Վարանդա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆՇԱՆԱՒՈՐ ԲԵՐԴԵՐԸ

ՂԶՂԱԼԱ (ԱՂՋԿԱՅ ԲԵՐԴ)

Համանուն գիւղից դէպի հիւսիսհարձրանում է մի լեռ, որի արեւելեան մասոււմ տարածւում է մի ընդարձակ դաշտավայր, հիւսիսային կողմում հազիւ մի վերստ հեռաւորութեամբ ղղւում է Քարին-կտուր սարը, արեւմտեան կողմում Մեծ Նահատակի եւ Առաջաքար, իսկ հարաւայինում Փոքր Նահատակի եւ Փլեկի սարերը, որոնք փոքր ինչ աւելի բարձր են սրանից:

Այս սարի հիւսիսային եւ արեւմտեան կողմերը ուղղահայեաց ժայռեր են, իսկ արեւելեան եւ հարաւային կողերը զառիվայրեր: Ահա այս սարի վրայ է գտնւում Ղըզղալան:

Նկատելի է, որ մի հաստ պարիսպ եւ մի խոր խրամ բոլորելիս են եղել այս սարի շուրջը: Լերան գագաթին նոյնպէս նկատւում է մի պարիսպ, հետեւապէս կարելի է ենթադրել, որ միջնաբերդ էլ է եղել: Բերդի արեւմտեան լանջին կան երեք աւազան, գտնուած Փողրանքները ցոյց են տալիս, որ ջուրը բերուած է եղել Փլեկի սարից: Միջնաբերդի մէջ նկատելի են ստորերկրեայ շինութիւններ:

Մի գիւղացի ինձ ցոյց տուեց մի բրոնզեայ թուր, որ գտել էր բրդի ստորոտում մի գերեզմանի միջից: Ցաւալի էր, որ գիւղացին թուրը ոսկեայ կարծելով`կտոր կտոր էր արել, մաս մաս ծախելու համար:

ՂԱԼԻՆ-ԽՈՒԹ

Այսպէս կոչւում է այն սարը, որ բարձրանում է Կիշու, Մշկապատի եւ Կիւնի Ճարտարի միջեւ, եւ որ ունի 3735 ոտ. բարձրութիւն: Սրա հարաւային եւ արեւմտեան կողմերն անմերձենալի քերծեր են, իսկ արեւելեան եւ հիւսիսային կողմերում տարածուած է եղել մի ամուր պարիսպ, թէեւ առանց աշտարակների, որի միայն հիմքերն են մնացել: Կան մի անի ջրաւազաններ եւ հիւսիսային պարսպի ստորոտում մի անուշահամ աղբիւր:

ԲՐԴԱՀՈՆՋԻՆ ՂԱԼԱ

Ներքին Թաղավարդի արեւելեան կողմում բոլորովին առանձնացած կանգնած է 3300 ոտնաչափ բարձրութեան մի սար, որի արեւելեան, հարաւային եւ արեւմտեան կողմերն ահագին ժայռեր են, իսկ հիւսիսային կողմը սաստիկ զառիվայր: Այս կողմում, ժայռից ժայռ ձգւում է կրկնապարիսպ, որի արտաքինն ունի եւ` աշտարակներ: Ահա' այս է Բրդահոնջին կամ Բրդաունչ ղալան, որ միայն մի դուռն ունի արեւելեան կողմից: Լերան գագաթին գտնւում է ե՛ւ մի միջնաբերդ, ուր կան բնակարանների հետքեր: Կան մի քանի այրեր եւ ջրի աւազաններ: Բերդի մէջ ոչ մի աղբիւրն չկայ, միայն արեւելեան ստորոտում բղխում է մի աղբիւր, որ հաւանականօրէն ջուր է մատակարարելիս եղել բերդին: Այժմ բերդը ամբողջովին ծածկուած է խիտ անտառի մէջ [1]:

Ե. Լ.



[1]            Իմ ճանապարհորդութեանս ժամանակ ուղեցոյց եմ ունեցել Գեր. Մակար եպ. Բարխուդարեանի «Արցախը», որ բաւական նպաստել է ինձ, մանաւանդ արձանագրութիւնները ընդօրինակելիս։