Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

4) ՆԱԽԿԻՆ ԴԱՐԵՐԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԸ

(Церк. Судъ въ первые века Хрис. Пр. Соб. 1870)

 

Նախորդ յօդուածում տեսնուեց, որ դատաստանի հիմքը կազմում են Աւետարանի եւ առաքեալների պատուէրները. առաքեալների յաջորդները նոյն ոգով առաջ տանելով եկեղեցու կառավարութիւնը, աւելի եւս կանոնաւորեցին, կարգաւորեցին եղած դատական կարգերը եւ պարզ ձեւերի մէջ դրին: Յիսուսի պատուէրը եղբօրը դատելու եւ Պօղոսի խօսքը Տիմոթէոսին երկու-երեք վկայով քննելու յանցանքը, եղան մշտական հիմք դատավարութեան համար: Բացի այդ Պօղոս առաքեալը խօսելով կորնթացւոց մէջ եղած պակասութիւնների վրայ, նրանց հեթանոս դատաւորներին դիմելու սովորութիւնը պախարակելով, յիշեցնում է, որ ամօթ է ձեր վէճերը օտարին յանձնել, քանի որ ձեր մէջ անշուշտ կը լինեն վստահելի անձինք, որոնց կարելի է դատաւոր ընտրել վէճերը վերջացնելու եւ դատերը կտրելու համար, ի՞նչու չէք ընտրում, հարցնում է առաքեալը. «Առ ամօթոյ ձերոյ ասեմ. անչափ ո՞չ գոյ ոք իմաստուն ի ձեզ, որ կարիցէ իրաւունս ընտրել ի մէջ եղբօր իւրոյ» Կորնթ. Զ գլ. ): Առաքեալի խօսքը բոլոր տեսակ հասարակական յանցանքներին է վերաբերում, որի մէջ մտնում են եւ կրօնական, եւ քաղաքացիական խնդիրներ. նա պատուիրում է միջնորդ դատաւորներ ընտրել եւ հարցերը վերջացնել: Այսպիսով Ս. Գիրքը տալիս է մեզ երկու ձեւի դատարան, մէկը՝ եկեղեցուն է յանձնում դատելու անկախ կերպով իւր բոլոր անդամներին, պատժելու եւ ճանապարհի բերելու մոլորեալներին, միւսը՝ ընտրուած միջնորդ անձին քննելու հասարակական գոյն ունեցող խնդիրները եւ վերջ դնելու նրանց: Առաքեալներից յետոյ կռապաշտ պետութեան հովանաւորութեան ներքոյ քրիստոնէական դատի նշանակութիւնը իւր հետեւողների համար աւելի ուժեղացաւ, լայնացաւ եւ հաստատութիւն գտաւ, մանաւանդ Դիոկղետիանոսի ժամանակ, երբ նա արգելեց դատաւորներին ընդունել քրիստոնեաներից բողոքներ ու գանգատներ. եկեղեցին աւելի ուժեղացաւ եւ եպիսկոպոսի դատը եւ պաշտպանութիւնը իւրայինների համար աւելի ընդհանրացաւ եւ ամուր հիմք ընդունեց: Առաքելական 37 կանոնը սահմանեց, որ տարէնը 2 անգամ եպիսկոպոսական ժողով լինի քննելու եւ վերջ դնելու այն գժտութիւններին, որոնք կարող էին առաջ գալ այն շրջանի եկեղեցական կեանքում: Եպիսկոպոսական այս ժողովի խնդիրներին էր պատկանում եւ թեմի մեղադրուած եպիսկոպոսի դատը եւ քննելը ու պատժելը. այս մասին Բ առաքելական 74 կանոնը գիրք, 85 երես) այսպէս է ասում. «Եթէ եպիսկոպոսը արժանահաւատ մարդկանցից մեղադրուի, պիտի կանչուի եպիսկոպոսներից քննութեան, եթէ կգայ եւ կխոստովանի յանցանքը, կյանդիմանուի եւ պատիժ կնշանակուի նրան: Եթէ առաջին կանչելուն չգնայ, երկրորդ անգամ երկու եպիսկոպոսի ձեռքով կկանչուի, եթէ այս անգամ չգնայ, երրորդ անգամ կկանչուի էլի երկու եպիսկոպոսի ձեռքով, երրորդ հրաւէրով չգնալուց յետոյ եպիսկոպոսական ժողովը իւր բարեհայեցողութեամբ վճիռ կկարդայ նրան, որպէս զի չկարծի դատից փախչելով իրան օգուտ կարող է բերել»: Յաջորդ կանոնը իրաւունք չէ տալիս ժողովին ունենալ եպիսկոպոսի դէմ վկայ հերետիկոս անձի, այլ պահանջում է, որ վկան լինի ուղղափառ եւ երկու կամ երեք հոգի: Եպիսկոպոսի թեմում գտնուած հոգեւոր անձինք ենթարկւում էին իրանց առաջնորդի իրաւասութեան եւ դատին: Այսպիսի մի դէպք պատմում է Եւսեբիոսը. 230-ին Եգիպտոսի յայտնի գիտնական Որոգինէս, որ Աղէքսանդրիայում ուսուցչութիւն էր անում եւ մարդկանց զրպարտութիւններից ազատելու համար ինքն իրան ներքինիացրել էր, գնալով Պաղեստինի Կեսարիա, քահանայ ձեռնադրուեց առանց իւր եպիսկոպոս Դիմիտրիոսի գիտութեան: Դիմիտրիոսը մի քանի քահանաներով ժողով արաւ եւ զրկեց Որոգինէսին եւ ուսուցչութիւնից, եւ քահանայութիւնից իբրեւ կամաւոր ներքինու: Որոգինէսը բողոքեց վճռի դէմ. հետեւանքը եղաւ նոր եպիսկոպոսական ժողով, որը հեռացրեց նրան իսպառ քահանայութիւնից Որոգինէսը  հեռացաւ  Կեսարիա եւ  ցմահ  մնաց այնտեղ: Քահանայական ժողովի մի դատ էլ տեղի է ունեցել 241-ին, Զմիւռնիայում. Նօէտ անունով մէկը սկսել էր քարոզել, որ Քրիստոս եւ Աստուած միեւնոյն անձն են. քահանաները ժողով են կազմում, կանչում նրան դատի, հաստատում նրա վրայ եւ համարելով Հանգանակից դուրս, մեղադրում են եւ բանադրում: Դատական այս ձեւը գործադրւում եւ պաշտպանւում էր Եգիպտոսում, մասնաւորապէս Կիպրիանոսի ժամանակ (248-258): Սրա կարծիքով` եպիսկոպոսն է դատաւոր՝ փոխանորդ Քրիստոսի, միայն առանց կղերի եւ ժողովրդի ոչ մի բան չպիտի կատարի: Եպիսկոպոսը իւր ժողովով դատաւոր է իւր թեմում, իսկ ընդհանուր ժողովը դատաւոր է բոլոր աշխարհում, որ իւրաքանչիւր տեղական խնդիր պիտի քննուի գործողութեան վայրում, ուր վկաները եւ մեղադրողները ապրում են, որ դիւրին լինի խնդիրը բազմակողմանի կերպով պարզել: Կռապաշտական շրջանում եկեղեցին միշտ դատը կտրում էր իւր ձեռքով, առանց դիմելու մարմնաւոր իշխանութեան աջակցութեան, բայց երբ լինում էին պնդագլուխ հոգեւորականներ, որոնք դժուարութեամբ էին հնազանդում ժողովի վճռին, այն ժամանակ ժողովը ստիպուած դիմում էր կռապաշտ իշխանաւորին: Այդպիսի դէպք պատմում է Եւսեբիոս` Պօղոս Սամօսատացու՝ ասորոց Անտիոք քաղաքի եպիսկոպոսի մասին, որը դատաստանը դարձրել էր կեղեքելու եւ շահախնդրական գործով պարապելու միջոց, եւ միեւնոյն ժամանակ քարոզում էր մոլոր մտքեր, թէ Քրիստոս մարդ էր եւ ո՛չ Աստուած: Եպիսկոպոսական ժողովը նրան մեղադրեց, բայց հովանաւորող թագուհու միջոցով ազատուեց: 270-ի կազմած նոր ժողովը մեղադրեց իսպառ եւ զրկեց եպիսկոպոսութիւնից, բայց նա հակառակեց եւ շարունակեց առաջնորդական պաշտօնը: Ժողովը ստիպուեց դիմել կռապաշտ Ավրելիանոս կայսեր նրան հեռացնելու, սա էլ գործը յանձնեց Հռոմի եւ Իտալիայի եպիսկոպոսների վճռին:

 

Հռոմում քրիստոնէութիւնը քաղաքացիական կրօն դառնալուց յետոյ նոյն դատական վիճակը աւելի լայն ծաւալ ստացաւ, քրիստոնայ կայսրները սկսեցին մինչեւ իսկ առաւելութիւն տալ հոգեւոր դատաստանին եւ սրա վճիռը  համարեցին  հաւասարազօր  քաղաքացիական  դատարանի վճռին: Այդ մասին վկայում են «Առաք. կարգադրութիւնների» Բ գիրքը գիրք, 49) եւ Որոգինէսը, վերջինս նմանացնում է քրիստոնեաների դատը հրէական աւագանիների դատին: «Առաք. կարգ. »-ի մէջ որոշ հրահանգներ է տալիս քննական գործերի համար, որ մանր գործերը քննում էին քահանաներ եւ սարկաւագներ, մեծ գործերը` եպիսկոպոսը. քննութեան եւ դատի օրը շաբաթուայ երկրորդ օրն էր լինում, որ մինչեւ կիրակի օրը ժամանակ ունենային երկու կողմն հաշտուելու եւ ս. հաղորդութեան արժանանալու. դատը վիճաբանական էր. դատաւորը լսում էր երկու կողմին, նաեւ ժողովրդի կարծիքը քննելի խնդրի եւ երկու կողմերի մասին, երկու կամ երեք վկայի ասածներին,   որոնք   հանգիստ,   առանց  բարկանալու,   երկիւղածութեամբ   պիտի ճշմարիտ վկայութիւն տային, ապա քահանաներ եւ սարկաւագներ միջնորդներ էին ընկնում հաշտեցնելու համար, չհաշտուելու դէպքում եպիսկոպոսը ընդհանուր խորհրդով վճիռ էր կայացնում. սուտ վկայութիւնը եւ բամբասանքը խիստ հալածւում էր: Դատաւորները պատժի էին ենթարկում աշխարհականին եւ հոգեւորականին` ապաշխարանք նշանակելով, ամենախիստ պատիժն էր կարգալոյծ անել հոգեւորականին եւ նզովել աշխարհականին:

 

Կոստանդիանոս կայսրը աւելի մեծ նշանակութիւն էր տալիս հոգեւոր դատաստանին, հրամայում էր ի կատար ածել այդ վճիռները իսկոյն եւ եթ քաղաքացիականի ուժով, մինչեւ իսկ հրամայելով իբրեւ միջնորդ դատարանի վճիռ՝ թոյլ չէր տալիս բողոքելու նրա դէմ. մինչեւ անգամ կարգադրեց, որ ով աշխարհական դատարանից դժգոհ է, կամ չի ուզում դիմել նրան, կարող է դիմել եպիսկոպոսական դատարանին: Երանելի Օգոստինոսը վկայում է, որ ամբողջ օրը ծանրաբեռնուած լինելով դատի խնդիրների քննութեամբ, ժամանակ չի գտնում հոգեւոր պիտոյքների վրայ մտածելու. երբ Միլան եկաւ, գտաւ Ամբրոսիոսին նոյն վիճակում, ամբողջ օրերը զբաղուած դատեր կտրելով: Բոլոր եկեղեցիներում դատական ձեւը հանրական էր, հասարակական եւ ոչ անհատական: Մինչեւ Նիկիայի ժողովը համարւում էր 60 տեղական ժողովներ եղած զանազան խնդիրներ քննելու համար` ըստ Ա առաք. կանոնի (տե՛ս «Каноническое устройство Церк. суда по началамъ Всел. собор. Законодательства», Пр. Соб. 1870):   Դ դարուց սկսած բացւում են արդէն տիեզերական ժողովները իբրեւ բարձրագոյն եւ վերջին դատական ատեան, որոնք քննում եւ վճռում էին ընդհանուր քրիստոնէական եկեղեցու մէջ ծագած խնդիրները վերջնական կերպով, առանց վճռաջինջ բողոքի: Այսպիսով առաջ եկան արդէն դատական հետեւեալ ձեւի ատեաններ. ա) քահանաների եւ սարկաւագների ժողով՝ մանր տեղական խնդիրներ քննելու, բ) եպիսկոպոսական ժողով քահանաների հետ թեմական գործերը քննելու, գ) մետրոպոլտական ժողով եպիսկոպոսների հետ աշխարհի գործերը քննելու, դ) տիեզերական ժողով մետրոպոլիտների հետ քրիստոնեայ աշխարհի գործերը քննելու: Այս ատեաններին բողոքելու իրաւունք ունէին ամէն մի ճշմարիտ քրիստոնեայ եւ հոգեւոր անձինք, եթէ որ վստահելի էին, յարգելի էին, որեւ է յանցանքով բռնուած չէին. չէին կարող հաւատոյ խնդիրներում բողոքել եւ վկայութիւն տալ հերետիկոսներ, հերձուածողներ, հրէական ծէսերը կատարողներ, բանադրուածներ, անարգուածներ, պատժապարտներ, ո՛չ  քրիստոնեաներ  գիրք, 85, 126 երես): Ա տիեզերական` Նիկիայի ժողովը, լինելով Կոստանդիանոս կայսրի ներկայութեամբ եւ աջակցութեամբ գումարուած խիստ մեծ ազդեցութիւն ունեցաւ բոլոր քրիստոնեայ աշխարհի վրայ, նրա սահմանած կարգերը իբրեւ վերջնական հրամայուեցին կայսրի կողմից կատարել առանց որեւ է առարկութեան. այսպիսով վերջին եկեղեցական դատական բարձր ատեանը ստացաւ քաղաքական իշխանութեան կողմից օրինական անվիճելի սանկցիա: Կոստանդիանոսի յաջորդները նոյն ընթացքով չգնացին, նրանք լինելով արիոսական` սկսեցին հալածել ուղղափառ հոգեւորականներին, եպիսկոպոսներին մատնեցին աշխարհական դատաստանին եւ աշխատեցին վայր ձգել հոգեւոր դատարանի նշանակութիւնը: Եկեղեցին էլ իւր կողմից խստացրեց իւր կանոնները այդ կէտի վերաբերմամբ, հրամայելով խիստ պատժի ենթարկել այն հոգեւորականներին, որոնք աշխարհական դատարանին կդիմեն գիրք, 154): Թէոդորոսի կօդէքսից երեւում է (2 Consf. 12, 41, 47), որ եկեղեցական դատարանը վճռում էր բոլոր տեսակ գործերը` թէ եկեղեցական, թէ քաղաքացիական: 376-ին կայսերական հրամանով քրէական գործերը բաժանուեցին եկեղեցականից եւ յանձնուէցին աշխարհական դատարանին, իսկ 399-ին քաղաքացիական գործերը (Consf. 23) (տե՛ս Церковный судъ внешный или общественный. Хр. Чт. 1865): Քրէական յանցանքները բացի աշխարհական դատարանին ենթարկուելուց, ընկնում էին եւ եկեղեցական դատի տակ, որը զրկում էր հոգեւորականին կարգից եւ յանձնում քաղաքացիական իշխանութեան: Բայց էլի եղան նոյն միջոցին դէպքեր, երբ բաւականացան միայն եկեղեցական դատով. օրինակ` Աթանասին մեղադրում էին արիոսականները սպանութեան մէջ, Ոսկեբերանին եւ Գրիգոր Անտիոքացուն` պետական դաւաճանութեան մէջ, բայց երեքն էլ ենթարկուեցին միմիայն եկեղեցական դատի. առաջին երկուսը աքսորուեցին ժողովից յետոյ, թէ անկանոն ժողովի եւ վերադարձան էլի եկեղեցական ժողովի վճռի հիման վրայ (Սոկրատ, Ա գ. ):

 

452-ին Վաղենտիանոս կայսրը արձակեց այսպիսի հրաման, թէ «կղերի մէջ առաջացած գործերը թոյլ է տրւում քննելու տեղական եպիսկոպոսին, եթէ բողոքողները գտնում են այդ տեղի, եւ յանձնում են եպիսկոպոսին փոխադարձ համաձայնութեամբ եւ հնազանդելու խոստում են տալիս նրա վճռին: Եպիսկոպոսները նոյնպէս կարող են դատել աշխարհականներ, եթէ սրանք կդիմեն եպիսկոպոսին. ուրիշ դէպքերում եպիսկոպոսները իրաւունք չունին դատելու, որովհետեւ նրանց վերաբերում է միայն հաւատի գործերը» (ղՐ. փՑ., ԹվպՔվօռ րցՊ, 1865) Վաղենտիանոսի օրէնքներով քահանաները իրաւունք ունէին վիրաւորանքի դէպքերում աշխարհականի կողմից իրանց փաստաբանին ուղարկել դատարան՝ առանց իրանց ներկայութեան գործը քննելու, իսկ քրէական գործերում բոլորը, նոյն իսկ եպիսկոպոսը պիտի անձամբ ներկայանային դատարանին: Իսկ դրանից քիչ առաջ Թէոդորոս Բ-ի օրէնքով քրէական յանցագործ հոգեւորականները ենթարկւում էին եկեղեցական դատի եւ կարգալոյծ լինելուց յետոյ յանձնւում աշխարհական դատարանին: Զ դարում Յուստինիանոսը աւելի եւս լրացրեց եւ կարգաւորեց այդ խնդիրը. 1) եկեղեցական կալուածական գործերը յանձնւում էին եպիսկոպոսին, որի վճռի դէմ կարող էին բողոքել մետրոպոլիտին եւ սրա վճռի դէմ` պատրիարքին, որը վախճանական վճիռ էր կայացնում (Նովել. 123): 2) Աշխարհականը կարող է հոգեւորականի վրայ գանգատուել եպիսկոպոսին, եթէ մեղադրուողը գործը տասն օրուայ ընթացքում չի յանձնիլ աշխարհական դատարանին, վերջինս պարտաւոր է կատար ածել հոգեւոր դատարանի վճիռը: Իսկ բողոքի դէպքում այդ վճռի դէմ, գործը անցնում է աշխարհական դատարանին, իսկ եթէ եպիսկոպոսը գործը քննում է կայսրի լիազօրութեան համաձայն, բողոքը տրւում է կայսրին (Նովել. 83):

 

3) Քրէական գործերում մասնակցում է եւ հոգեւոր, եւ աշխարհական դատարանը. եթէ հոգեւորը մեղաւոր է ճանաչում յանցաւորին, կարգալոյծ է անում եւ յանձնում աշխարհական դատարանին. իսկ եթէ առաջ աշխարհական դատարանն է քննում, մեղաւոր ճանաչած դէպքում յանձնում է եպիսկոպոսին, որը եթէ համաձայն չէ վճռի հետ, գործը ուղարկում կայսրին (Նով. 86, 123):

 

4) Եպիսկոպոսների մէջ առաջացած բոլոր եկեղեցական եւ քաղաքացիական գործերը յանձնւում են եպիսկոպոսական ժողովի իրաւասութեան մետրոպոլիտի նախագահութեամբ, բողոքը տրւում է պատրիարքին (Նով. 123):

 

5) Եպիսկոպոսը անձամբ աշխարհական դատարան չի կանչւում կամ վկայութեան կամ ցուցմունքի համար, եթէ աշխարհական դատաւորը կհամարձակի կանչել, կզրկուի պաշտօնից եւ տուգանք կվճարի այն եկեղեցուն, որի եպիսկոպոսին կանչում էր դատելու. իսկ ով կօգնի եպիսկոպոսի վրայ դատավճիռ կայացնելուն, կաքսորուի (Նով. 84, 123): Այս կանոնները իրագործութիւն գտան թէ Արեւմուտքում, թէ Արեւելքում մինչեւ կայսրութեան անկումը եւ վերածնութեան դարը: