեան, վատութեան պատճառով, այլ միայն բորոտութեան, պիսակութեան, դիւահարութեան, գիջութեան կամ մշտական պոռնկութեան համար»: Այս կանոնս մասամբ բացատրում է «մարմնական արատ»-ի տեսակները, բորոտութիւնը եւ պիսակութիւնը վարակիչ՝ համարեա եթէ ո՛չ անբուժելի, դժուար բժշկելի հիւանդութիւններ են, այն դարերում բոլորովին անբուժելի, որոնց համար եւ Ներսէս Մեծի օրուանից շինուած էին «ուրակնոց»-ներ անապատ տեղերում. հրէաների մէջ այդպիսի հիւանդները իրաւունք չունէին բնակուած վայրերում ապրել: Ուստի եւ կարող ենք «մարմնական արատ» բացատրել այսպէս, այն անբուժելի վարակիչ հիւանդութիւնները եւ մարմնի վրայ այն արատները, որոնք անկարելի են դարձնում ամուսնական յարաբերութիւնները, պիտի մտնեն ա՛յդ հասկացողութեան մէջ, ինչպէս օրինակ՝ անբուժելի բորոտութիւն, պիսակութիւն, սիֆիլիս, դիւահարութիւն կամ խելագարութիւն եւ արատներից «մարդ-կին» յատկութիւն ունենալը, որ ժողովրդական լեզուով կոչւում է «ղըզօղլան»: 7-րդ դարու Դուինի ժողովը սահմանում է նոր դէպք ամուսնալուծութեան, այն է` 6-7 տարուայ բացակայութիւնը: Ժողովի 7-րդ կանոնն ասում է. «Շատերը մեր աշխարհից գերի տարուեցան թշնամիներից հեռու տեղեր, նրանց, ամուսինները առանց վարդապետի հրամանի ամուսնացան: Դրանց համար սահմանում ենք, ով մինչեւ 6-7 տարի, երբ զուգակիցը գերութեան մէջ է, կհամարձակի ամուսնանալ, նա պոռնկութիւն արած կհամարուի, ծեծ եւ պատուհաս կկրի, նրա ինչքից եւ ստացուածքներից կխլուի վարդապետների ձեռքով եւ աղքատներին կբաշխուի. նրանց պէտք է միմեանցից բաժանել եւ 7 տարի ապաշխարանքի ենթարկել, իսկ եթէ 7-րդ տարին գերութիւնից յետ դարձան, իւրաքանչիւրը իւր ամուսնուն գնայ... »: Կանոնս 7 տարի ժամանակ է տալիս ամուսիններին սպասել, կարծելով, որ ով որ ողջ լինի` յետ կդառնայ, եթէ ո՛չ` կամ մեռած լինի, կամ կրօնափոխ եղած, այս դէպքում ոչինչ չի ասում որոշ, բայց պիտի ենթադրել, որ կանոնս 7-տարուց յետոյ սպասող ամուսնուն իրաւունք պիտի տայ պսակուելու, այլապէս ի՞նչու էր 7 տարուայ ժամանակամիջոց նշանակում սպասելու համար, հապա  պարզ  արգելական հրաման կդնէր (տե՛ս Ա գիրք, 279):

 

Ներսէս Ե հրամայեց ամլութեան համար անկարելի համարել պսակալուծութիւն գիրք, 613): Գէորգ Դ պսակը «անլուծանելի» հրատարակեց գիրք, 638): Խրիմեան Հայրիկ ձիգ տարիների փորձը ի նկատի առնելով, պսակալուծութիւն թոյլատրում էր շատ դէպքերում, եւ ամենաշատ այդպիսի դէպքեր եղել են նրա կաթուղիկոսութեան օրով: Պօլսոյ պատրիարքը եւ կրօնական ժողովը գտնում են, որ «չիք բաւական փաստ եւ օրինական պատճառք, որք ըստ արդարութեան իրաւունս տացեն լուծել պսակն վերոյիշեալ ամուսնացելոցն»: Վեհափառը  գտնում  է  արդարացուցիչ  այսպիսի  կէտեր. 1) որ նշանախօսութեան ժամանակ պէտք է քննուէր եւ տեսնուէր երկուսի անհամեմատութիւնը, մէկը շատ առողջ է, միւսը հիւծուած բոլորովին, 2) որ տասներկու տարի է անբախտ օրիորդը փեսայից հեռացած, նստած է հօր տանը, նրանք միմեանց վերաբերմամբ մեռած են, առանց եկեղեցու էլ նրանց պսակը լուծուած է. ուստի «Աւետարանի ազատ ոգին եւ իմ խղճիս գիտակցութիւն թոյլատրէ զիս չթողուլ մանկամարդ տառապեալ կին մի մինչեւ մահ դատապարտեալ յամլութիւն... ». ապա շարունակում է` լուծում եմ այդ պսակը, կնոջ թոյլ տալով ամուսնանալ, իսկ այրը եթէ «վստահ է յանձն իւր կարող է կրկին ամուսնանալ» (Կոնդակ յանուն պատրիարքի, թ. 167, ի 5 փետր., 1899): Նոյն թուականին Պետերբուրգի կառավարիչ սենատից ստացուեց գրութիւն, որով հրահանգւում էր պսակալուծութեան խնդիրները յանձնել Սինոդի տնօրինութեան եւ ո՛չ Վեհափառի անհատական վճռին: Վեհափառը 1899-ին, հոկ. 18, թ. 1188 Կոնդակով Սինոդի անունով խօսելով այդ մասին` գրում է. «Նկատեալ ի նոսին զխախտումն դարեւոր իրաւանց Հայրապետաց Հայաստանեայց եկեղեցւոյ. Մեք ոչ կարեմք համաձայնել ընդ որոշումն կառավարիչ Սենատին» եւ կբողոքենք Կայսեր: Նոյն ամսի 20-ին, թ. 1197 կոնդակով յանուն Սինոդին գրում է. «Մեք ի բացատրութեան Սենատին եւ ի վճռոյ Ատենիդ տեսանիմք զսահմանափակումն դարեւոր իրաւանց Հայրապետաց Հայաստանեայց եկեղեցւոյ»:

 

Պետերբուրգի կառավարիչ Սենատը ստանալով Կայսեր մակագրութեամբ Վեհափառի բողոքը եւ ի նկատի ունենալով Էջմիածնի Սինոդի վճիռը պսակալուծութեան վերոյիշեալ խնդրի վերաբերմամբ` 1904-ին հաստատում է իւր նախկին որոշումը ամուսնալուծութեան դէպքերը ենթարկելու Էջմիածնի Սինոդի կարգադրութեան եւ ո՛չ կաթողիկոսի անհատական վճռին:

Էջմիածնի Սինոդը, հետեւելով իւր նախկին որոշման, Սենատի վերջի բացատրութիւնը եւ որոշումները վճռում է ընդունել ի հրահանգութիւն (տե՛ս «Արարատ», Յուլիս-Օգոստոս, 59 երես, 1904 թուի):

 

Պսակալուծութեան դէպքերը տաճկահայոց եւ պարսկահայոց վերաբերմամբ մնացին նախկին դրութեամբ, այսինքն է կախուած Վեհափառի վերջնական կարգադրութիւնից: Պատրիարքը եւ Պօլսոյ կրօնական ժողովը քննում են գործը, վճիռ կայացնում եւ գործը ուղարկում ի հաստատութիւն եւ ի տնօրէնութիւն կաթողիկոսի: 1899-ի մայիսի 14-ի Կոնդակը` թ. 602, յանուն Պօլսոյ պատրիարքի, խօսելով պատրիարքի  կողմից առաջարկուած երեք պսակի լուծման խնդիրների մասին, գրում է` քննել երեքի գործերը եւ «զարդիւնս ըստ վճռոց Ձերոց եւ կրօնական ժողովոյդ մատուսջիք ի վախճանական տնօրէնութիւն Մեր»: Պարսկահայոց երկու թեմական առաջնորդները պսակալուծութեան քննական գործերը ուղարկում են ի վերջնական տնօրէնութիւն Վեհափառ կաթողիկոսի:

 

Յամենայն դէպս պսակի դէպքերում եղած վճիռների վերջնական տնօրէնութիւնը վերագրելով ընդհանուր ազգային ժողովի իրաւասութեան, կանենք հետեւեալ վերջաւորող եզրակացութիւնը. որ Հայոց եկեղեցին թոյլ է տալիս ամուսնալուծութիւն. 1) պոռնկութեան համար, 2) մարմնական արատ ունենալու դէպքում՝ վերոյիշեալ բացատրութեամբ եւ 3) 7 տարի անյայտ բացակայութեան դէպքում:

 

Թէ այժմ ի՞նչ դրութեան մէջ է այդ հարցը, կամ տիրապետող պետութեան օրէնքները որքա՞ն են միջամտում այդ հարցում, ինչպէ՞ս են կատարւում ամուսնալուծական գործերի քննութիւնը, դատաւարութիւնը, ա՛յդ մանրամասն կտեսնենք Գ գրքում. առայժմ այսքան:

 

Յունա-հռոմէական եկեղեցին քրիստոնէական նախկին դարերից առաջնորդուել է Աւետարանի, Բարսեղ Մեծի կանոններով. փոփոխութիւններ այդ խնդրում մտել են յունա-հռոմէական կայսերութեան ընթացքում քաղաքացիական իշխանութեան կողմից Կոստանդիանոս Մեծից սկսած: Սա պսակը լուծելու համար՝ իրաւունք էր տալիս մարդուն հեռացնել կնոջ պոռնկութեան, վնասակար նիւթեր պատրաստելու եւ անպատուաբեր միջնորդութեան համար, իսկ կնոջ ազատուել մարդուց՝ մարդասպանութեան, վնասակար (կեանքի դէմ) նիւթեր պատրաստելու եւ գերեզմանատեղերի ու գերեզմանաքարերի անձեռնմխելիութիւնը խանգարելու համար (Цер. пр. Суворова, 333 երես): Ամուսնալուծութեան խնդիրը աւելի լուրջ կարգերի ենթարկուեց Յուստինիանոսի ժամանակ. նա ամուսնալուծութիւն թոյլ տուեց. 1) կնոջ պետական յանցաւոր ճանաչուելու դէպքում, երբ նա կայսեր կեանքի դէմ եղած դաւադրութիւնը չէր յայտնիլ իւր մարդուն, 2) պոռնկութեան համար, 3) մարդու կեանքի դէմ արած փորձի համար, 4) կնոջ ազատ յարաբերութիւնը ուրիշների հետ, որից կարելի է եզրակացնել կնոջ անառակ լինելը, օրինակ, օտար մարդկանց հետ բաղնիս գնալ, հասարակ մարդու կամքին թատրոն, ցիրկ գնալ եւ այլն, եւ այլն, 5) արգանդի պտղի ոչնչացման համար: Կնոջն էլ իրաւունք էր տրւում պաշտպանելու իրան եւ մեղադրելու մարդուն համանման դէպքերի համար: Հետագայ կայսերական օրէնսդրութիւնները լրացրին այդ կէտերը նոր պատճառներով. 1) ամուսնական կեանքի անընդունակութեան համար, 2) անյայտ բացակայութեան եւ գերութեան մէջ գտնուելուն համար յընթացս 5 տարուայ, ըստ Կոստանդիանոսի կարգադրութեան` 4 տարուայ, ըստ Յուստինիանոսի օրէնքի` 10 տարուայ, ըստ Լեւոնի` անորոշ ժամանակով  մինչեւ գերութեան վերջ (Суворов, 335 երես), 3) ամուսիններից մէկի խելագարութեան պատճառով, 4) վանականութեան մէջ մտնելու համար, 5) մարդուն եպիսկոպոս ընտրուելու դէպքում, պայմանով, որ կինը հեռու վանքերից մէկը քաշուի: Մինչեւ 10-րդ դարը պսակը լինելով թէ քաղաքացիական եւ թէ եկեղեցական կապ, ենթարկւում էր պետական օրէնքներին իւր հետեւանքներով, 10-րդ դարից յետոյ, երբ պսակը դարձաւ կայսերական հրամանով եկեղեցական խորհուրդ, առանց որի օրինաւոր համարուել չէր կարող, յունական եկեղեցին սկսեց յարմարուել կայսերական օրէնքների ցոյց տուած կէտերին ամուսնալուծական դէպքերում: Օտար եկեղեցիների այժմեայ ամուսնալուծական կանոնների մասին կխօսենք Գ գրքում: