Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՂԲԻՒՐՆ
       Վանքի պարսպից դուրս, արեւելեան կողմը գտնւում է սառնորակ ջրի աղբիւրը, որ սուրբ Լուսի լեառից խողովակներով գալիս թափւում է հինգ քարէ աւազանների մէջ, որոնց վրայ գեղեցիկ կամարներով քարէ սրահ է շինուած, մօտն էլ մի փոքրիկ լճակ, ուր հաւաքւում է ջուրը՝ պարտէզներին ջուր մատակարարելու։ Այս աղբիւրը շինողը յիշատակուած է սրահի կամարի վրայ այսպէս. Ի թուին ՉԷ (1258) Հաստատուած է կամարակապս ի Հայր Յովհաննիսէ ի հալալ ընչից իւրոց, որում ողորմեսցի Քրիստոս՝ տալով հոգւոյ նորա ի լուսեղէն յարկեաց եւ յանմահական ջրոյն. Ամէն։
       Աղբիւրից երկու վերստ հեռու, դէպի սուրբ Լուսի լեառը գտնւում է աղբիւրի քարաշէն աւազանը, որ շինել է Եփրեմ կաթողիկոսի հետ Հաղբատ եկած Անտօն արքեպիսկոպոսը, ինչպէս եւ երեւում է շինուածքի վրայ եղած հետեւեալ արձանագրութիւնից.
       Զովացուցսէ Տէ՛ր զհոգին
       Անտոն արքեպիսկոպոսին.
       Աստի մինչեւ ական տեղին
       Նոր նորոգեաց արդեամբ անձին.
       Կեղեաւ էր սա Երեւանցի
       Բնիկ միաբան Էջմիածնի. ՚ի 1827 ամի։
       Այս ջրից մի փոքրիկ մաս տարուած է վանքի պարսի մէջ։