Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

 

«Հայոց եկեղեցական իրաւունքի» Ա գրքի մասին մի երկու ամսագրում մի քանի նկատողութիւններ եղան, որոնք արդէն հէնց իմ կողմից ի նկատի առնուած եւ յիշուած էին գրքիս մի քանի տեղում:

 

 

Եթէ գիտութիւնների մէջ պահպանողական գիտութիւն կայ, մէկն էլ իրաւաբանութիւնն է, եթէ սրա ճիւղերի մէջ պահպանողական ճիւղ կայ, մէկն էլ եկեղեցական իրաւունքն է, եւ ա՛յդ շատ հասկանալի պատճառով, որովհետեւ եկեղեցական իրաւունքի գլխաւոր աղբիւրները կազմում են Աւետարանը եւ նախկին եկեղեցու աւանդութիւնը, որոնք ունին համարեա 1900 տարուայ վաղեմիութիւն եւ այնպիսի վճռական ու անվիճելի դրոշմական յատկանիշ՝ որպիսին է Աստուածային, որը իւր էութեամբ անթոյլատրելի է համարում եկեղեցու հիմնական խնդիրների քննութիւնը, փոփոխութիւնը եւ տարբեր կարծիքների արտայայտութիւնը, ի բաց առեալ վարչական եւ կանոնադրական կողմերը, վերոյիշեալ հիմամբ ընդհանուր եկեղեցու զանազան «եկեղեցական իրաւունքները» համարեա թէ կրկնութիւններ են մէկը միւսի այլ եւ այլ դասաւորութեամբ, որպիսիներից մէկն էր եւ իմ Ա գրքի ո՛չ հայկական մասը եւ նոյնպէս Բ գրքիս նրան  համապատասխանող կտորը. իսկ երկուսի մէջ հայկականը եթէ ոչ նոր, գոնէ համախմբուած եւ դասաւորուած մի գործ է, որը մեր եկեղեցու կեանքի հետ ծանօթացողի համար, կարծում եմ, չի լինիլ կարեւորութիւնից զուրկ մի աշխատութիւն:

 

 

«Հանդէս Ամսօրեայ»-ի մատենախօսի առաջ մի փաստ չկար դաւանական միակողմանիութիւն նկատելու գրքիս մէջ, քանի որ ընդհանուր ազգային եկեղեցու կանոնադրութեան լրումը պահանջում է, որ աղբիւրները ունենան հանրական հիմք եւ ոչ մասնական, ինչպիսին է, օրինակ, Կարնոյ ժողովը քաղկեդոնականութիւնը ընդունելու համար եղած, որը եւ մատնացոյց է անում յիշեալ ամսագրի մատենախօսը:

 

Ն. Վ. Մ. Թ.