Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՆՇԽԱՐԱԽՈՒՑ ԿԱՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
       Սա գտնւում է Ս. Նշան եկեղեցու արեւելեան կողմը եւ նրան կպած է մի փոքրիկ գաւիթով։ Կառուցել է Յովհաննէս արքեպիսկոպոս Խաչենեցին։
       Սա մի անսիւն շէնք է, իւրաքանչիւրը պատին կից բարձրանում են երկական գեղեցիկ կիսասիւներ, իբր նեցուկ այն ռոմանական կամարներին, որոնց վրայ բարձրանում է քառանկիւնի մի շրջանակ, կրելով ութանկիւնանի մի գմբէթ, ծայրը բաց, լոյսը թափանցելու համար։ Սրա հանդէպ, յատակի վրայ մի քարէ փոքրիկ աւազան կայ, որի մէջ հաւաքւում է այդ բացուածքից ներս թափուած անձրեւի ջուրը։
       Պատերի մէջ կան հինգ հատ բաւական մեծ, կամարակապ դարակներ, գրքեր դնելու կամ այլ իրեր պահելու համար։
       Միակ, արեւմտեան կողմի դուռը շատ պարզ է։ Իսկ սրա առաջ կայ մի տապանաքար հետեւեալ տապանագրով. Այս է տապան Ազիզ Մահտեսաւն, որ եղեւ պատճառ սուրբ եկեղեցւոյս վերստին նորոգման։