Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Դ.
       1475 թուի պատերազմից յետոյ Ղրիմի խանութիւնը վասալական երկիր է դառնում Օսմանեան կայսրութեան։ Մինգլիգիրէյը, ինչպէս որ պայմանաւորուած է լինում պատերազմից առաջ, մտնում է սուլթանի գերիշխանութեան ներքոյ հետեւեալ պայմաններով՝ ախանը լիակատար իշխանութիւն ունի իւր խանութեան մէջ. նա ընտրուում է Գիրէյներից, բայց հաստատուում է սուլթանից. բ. Սուլթանը Ղրիմի ծայրագոյն թագաւորն է. նա միայն իրաւունք ունի թաթարներին պատերազմ տանելու, պատերազմ հրատարակելու եւ խաղաղութեան դաշն կապելու. գ. Սուլթանն իբրեւ խալիֆա համարուում է խնամակալ մահմեդական կրօնքի, ս. գերեզմանների եւ ուխտատեղիների, դ. Սուլթանը պահապան զօրէք է պահում Գիօզլեվում։ Սակայն այդ դեռ սկզբնական պայմաններն են լինում։ Յետագայ ժամանակներում սուլթանի իշխանութիւնը գնալով զօրանում է եւ խանը կամաց-կամաց բոլորովին ընկնում է նորա իշխանութեան ներքոյ։ Մինգլիգիրէյի Մահոմեդ որդուց յետոյ խաները սկսում են նշանակուել ուղղակի սուլթանից համարուել նոցա տեղակալները Ղրիմում նոքա մինչեւ անգամ ռոճիկ էլ են ստանում սուլթանից եւ նորա ցանկութեան համեմատ գահավիժուում ու գահ են բարձրանում։
       Կապուտան-փաշան բռնելով Կաֆան, հրամայում է քաղաքացիներին նախ, ցուցակագրել իւրեանց ստացուածքը, որովհետեւ, ինչպէս ասացինք, պայմանաւորուած էր ձեռք չ՚տալ նոցա ունեցած չունեցածին։ Բայց յետոյ տեսնելով, որ ցուցակների մէջ մտել են եւ ստրուկներ, նա հրամայում է խլել ստրուկներին նոցա ձեռքից եւ ստիպում է քաղաքացիներին նորից նոցա յետ գնել, մեծ փրկանք վճարելով։ Յետոյ օտարահպատակ վաճառականներից նա առնում է 25 հազար դուկատ տուգանք, իսկ Ջանովացիներից պահանջում եւ ստանում է մի այնպիսի գումար, որ հաւասար էր նոցա ստացուածքի արժէքի կիսին։ Վերջապէս, նա հրամայում է բոլոր Ջանովացիներին պատրաստուել դուրս գալու եւ գնալու Ստամբոլ, քաղաքի ամենաընտիր եւ ականաւոր երիտասարդներին ենիչար է ընտրում- առնում, սպանել է տալիս 300 քաղաքացի ամենահարուստներից է 162 վալահացի վաճառական, առաջիններին՝ որովհետեւ կամենում էր տիրանալ նոցա հարստութեան, երկրորդներին՝ իբրեւ վրէժխնդրութիւն, որովհետեւ Մոլդաւացւոց Պալադինը նախընթաց տարին սպանել էր տուել թուրք գերիներին։
       Բայց ամենամեծ հարուածը նա տալիս է հայերին։ Նա չշատանալով նորանով, որ կողոպտում է քաղաքի հարուստ հայերին, որ շատերին սպանել է տալիս եւ ընտիր երիտասարդներին ենիչեր է առնում, սպանում է եւ բոլոր հայ գլխաւորներին իշխաններին, ազնուականներին եւ ընդհանուր կոտորածի է ենթարկում բոլոր հայերին Սուրխաթում, Ղարապազարում եւ միւս հայաբնակ տեղերում։ Յայսմաւուրքի Յիշատակարանը շատ հեաքրքիր մանրամասնութիւններ է պատմում հայոց գլխաւորներին սպանելու մասին։ Փաշան, ասում է նա, քաղաքն առնելուց յետոյ, երեսանց սէր է կապում հայոց առաջաւորների հետ, յաճախակի նոցա իւր մոտ խնջոյքի հրաւիրելով եւ խօսակցելով նոցա հետ։ Նա այդպէս է վարուում, որովհետեւ միտքը դրած է լինում նոցա մահմեդական կրօնքին դարձնելու։ Սակայն նա կամաց կամաց համոզուում է, որ այդ անհնարին է, որովհետեւնոքա նորա բոլոր յորդորանքին պատասխանում են, թէ ինքեանք պատրաստ են ամեն զոհողութեան, մինչեւ անգամ զոհելու իւրեանց կեանքը. բայց հաւատափոխ եւ հաւատավաճառ լինելու չեն յօժաիլ։ Այն ժամանակ փաշան մտածում է վրէժխնդիր լինել նոցանից։ Նա մի օր համզում է հայրեին առանց զէնքի իւր մոտ խնջոյքի գալու, եւ երբ որ, խնջոյքը վերջանալուց յետոյ, նոքա դուրս են գալիս ապարանքից, որ գտնուում է «իսկիլէ ղափուսիի. մոտ «ի վերայ չորրորդ դստիկոնի պալատին», եւ սկսկում են վայր իջնել բարձր սանդուղքից, նա հրամայում է դահիճներին մէկ մէկ սպանել նոցա եւ ձգել ծովը։ Այլ այնուհետեւ պակասում է հայ բնակութիւնը Կաֆայում եւ ընդհանրապէս բոլոր Ղրիմում, որովհետեւ սպանուողը սպանուում է, գերուողը գերուում է, մնացեալ մասն էլ ահաբեկուած դուրս է գալիս թերակղզուց եւ ցրուում զանազան տեղեր՝ Լեհաստան, Մոլդաւիա, Վալահիա եւ ուրիշ տեղեր։ Ճիշդ է, հայերի Ղրիմում մնացած մասը յետագայ ժամանակներում նորից աճում է, որովհետեւ ՌԾԱ, թուին Հայաստանից նոր գաղթականութիւն է գալիս Ղրիմ, բայց նոքա այլեւս ոչ իւրեանց թուով, եւ ոչ իւրեանց մտաւոր եւ բարոյական զարգացմամբ, ոչ էլ իւրեանց նիւթական բարօրութեամբ չեն կարողանում հասենլ առաջուայ գրութեան։ Այդ նոր գաղթականութիւնը, որի թիւը եւ գաղթականութեան հանգամանքները մեզ լաւ յայտնի չեն, որովհետեւ Յիշատակարանը այդ մասին միայն հարեւանցի է յիշում, եղել է Շահ-Աբբասի արշաւանքների ժամանակները։ Յայտնի է, որ Շահ- Աբբասի եւ Օսմանցւոց պատերազմների ժամանակ Հայաստանի զանազան մասերը, յաճախակի անտէր մնալով ենթարկուեցան բազմատեսակ աւազակային խմբերի արշաւանքների, աւազակների, որոնք մեր պատմութեան մէջ յայտնի են «Ջալալիք ընդհանուր անունով. Դոքա գալիս էին, ինչպէս յայտնի է, արեւմուտքից - Կիլիկիոյ եւ Փոքր-Ասիոյ զանազան նահանգներից եւ բաղկացած էին Օսմանցւոց դէմ ապստամբած կուսակալներից եւ Շահ-Աբբասի դէմ պատերազմող Սինան-փաշայի զօրքի մնացորդից։ Նամանաւանդ նշանաւոր էին երկու խումբ՝ Քանաքիրլի-Մահմեդի եւ Թոփալ-Օսմանի, որոնք պատահելով միմիեանց Այրարատի Կոտայից գաւառում, պատերազմում են միմիեանց դէմ։ Թօփալ- Օսմանն այդ ճակատամարտում յաղթող հանդիսանալով, տիրապետում է Այրարատին, հալածում է Ահմադին եւ ինքն իր բնակութիւնը հաստատելով Արագածոտն գաւառի Կարբի աւանում, այդտեղից ուղարկում է դեպի Հայաստանի զանազան կողմերն իւր հրոսակները։ Ահա հէնց այդ ժամանակներն աւերուում ու քանդուում է, ՚ի միջի այլոց, եւ Սիւնեաց նահանգի Ծղուկք գաւառը - Որոտն եւ Վաղանդ նշանաւոր աւանները, որոնց բնակիչների մի մասն իւր գլուխը գերուելուց, կողոպտուելուց եւ կոտորուելուց ազատելու համար, թողնում, փախչում է հեռաւոր տեղեր եւ գալիս է Ղրիմ։
       Դոցա հետ գալիս է Ղրիմ եւ Աբրահամ Պահլաւունի իշխանը, որի նախնին Պետրոս իշխանը վերոյիշեալ Մաղաքիա աւագ երէցի հետ, պարսպաշինութիւնից յետոյ, վերադարձել էր Ղրիմից իւր հայրենիքը եւ բնակութիւն հաստատել Նախիջեւանում։ Յայսմաւուրքի Յիշատակարանը պատմում է, թէ Որոտնի ընդհանուր աւերմունքի ժամանակ, երբ շատերը գերի էին վարուում, գերուում է եւ այդ Աբրահամը իւր քեռորդի Պետրոս Բագրատունու հետ։ Բայց դոքա ճանապարհին յաջողում են սպանել իւրեանց գերավար չորս պահապաններին եւ փախչում գալիս են Քէֆէ, որտեղ ազնիւ Մուշալենց Մարգարը ՚ի պատիւ դոցա տոհմին շատ սիրով ընդունում է նոցա ու տալիս է բնակութիւն ու մեծամեծ ստացուածքը, Պետրոս Բագրատունին 1618 թուին վախճանում է, իսկ Աբրահամ Պահլաւունին ամուսնանում է Մուղալենց Գէորգ իշխանի Թագուհի դստեր հետ եւ ունենում է այդ ամուսնութիւնից մի արու զաւակ Տրդատ անունով եւ մի աղջիկ Աննա անունով։ Ահա այդ բարեյիշատակ Տրդատն ու Աննան են լինում, որ շինում են Քէֆէի Ս. Նիկողայոս եկեղեցին բարձր լերան վերայ ՚ի յիշատակ 1475 թուի հայ նահատակների եւ իւրեանց ծնողաց եւ իւրեանց անունները գրել են տալիս եկեղեցու արտաքին դրան վերայ. դոքա են լինում, որ գրել են տալիս Յայսմաւուրքում վերոյիշեալ նշանաւոր Յիշատակարանը եւ դորա վերջում դնել տալիս իւրեանց ազգաբանութեան ծառը. դոքա են լինում, վերջապէս, որ կարգադրում են, որ իւրեանց յետնորդներն ամեն տարի տօն կատարեն Ս. Նիկողայոս եկեղեցում ՚ի յիշատակ նահատակների եւ յիշեն իւրեանց ծնողաց՝ մորը Թագուհի դշխոյն, հօրը-Աբրահամին, ազգականներին՝ Պետրոս Բագրատունուն , աւագ պարոն Դարիջանենց Մուրատին, Մուղալենց Մարգարին, Ակոբին, Աղամալենց Թաթէին, եւ հետզհետէ աճեցնեն ազգահամարութեան ծառի վերայ իւրեանց արական ճիւղերը։
       1475 թուից մինչեւ 1778 թուականը, երբ լինում է գաղթականութիւնը դէպի Ռուսաստան, Ղրիմում մնացած հայերը միւս քրիստոնեայ ազգաբնակութեան՝ բազմաթիւ Յոյների եւ սակաւաթիւ Վրացիների եւ Վալահացիների հետ, գերուած էին եւ կոչուում էին «եսիրներ», հպատակում են Ղրիմի խանութեան, որ իւր տէրութեան կազմակերպութեամբ եւ կառավարութեան եղանակով մի ազնուապետական միապետութիւն էր։ Խանութեան գլուխը կանգնած էր խանը, որ կառավարում էր երկիրն ազնուական դասակարգի մասնակցութեամբ, որ եւ սահմանափակում էր խանի միապետական իշխանութիւնը։ Այդ ազնուականներն առաջ էին եկել Ղրիմի թերակղզին առաջին անգամ նուաճողներից եւ գլխաւորապէս «Դորդ-օջաղից», եւ կոչուում էին բէյեր։
       ԺԷ. դարում իւրեանց նշանակութեամբ հռչակուում են նամանաւանդ բէյական հինգ տոհմ՝ Շերինեան, Բարինեան, Սեղջեվուդեան, Մանսուրեան եւ Արգինեան, որոնք հետզհետէ մեծամեծ կալուածների տէր են դառնում եւ խանութեան համարեա՛ թէ բոլոր կառավարութիւնն իւրեանց են սեպհականացնում։ Բէյերի կալուածները կոչուում էին «բէյլկներ» եւ գլխովին ենթարկուած էին բէյերի իշխանութեան։ Բէյերն էին իւրեանց բէյլիկում ապրող ժողովրդի անձնիշխան տէրն ու պարոնը, նոքա հարկ էին ժողովում նոցանից, դատում էին նոցա եւ մինչեւ անգամ մահուան պատիժ էին տալիս, թէեւ խանութեան մէջ կար եւ տէրութենական ընդհանուր դատաւոր, որ կոչուում էր «կադի-ասկեր» ։ Խաները չէին խառնուում բէյերի գործերին. նոքա մինչեւ անգամ գլխահարկ եւս չէին առնում բէյլիկներում ապրող ժողովրդից։ Խանութեան մէջ ոչ մի գործ չէր կարող կատարուել առանց բէյերի խորհրդին։ Խանը պէտք է խորհուրդ կազմէր եւ ստանար բէյերի համաձայնութիւնը պատերազմ հրատարակելու կամ խաղաղութեան դաշը կապելու համար մի խօսքով ինքը խանն էլ մի մեծ բէյ էր, ունէր իւր առանձին բէյլիկը եւ զանազանուում էր միւս բէյերից միայն նորանով, որ աւելի մեծ բէյլիկ ունէր եւ պատերազմի ժամանակ ընդհանուր զօրավար լինելու եւ բէյերից մի սայլ պաքսիմատ, հազարական պիաստր եւ մի գունդ զօրք իւր բէյի առաջնորդութեամբ պահանջելու իրաւունք ունէր։
       Բէյերի կրտսեր սերունդը կոչուում էր «էմիր-զադէ» եւ կազմում էր ազնուական դասակարգի երկրորդ ճիւղը կամ ստորին ազնուականութիւնը, որի անդամները յետագայ ժամանակներում սկսում են կոչուել «մրզաներ», որ ոչ այլ ինչ է, եթէ ոչ աղճատուած «էմիր զադէ» կոչումը։ Բացի տոհմական մրզաներից կային այլ եւս բազմաթիւ ուրիշ մրզաներ, որոնք իւրեանց տիտղոսն իւրեանց կալուածների հետ միասին ստացել էին խանից, նորան մի որ եւ է ծառայութիւն մատուցած լինելու համար դեռ այն ժամանակները, երբ խանութեան մէջ ազատ հողեր, ջրհորներ, աուլներ շատ կային։
       Խանից յետոյ երկրորդ տեղը տէրութեան մէջ իւր նշանակութեամբ բռնում էր «կալգա-գիրէյը», որ տէրութեան ընդհանուր զօրավարը, խանի տեղակալը եւ ընդհանրական բարձրագոյն դատաւորն էր, եւ խանի մահից յետոյ մինչեւ նոր խանի ընտրուելը կառավարում էր տէրութիւնը։ Երրորդ անձը տէրութեան մէջ համարուում էր «նուրրեդինը», որ բռնում էր կալգա-գիրէյի տեղը նորա մահից յետոյ, եւ, վերջապէս, չորրորդն «օր-բէյն» էր, Պերեկոպի նահանգապետը կամ կառավարիչը։
       Բէյերը, մրզաները իւրեանց բէյլիկներից ստանում էին երեք տեսակ հարկ՝ «Ուշուր», - տասանորդ բոլոր պտուղներից, «Զիքեաթ» - հինգ տոկոս թռչուններից ու անասուններից եւ «Պետրի» - մի տեսակ հոգեւոր հարկ։ Բացի սորանից, հարկ էին առնում եւ օտարադաւանները պատկանած վարելահողերից, այգիներից եւ պարտեզներից։ Խանն էլ ուրիշ բէյերի պէս հարկ էր ժողովում իւր բէյլիկից, բայց ոչ անձամբ, այլ «աշնաների» - կապալառուների - ձեռքով։ Խանին տուած «Ուշուրը» տասանորդ չէր, 1/2 մասը։ Հայերն էլ միւս քրիստոնեաների հետ միասին ապրում էին խանի, բէյերի եւ մրզաների կալուածներում եւ ենթարկուած էին այն հարկապահանջութեան, որին ենթարկուած էին եւ միւս քրիստոնաները եւ թաթար ժողովրդի հասարակ դասակարգը։ Ղրիմի խանութեան մէջ, եթէ չ՚հաշուենք վերոյիշեալ փոքրաթիւ եսիրներին, ստրկութիւն չ՚կար ընդհանուր մտքով, բայց որովհետեւ ժողովուրդն ապրում էր բէյլիկներում եւ ամեն բանում ենթարկուած էր խանի, բէյերի եւ մրզաների կամայականութեան, կարելի է ասել, որ նոցա դրութիւնը, եթէ ոչ ստրկութեան, գոնէ, խիստ ծառայութեան հաշուի էր հայերը շարունակում էին պարապել իւրեանց նախկին զբաղմունքներով՝ երկրագործութեամբ, պարտիզպանութեամբ, այգեգործութեամբ, արհեստներով եւ առեւտրով, բայց արդէն չէին կարողանում առաջուայ բարօրութիւնը ձեռք բերել, որովհետեւ ոչ մի արտօնութիւն չունէին, մեծամեծ հարկեր էին վճարում եւ, որ գլխաւորն է, ենթարկուած էին մեծ կամայականութեան։ Սորա վերայ պէտք է աւելացնել եւ այն, որ հայերն օտարադաւան էին, որ եւ առիթ էր տալիս իշխող մահմեդականներին խստիւ վերաբերուելու, խէթիւ նայեու նոցա վերայ եւ ընկած տեղը կրօնական հալածանք յարուցանելու նոցա դէմ, մի խոսքով այստեղ եւս կրկնում է այն, որ եղել է եւ այժմ էլ լինում է բոլոր մահմէդական տէրութիւններում, որոնց սահմաններում քրիստոնեաներ են բնակւում։ Սակայն Ղրիմում այս կողմնակի նեղութիւնները տեղի են ուենում տիրապէս առաջին ժամանակները։ Յետագայում թաթարները բոլորովին ընտելանում են քրիստոնեաներին, ձեռք են վեր առնում կրօնական հալածանքներից ու նեղութիւն տալուց եւ սկսկում են մինչեւ անգամ նոցա պաշտպանել եւ կրօնական արտօնութիւններ տալ։ Եւ խանը, բէյերը եւ մրզաներն այսպէվ էին վարուում, որովհետեւ տեսնում էին, որ իւրեանց բէյլիկներում միակ աշխատաւոր ժողովուրդը քրիստոնեաներն են, որոնք իւրեանց պարտէզներից, այգիներից եւ վարելահողերից հատուցած մեծաքանակ տուրքով լցնում էին թէ խանի գանձարանը եւ թէ իւրեանց ձեռքի աշխատանքով մշակում ու հարստացնում էին երկիրը։ Քրիստոնեաներն էլ իւրեանց հերթով կամաց կամաց ընտելանում են թաթարներին, ծանօթանում են նոցա տէրութեան եւ կենցաղավարութեան, կարգ ու կանոնին եւ վերջ ՛ի վերջոյ, մշակում են մի տեսակ modus vivendi որ բաւականութիւն է տալիս թէ իւրեանց եւ թէ տէրերին։ Այդ modus vivendi-ն, այդ իւրեանց գրութիւնից ու վիճակից բաւական լինելը, ինչպէս երեւում է հանգամանքներից լինում է ոչ թէ առ հարկի, ոչ թէ որովհետեւ ուրիշ ճար չկար, այլ բոլորովին բնական կերպով, այնպէս որ երբ 1778 թուին Ռուսները բռնում են Ղրիմը եւ առիթ է ներկայանում գաղթելու Ռուսաստան եւ բարւոքելու իւրեանց դրութիւնը նոքա դժուարանում են չեն ուզում թողնել իւրեանց համար արդէն երկրորդ հայրենիք դարձած երկիրը։ Ռուսաստան գաղթած հայերն իւրեանց գաղթելուց առաջ ապրում են եղել Ղրիմի հետեւեալ տեղերում Քէֆէ, Բախշեսարայ, Կարասուբազար, Գեօզլիւ, Ակմեզիդ, Էսկի- Կրիմ քաղաքներում եւ Թօփլու, Սալա, Սուլթան, Սալա, Օրթալան, Կամշլըկ, Չուրուկսու , Բուրունչուկ Օթար եւ Թոպչակ գիւղերում։