Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       Ս. ՆՇԱՆ

       Այս հրաշալի եկեղեցին հիմնարկել է Աշոտ Ողորմած թագաւորի ամուսին Խոսրովանոյշ թագուհին 967 թուին։ Նրա որդիները՝ Սմբատ Հայոց եւ Գուրգէն՝ Գուգարաց թագաւորները շարունակել են շինութիւնն եւ աւարտել 991 թուին, առաջին վանահայր Սիմէօնի ժամանակ։ Վանքը կառուցուած է սրբատաշ քարից, ներքուստ անսիւն է, չորս գեղեցիկ պատերին կից կիսաւերների վրայ բոլորում են չորս ռոմանական կամարները, որոնք միանալով մի մանկաձեւ շրջանակով կրում են իրենց վրայ չորս երկար եւ նեղ լուսամուտներով զարդարուած մի գեղեցիկ կաթուղիկէ։ Եկեղեցու չորս անկիւնում գտնւում են միմեանց վրայ շինուած երկական խորաններ, որոնցից մինի մէջ մկրտութեան աւազան կայ։ Արեւմտեան, աջկողմի, վերին խորանից մի քարէ սանդուխտ բարձրացնում է մի ուրիշ փոքրիկ խորան, պատարագամատոյց սեղանով եւ երկու կլոր պատուհանով , որոնցից մինի նայում է եկեղեցու մէջ, իսկ միւսը՝ դուրս։ Աւագ սեղանը 1 Է արշին բարձրութիւն ունի եւ գեղեցիկ կամարով ու փայտեայ խաչկալով զարդարուած է։ Սրա ներքնածածկի վրայ նկարուած է Հայր Աստուծո պատկերը՝ մի ձեռքում երկրագունդը, իսկ միւսում՝ խաչաձեւ գայիսոնը բռնած։ Սրա ներքեւ մեծ տառերով գրուած է. Արարիչ երկնի եւ երկրի եւ . . . ընկալ . . . ի հաճոյս . . .

       Պատերի վրայ կան այժմ գրեթէ բոլորովին եղծուած պատկերներ, որոնցից մինի մասին 1884 թուի մի այցելու ասում է. «Տաճարի հիւսիսային պատի վրայ ներսից, ձախակողմեան դասի հանդէպ նկարուած է դեղով մի պատկեր, որ ներկայացնում է մի մանկամարդ գեղեցկադէմ թագուհի, թագը գլխին, կարմիր շրջազգեստը իջնում է մինչեւ մուճակները. կուրծքն ըստ երեւոյթին ոսկեթել ասեղնագործածով եւ ձեռքերը ուղղած դէպի սեղանը, նրա վերեւ նոյնպէս նկարներ են, մաշուած եւ հազիւ հետքերն են երեւում. թագուհու պատկերից դէպի արեւելք գրեթէ պատի մեծ մասը ծածկուած է արձանագրութիւններով, որոնք այժմ կիսամաշ լինելով, դժուար են կարդացւում եւ որոնց մասին Ջալալեանցն ո՛չ մի յիշատակութիւն չէ անում * ։

       Իւրաքանչիւր պատում բացուած մի մի փոքրիկ պատուհանը բաւականաչափ լոյս չսփռելու պատճառով վերջերքս հարաւային պատում մի մարդաչափ պատուհան էլ են բաց արել։

       Երկու գեղեցիկ, կամարակապ դռներ բացւում են արեւմտեանը՝ մի մեծ, իսկ հիւսիսայինը՝ փոքր գաւթի մէջ։

       Արտաքուստ եկեղեցու տեսքը շատ գեղեցիկ է, ամբողջովին սրբատաշ, կտուրը եւ կաթուղիկէն լորբինով (քարէ տախտակ) ծածկուած։ Արեւելեան պատը ունի երկու կամարակապ ներսանկուածներ, մէջ տեղում մի նեղ եւ երկար պատուհանով, իսկ սրա վերեւ, մի միակտուր խորափոր քարի վրայ խնամքով դուրս փորուած Աշոտ Ողորմածի որդի՝ Սմբատի եւ Գուրգէնի մարդաչափ պատկերները (րըլիէվ)։ Սմբատ թագաւորի գլխին դրուած է սրածայր թագ, չորեքփեղկեան եզերքները պատուական ակներով զարդարուած, իսկ Գուրգէնի գլուխը պատատած է ազնիւ ապարօշ (շալ) եւ վարսակալ դրուած։ Երկուսի հանդերձն էլ լայնաձեւ, երկար վերարկու են, որ թիկունքից մինչեւ ոտներն են իջնում։

       Փառաւոր, երկար մօրուքով, միմեանց դէմ կանգնած, սրանք բռնած են իրենց ձեռքերով այս եկեղեցու կաղապարը (modele)։

       Այս արձանի տակ թէեւ կայ արձանագրութիւն, բայց եղծուած լինելով անընթեռնելի է։

       Եկեղեցու երկարութիւնն է 20 արշին, լայնութիւնը՝ նոյնքան, իսկ բարձրութիւնը՝ մօտ 66 արշին։ Այս եկեղեցու կաթուղիկէն սաստիկ երկրաշարժից քանդուել եւ նորոգուել է Մուկ իշխանաց իշխանի որդի Հոնաւորի ծախքով, 1016 թուին։ Բացի սրանից եկեղեցին վերանորոգուել է 1651 թ. Թիֆլիսեցի Խոջա Բերուդի եւ ապա 1611 թուին Մահտեսի Ազիզի օժանդակութիւնով։