Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ժ) ՎԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ

 

Դ. եւ Ե. դարերում, ինչպէս տեսանք, բազմաթիւ վանքեր էին կառուցել լի վանականներով` Միջագէտքում, Կապադովկիայում, Պաղեստինում, Հայաստանում եւ ընդհանրապէս Արեւելքում, մասնաւորապէս Եգիպտոսում, սրա համար Ոսկեբերանը ասում է. «Երկինքը այնպէս զարդարուած չէ իւր բազմագոյն աստղերով, ինչպէս Եգիպտոսը զարդարւում է եւ փայլում կոյսերի եւ վանականների անթիւ բնակարաններով»: Ոսկեբերանի եւ թէ այլոց վկայութեամբ կուսանոցները զուգընթաց գնում էին վանքերի հետ թէ Եգիպտոսում, թէ Թրակիայում. Թէոդոսի քոյր Պուլխերիան շինեց բազմաթիւ կուսանաց վանքեր: Օգոստինոսի վկայութեամբ` կուսանաց վանքերը ոչ միայն անմերձենալի էին երիտասարդների, այլ եւ ծերերի համար, որոնց թոյլ էր տրւում միայն կանգնել դարպասների մօտ եւ նուէրներ տալ ու հեռանալ: Վանքերը ունէին կալուածքներ՝ շնորհուած կայսրներից, իշխաններից, որոնք եւ անձեռնմխելի էին համարւում մասնաւոր անձանց նկատմամբ: Վանքերը գտնւում էին առաջնորդների հսկողութեան ներքոյ, որոնք եւ հսկում էին վանականների վարք ու բարքի, նիստ ու կացի վրայ:

 

Թեմերում գտնւում էին վանքեր, որոնք անմիջապէս ենթարկւում էին մետրոպոլիտին եւ ապա պատրիարքին, կոչւում էին Տերունի (ստաւրոպիդ): Վանքերի մերձակայ հսկողութիւնը յանձնւում էր վանահայրերին, որոնք կոչւում էին հայրեր, աբբա, վարդապետ. կուսանաց վանքերինը` մայրապետ, նրանք ունէին օգնականներ, տնտեսներ, հանդերձապահներ, դատավարներ եւ այլն, եւ այլն: Վանահայրերի ընտրութիւնը պատկանում էր եպիսկոպոսին, պատրիարքին՝ ի հարկէ եղբայրութեան կամ միաբանութեան համաձայնութեամբ, առանց որի ընտրութիւն չէր կարող լինել: Իսկ մասնաւոր անձինք իրաւունք ունէին վանահայր նշանակել իրանց շինած վանքերում: Վանահայրերի պարտաւորութիւններն էին. 1) ընդունել վանականութեան մէջ անխտիր ամէն դասակարգի մարդկանց՝ ընտրելով արժանաւորը եւ յարմարաւորը, 2) տալ վանականներին աստիճան, նշանակել երգիչներ, ընթերցողներ եւ այլն, 3) միակ կարգադրել վանքի բոլոր գործերը, հսկել բոլոր  պաշտօնեաների գործավարութեան վրայ եւ  պատասխանատու լինել ամբողջ վանքի կողմից, 4) կառավարել խորհրդով եւ ընդհանուր վճռով բոլոր կալուածքները, գոյքերը, ժողովել նուէրները, դրամները, նիւթեղէնները, 5) հսկել վանական կանոնների անթերի կատարման վրայ, աղօթքների պաշտամունքների լրիւ գործադրուելուն վրայ:

 

Հայոց մէջ վանքերը սկսուեցին շինուել Լուսաւորչի օրով, լցուեցին վանականներով, որոնք մեծ մասամբ օտարականներ էին, ահագին զարկ ստացաւ վանականութիւնը Ներսէս Մեծի օրով, շինուեցին կուսանաց վանքեր, յանձնուեցին վանքերին հողեր, կալուածքներ, նուէրներ, մինչեւ իսկ որոշակի տուրքեր եւ հարկեր նշանակուեցին. վանահայրերը մեծ մասամբ օտար էին եւ մեծ իրաւունքներով, կոչւում էին վարդապետ, առաջնորդ, վերակացու. Գինդի համար Բիւզանդ ասում է 230 երեսում. «Այս Գինդը Տարօն գաւառից էր, մեծ Դանիէլի աշակերտ էր եղել, իսկ նրանից յետոյ գլուխ աբեղայից, եւ վարդապետ միանձանց, եւ առաջնորդ մենակեցաց, եւ վերակացու վանորէից, եւ ուսուցիչ ամենայն անապատաւորաց, եւ տեսուչ ամենեցուն»: Վանականութիւնը այնքան ուժեղացաւ բարոյապէս, որ սկսեցին եպիսկոպոս, պատրիարք, կաթուղիկոս ընտրել այդ շրջանից. եկեղեցու ամրութեան հիմք համարւում էր վանականութիւնը, մանաւանդ երբ տիեզերական ժողովների պայքարներում նրանք դուրս էին գալիս պաշտպան եւ ջատագով ուղղափառ եկեղեցուն, նրանք խմբերով շրջում եւ քարոզում էին քրիստոնէութիւնը. Սահակ իւր 60 լռակեաց վանականներով շրջում էր Հայաստանի բոլոր անկիւններում եւ կարգաւորում ամէն ինչ: Վանականութեան վարկը բարձրացաւ պատկերամարտութեան ժամանակ այնքան շատ էին վանականներից եպիսկոպոս ընտրուած անձինք, որ հարց բարձրացաւ, թէ վանականութեան ուխտ անողը, հնազանդութեան, ամուրիութեան, անշահասիրութեան երդումն ընդունողը կարող է ժողովրդի մէջ ապրել, ռոճիկ կամ նուէրներ ստանալ, լինել տներում, կանանց շրջանում, որոնք հակասական էին վանական ուխտի հետ. կարծիքները տարբեր էին, բայց կեանքը գնում էր իւր հոսանքով եւ նոյն ձեւով ընտրութեան ժամանակ առաւելութիւն ստանում էին վանականները: Պօլսոյ 117 եպիսկոպոսներից 57-ը հոգեւորականներից էր ընտրուած, 58-ը` վանականներից, 2-ը` անորոշ (Тв. отц. 1862 г. о сане епископском бъ отношении къ монашеству): Հայոց մէջ հէնց ամուսնութիւնը վերանալուց յետոյ, մեծ մասամբ կաթուղիկոսներ եւ եպիսկոպոսներ ընտրւում էին կուսակրօններից-վանականներից, բացառիկ դէպքերում` քահանաներից եւ աշխարհականներից: Ե դարու ժողովի կանոններից երեւում է արդէն, որ եպիսկոպոսական աթոռների վրայ նստած անձինք կուսակրօն էին, որ ենթադրել է տալիս, թէ՛ կամ ամուսնացած հոգեւորականները ընտրութեան դէպքում հեռացնում էին կանանց կուսանոցները եւ իրանք կառավարում թեմերը, կամ ուղղակի ընտրւում էին կուսակրօն հոգեւորականներից: Ս. Սահակի կանոնները խստութեամբ արգելում են վանքի եւ եկեղեցու ինչքը եւ ստացուածքը յանձնել կամ պարգեւել ըստ քմահաճոյից իրանց բարեկամներին եւ մերձաւորներին, որ ասել է թէ` եկեղեցին միշտ ձգտում էր ունենալ անզաւակ, անամուսին առաջնորդներ, որոնք իսկութեամբ չկարողացին կատարել իրանց սրբազան պաշտօնը յօգուտ ժողովրդի եւ եկեղեցու ու վանքի: