Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՎԱՆՔԻ ՍՐԲՈՒԹԻՒՆՆԵՐԸ

       Հաղբատի վանքում նախկին բազմաթիւ սրբութիւններից մնացել է միայն Ս. Նշանը, որ պահւում է համանուն եկեղեցում ամենայն զգուշութեամբ։ Սա խաչափայտի մասն կրող մի ականակուռ խաչ է, արծաթապատ պահարանի մէջ։ Պահարանի վրայ քանդակուած են Քրիստոսի գերեզմանը եւ եօթ սրբերի պատկերներ, իսկ յետեւի կողմում արձանագրուած է.

       Յետ աւերման աշխարհին վրաց ի պարսիկ Աղա Մահմատ խանէն ի թվին Հայոց ՌՄԽԴ հրամանաւ Ռուսաց Կայսերուհւոյն Եկատերինէի ընդ զօրացն նորին եկի ի հայրենի աշխարհն իմ սակս օգնութեան եւ չոքայ ի յերկրպագութիւն վանօրեիցն մերոյ Հաղբատու եւ Սանահնու, տեսի զամայութիւնս նոցա եւ զյափշտակութիւն սուրբ Նշանին Հաղբատու. ուստի կազմեցին զպահարանս եւ եդի ի սմա զիմ ճշմարիտ մասն ի կենաց փայտեն եւ զայլ մասունս սրբոց եւ ընծայեցի Հաղբատու սբ. Նշան վանիցն ի յիշատակ ինձ յելից աստի եւ ծնօղացն իմոց Խիօշ- բեգին եւ պատրոն Քեթեւանին եւ իշխանազնեայ եղբարցն իմոց Մովսէսին, Բեժանին եւ Փարսադանին եւ բարեշաւիղ որդւոց եւ դստերաց նոցին՝ իսկ որք կարդայք յիշեցեք յաղօթս զՍանահնեցի Երկայնաբազուկ Արղութեանց Յովսէփ Արքեպիսկոպոս՝ առաջնորդ Ռուսաց երկրի ամենայն Հայոց ազգին, հիմնադիր երկուց քաղաքացն Նոր- Նախիջեւանու եւ Գրիգորիպօլու յամի Տեառն 1797 եւ թվին Հայոց ՌՄԽԶ ի Մոսկով, ձեռամբ Դաւթի Ածտրեանի։

       Այս Աւագ Սուրբ Նշանի խաչի մէջ ամփոփուած խաչափայտի մասն այն խաչափայտի մասիցն է, որ ս. Հռիփսիմէն բերեց Հայաստան Տրդատ թագաւորի ժամանակ, եւ մի առժամանակ Վարագայ լեռան մէջ թագցնելու պատճառով կոչուեց Վարագայ խաչ ։ Այս խաչի մի մասը վաղուց ի վեր գտնւում է Բագրատունեան նախարարական տան մէջ եւ սրբութեամբ պահպանւում էր իբրեւ Բագրատունեաց տան պաշտպան։ Որդուց որդի անցնելով այս խաչը՝ ստացաւ Բագրատունի Աշոտ Ողորմածը, որի բարեպաշտ ամուսին՝ Խոսրովանոյշ թագուհին 967 թուին կառուցանելով Հաղբատի վանքը, ընծայեց նրան այս տոհմական աւանդը, որի անունով եւ եկեղեցին կոչուեց Աւագ սուրբ Նշան։