Բանաստեղծութիւններ, հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՐՁԱԳԱՆԳԻ ՀՈՎԻՏԸ

ԱՐՁԱԳԱՆԳԻ ՀՈՎԻՏԸ

Պիտի կանչեմ - Արթաքի - 
Լերան կողէն ձայն պիտի գայ

-   թաքի - քի -

-  Արթաքին մեր թագաւորն է

առանց գահի ու թագի - 
Լերան ձայնը պիտի տեւէ - քի - քի - քի -

 

Պիտի ձայնեմ Արթաքիին - հոս եկուր -
Լեռը պիտի պատասխանէ

-  սեկուր - կուր -

-  Աւագ իշխան է Արթաքին

դղեակին մէջ - ամրակուռ -

-  Լերան ձայնը միշտ - կուր - կուր -

 

Պիտի պոռամ ֊ մեղք Արթաքի որ չեկար

չես գիտեր ինչ փախցուցիր

Լերան կողէն - ինչ փախցուցիր - ցուցիր - ցիր

-  Արթաքիին հպատակները գաղթեր են ցան ու ցիր -
Ու լեռը միշտ - ուցիր - ցիր

 

Այս հովիտն ալ ո՞ւրկէ ելաւ մեր միջել 
Այս հովիտը շաղակրատ

-  կրատ - րատ - րատ ֊

 

ՁԱՅՆԱՀԱՒԱՔԸ

ՍՒՐՎԱՐԴ ԳԱՐԱՄԱՆՈէԿին

Կշռութաւոր քայլերով 
Ձայնահաւաքը կ’անցնի

Ու ձայները

Ձայներու մարգագետնին մէջ գոյն գոյն

Դալարագեղ կ’արթննան

Թէ ո՞ր ձայնը ո՞ր ձայնին քով - նախ կամ վերջ

Թէ ո՛ր ձայնը բամբ ու կտրուկ

կամ մեղմ երկար - քանի՞ չափ

Ու ձայները պատրաստակամ կը շարուին

- Չտփուած ձեւուած քայլերով 
Ձայնահաւաքն երբ անցնի -

 

Ձայնահաւաքն է - կ’անցնի

Ու ձայները - երբեմն անջատ - միայնակ

Մերթ միատեղ - նոյն դաշինքով ամրացած

Ձայն հագագի - ջինջ կարկաչ

Ձայն - ո՛ր լարէն - դաշնամուրին ո՞ր ստեղէն

թափ առած

 

Կարգաւ բոլորն ալ կը սթափին ժիր - կայտառ

Կը մասնակցին համերգին

Կշռաթաւոր քայլերով

Ձայնահաւաքն երբ անցնի -

 

Կու գայ - կ’անցնի - ձայնահաւաքը բարի

Ետին - մարգին մէջ մոգական

Երկնանուագ մը թողած

ՀԻԼԱԼ ՖԱՆՖԱՐԸ

ՄԵԼՔՈՆ ԳԱՐԱՔԷՕՍԷին

Շեհզատէպաշը Ֆերահ Թատրոնը

Բարձրադիր օթեակի մը մէջ

Հաճի Լեւոնը

-    Նախկին թաղական Սամաթիա թաղին

եւ իր թոռնիկը

Բազմեր են

 

Սամաթիոյ Հիլալ Նուագախումբը

համերգ է սարքեր -

-  Տօնական լոյս կայ բոլորին դէմքին
Հիներն ուրախ են որ նորեր հասան
Նորերն ուրախ որ հիները հոն են
Այսպէս բոլորն ալ

բարի հաւատքով կը նային վաղուան

Ու Հաճի Լեւոնին

աչքերէն շիթ մը

Սամաթիւսցիի արցունք կը կաթի

իր թոռան դէմքին

-   թոռնիկը որ ամուր փարեր է մեծ հօր

-   թոռնիկը ինք ալ նշխար մը փոքրիկ

հին սակայն միշտ նոր Սամաթիա թաղէն

ՇՈԳԵՆԱՒԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ

Դանիէլ Վարուժան շոգենաւը շքեղ

Ծխնելոյզին լայնշի բուռ մը սերմնացանի

Ծովափին կը պատմէ երգը հացին - մինչ

Ջուրի շիթեր որ կը փրթին փրփուրէն

Մէկ մէկ մարգարիտ կը դառնան հարճին

Սատափ ծոծրակին

 

Միսաք Մեծարենց շոգենաւն  յուշիկ

Կը սուզուի մշուշին շղարշին մէջէն

Նաւամատոյց մը կ՚ընտրէ հիւրընկալ

Ու բալասանով

Հաշիշով կ՚օծէ  ցռուկն  ու կայմերն

Եւ  ուղեւորին  գալուն կը սպասէ

 

Պետրոս Դուրեան սեւ շոգենաւը երբ

Ջուրերը ճեղքէ - ծովուն խորշոմներուն

Կը կանգնի տրտունջք մը դէպի երկինք

Թախծոտ կ՚ընթանայ մեկնումի ճամբէն

Հետքին թողլով իր յիշատակը որ

Թառամիլ չի գիտեր

 

Վահան Թէքէեան շոգենաւը խոհուն

Մէկ ծովակայքէն կ՛անցնի միւս կայքին

Որ գտնէ ադուորը որ օր մը քովէն

Անցաւ դիպուածաւ - երբ լուռ կ՚անձրեւէր

Ոչ իսկ յիշատակ մը թողած որ ինք

Յուզուի լալու չափ

 

Ռուբէն Սեւակ անվհատ շոգենաւը երբ

Կ’ընթանայ բացէն

Գիտէ՞ արդեօք թէ վերջին երթն է աս ՝

Կը սուլէ - մտահոգ կանչ մը կ՚իյնայ կայմէն

Տենչ մը վերապրելու գուժկան մշուշէն վերջ

Ու սիրելու - սէրը Երազն է կեանքին -

 

Մատթէոս Զարիֆեան շոգենաւը երբ

Անցնի ծովեզերքէն

Եղեւինները ամէնքով կ՞երգեն

Ել  աղջնակ մը որ փոխան արեւի

Սխալեր լուսնին է սիրահարուեր

Հարց կու տայ - ինչո՞ւ միմոզան կու լայ

 

Իսկ ես անարժան շոգենաւ որ դեռ

Մէկ մարդէն միւսին բարեւ կը տանիմ

Կայմերուս կախած նայլոն դրօշակ

Տիւթ կ՚ընեմ - ճամբայ կ՚ելլեմ Կամուրջէն

Դէպի Կղզիներ - աւելի անդին

Հոս մոռցած Կիկոն իր կարօտին հետ

ԵՂԵՒԻՆԸ

-  ԵԴՈՒԱՐԴ ԱՃԵՄՅԱՆՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ -

Բունը ազնիւ փայտէ կ՚ըլլայ

Ու տերեւները

- Թէպէտ ասեղ ասեղ

չեն խոցեր -

Նորէն  ալ

Կարօտի աղ մը կը նստի ճիւղերուն

Որ արմատէն

աւիշին հետ

կը բարձրանայ ղէպի վեր

Եղեւինը

ժայռին բուսած առանձին

Ներսէն  ներսէն  կը փտի

ու մինչեւ որ ան որոշէ վերապրիլ

Կը տապալի քամիին հետ առաջին -

Կը տապալի -

կարօտի աղը

ոստերուն մէջ - անոնք

մեզի կ՚երկարին

ՄԵԾ ԿՈՂՈՊՈՒՏԸ

ԻԳՆԱ ՍԱՐԸԱՍԼԱՆին

Աշխարհի բոլոր

լրատու

լուսատու

յուսատու

գործակալութիւններն

ու բոլոր

տեղեկատուութեան

տեղատուութեան

ու մակընթացութեան

կեդրոն գրասենեակները

առանց ֆաքսի կամ ֆաքսով

ամենաբարձր թաքսով

առանց մաքսի կամ մաքսով

մէկ լուր միայն հաղորդեցին

- ՄԵԾ  ԿՈՂՈՊՈՒՏԸ

ըստ  որուն

կանխամտածութեամբ

ճարտարամտածութեամբ

խղճամտածութեամբ

բանաստեղծ մը

ուրիշ բանաստեղծի մը

շագանակագեղձն է կորզեր

 

Անխուսափելիօրէն

Երկուքն ալ ողջ առողջ են

ՄԱՐԿՈՍ ԵՒ ՄԱՐԿՈՍ

Ելան գացին ծով

ու փարոսին քով

Մարկոս ու Մարկոս

-    երկուքն ալ Մարկոս

ոտք կը լուային

 

-    Տես Մարկոս ըսաւ

Մարկոս Մարկոսին

-    Աստղ մը ինկաւ վար

Մարկոս ծռեցաւ

ծովուն մէջ - չկար  -

Սուտ ըսիր ըսաւ

Մարկոս Մարկոսին

 

Իրենց ոտքերը

Երբ որ չորցուցին

Փոքրիկ աստղ մը կար

Մարկոսի ոտքին

ՃԱՇ ԱԳԱՊԻԻՆ ՀԵՏ

Ձուկ մը դրի տապակին

ձուկ  մը դրաւ Ագապին

Շոգի կապեց

խոհանոցին ապակին

Նստանք կերանք

Մեծ ձուկը ես

Պզտիկ  ձուկը  Ագապին

 

-    Որ ապուշը զիս խրատեց

որ շնորհքով կին ըլլամ  -

հարցուց ինծի Ագապին

 

-    Որ ապուշը զիս խրատեց

որ շնորհքով մարդ ըլլամ

հարցուցի Ագապիին

Յետոյ ելանք մաքրեցինք

Խոհանոցին ապակին

ԳԱՅԱՆԷ

Մութ աչքերով

մտաւ սենեակէն ներս

խիթեր ունէր

Երկնցաւ անկողինին վրայ

քնացաւ կարծեցի - աչքերը գոցեր էր

կը վախնար ապագային նայելէ

- ներկան պատմէ –ըսի - պատմեց դանդաղ

թախիծ գլորեցաւ սաւանին վրայ

-  խիթեր ունէր
ու դժբախտ էր -
կ’ուզեր որ ներեմ -

Ես - իր լեգուով - ըսի իրեն

- Լաւն էլ  լինես  վատն էլ լինես

Վերջ ի վերջոյ իմն ես դու -

 

Պուտ մը փայլ ինկաւ աչքերուն

Հաւատալ ուզեց

քիչ մը - քիչ մըն ալ ծպտեցաւ - ժպտելով

խիթերն անցան ըսաւ - ուզեց

որ գայ համբուրէ զիս

բայց գնաց երկնցաւ նորէն -

նստայ քովը

իր երկչոտ թեւերով փորձեց գրկել զիս

չյանդգնեցաւ

թոյլ տուաւ որ իր մազերը շոյեմ

երբ ես - իր լեզուով -  կ՚ըսէի  իրեն

-  Լաւն էլ  լինես  վատն էլ  լինես
վերջ ի վերջոյ քոնն եմ ես -

ՎԵՐԱ ՄԸ

Վերանորոգել

կը նշանակէ նորոգել Վերան

ու վրան

ջնարակ թափել

առանց այլեւայլի

որպէսզի արեւուն տակ այրի փայլի

 

Վերանորոգել

կը նշանակէ Վերան ոռոգել

սուրբ սուրբ ջուրերովը Նաւասարդի

նախ քան ծով մտնել կամ ելլելէ վերջ

որպէսզի պահէ թովչանքը վարդի

 

Ու վերադառնալ

կը նշանակէ

ծովու բազմութեան մէջ Վերա դառնալ

խանձիլ ու փայլիլ

-    սակայն չփրթիլ
միջին դարերու վարդենիներէն

ԿԻԿՈՅԻ ՎԵՐՋԻՆ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹԻՒՆԸ

Ծովափը արեւուն նստած

Մարմնիս աթոմները կը համրէ

Կը համրէ կը համրէ ու փորձի համար

Ետին կը տանի ձեռքը - պոչին վրայ

Աղուոր կլորիկ աթոմ մը կ՚ընտրէ

Բթամատին եւ ցուցամատին  մէջ

Բըթ մը  կ՚ընէ  ու կը պայթեցնէ

 

(Աթոմ որ  կ՚ըսեմ՝  մլուկ  չկարծէք - այդպէս

բըթ ընելով չի պայթիր - հեղ մը որ պայթի՝

աշխարհը իրար կ՚անցընէ)

 

Ինչ  կանցնի  կը դառնայ չի  յիշեր  - սակայն
Կիկօ աչքերը կամաց մը կը բանայ
Որ Արուսեակին վրայ է

 

(Արուսեակ որ կ՚ըսեմ՝ կին չկարծէք

մոլորակ մըն է, որ արեւուն շուրջը

կը դառնայ)

Ոչ ինք ոչ ալ ես գիտենք - քանի օր

Կը մնայ Կիկօ Արուսեակին վրայ

Սակայն Արուսեակ կը զգայ թէ օր մ’ալ

Կիկօ Երկիրը կը կարօտնայ

 

Նոր բըթ մը - կ՚ըսէ Կիկօ ինքնիրեն

-    Բըթով մը եկայ - բըթով մ’ալ կ՚երթամ

Ու ձեռքը պոչին աթոմ կը զատէ

(Կը զատէ որ կ՚ըսեմ` գիտնալով չկարծէք -
ըստ բախտի հատ մը կը պայթեցնէ)

Ինչպէս որ գնաց - այնւղէղ ալ չի գար

Աթոմին ոյժը տեղ մը կը հատնի

Ու կէս ճամբան կը մնայ Կիկօ

(Կը մնայ որ կ՚ըսեմ՝ կեցած չկարծէք -

Կիկօ հիմա անդադար Արեգակին շուրջը

կը դառնայ՝ Արուսեակին պէս, մեզի պէս)

 

Հիմա սիրահարներ -

Երբ մինչեւ առաւօտ բաց երկինքի տակ Սիրաբանելէ վերջ հեղ մը վեր նայիք

Եւ  աստղ մը տեսնէք փոքրիկ պսպղուն -Թաշկինակ շարժեցէք անոր մտերմիկ

Որովհետեւ ան աստղ չէ - Կիկոն է

ԿԱԿԱԶՈՂ ՅՈՅՆԸ

Մինչեւ որ

Քա - քա - քա - լի

Քա - լի - մէ - մէ

Քալիմէրա

Ըսես դուն

Գիշեր կ’ըլլա

 

Քալիսփէրա կ՚ըսենք մենք

 

Ու մինչեւ որ

Դուն հարցնես թէ ինչպէս ենք

-    Փոս իսթէ

Կը ծերանանք կը մեռնինք

 

Ժամավաճառ մի  ըլլար  դուն մեզի հետ

Քաթինիցան աղջիկ զաւակ մը ծնաւ

Հիմակուընէ սկսէ

Դուն

-Սաղափօ-

ըսելու

Սա - սա - սա - ղա - սա - ղա - փօ