Նոր-Նախիջեւանը եւ Նոր-Նախիջեւանցիք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ս. ԿԱՐԱՊԵՏ.
       Ս. Կարապետը կոչուում է «Հանգստարանի եկեղեցի», որովհետեւ շինուած է քաղաքի հիւսիսային կողմը շինութիւններից դուրս գտնուած «Ս. Լուսաւորչի հանգստարանում»։ Նախիջեւանի բոլոր եկեղեցիներն էլ ունին իւրեանց առանձին հանգստարաններն անմիջապէս իւրեանց բակերում, միայն Ս. Լուսաւորիչն է, որ իւր բակում հանգստարան չունին, եւ Ս. Թորոսն ու Համբարձումն, որոնք, բացի իւրեանց բակերում ունեցած հանգստարաններից, ունին եւ մի առանձին հանգստարան դարձեալ քաղաքի հիւսիսային կողմում, շինութիւններից դուրս։ Ս. Լուսաւորչի հանգստարանն այժմ համարուում է քաղաքի ընդհանուր հանգստարան, որովհետեւ եկեղեցիների բակերում գտնուած հին գերեզմանոցներում արդէն արգելուած է մեռեալ թաղելու, իսկ Ս. Համբարձման եւ Ս. Թորոսի գերեզմանոցներում, նորա իւր մէջ եկեղեցի չունենալու եւ անբարեկարգ վիճակի մէջ գտնուելու պատճառով թաղուում են միայն այդ եկեղեցիների չքաւոր ծխականները։
       Ս. Կարապետի փոքրիկ գողտրիկ շինութիւնը, միակն է քաղաքի բոլոր եկեղեցիների մէջ, որ կառուցուած է հայկական ոճով, ինչպէս որ միակն է իւր շինութեան հայկական ոճով գիւղերի բոլոր եկեղեցիների մէջ Թոփտիի Ս. Փրկիչը։
       Դա հիմնարկուած է 1865 թուին եւ օծուած է 1881 թուի Յունիսի 11-ին հանգուցեալ տիկին Ակիւլինէ Պօղոսեան Ալաճալեանի ծախքով, Սազոնով ճարտարապետի քաշած յատակագծով եւ հանգուցեալ տիկնոջ ազգական Յովհաննէս Խաթրանեանի անմիջական հսկողութեամբ։ Այդ մասին եկեղեցու բեմի ճակատին դրած մարմարիոնեայ տախտակի վերայ մենք կարդում ենք. «Եկեղեցիս սրբոյն Յովհաննու-Մկրտչի հիմնեալ ՚ի 1875 եւ օծեալ ՚ի 11 Յունիսի 1881 ամի Աղքատանոցաւ եւ Հոգետամբ հանդերձ կառուցաւ կտակաւանդութեամբ եւ ծախուք Ազնուհի Ակիւլինեայ Պօղոսեան Ալաճալեանց ՚ի հանգստարանիս Հայոց Նոր-Նախիջեւանայ»։
       Ս. Կարապետն աղիւսակերտ է, դրսից անծեփ, իսկ ներսից ծեփած ու սպիտակացրած պատերով, նա ունի երեք դուռն՝ հարաւային, հիւսիսային եւ արեւմտեան եւ մոզայիկ յատակ։ Դորա միջի սարքն ու կարգը միւս եկեղեցիների նման է, ունի դարձեալ մի սեղան մեծ եւ փոքր վարագոյրներով, երկու կողմը մի մի խորան եւ վերնատուն։ Այս եկեղեցին զանազանուում է քաղաքի միւս եկեղեցիներից իւր հայկական եկեղեցիներին յատուկ պարզութեամբ։ Սա չունի ոչ ոսկեզօծ եւ ոչ արծաթապատ պատկերներ, սորա խաչկալը եւ խորանների դռները կերտուած են մաքուր ընկուզենուց եւ ունին նուրբ եւ ճաշակով ձեւացրած քանդակներ, իսկ պատկերները պարզ իւղաներկ նկարներ են, որոնք ուղղակի քաշուած են պատերի վերայ։
       Եկեղեցու հիմնադիր տիկնոջ մարմինն ամփոփուած է եկեղեցու հարաւ-արեւելեան անկիւնում դրսից։ Հանգուցեալի վերայ կանգնեցրած եւ մարմարիոնեայ մեծագին շքեղ շիրիմ հայկական վեղարաձեւ կաթուղիկէի ձեւով եւ հայկական զարդերով, նկարներով ու քանդակներով։ Շիրիմի մի երեսի վերայ ոսկէտառերով փորագրուած է «Աստ հանգչի մարմին ազնիւ տիկնոջ Ակիւլինեայ Պօղոսեան Ալաճալեան որ ՛ի տոհմէ Խաթրանեան վնխճանելոյ 3 սեպ 1871 ամի ՛ի հասակի 62ամաց, իսկ միւս երեսի վերայ-«Շինուածքս եկեղեցւոյս Ս. Յովհաննու Կարապետի հոգտեան եւ աղքատանոցի նորին կանգնեցաւ ըստ կըտակի հանգուցելոյ տիկնոջն Ակիւլեայ Ալաճալեան աշխատութեամբ եղբօրորդւոյ նորա Յովհաննու Խաթրանեան 1845-81»։
       * , որոնց վերայ գրուած են եւ վայելուչ շիրիմներ։ Արժանի է ուշադրութեան նամանաւանդ Աջեմեանի շիրիմը, որ իսկապէս շիրիմ էլ չէ, այլմի շատ շքեղ կոթողաձեւ մահարձան, որի պատուանդանը յղկած ու ապակու պէս փայլեցրած որձաքար է, միջին մասը մեծագին սեւ մարմարիոն , վերին մասը սպիտակ մաքուր մարմարիոն, հանգուցեալի նրբաքանդակ պատկերով։ Սեւ մարմարիոնի մէջ հագցրած է մի սպիտակ մարմարիոնեայ տախտակ, որի վերայ ոսկէ տառերով փորագրուած է. «Բարեգործ Նիկողայոս Աճեմեան 1818 Ապրիլի 17 1888 Յուլիսի 10.
       Հանգստարանի արեւելեան կողմը կառուցուած են եկեղեցու արձանագրութեան եւ հանգուցեալ Ակիւլինէի տապանագրի մէջ յիշուած Աղքատանոցի եւ Հոգետան փոքրիկ շինութիւններ եւ քաղաքիս «Հայոց եկեղեցական Հոգաբարձութեան» Անկելանոցի ընդարձակ եւ փառաւոր շինութիւնը, որի մէջ խնամուում են վաթսունի չափ աղքատներ, անանկներ եւ անկեալներ.
       Խ. Կարապետը նորաշէն լինելու պատճառով չունի ոչ ձեռագիր եւ ոչ հին եկեղեցական սպասներ, նա ունի միայն մի սրբութիւն Ս. Կարապետի մասունքը, որ ընծայել է նորան Ս. Լուսաւորիչ եկեղեցին։ Դա պահուում է մի երեսը ապակի քաշած արծաթեայ տուփի մէջ, որի շրջանակի վերայ գրուած է. «Յիշատակ է սբ. խաչ պարսամին ծնողացն հոգուն ՛ի դուռն. մասն Ս. Կարապետին ե. թվն ռճխբ. »։