Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍԻՕՆ

       Գտնւում է Բոլնիս-Խաչէնից դէպի արեւելք, հազիւ կէս վերստ հեռու։ Երկարութիւնն է 10 սաժէն, լայնութիւնը՝ 5 սարժէն, եւ բարձրութիւնը՝ մոտ 6 սաժէն։ Եկեղեցին երկու կարգ հնգական, խաչաձեւ սիւներով բաժանւում է երեք մասի, որոնք ռոմանական կամարներով միանալով պահում են իրենց վրայ թաղակապ ձեղունը։ Սեղանի երկու կողմը կայ մի մի խորան, միայն երեւում է, որ հիւսիսայինը յետոյ է կառուցուած, իսկ հարաւայինը ոչ թէ սեղանին, այլ հարաւային պատին է կից եւ ունի միայն մի դուռն այդ հարաւային պատի մէջ։ Թէ հիւսիսային եւ թէ հարաւային կողմերում կան մի մի կամարակապ նախագաւիթ, որոնց միջից մի մի դուռն բացւում է եկեղեցու մէջ։ Մի ուրիշ դուռ էլ բացւում է արեւմտեան կողմը։ Մի քանիտ նեղ եւ երկան պատուհաններ ոչ այնքան առատ լոյս են սփռում եկեղեցու մէջ։ Սրա արեւմտեան կողմը, փոքր ինչ հեռու, բարձրանում է զանգակատունը, որ մի քառանկիւնի շէնք է, գլուխը կամարակապ։ Երեւում է, որ մէջը մի քանի սենեակներ կան։ Սրա վրայի արձանագրութիւնից երեւում է, որ զանգակատունը կառուցել է Բոլնիսի եպիսկոպոս Նիկողայոսը։ Մուխրանի տէր Բագրատ Գ որդին ԺԵ դարում։ Սրան կից բոլորում է պարիսպը։ Սրա շուրջը, մօտակայ բլրի լանջին կան 12 փոքրիկ, կիսաւեր մատուռներ։ Եկեղեցին բոլորովին անխնամ է թողնուած։ Վախուշտի ասելով Բոլնիսի Սիօնի մեծ տաճար է եղել, առանց գմբէթի եւ շինուել է V դարի սկզբում վրաց Փարսման (408  410) թագաւորի հրամանով։ Իսկ տարեգիրների ցուցմունքով՝ նա գմբէթ է ունեցել եւ շինուել է Արշիլ թաթագաւորի (410- 434) որդի Միհրդատի կին եւ Ռանի Էրիստաւ Բարգաբադի դուստր Սադուխտի կամքով։

       Վախտանգ Գուրգասլանը (446-499) Սիօնը դարձրել է եպիսկոպոսանիստ իսկ Մարիամ թագուհին (Վախտանգ Ե- ի կինը) վերանորոգել է։ Բրոսսէն կարծում է, թէ այս եկեղեցին շատ հին չպէտք է լինի եւ նրա շինութեան թուականը ԺԱ դարից չպէտք է անցնի։ Այնուամենայնիւ Բոլնիսի եպիսկոպոսը կառավարում էր ամբողջ վրացական Սոմխէթը։

       Յայտնի չէ, թէ ե՞րբ Սիոնը բարձի թողի առնուել մենք գիտենք միայն որ ԺԸ, դարում Թիֆլիսի միտրապոլիտն անուանւում է Թիֆլիս-Բոլնիսեան եւ Բոլնիսի հողերը նրա անմիջական կառավարութեան էին ենթարկւում * ։