Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՈՒՍԱՆԱՑ ԱՆԱՊԱՏ

       Վանքից դէպի արեւելք, մօտ մի վերստ հեռաւորութեամբ, աղբիւրից եւ գերեզմանատնից բարձր։ Տէրունական լեռան ստորոտում գտնւում է մի փոքրիկ, գեղեցիկ եկեղեցի, որի հիմնադիրը յայտնի չէ, միայն հետեւեալ արձանագրութիւնները պահել են վերանորոգողների անունները.

       Դռան ճակատակալ քարի վրայ. Ի թուին ՌՃԻԵ բարեպաշտ ազատ յազգաց Եկուլեանց մեծահարուստ Զալն՝ որդի Շահ-Ղուլունի՝ ողորմած ամուսնաւ իւրով վերստին նորոգեաց զտաճար Տիրամօրն։

       Մի գերեզմանաքարի վրայ.
       Թուին ՌՃԼ (1681). Այս է տապան Սարգսի վարդապետին՝ ազգաւ Խոցիկեցի եւ նորոգող սուրբ եկեղեցւոյս

       Այս եկեղեցին, որ Կուսանաց անապատ է եղել, մի գմբէթաւոր, անսիւն շէնք է, մի պատարագամատոյց սեղանով, առանց խորանների։ Չորս փոքրիկ եւ նեղ լուսամուտ, գմբէթի նոյնչափ երկար եւ նեղ լուսամուտների հետ լոյս են սփռում եկեղեցու մէջ։ Միակ, արեւմտեան դուռը սիւնազարդ է եւ կամարակապ։

       Անապատը շրջապատուած է պարսպով, որի մէջ կան կիսաւեր սենեակներ եւ մի դադարած աղբիւր։ 

       Եկեղեցու դռան մօտ, հարաւային կողմում երեք դամբարան ամփոփում են Հաղբատի նշանաւոր արքեպիսկոպոս Յովհաննիսի եւ Գէորգի նշխարները։ Տապանաքարերը դագաղաձեւ են, որոնց առաջ կանգնեցրած են մի մի գեղեցկաքանդակ խաչքար.

       Սրանց վրայ գրուած է.
       Այս է հանգիստ Տեառն Յովհաննիսի։
       Այս է հանգիստ Տեառն Գէորգայ։

       Երրորդ խաչքարի վրայ տապանագիր չկայ։

       Արեւմտեան կողմը կան նոյնպէս երկու մեծ գերեզմանաքար, որոնցից մինի վրայ գրուած է.
       Արձանս այս վսեմական՝ է Սոփեստոսի Իէր Ստեփանոսի, կազմեալ ի տէր Յովհաննիսէ քուերորդւոյ իւրոյ ի թիւս ՈՀԳ (1125), յաղաւթս յիշեցէք վասն Տեառն.

       Թէ Տէրունական եւ թէ Սուրբ-Լուսոյ լեռան գագաթին կան մի մի փոքրիկ մատուռ, որոնց դռների առաջ կան մի մի գերեզման, առանց տապանագրի, աւանդաբար ասում են, թէ սրանք ճգնաւորների տեղեր են, եւ շատերը ուխտ են գնում այս տեղերը։