Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՈՒՐԹԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆ

       Կուրթան. - Գտնւում է մի լեզուաձեւ բարձրաւանդակի վրայ. արեւմտեան կողմից հոսելով Պալըղ-չայը եւ Գարգարայ - ջուրը՝ միանում են արեւելեան կողմում տարածուած Հնէվանի ձորում։ Այսպիսով ձորը շրջապատուած է երեք կողմից ձորերով, որոնց մէջ կան բաւական թուով քարայրեր։ Հնէվանի քարայրերից նշանաւոր է Մատուռը, որ ժայռի մէջ փորուած եւ միայն մի կողմից պատով պատած մի փոքրիկ աղօթատեղի է։ Դռան մօտ կայ հայերէն եղծուած արձանագրութիւն։ Սրանից դէպի արեւմտահարաւ ուրիշ այրերի մէջ նշանաւոր է   ճգնաւորի այրը, որի մօտ, ժայռի մէջ մի կամարակապ խորշ կայ, յատկապէս իբր աղօթատեղի բացուած։ Մատուռից դէպի հիւսիս գտնւում են Թուրփոնդաց այրերը, իսկ նրանից դէպի արեւմուտք՝ Սղնախի այրը, ուր ապաստանելիս են եղել գիւղի բնակիչները լեզգիների յարձակումների ժամանակ։ Պալըղ-չայի աջ կողմը, գոմերի մօտ կան երեք խաչարձան։

       Սրանցից մինի վրայ գրուած է.
       Ես Ումիկս շինեցի զմատուռս, կանգնեցի զխաչս, հաստատեցի զբեմս եւ բերի զջուրս յիմ հալալ վատակոց, հաւր իմոյ Մխիթարայ, որ Պապ կոչի, եւ Խաւութի կնոջ իմ. ըր կոչի Տիրամայր. որք կարդաք եւ երկրպագէք, յիշեցէք ի սուրբ յաղթաւս մեր։

       Միւս խաչի վրայ.
     Ես անարժան ծառայ Աստուծոյ Պետրոս ուրդի Բռնաւորի նոր շինեցի զկամուրջս բարեխաւսութիւն ինձ. եւ ծնողաց իմոց. որք կարդաք եւ երկրպագէք, յիշեսջիք յաղաւթս։ Գիւղի հիւսիսային կողմում կայ մի հին գերեզմանատուն, ուր մի գեղեցիկ եւ մեծ խաչարձանի վրայ կարդացւում է. Կանգնեցաւ խաչս սուրբ բարեխաւս Վահրամայ ամուսնոյն իւր Ասփէի եւ զաւակաց իւրոց. ամէն։ Սրա մօտ կայ մի հասարակ մատուռ։ Մի հին անշուք եկեղեցի բարձրանում է գիւղի կետրոնում, ուր այժմ պաշտօն են մատուցանում։ Տները, որոնցից միայն մի քանիսն են նոր ձեւի, անկանոն կերպով ցրուած են, ունենալով իրենց առաջ բանջարանոցներ, ուր առաւելապէս սխտոր է ցանած։ ամբողջ գաւառի սխտորը գրեթէ այս գիւղն է մատակարարում։ 

       Բնակիչները   Ղարաբաղից, Երեւանից, Ղազախից, Շիրակից եւ այլ տեղերից են եկած դարիս սկզբում։ Ընդամէնը 31 տուն, 687 ար. 551 իգ. ի միասին՝ 1238 հոգի։ 

Գիւղի արեւմտեան կողմը, գրեթէ կէս վերստ հեռաւորութեան վրայ, Գառգառ-գետի աջ կողմը գտնւում են երկու փոքրիկ մատուռներ, որոնցից մինի վրայ գրուած է. Իէրոնիմոս, իսկ միւսի մասին աւանդաբար պատմւում է, թէ Կողմա եւ Դամիանոս ճգնաւորներն են շինել։ Սրանց մոտ մի գեղեցիկ խաչքարի վրայ կայ հետեւեալ արձանագրութիւնը։ 

       Թուին ՇԼԵ  ի թագաւորութեան Կիւրկէի հարազատ Սարգսի Դաւթայ Գաւրգիոյն նորոգեցաւ սուրբ   զորզս. բարեխաւս   հոգւոց մերոց։ 

       Ձորագիւղ- Այսպէս   կոչւում է գիւղը, որովհետեւ սկզբում եղել է ձորի մէջ, ուր այժմ գտնւում են գիւղի գոմերը։ Ճանապարհների անյարմարութեան եւ արտերի մեծ մասը ձորից բարձր գտնուելու պատճառով՝ գիղացիները տեղափոխուել են ձորից վերեւ, զառիվայր հիւսիսահայեաց լանջի վրայ։ Առաջից, ձորի միջով անցնում է Պալըխ-չայը։ Ձորում, գետի աջ եւ ձախ կողմերին, բարձր ժայռերի գագաթներին գտնւում են ամրոցների   աւերակներ։ Աւանդութիւնն   ասում է, թէ մի թագաւորի որդին ու աղջիկը փախել են այստեղ եւ բնակութիւն հաստատել իւրաքանչիւրը այս բերդերից մինում։ Ասում են նաեւ, թէ շղթայով թասեր են կապուած եղել մի բերդից միւսը, քոյր եւ եղբայր գինի եւ ածել թասերը եւ փոխանակել, միմեանց կենաց խմելով։

       Գիւղում կայ մի հասարակ եկեղեցի եւ երկու ուխտատեղի Ս. Գէորգ եւ Ս. Սարգիս   անուններով։ Տներից շատերը գլխատուն են, կիսագետնափոր։ Բնակիչները Դսեղ գիւղից եկած գաղթականներ են, հին Ձորագիւղից այստեղ վերաբնակուած ընդամէնը՝ 47 տուն, 226 ար. 192 իգ իմիասին 4, 8 հոգի։ Դէպի Շահալի գիւղը կայ մի աւերակ գիւղատեղի Կուտատ անունով, համանուն գետակի ափին, ուր կայ մի կիսաւեր մատուռ։

Ղամուշկուտ- Գտնւում է Խաչի-գիւղից դէպի հարաւ. մի լերան լանջի փոքրիկ հարթութեան վրայ։ Փոքրիկ գիւղ է, մի քանի գեէեցիկ տներով եւ Ս. Կիրակի փոքրիկ մատուռով։ Հողն արքունական է։ Բնակիչները Շահալիից եւ Մարցից են գաղթած, ընդամէնը՝ 38 տուն, 180 ար. 153 իգ իմիասին՝ 333 հոգի։ 

Շահալի- Ձորագետի ձախ կողմումն է գտնւում, լեռների գոգաւորութեան մէջ։ Գիւղացիներն ասում են, թէ այս գիւղի անունը եղել է Ներքին Վահագնի, իսկ սրա արեւմտեան կողմում գտնուած աւերակ գիւղատեղին՝ ուր այժմ մնացել   է միայն մի գերեզմանատուն, կոչւում է Վերի Վահագնի։ Գիւղում կայ մի փոքրիկ, հասարակ եկեղեցի, մոտը մի հին, մեծ խաչքար, եւ մի մատուռ սուրբ Սարգիս անունով, ուր ուխտ են գալիս թագաւորները, առանց հարսնացուի, դաւուլ զուռնի առաջնորդութեամբ   եւ հարսնեւորների   ուղեկցութեամբ։ 

       Տների մեծ մասը գլխատներ են, միայն շատերն ունին նաեւ մի, կամ մի քանի կանոնաւոր սենեակ։ Մի քանի տների առաջ էլ պարտէզներ կան։ Գիւղում կայ երկու խանութ, իսկ ձորում, գետի աջ ափին մի փայտ սղոցելու գործարան։ Գիւղի տեսարանը գեղեցիկ, կլիման էլ մեղմ լինելու պատճառով այստեղ եւս սկսել են ամարանոց գալ։ 

       Բնակիչները գաղթած են այստեղ   Ղազախի Աչաջրից, Կարսից, Դսեղից եւ Օձունից, ընդամէնը 78 տուն են 381 ար. 326 իգ ի միասին 707 հոգի։ 

       Այս գիւղացիները բացի սովորական երկարագործութիւն ու անասնապահութիւն՝ պարապմունքից, Ներսիսեան դպրոցն աւարտած երկու երիտասարդների   նախաձեռնութեամբ   պարապում են նաեւ եւրոպական ձեւի մեղուապահութեամբ։ 

       Այս եւ Կուրթան գիւղերի մէջ տեղում, ճանապարհից փոքր ինչ հեռու գտնւում է մի աւերակ գիւղատեղի, որ հանի է կոչւում։ Աւանդաբար պատմւում է, թէ այդ տեղի նախկին բնակիչները Անիից են գաղթել այդտեղ։