Վարանդա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԺՇԿՈՒԹԻՒՆ

Վարանդան իւր լեռնային մաքուր օդով, բարեխառն կլիմայով, բազմաթիւ յստակ աղբիւրներով եւ օդը մաքրող անտառներով բաւական առողջարար երկիր է: Սակայն ժողովուրդի տգիտութեան եւ բժշկական միջոցների բացակայութեան պատճառով` մահացութիւն հասնում է 11%:

Հիւանդութիւնների գլխաւոր հատճառն է կեղտոտութիւնը: Թէեւ այստեղի գիւղերը` գոմերը գիւղից մի փոքր ինչ հեռու, առանձին տեղ լինելու պատճառով աւելի մաքուր են, քան թէ Ախալքալաքի, Ախալցխայի եւ Աղէքսանդրապօլի գիւղերը, սակայն եւ այնպէս` շատ հեռու են մաքուր կոչուելուց: Տեղի սղութեան պատճառով տները միմեանց կից շինուած լինելով, մինի կտուրը ծառայում է միւսին որպէս  բակ եւ աղբանոց, իսկ վերջինիս ծուխը առատութեամբ լցնում է երկրորդի տունը` եթէ միայն դուռը բաց է լինում: Ղարադամների սարսափելի ծուխը, լույսի սաստիկ պակասութիւնը, խոնաւութիւնը եւ կեղտոտութիւնը քայքայում են վարանդացու երկաթի առողջութիւնը: Բարեբաղդաբար այժմ այլ եւս չեն շինում այդպիսի բնակարաններ եւ գիւղերը կամաց կամաց ունենում են երկյարկանի, պատուհաններով տներ, որ տաքանում են թիթեղէ վառարաններով:

Հիւանդութիւնների տարածուելու մի ուրիռ պատճառն էլ այն է, որ սուրբ պարտականութիւն է համարւում անշուշտ այցելել հիւանդին, այնպէս որ անհնարին է լինում նրան առանձնացնել, որի պատճառով ե՛ւ տարափոխիկ հիւանդութիւնները սաստկութեամբ տարածւում են:

Քանի որ քաղաքը զուրկ է հիւանդանոցից, ի՞նչ կարող ենք ասել գաւառի մասին: Միայն կէս տարի առաջ Աղդամում նշանակուեց մի գիւղական բժիշկ եւ բացուեց գիւղական դեղատուն ու մի ապաստարան: Սակայն այս օգնութիւնը գլխաւորապէս տարածւում է Աղդամի շրջակայ թուրք ազգաբնակութեան վրայ, իսկ Վարանդայի հայը դարձեալ մնում է առանց բժշկի եւ ստիպուած դիմում է սափրիչներին , «սնղչիներին» (хирургъ), տատմայրերին, կին «հեաքիմներին»եւ մանաւանդ սուրբ աղբիւրներին, ծառերին, քարերին եւ «գիր անող» կախարդներին:

Վարանդացու ամենագործածական դեղը «խնոթունն» է, -սրբի մօտից վերցրած հողը եւ կամ սուրբ ծառի փթած փոշին, որ ջրի մէջ խառնելով ընդունում եւ կամ քսում է ցաւած տեղը:

Հիւանդութիւնների վերաբերեալ ոչ մի հաւաստի թւեր չլինելով` կարելի է միայն ասել, որ երեխաների մէջ առաւելապէս տարածուած է ծաղիկ եւ կարմրուկ հիւանդութիւնը: Ժողովուրդը դեռ եւս լաւ չէ ըմբռնում ծաղիկ կտրելու նշանակութիւնը եւ թէեւ տարին մի քանի անգամ ծաղկահատներ շրջում են գիւղերը, սակայն եւ այնպէս` շատ երեխաներ մնում են առանց ծաղիկը կտրելու եւ զոհ են գնում ծնողների տգիտութեան, որոնք, սակայն, նրանց առողջացնելու նպատակով ամենայն երեկոյ մոմեր են վառում, կիրակի պահում (անգործ նստում), միմեանցից հեռու մնում, միս ներս չբերում եւ այլն:

Երիտասարդութիւնն էլ վարակուած է վեներական ախտերով, բացի Նոր-Շէն, Հացի եւ Կաղարծի գիւղերից, ինչպէս վկայում է գաւառական բժիշկը:

Չափահեսների եւ մանաւանդ հնձուորների մէջ տարածուած է տենդ եւ ջրգողութիւն հիւանդութիւնները:

Քաղաքում կան մի քաղաքի, մի գաւառի, մի զինուորական եւ երկու մասնաւոր բժիշկներ:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՂԵՐ

Ականջի վշվշոց.

Ձուի դեղնուցը քսում են քեչի երեսը եւ դնում ականջի վրայ:

 

Աչքացաւ.

Աղջկամօր կաթը կաթեցնում են հիւանդի աչքի մէջ եւ կարմիր ներկ քսում կոպերը: Ձուի դեղնուցը խառնելով չիբի փոշու հետ, հարում են մինչեւ սպիտակելը եւ բամբակի վրայ քսած դնում աչքին:

 

Անքնութիւն.

Խաշխաշի կեղեւը եփում են եւ ջուրը խմացնում հիւանդին:

 

Արիւնահոսութիւն քթից.

Շարմահի կոչուած սանրը քերում են եւ փոշին քիթը քաշում:

 

Այտուռոյց.

Գինձ, գիւլխատնի, էմմանի գիլ ծեծում եւ դնում են երեսին:

 

Ատամնացաւ.

Սխտոր կամ խորոված ընկոյզ են դնում ատամի վրայ: Սեւ մեխակ են դնում ատամի տակ, կամ մեխակի իւղի մէջ բամբակ թաթախելով դնում են ատամի տակ: Շիբը այրում են հին բամբակի մէջ եւ փոշիացնելով` բամբակով վերցնում եւ դնում ցաւող ատամի տակ:

 

Այրուած մարմին.

Կարագը քսում են այրուած տեղը եւ քաթան-հինգի մանրացնում վրան են դնում: Մօլաբաշի կոչուած բոյսի իւղի քսում են այրուած տեղը: Ձուի դեղնուցով խմոր են շինում, կրակի վրայ չորացնում, եւ ապա փոշիացնելով ցանում այրուած տեղի վրայ:

 

Բարակացաւ.

Մոշի արմատը քերում, ծեծում, օղի քաշում խմացնում են հիւանդին:

 

Բերանհարենք.

(Բերանի մէջ լեզուն սպիտակում է եւ ծածկւում սպիտակ բշտիկներով: )

Շիբլեղի մի փոքր կտոր ձգում են բերանի մէջ եւ պտտեցնելով լեզուի օգնութեամբ, թողնում մի քանի ժամ. այդ միջոցին բերանի թուքը չպէտք է կուլ տալ: Շիբլեղը այրում եւ մանրացնելով խառնում են սարու նաբաթիի փոշու հետ, մատով վերցնում եւ ածում լեզուի վիրաւոր մասերի վրայ: Քացախ են առնում բերանը: Տառեխ ձկան գլուխը այրում են եւ փոշին ցանում լեզուի վրայ:

 

Գլխացաւ.

Քացախ եւ մանանեխ են քսում: Մէզի մէջ ձու են եփում, դնում հիւանդի գլխին: Տզրուկներ են կպցնում ճակատից:

 

Լուծել.

Լուծելու համար վերցնում են սինամաքի (?) կոչուած տերեւը, եփ ածում եւ ջուրը խմում:

 

Խաւարսն.

Մուկը այրում, կարագով շաղախում, դնում են խաւարսնոտ մարմնի վրայ:

 

Խօլերայ.

Ճմրթում եւ կռան մեծ ջղից արիւն են տալիս:

 

Խլութիւն.

Նաւթի անօթը տաքացնում դնում են ականջին: Երբեմն էլ խոռն կոչուած բոյսն են խաշում դնում ականջին:

 

Կատաղած շան կծած.

Կարմիր լոբի եւ շան մազ են դնում խածած տեղը:

 

Կողքի ծակոց.

Աղը աղանձում կամ թեփը տաքացնում դնում են կողքին:

 

Կտրուած մաշկ.

Սարդի ոստայնը ծեծում դնում են կտրած մասի վրայ: Շորը այրում խանձիլը կապում են վրան: Օճառը եւ սեւ նաւթը եփում շորի վրայ քսելով դնում են կտրածի վրայ: Մի քանի տեղերում կտրած մորթու վրայ դնում են սեւ-եօնջայ:

 

Կապոյտ վէրք.

Չամիչ, անախաթուն, լեղակ, աղբի ճիճուն ծեծում կապում են վէրքի վրայ. յետոյ վէրքից սկսում է ժահր թափուել:

 

Հազ.

Մանիշակի թէյ են խմում: Սերկեւիլի կորիզը եփում եւ ջուրը խմում են: Սալապ կոչուած արմատը չորացնում, աղում եւ թէյի հետ խառնում, խմում են:

 

Հարբուխ.

Քթի տակ շոր են ծխում: Թթուի թան են տալիս հիւանդին:

 

Միզակապութիւն.

Թեփը խաշում դնում են փորին: Թեփի տեղ գործ են ածում եւ անլուայ բուրդ: Քարաւուզի արմատը եփում եւ ջուրը խմացնում են:

 

Մատնաշունչ.

Մատնաշունչը հասցնելու համար խաշած սոխ կամ անալի խմոր են դնում:

 

Մազոլ.

Շիբի եւ աղի խառնուրդի ջրով լուանում են: Տաւարի լեղին հինայի հետ խառնում քսում են:

 

Մոլոքոր.

Մոլոքորից ազատուելու համար մերկանում են, մի ոսկէ դրամ տրորում ջրի մէջ, եւ ածելով մարմնի վրայ, փաթաթւում կարմիր մետաքսէ սաւանի մէջ:

 

Ոսկրաբեկ.

Կոտրած մասի վրայ տախտակ են դնում կապում, մինչեւ կոտրած մասերի ձուլուիլը:

 

Ոտների քրտինք.

Աղաջրով կամ շիբաջրով լուանում են:

 

Վէրք գնդակի.

Գնդակից ստացած վէրքի վրայ դեղնահող են տալիս:

 

Տաքութիւն.

Կատուահոռի կոչուած ծառի արմատի կեղեւը մաքուր լուանում, քերում, թանձր եփում հիւանդին խմացնում են:

 

Ցաւ տուած մկանունք.

Ցաւ տուած մկանունքի վրայ դնում են ծեծած միս: Տաք ջրով միշտ լուանում են:

 

Փայծաղի մեծանալը.

Էշի կաշի են կապում: Սեւ կաչաղակը կապում են փայծաղին դրսից:

 

Փորացաւ.

Տաք աղիսի վրայ նաւթ են ածում եւ դնում փորի վրայ:

 

Փորկապութիւն.

Փորկապութեան համար խմում են նռան ջուր: Հիւն են ուտում:

 

Օձի թոյն.

Օձ պահողները կծած տեղը պինդ կապում են, թմրեցնում, յետոյ պատռում ածելիով վէրքը եւ միջին թոյնը ծծելով` բերանից թափում: Դրանից յետոյ կռօթն կոչուած բոյսը վրան են տալիս կամ մածուն քսում, ժահրը հանւում է եւ 8 օրից յետոյ հիւանդը առողջանում: Մածնաթանը ածում են կոնքի մէջ եւ կծած անդամը դնում մէջը:

Յ. Տէր Յովհաննիսեան.