Բանաստեղծութիւններ, հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ

Կը համակարգեն

կը հեռատպեն

Յանցերու մէջ ցանց

կ’որսան ընտրովի

կը միջնացանցեն

կը միջնաձայնեն

յետոյ կայքէ կայք

կը տարաձայնեն

 

-  կը ձեռնմխեն

անձեռնմխելին -

 

հաւանականօրէն

խաբուած են նորէն

ՄԱՏՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

Երբեմն պէտք է մատները հոտուըտալ

Եւ երբ սխալ բան մը պատահի

Հարցնել իրաւամբ

- Ես մա՞տս հոտուըտացի -

 

Ուրեմն շատ կարեւոր է մատը հոտուըտալ

ու այդպէս զինուած կենալ

ամէն անախորժ պատահարի դէմ -

 

Չարամիտներով լեցուն աշխարհի մը մէջ

Ամենակարեւորն է չամբաստանուիլ

իբրեւ  անփոյթ կամ անուշադիր

- Իբրեւ մէկը որ մատը չի հոտուըտար

Որ - երբ սխալ բան մը պատահի  -

ինքզինքը կ՚արդարացնէ  ըսելով

- Ես մա՞տս հոտուըտացի -

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ա) Պէտք է մատներուն արժէքը տալ
բ) Պէտք չէ ծուլանալ մատը մինչեւ քիթ տանելու
գ) Նախատեսելու է ամէն ինչ մատներէն առաջ
դ) Լուացուելէ վերջ պէտք չէ մատները ցեխի մէջ թաթխել

ԳԻՏԱԿԱՆ

Ես գիտնական

-  գիտական
տուեալներու համաձայն -

Դուք բոլորդ բազմաձայն

Ես առանձին միաձայն

-   նոոէն ալ ձայն ձայնի -
արմատական

արմատներու համեմատ

Դուք բոլորդ խորարմատ

Ես առանձին անարմատ

-    պատէ պատ

Կը փորձարկենք բոլոր անոնք

որ տրտմաձայն

կամ անձայն

չգոյութիւնը կը տօնեն

իրենց արմատախիլ գոյութեան

 

ու քանի որ դարը դարն է գիտութեան

Բոլոր ասոնք կը աատահին

գիտական

տուեալներու համաձայն

ԱՌԱԿ

Այս առակը ցոյց կու տայ թէ ինչ կը պատահի գորտին

Որ կ՚իյնայ գինիի աւագանին մէջ

 

Կը պատահի նախ որ գորտը թրջի

Ու լեզուն պտտցնէ քիթին  շուրջ  - աջ ձախ -

Գոռոզ կենդանի է գորտը գիտէք

Այդ պատճառաւ աչքերը թիզ մը դուրս են միշտ

իրենց կոպերէն

Այդ իսկ պատճառաւ գորտին թաց պոչէն

եւ թաց աչքերէն 
Գինիի  կարմիր շիթեր կը կաթին

Ել  իր սիրահարը ճամբու դնելէ վերջ

մեր տիկին դրացուհին

Երբ կ՚երեժտկւսյ յագեցած ու  գոհ

Ու կը շտկէ բարձերը դեռ տաք անկողնին

Այս առակը ցոյց կու տայ թէ ուր

կը միզէ գորտը անամօթաբար  -

Մինչ տիկին դրացին կ՚երթայ լոգնալու

Դեռ ճամբու կէսին

Կ՚իյնայ գինիի աւազանին  մէջ

 

Արդ աւազանին մէջ երկու հոգի կան

Մին գորտը -  միւսը  մեր դրացուհին -

Գեղանի կին է մեր դրացին գիտէք

Այդ պատճառաւ կուրծքերը թիզ մը դուրս են միշտ

իրենց շապիկէն Այս իսկ պատճառաւ տիկնոջ բաց ասէն

եւ թաց շրթունքէն Գինիի կարմիր շիթեր կը կաթին

Բայց առակս լոկ ցոյց կու տայ թէ ինչ

կը պատահի գորտին

Հետեւաբար - թէ կը թրջի կամ ոչ

Կամ կը գինովնայ թէ չի գինովնար

աղուոր դրացուհին

Հոգը չէ գորտին -

Ան ուրախ զուարթ կը լողայ կ՚ոստոստէ

Աւազանն ի վար - աւազանն ի վեր -

երբ յոգնի կ՚երթայ կը նստի ափին

Լաֆոնթէն կը կարդայ

Ու հոգը չէ թէ մեր տիկին դրացին

Աւազանին մէջ իսկոյն որ կ՚իյնայ

Նախ իր սիրահարը կը կանչէ ձայն ձայնի

Յետոյ իր ամուսինը կը կանչէ անյոյս

Եւ թէ արձանի մը պէս հնօրեայ

Աւազանին վրայ

Անշարժ կը ծփայ տիկին դրացուհին

Հո՛գն է որ գորտին ֊

Յանկարծ

Իր շերեփուկները կը յիշէ բարի

Որ այս տօն օրով

Այս ձիւնին բուքին

Անտէր կը ճչան -

Կ՚երթայ անոնց շորերը կը լուայ կը փռէ

Ու ոստոստելէն աջին ու ձախին

Կը բազմի գորտավաճառենց

Սպահանի գորգին -

Հոն գորտավաճառին տունն են հաւաքուեր

Բոլոր տունմնայ օրիորդները թաղին

Ու բերնի ծամոց կ՚ընեն ախորժով

Իր սիրահարն ու մեր տիկին դրացին

Հիմա

Այս առակը ցոյց կա տայ թէ ուր

Կը միզէ կրկին ու անկրթօրէն

գորտը որ կ՚իյնայ

աւազանին մէջ

կարմիր գինիին

Արդ բարեկամներ

Որ այսքան մարդ ճանչցաք - գորտ օրիորդ տիկին

Այս փոքր առակէն

Հանելու համար բարոյական մը մեծ ու թանկագին

Պէտք է աւազանէն նախ դուրս քաշէք հանէք

Գորտը - յետոյ ալ մեր տիկին դրացուհին

Ու թողուք աւազանին խորը խեղդուին

Գորտավաճառն ու իր հիւրերը պառաւ

ՎԷԼԱՍՔԷԶ

Դուռս  թակեց  -  բացի

-   Ես  Վէլասքէզ  կատուն  եմ  -  ըսաւ 

Այդ  ինչ  տեսակ  անուն  էր

-   ըսի - գոնէ էլ Կրէքօ ըլլայիր

անիկա յոյն էր ու հետը կրնայինք

սիրթաքի պարել

-  Իրաւ որ յանցանքը իմս չէ - ըսաւ -
արդէն տէրս մտադիր էր անունս փոխել
Բայց մեռաւ

այնպէս որ անունս Վէլասքէզ մնաց

Բայց  եթէ  քեզի  հաճոյք  պիտի  պատճառէ

Կրնաս  զիս  էլ  Կրէքօ  կանչել  -  կու  գամ 

Եթէ  սորվեցնես  սիրթաքի  ալ  կը  պարեմ  -

-   Լաւ - ըսի - խորհիմ այդ ուղղութեամբ

-   Հիմա ինչ կրնամ ընել քեզի համար

-   Դուն ալ կրնաս քու անունդ փոխել - ըսաւ

-   Ես անունէս գոհ եմ ըսի

եւ նպատակ չունիմ ուրիշ մէկը ըլլալու

-  Ուրախացաւ -

-  Մնաս բարով Վէլասքէզ - ըսաւ

ու գնաց

ԱՐՈՒԵՍՏ ՔԵՐԹՈՂԱԿԱՆ

I

Երբ գրել փորձեմ

Միտքս կ՚իյնայ «լոյս» բառը նախ

յետոյ «կատու»ն -

կը խորհիմ

-   ինչ կապ կայ երկուքին միջել -

ու կը գրեմ

-   կատուն լոյսը կերաւ -

- սենեակը մնաց մութին մէջ -

 

Կատուին  հոգը  չէ

ան  կրնայ  տեսնել  մութին  մէջ

Բայց  կատուին  տէրը  դժգոհ  է

Խարխափելէն

կ՚երթայ կ՚առնէ հացին դանակը

կատուին փորը կը ճեղքէ

ու սենեակը կը լուսաւորուի

 

Կատուն երդում կ՚ընէ

հեղ մըն ալ  լոյսը  չուտել

Բայց  արդէն  շատ  ուշ  է  -

–Ահա այսպէս կը գրեմ

Վերջին անգամ մըն ալ կը կարդամ

ու գամբիւղը կը նետեմ

II

Կամ թէ կը գրեմ

-   լոյսը կերաւ կատուն -

-   Սենեակին մէջ կատու չմնաց

ու կատուին տէրը տխուր է շատ

ու մազերը կը փետէ

զայրացկոտ  կ՚երթայ  կը  մարէ

լամբարները բոլոր

ու խոր մութին մէջ

ձայն մը կ՚իմանայ

   -  մըռնաւ  -  ես  հոս  եմ

Մարդը  կը  վազէ  կատուին  քով

զայն  կը  շոյէ  -  կը  սեղմէ  կուրծքին 

Կատուն կը խորհի թէ

որքան երջանիկ են

իր տէրն ու ինք

եւ  թէ  ապահովուած  է  իր  ապագան

թէ այլեւս

կրնայ պոչը տնկել ազատօրէն -

 

-  Կը  գրեմ  ահա  այսպէս  ալ 

ու զամբիւղը կը նետեմ

 

* * *

ՆՈՐ  <

  ահաս

   արար

 

ՍԵՐՈՒՆԴ ՄԸ

 

կու գայ հարկաւ

ու մեզի ԹԱՐՄ  շունչ  մը կը բերէ

շունչ  մը

ՀԻՆԻՆ ՉԱՓ  <

  գեղեցիկ

   առինքնող

 
բայց ՏԱՐԲԵՐ

 

ԻՆՔՆ  <

  իր մեջ

   իրմով

 

 

 

հասունցած

ՀԱՄԱ  <

 

   պարփակ

   սփիւռ

 

 

 

ու յետոյ

այդ  սերունդն  ալ կը հիննայ

ու մենք

ԱԿՆ  <

 

   Կալ

   Դետ

                                         

Կը սպասենք

ԱՒԵԼԻ                                          

                   <  ին     

ՆՈՐ

ՕՐՀՆԵՐԳ

Լուսաւորչի կանթեղ անմար

Որ դարերէ ի վեր կ’այրի

Հաւատքի սիւն - սիրոյ կամար

Յուսատա զէնք Աւարայրի

 

Փառք քեզ Հայոց Եկեղեցի

Փառք  զարթօնքիդ  վեհ  փառաւոր

Տաճարներէդ  թող  արծարծի

Հայուն  հաւատքը  դարաւոր

 

Խաչ  որ  քարէն  կոփեց  խաչքար

Իւղ  որ  դարձաւ  Միւռոն  բուրեան

Որդան  կարմիր  համբերատար

Որ  ծաղկեցուց  վանք  մենաստան

 

Փառք  հազար  եօթն  հարիւր  տարի

Աղօթք  ու  խունկ  ծխող  ժամէն

Հերոսներէն  սուրբ  պայքարի

Հայոց  Աստուած  -  Փառք  Քեզ  -  Ամէն

 

(Վաւերացուած  իբրեւ  քրիստոնէացման 
1700ամեակի  ՕՐՀՆԵՐԳ  -  երգահան՝ 
Ռուբէն  Ալթունեան, 25  Յունիս  1999)

ՆԵՐՈՂՈՒԹԻՒՆ

Չկրցայ  ոչ  իսկ  մնկնակէտ  ցոյց  տալ

Անկոխ  արժէքներ  բերել  նորահնար

Բնորոշելու  քերթուածը  վաղուան

 

Ինչ  որ  գրեցի  կար  այսօրուան  մէջ

Դուրս  չելայ  գիծէն  սահմանափակին

Հիմը  չգտայ  շէնքին  ապագայ

 

Հետեւաբար  զերդ  անյաջող  գրչակ

Ես  ներողութիւն  կը  խնդրեմ  հիմա

վաղուան  քերթողէն

ՍԱՄԱԹԻԱՅԻ ԿԱՅԱՐԱՆԸ

Երբ շոգեկառքը կանգ առաւ

Պատուհանէն  նայեցայ  որ  հոն  են  -

-  նախ մեծ հայրս Հաճի Լեւոնը
ու մեծ մայրս Ֆօրթիւնէն

որ Ենիգաբուէն հարս է եկեր -

Հաճի Լեւոնին քոյրը Պէաթրիսը

ինծի  ի  պատիւ  մանտօլին  կը  նուագէ

-  Մեծ մօրս փէշին տակ մայրս Անգինէն

- մազերուն կարմիր ժապաւէն կապած

իսկ մօրաքոյրս Արսինէն մեծ մօրս գիրկը

-  յետոյ տան դեղին կատուն ժօնտօրը -
հաւաքուեր են զիս դիմաւորելու

նաեւ քահանայ մը - Տէր Քեռի կը կանչեն

ու պզտիկ մանչուկ մը - Միքէն -

որ փախուստ տուեր է ծնծղայի աշխատանոցէն

 

-  Տակաւին  կանուխ  է  -  կ՚ըսեմ  -  սպասեցէք  քիչ  մըն  ալ  -

 

Շոգեկառքը  ճամբորդ  կ՚իջեցնէ  -  ճամբորդ  կ՚առնէ  -

ու ճամբայ կ՚ելլէ յամրօրէն -

Ձեռք կը շարժեմ բոլորին - ձեռք կը շարժեն ինծի -

Տէր Քեռին կը խաչակնքէ

 

Կատուն  վերջին  միյաւ  մը  կ՚ըսէ

Շոգեկառքը կը քալէ հետզհետէ աւելի արագ

 

Չեմ  գիտեր  ինչու  աչքերս  խոնաւ  են