Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԼԻՄԱՆ

       Դժբաղդաբար այս ընդարձակ գաւառի եւ ոչ մի կէտում դեռ եւս օդերեւոյթաբանական կայարան չէ հիմնուած, այնպէս որ անհնարին է կլիմայի վերաբերութեամբ ճիշտ որոշումներ անել։ Իսկ ընդհանրապէս կարելի է ասել, որ Բորչալուի ամբողջ գաւառը ներկայացնում է կլիմայական բոլոր գօտիները, սկսած տաքից, ուր հասնում են չալտիկ եւ բամբակ, մինչեւ Ալպիական բարձր արօտատեղիների գօտին։ Այս ծայրայեղ կէտերի բարձրութեան տարբերութիւնը հասնում է մինչեւ 10, 000 ոտնաչափի եւ մինչդեռ Խրամի գետաբերանում հձնում են գարին, Ծալկայում նոր նոր սկսում են գարնանացանը, եւ երբ այստեղ հասնում են հունձերը, Բորչալուում կանաչում է աշնանացանքը։ Ուստի եւ ամբողջ գաւառի կլիման որոշելու համար պէտք է բաժանել մի քանի շրջանների-1) Բորչալուի հարթութեան 2) Լօռու 3) Ծալկայի սարահարթերի եւ 4) Դեբեդ, Բոլնիս ու Մաշաւեր գետերի հովիտների։

       Սրանցից Բորչալուի հարթութեան (1, 000 ֆ. միջին բարձր. ) կլիման ընդհանրապէս տաք է, հարաւից, արեւմուտքից եւ հիւսիսից նրան շրջապատող անտառապատ լեռներն ընդհատում են քամիների հոսանքը այս կողմերից մինչդեռ Ղարայեաղից ազատ փչում է տաք, հեղձուցիչ քամիներ։ Ամարային կիզիչ արեգակի ճառագայթները արագութեամբ գոլորշիացնում եւ վերլուծում են ամեն տեղ սփռուած ջրանցքների կազմած ճախճախուտների եւ փոքրիկ ճահիճների մէջ կանգնած ջուրը։ Յարատեւ տենդը, որից տանջւում է այստեղի ամբողջ ազգաբնակութիւնը մոծակների, մժեղների, մոմերի, օձերի եւ այլ սողունների ահագին բազմութիւնը ստիպում են բնակիչների մեծ մասին վաղ գարունքից իրենց հօտերով եայլա դուրս գալու։
       Տենտի զարգացման չափազանց նպաստում է նաեւ չալտիկի դաշտերը, որ ամբողջ ամառ ծածկուած են ջրով, հոտում են, վերլուծւում եւ նպաստում ամեն տեսակ ստորին օրգանիզմների զարգացման։
       Բնակիչներն ամառը լեռների վրայ, մաքուր օդի, հրաշալի ջրի եւ առողջարար կաթնային սնունդի շնորհիւ բաւական ամրապնդուած, սեպտեմբրին իջնում են լեռներից, եւ թէպէտ աշունը յստեղի ամենալաւ եղանակն է կազմում, բայց եւ այնպէս՝ բնակիչներն սկզբում ստիպուած են լինում խմել ջրանցքների հոտած ջուրը, որովհետեւ գետերը այս ժամանակ չորացած են լինում, եւ 2-3 շաբաթուայ ընթացքում կորցնում են այն ոյժը, որ ամառը հաւաքել էին։ Այնուհետեւ արեւմուտքից փչող քամիները շատ անգամ անձրեւներ են բերում իրենց հետ։ Ձմեռն ընդհանրապէս մեղմ է, ձիւնը երբեմն միայն 5-6 օր է գետնին մնում։ Գարունը սովորաբար նոյնպէս անձրեւային է եւ շատ է գալիս։

       Բորչալուի հարթութեան տաք եւ Ծալկայի եւ Լօռու սարահարթերի բարեխառն կլիմաների միջեւ որպէս անցողական գօտի կազմում են Դեբեդ գետի հովիտը, որ սկսւում է Ճալա գիւղից եւ ձգւում մինչեւ Շնող գիւղը, Շուլավէր-գետակինը, Մեծ Շուլավէրից մինչեւ Աղքեօրփի գիւղը, Բոլնիսի-գետինը՝ Խատիս-Սոպէլի գիւղից մինչեւ Չատախի նախկին գործարանը, եւ Մաշաւեր գետինը, Եկատերինէնֆելդ գաղութից մինչեւ Աբուլմուլբ կալուածք։ Խեղդող քամիները Կուրի հովտից անդադարայստեղ էլ են փչում, բայց անտառապատ լեռների եւ խմելու աւելի առողջարար եւ նոյն իսկ մի քանի գիւղերում աղբրի ջրի շնորհիւ, այս քամիների ազդեցութիւնը փոքր ինչ թուլանում է։ Տենդը այստեղ էլ յայտնի է, սակայն այնքան վնասակար չէ, որքան Խրամի գետաբերանում, այնպէսոր կարելի է ամառը ապրել, ուստի եւ բնակիչները որ մեծ մասամբ քրիստոնեաներ են, սարն են ուղարկում միայն իրենց տաւարները, իսկ իրենք մնում են պահպանելու խաղողի այգիները, որ կազմում են իրենց բարօրութեան գլխաւոր աղբիւրը։ Եւ որովհետեւ այստեղ գիւղատնտեսութեան այս ճիւղն է ամենից աւելի զարգացած՝ ուստի կարելի է սրան խաղողի մշակման գօտի կոչել։ *

       Լօռու եւ Ծալկայի բարձրաւանդակների կլիման միմեանց շատ նման են, միայն վերջինս փոքր ինչ աւելի խիստ է, որովհետեւ 500 ֆ. աւելի բարձր է եւ բոլորովին չէ պաշտպանուած մօտակայ Սամսար (10, 777') Շահ-Նաբաթ (9, 611') Տաւ-Գօթէլի (9, 211' ) եւ ուրիշ գագաթներից, որոնց վրայ ձիւնը հալչում է միայն ամարային ամիսներում. այն էլ ոչ միշտ, այնպէս որ խոռոչներում լեռների զառիվայրներում ձեան շերտը մնում են նաեւ տարուայ ամենատաք ժամանակը անգամ Առաջին աշնանային անձրեւների հետ, սովորաբար սեպտեմբերին, լեռների գագաթները ծածկուած են ձեան բարակ շերտով եւ գդալի ցրտերը շատ անգամ վնասում են հունձին։ Սակայն այս առաջին ձիւնը շուտ է հալւում, կամ քամուց ցըրւում, յետոյ մոտ երեք ամիս լաւ, բայց ցուրտ եղանակ է անում, առաւօտուայ եւ երեկոյեան մշուշի պատճառով։ Նոյեմբերին գալիս է ձմեռը, խիստ, շատ անգամ ձիւնաշատ եւ միշտ բքախառն, որ արգելում է բնակիչներին յարաբերութիւն ունենալ շրջակայքի հետ։ Ծալկայի սարահարթն այս ժամանակ ընդարմանում է եւ նրա բնակիչները փակւում են իրենց գետնափոր խրճիթների մէջ։ Ապրիլի վերջինձիւնը հարթութիւնների վրայ հալչում է, միայն լեռների վրայ դեռ եւս մնում։ Փոսերը լցւում են հեղեղատներով։ Խրամը իւր վտակներով շատ անգամ դուրս է գալիս ափերից, հեղեղում է շրջակայքը եւ ճահիճներ կազմում։

       Դաշտային աշխատանքները սովորաբար սկսւում են մայիսին գարունն անձրեւային է եւ ցուրտ, ամառը՝ բարեխառն - տաք, յաճախ կարկուտ է գալիս է մշուշ պատում։ Ընդհանրապէս՝ Ծալկայի սարահարթի կլիման առողջարար է, թէեւ տեղացիների վատ բնակարանների պատճառով մրսելուց յառաջացած հիւանդութիւններ եւ տարափոխիկ տիֆը այստեղ սովորական են։

       Համարեա միեւնոյնը կարելի է ասել եւ Լօռու դաշտավայրի վերաբերութեամբ։ Այստեղ էլ առատութեամբ են գալիս անձրեւը, ձիւնը եւ կարկուտը, այնպէս որ տարեկան նստուցքը լինում է 391 (Վորոնցովկա) մինչեւ 576 քամիները փչում են անդադար ւ երբեմն սաստիկ ուժգին։ Անցեալ տարի այնպէս սաստկութեամբ էր փչել, որ արմատախիլ էր արել ս Սարգիս ուխտատեղու հարիւրամեայ ահագին ծառերը։ Բարեխառնութիւնը բնորոշում է հետեւեալ գիւղատնտեսական փաստերով. դաշտերը ծածկւում են գարանանացան ցորենով, հաճարով, վարսաւով եւ կարտոֆիլով, պտղատու ծառերից աճում են այստեղ խնձորենիների ամենադիմացկուն տեսակները- այնքան խիստ են այստեղ ձմեռները։