Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ժ. ՎԱՆԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳ

 

Վանական դասակարգը իւր հոգեւոր նշանակութեամբ բռնում է բարձր տեղ եկեղեցու մէջ եւ իւր բացարձակապէս Աստուծոյ նուիրուելովը կազմում է նրա յենարանը, բացի այդ, մասնակցելով եկեղեցու կեանքի մէջ՝ նրա բոլոր վարչական եւ ուսուցանողական գործողութիւններին, ընդհանրապէս համարւում է նուիրապետութեան մի մաս:

 

Վանական կեանքը սկսուել է շատ վաղ եւ զարգացել է աստիճանաբար. Պօղոս առաքեալը այդպիսի խստակեաց կեանքի առաջի օրինակն է Կորն. Թ 4-27): Բ առ. 51, 53 կանոնները գ., 82) մատնացոյց են անում այն կեանքը, որը վայել է աշխարհից հեռացած հոգեւորականին, այն է` չափաւորութիւն կերակրի մէջ եւ ժուժկալութիւն ամուսնութեան մէջ: Մարդիկ եւ կանայք նուիրում էին իրանց խիստ կեանքի, կուսութեան, բարի գործերով պարապելուն, աղօթքի եւ պասերի: Դրանք առանձին դասակարգ չէին կազմում, ապրում էին իրանց տներում, ժողովրդի մէջ եւ վարում էին իրանց սովորական գործերը:

 

Կիպրիանոսը վկայում է, որ աշխարհից քաշուած կոյսերը շարունակում էին ապրել իրանց ծնողների տանը: Որոգինէսը պատկանում էր այդպիսի խստակեացներին եւ միեւնոյն ժամանակ ապրում էր ժողովրդի մէջ: Աղեքսանդրիայի դպրոցում ուսուցչութիւն էր անում եւ ամենաեռանդոտ դաստիարակն էր եւ քարոզիչը (Եւս., Զ 3): Աթանասը պատմում է, որ շատ եպիսկոպոսներ իրանց նուիրելով խստակրօնութեան, նոյն ժամանակ եւ կառավարում էին իրանց եկեղեցիները: Այդպիսի անձինք կոչւում էին ասկետներ, խստակրօններ: Երբ հալածանքները մեծ ծաւալ ստացան, պետութիւնը սկսեց իւր ոյժերը գործ դնել` չարչարանքի եւ տանջանքի մատնելով քրիստոնեաներին, մանաւանդ Գ դարում, այդպիսի մարդիկ, աւելի անվրդով եւ ապահով կեանք վարելու համար հեռանում էին գաղտնի վայրեր, որտեղ հալածողները չէին կարող մուտք գործել, այն է` անտառներ, լեռներ, մաղարաներ, քարայրներ, որտեղ երկար մնալը մեծ մասամբ կախուած էր հալածանքների տեւողութիւնից, այնտեղ առանձնանալով` իրանց մխիթարութիւնը գտնում էին աղօթքի եւ ինքնազսպութեան մէջ, շատերը սովորում էին ցմահ մնալ այրերում: Ահա այսպէս է սկսւում վանական կեանքի հիմնաւորութիւնը (Прав. собесед. 1858 г. ): Վանականութիւնը սկսուեց եւ զարկ ստացաւ Եգիպտոսում, առաջինները եղան Պօղոս եւ  Անտօն: Առաջին ճգնաւորն եղել է Պօղոս, որ անցրել է իւր կեանքը 23 տարեկանից սկսած մինչեւ 120 տարեկան հասակը ճգնութեան մէջ. նրա կեանքից հեռացած տարին, 251 թուին ծնուեց միւս յայտնի ճգնաւոր Անտոնը, որը վաճառեց բոլոր ունեցածը, նուիրեց աղքատներին եւ գնաց ճգնութեան. նա Թեբէի շրջակայքի Կօմ գիւղիցն էր: Նա աշխատում էր եւ աշխատանքի մեծ մասը տալիս էր ուրիշներին, ամենահարկաւորը պահում էր իրան ուտելու համար: Նա այցելում էր յայտնի բոլոր ճգնաւորներին, ծանօթանում էր բոլորի նիստ ու կացի հետ եւ իւր համար կարգեր սահմանում: Տասը տարի դագաղում մնաց` աւելի ջերմեռանդութիւն ցոյց տալու նպատակով, տասը տարուց յետոյ վեր կացաւ եւ սկսեց խիստ ճգնութիւն. նա ցանում էր ցորեն, բանջարեղէն, եկողներին-հիւրերին կերակրում: Նրա հռչակը շատ բարձրացաւ, մեծ համարում ստացաւ այնպէս, որ արիոսական կռուի ժամանակ ինքը եւ իւր ճգնաւորները մեծ պաշտպանութիւն ցոյց տուին ուղղափառութեան. նա մեռաւ 105 տարեկան հասակում: Եղբայրանոցների հիմնադիրն էր Պաքմոսը Թեբէից, ծնուած 292 թուին. նա հիմնեց Նեղոսի կղզիների վրայ փոքրիկ ընկերութիւն. փոքր ժամանակից յետոյ եղբայրութիւնը այնքան շատացաւ, որ ստիպուած եղան 8 առանձին կացարաններ-վանքեր շինել, 3000 բնակիչներով. իսկ յաջորդ դարու սկզբին արդէն վանականների թիւը հասնում էր 50000-ի: Վանականները երեք-երեք ապրում էին խուցերում, նրանք անպայման հնազանդում էին խուցերում աբբային (հայր-ասորական): Նրա ձեռքի տակ ամէն մի վանք ունէր առանձին վանահայր. բոլոր վանականները տարին երկու անգամ ժողովւում էին զատկին եւ օգոստոսին գլխաւոր վանքը: Բոլորը բաժանւում էին 24 դասի, ամենահասարակները համարւում էին Ա դաս, մնացածները, ըստ գիտութեան եւ վարքի, կազմում էին յաջորդ դասակարգերը: Նրանք ապրում էին հանրական կեանքով, ամէն բան հասարակաց էր, արգելուած էր ասել` իմը, քոնը, ամէն ինչ պատկանում էր հասարակութեան. նրանք պարապում էին երկրագործութեամբ եւ արհեստով, կողով եւ պարան հիւսելով եւ այլ զբաղմունքներով. եղած ձեռագործները վաճառում էին  եւ  բարեգործական նպատակների գործ դնում. նրանք օրը երկու անգամ աղօթում էին, չորրորդ եւ վեցերորդ օրերը շաբաթուայ պաս էին պահում եւ շաբաթ ու կիրակի հաղորդւում. հացը ուտում էին միասին սաղմոսերգութեամբ, լուռ եւ երեսները քողով ծածկած, որ չտեսնեն միմեանց ուտելը  պիտի  համապատասխանէր աշխատանքին, այսինքն  քիչ աշխատողը քիչ պիտի ուտէր. հիւանդներին խնամում էին շատ կարեկցութեամբ. նրանք հագնում էին, Եղիա մարգարէի նման, այծի մորթուց զգեստներ. երբէք չէին հանւում, միայն հաղորդուելուց գօտիկը արձակում էին: Քնում էին շորերով եւ այնպիսի ձեւով շինուած անկողիններում, որ կանգնած դրութեամբ էր պահում նրանց: Պաքմոսի քոյրը մի անգամ եկաւ տեսութեան, նա դռնապանի միջոցով ասաց, որ կխօսի նրա հետ այն ժամանակ, երբ քոյրը կանանց համար վանք կշինի: Վանականները կանանց համար վանք շինեցին, եւ Պաքմոսի քոյրը բացաւ այդ վանքը կոյսերի եւ այրիների համար, որոնք կոչւում էին Նօննա, դրանց կանոնադրութիւնը կազմեց եղբայրը: Պաքմոսը մեռաւ 348 թուին: Պաքմոսի օրինակին հետեւեցին շատերը, մասնաւորապէս Մակար եւ  Ամմոն ճգնաւորները. Դ դարու վերջին դրանց թիւը հասաւ 5000 հոգու: Անտօնի աշակերտ Իլարիոնը Պաղեստինում հիմնեց վանականութիւնը. Սեբաստիայի եպիսկոպոս Եւստափիոսը հիմք դրաւ Հայաստանում, Պոնտոսում, իսկ Աթանասը` Հռոմում, ուր փախել էր իւր թշնամիներից ազատուելու համար: Դրանք միանման չէին ապրում, մի մասն իբրեւ միայնակեացներ ապրում էին մաղարաներում, այրերում, քերծերում, ջոկ-ջոկ, կամ խուցերում. իսկ մնացածները խմբերով ապրում էին շէնքերում, որ կոչւում էին վանքեր: Իւրաքանչիւր մենաստան իւր կանոնադրութիւնը ունէր, բայց նրանք ընդունում էին միակերպ վանական պարտաւորեցուցիչ օրէնքը, այն է՝ կուսութիւն, անշահասիրութիւն եւ հնազանդութիւն: Առաջի պայմանը դրուած էր նրա համար, որպէս զի վանականը ժուժկալութեամբ եւ կրքերը սանձահարելով` ներքին կատարելագործութեան կարողանայ հասնել. երկրորդը՝ հրաժարեցնելով բոլոր շոյող եւ շռայլութեան տանող աղբիւրներից, սովորեցնում էր քիչով բաւականանալու սկզբունքը, որպէս զի մարմինը կարողանայ կրթել աւելի բարձր ձգտումների հասնելու համար. երրորդը՝ իբրեւ եղբայրական սիրով կապուած մարդ, պիտի ոչ մի առիթ չտար վէճերի, անհնազանդութեան եւ այլն. դրանց մէջ մեծը, փորձուածը նշանակւում էր կառավարիչ եւ ղեկավար, որ կոչւում էր հայր, կամ վանահայր, կամ վարդապետ: Վանահայրն էր միակ հսկողը եւ պատասխանատուն վանքի համար, նրանք խստութեամբ պահանջում էին բոլորից հլու հնազանդութեամբ կատարել բոլոր կանոնները, վանական եղողը պիտի 3 տարուայ փորձութեան ենթարկուէր, տանէր մեծերի վիրաւորանքը, արհամարհանքը, կոպիտ վարմունքը եւ կրէր պատիժները, դրանց հաւատքը փորձւում էր դժուար եւ խիստ պարապմունքների ենթարկմամբ: Օրինակի համար` մէկին իբրեւ փորձութիւն հրամայուած էր 3 տարի շարունակ 3 վերստ հեռաւորութիւնից շարունակ ջուր կրել չոր մի ինչ-որ փայտ ջրելու համար: Մեծ  խստակեցութիւն  էին  ցոյց  տալիս  եւ ճգնաւորները, ամբողջ տարիներով սիւնի գլխին աղօթք էին անում Աստծուն եւ ծնրադրութեամբ օրերն անցկացնում. օրինակ` Սիմէօն Սիւնակեացը 37 տարու չափ կացաւ սիւների գլխին, միանգամից անընդհատ շարունակաբար 1244 ծունր էր կրկնում. ապրեց մօտ 70 տարի (Թօբերթսոն, Ընդհ. եկեղ. պատմ., 312-314):

 

Արեւելքում, Փոքր Հայքում, Պոնտոսում եւ Կապադովկիայում վանականութեան մեծ զարկ տուաւ Բարսեղ Մեծը, Հայաստանում` Գրիգոր Լուսաւորիչ եւ ապա` Մեծն Ներսէս, անթիւ անհամար վանականները մեծ մասամբ պարապում էին արհեստներով, գործելով, հիւսելով, հողաթափներ պատրաստելով: Ե դարու սկզբից սկսւում է վանականութիւնը տարածուել Արեւմուտքում, գլխաւոր հիմնադիրն էր Բենեդիկտ` 480 թուականներին, թէեւ Աթանասը վաղուց թողել էր Հռոմում իւր հետեւորդները, բայց կազմակերպուած ոյժ չէին ներկայացնում: Բենեդիկտի ճգնաւորական կեանքի հռչակը ամէն տեղ տարածուեց, եւ նրան ընտրեցին վանքի աբբա. սա փոքր ժամանակում կառուցեց 12 վանք եւ բնակեցրեց վանականներով, նրանք ընդունում էին եւ մանուկներ. մեծերը պիտի իրանց կանանց թողնէին, վաճառէին ամէն ինչ եւ աղքատներին տային. պիտի հնազանդէին վանահօր իբրեւ Քրիստոսի փոխանորդի: Նրանք ապրում էին հանրավարական սկզբունքներով, ամէն ինչ ընդհանուր էր, ինչ որ մասնաւոր բան գտնէին միաբանի մօտ, կվաճառէին եւ գանձարանը կձգէին փողը: Բարեկամներից ընծաներ ստանալ չէր կարելի: Օրը աշխատում էին 7 ժամ արհեստներով, մնացած ժամանակը կարդում էին եւ աղօթում. սեղանի ժամանակ բոլորը լուռ նստած ուտում էին եւ լսում ընթերցողի ձայնը, որ կարդում էր Ս. Գրքից: Գինի եւ միս արգելուած էր, միայն հիւանդներին էր թոյլ տրւում եւ հիւրերին ու օտարներին: Շորերը կոպիտ կտորից էին եւ միշտ հագներին, գիշեր-ցերեկ, քնելուս չէին հանում, մի սենեակում 10-12 մարդ էին պառկում մահճակալների վրայ: Թեթեւ յանցանքների համար առանց ճաշի էին թողնում, զրկում էին ժամերգութիւնից, բանտարկում էին եւ մարմնական պատիժ տալիս: Բենեդիկտը վանքեր շինեց Գաղղիայում, Իսպանիայում, Սիկիլիայում. մեռաւ 513 թուին (տե՛ս Թօբերթսօն, Եկ. պատմ. ): Նախ քան Լուսաւորիչ Հայաստանում շատ քրիստոնեաներ կային, Լուսաւորիչը մնացած հայերին քրիստոնեայ դարձնելուց յետոյ, մտցրեց վանականութիւնը` հետը բերելով Կապադովկիայից բազմաթիւ վանականներ: Ագաթանգեղոս 486 երեսում այսպէս է նկարագրում. «Եւ դարձեալ բազում եւ անհամար գունդս վանականաց ի շէնս եւ յանշէնս, դաշտական շինակեացս եւ լեառնակեացս, անձաւամուտս եւ արգելանս հաստատէր»: Բիւզանդից հետեւեալ տեղեկութիւններն ենք քաղում. կրօնաւորները մեծ մասամբ օտարներ էին, Դանիէլ յայտնի քորեպիսկոպոսը, նրա աշակերտները, Շաղիտա եւ Եպիփան օգնականներ էին կառավարութեան մէջ. այս անապատականներիս համար ասում է. «Լնոյր զերկիրն Ծոփաց վանիւք եւ դնէր վարժեար ընդ ամենայն երկիրն Ծոփաց... անցանէր եւ յերկիրն Աղձնեաց, լուսաւորէր եւ զնոսա, եւ լնոյր զերկիրն Աղձնեաց վաներով եւ շինէր վկայանոց մի յաւանին... առնոյր նա (Եպիփանը) զաշակերտս իւր արս միանձունս լեռնականս անապատականս, արս 500, երթայր գնայր յերկիրն յունաց» (187 երես): «Եւ ամէն շէն եւ անապատ տեղերում միայնանոցներ էին շինում» (Եղիշէ, Գ գլ. ): Ըստ Եղիշէի` վանքերում գտնւում էին վկայարաններ, որտեղ եւ երէցները պատարագ էին անում. նրանց կեանքը այսպէս է նկարագրում. «Որոնք, առանց կանանց հետ միաբանութիւն կազմելու, զանազան ազգերից մի տեղ ժողովուելով, բնակւում են երկու-երկու, երեք-երեք, կամ աւելի շատերը միասին, ինչպէս իրանց հայրական գաւառներում: Շինում են միմեանցից բաժանուած մանր խուցեր փոքր եւ բաւականաչափ հաստ պատերով՝ ցրտիցը եւ արեգակիցը պահպանելու համար. բաւականանում էին խոտեղէն անկողիններով. ամառուայ վերարկուներ եւ ձմեռուայ երկայնաթեւ ծածկոցներ էին գործ ածում, հագնում էին նմանապէս երկայն փիլոններ. նրանք անդադար պաշտամունքի մէջ շրջան կապած՝ կարգով կանգնում են եւ զուարթ ոգով հոգեւոր երգեր են ասում ամենքի Հօր Աստծուն: Նրանք կանգնում են միմեանց հանդէպ աչքերը ներքեւ խոնարհեցրած` նայում են իրանց ոտի մատներին, կարծես թէ ամենքը դէպի մի կէտ ուղղելով իրանց հայեացքը, աջ ձեռքը ծնօտի վրայ դրած, իսկ ձախը կուրծքի վրայ, ես կարծում եմ, որ այս բանը նրանք սովորել են բնական հայրերից» (Եղիշէ, 248 եր. ). «Նրանց կերակուրը ցամաք հաց է եւ վայրենի բանջար... եւ խմածը իստակ ջուր, որ անձրեւի կաթիլներից են ժողովւում փոսերի մէջ... ամբողջ ցերեկը միաբան ծոմ պահելով սպասում են մինչեւ արեգակի մայր մտնելը... ամբողջ օրը աղօթում են, երգում են մինչեւ երեկոյան ժամը... »: Կուսանոցների համար ասում է Բիւզանդ 192 երեսում. «Շինեց (Ներսէս Մեծը) բոլոր գաւառներում այս կուսաստանները, որ կուսան եւ հաւատացեալ եղողները միանգամայն այնտեղ ժողովուեն պաս պահելու եւ աղօթելու եւ կերակրուելու... այս բաները հրամայում էր Պապ թագաւորը աւերել, եւ... կուսաններին պիղծ խառնակութեան մէջ ձգել». «Այս Գինդը Տարօն գաւառից էր, մեծն Դանիէլի աշակերտ էր եղել, իսկ նրանից յետոյ գլուխ աբեղայից եւ վարդապետ միանձանց, եւ առաջնորդ մենակեցաց, եւ վերակացու վանորէից, եւ ուսուցիչ ամենայն անապատաւորաց եւ տեսուչ ամենեցուն... միահանդերձք, բոկագնացք, զգաստացեալ խոտաճարակք, ընտաբուտք արմատակերք, զօրէն գազանաց ի լերինս շրջէին, լեշկամաշկօք եւ մորթօք այծենեօք, նեղեալք, տառապեալք եւ տարակուսեալք, յանապատի մոլորեալք ի ցուրտ եւ ի տօթ, ի քաղց եւ ի ծարաւ վասն սիրոյն Աստուծոյ» (230 երես): Ըստ Եղիշէի (250 երես)` «գինի կամ այլ այդպիսի բաներ բոլորովին չեն գտնւում նրանց սուրբ միայնանոցների մէջ. ամբողջ օրը կարդում են, շատերը վարդապետում են, բարի խրատներ են տալիս ժողովըրդին Ս. Գրքերի վկայութիւններով»: Թէ այս խիստ կանոններով չկառավարուողներ էլ կային, ապացոյց է Փարպեցու թղթից հետեւեալը. «Կերակուրներ եփել սորված չէի, որ ձկան աղիքներով եւ հաւի փորոտիքներով  այդ  ուտողների  համար  լաւ-լաւ  կերակուրներ   պատրաստէի, եւ թերեւս այդպիսի բաներով կարողանայի մարդու հաճելի լինել»:

 

Լուսաւորչի առաջին վկայարանն էր Ս. Հռիփսիմեանց, Գայիանեանց, ձեռնադրութիւնից յետոյ` Մշոյ Ս. Կարապետի վկայարանը. թէեւ Ստեփաննոս Օրբելեանը համարում է Թանահատի վանքի սկզբնաւորութիւնը 112 թուականից: Ըստ Խորենացու` Ներսէս Մեծի հրամանով Խադը շինեց բոլոր գիւղերում վանքեր, «զի լինիցի օտարանոցք եւ տեղի սննդեան սրբոց եւ ծերոց եւ անուղեւորաց տածումն» գլ. ): Զ դարուց սկսած արդէն հիշւում են վանքեր, որոնց հետ կից կային բարեգործական հիմնարկութիւններ. Սիւնիքում Զ դարում Գիւտայ վանք ուրկանոցով. նոյն դարում Անաստաս կաթուղիկոս շինեց Ակոռու մօտ հիւրանոց եւ աղքատանոց. Ժ դարում Հոռոմոսի վանքը կոչւում էր «Ասպնջականոց». Սանահինի վանքը, Նարեկայ վանքը, Դերջանի Խլաձորի վանքը, Անձեւացեաց Հոգեաց վանքը ունէին օտարանոցներ, հիւրանոցներ եւ վերջինս` կուսանոց: 9-րդ դարից սկսած մինչեւ 13րդ դարը հռչակուեցին իրանց վանականներով, կրօնաւորներով Սիւնեաց Տաթեւու վանքը, Թանահատի վանքը, Գեղարքունեաց Մաքենոցաց վանքը, Սեւանայ, Աղթամարայ, Խոտակերից վանքերը, Արշարունիքի Կամրջաձորի վանքը, Շիրակի Կարմիր վանքը, Հառիճոյ վանքը Շիրակում, Սանահին եւ Հաղբատայ վանքերը, Մարաշու վանքը Փոքր Հայքում, Սեւ լեռան` Մարաշում, Գետկայ վանք, Դրազարկի վանք Կիլիկիայում, Գանձասարի վանք Արցախում, Բջնոյ եւ Արտազու վանքեր (տե՛ս Հայկական հին դպրութիւն): Հայոց վանքերը մտցրին իրանց մէջ այն կարգ-կանոնը, որը սահմանել էին Լուսաւորիչ, Մեծն Ներսէս եւ Սահակ, այդ կանոնները արդէն մտած էին Փոքր Հայքի վանքերում` Բարսեղ Մեծից սկսած: Ընդհանուր վանականութիւնը ունենալով բոլորովին առանձնացած կեանք եւ առանձին կանոններ, կապ չունէր հոգեւորականութեան հետ, չէր ենթարկւում եկեղեցականութեան վերաբերեալ կանոններին, նրանք մինչեւ իսկ ենթարկւում էին աշխարհականների պատիժներին, որովհետեւ չունէին ոչ մի եկեղեցական աստիճան: Նրանք մինչեւ իսկ եկեղեցի չունէին, վանքից գնում էին մօտիկ եղող եկեղեցիները եւ մասնակցում ժամերգութեան ու հաղորդութիւն ստանում: Իւրաքանչիւր վանք, կամ մի քանի վանքեր միասին պահում էին առանձին քահանայ, շինում էին վանականները վանքի մօտ եկեղեցի, ուր մշտական վանքի երէցը կամ վանաց երէցը ժամերգութիւն էր կատարում եւ խորհուրդները հաղորդում նրանց: Սոզոմենոսի վկայութեամբ գլ., 24)` վանքերը, հեռու գտնուելով քաղաքներից եւ եկեղեցիներից, քաղաքային վարչութիւնները թոյլ տուեցին իրանց համար եկեղեցիներ շինել առանձին քահանայով կղերով Կամաց-կամաց  հոգեւոր  իշխանութիւնը գտնելով դրանց վարքն ու բարքը խիստ կրօնական, ընդունելով նրանց յենարան եկեղեցու, թոյլ տուաւ վանականներից ընտրել քահանայացու եւ տալ նրան եկեղեցական ձեռնադրութիւն. մեծ մասամբ վանահայրը լինում էր քահանայ: Վանական կեանքը, լինելով օրինակելի դպրոց քրիստոնէական կրօնի, շատ անգամ, երբ հոգեւորական անձանց պակասութիւն էին զգում, վանականներից հրաւիրում էին կղերի մէջ մտնելու համար: Մինչեւ իսկ եպիսկոպոսական  աստիճանի  համար  յարմար  պատրաստ անձինք  չունենալու դէպքում ընտրում էին վանականներից, իսկ յետոյ արդէն գերակշռութիւն էին տալիս վանականին եպիսկոպոսական աստիճանի համար, քան քահանաներին: Յուստինիանոսի նովելլաները բացարձակ առաւելութիւն էին տալիս ընտրութեան գործում վանականներին, որոնք իբրեւ ոչ ընտանիքատէր մարդիկ` յարմարաւոր էին համարւում իրանց ամբողջ կեանքը նուիրել եկեղեցուն: Վանականներին նշանակում էին զանազան բարեգործական, հոգեւոր, կրթական հաստատութիւններում ուսուցիչ, վերակացու, կառավարիչ: Վանահայրերը մասնակցում էին տեղական եւ տիեզերական ժողովներում, ուր ուղարկում էին իրանց պատգամաւորներին, որոնք հաւասար ձայնով ժողովականների հետ մասնակցում էին օրէնսդրական եւ դատավարական գործերին: Վանքերը կամաց-կամաց այդպիսի մասնակցութեան շնորհիւ դարձան համարեա եկեղեցական հաստատութիւններ, վանքը դարձաւ եկեղեցի, օծմամբ եւ վանականութիւնը ենթարկուեց առաջնորդի հսկողութեան: Մեծն Ներսէսի ժամանակ սարկաւագապետ Խադն էր գլխաւոր հսկողը կաթուղիկոսի կողմից ոչ միայն բոլոր վանքերի, այլ եւ բարեգործական հաստատութիւնների: Թէ ի՜նչ կանոններով եւ կարգերով էին կառավարւում վանքերը եւ վանականները, այդ կտեսնենք յաջորդ մասում, վանական կառավարութեան վրայ խօսելիս: Վանքերը մեր մէջ մեծ զարկ ստացան 10, 11, 12-րդ դարերում, ուր խմբուած էին բազմաթիւ վանականներ` ունենալով 200, 300-500 անդամներ, որոնք պարապում էին գրականութեամբ, արհեստներով, երաժշտութեամբ, ուսուցչութեամբ: Թէ ի՞նչպիսի կացութիւն ունէին այդ դարերի հայոց վանքերը, այդ լաւ երեւում է 13-րդ դարու պատմագիր Ստեփաննոս Օրբելեանի նկարագրութիւնից. «Եւ էր վանքն (Երիցու վանաց) այն տեղի գեղեցիկ... եւ ի ներքին պարսպին խցկունք  եւ  միանձունք  թուով  քառասուն՝  մշտնջենաւորք խարազնազգեստք, լուռք, որք իբր զկանթեղունս մշտավառս եւ անշէջս յիւրաքանչիւր խղի հանապազ դքնութեամբ վառեալք լինէին բոցով շնորհաց Հոգւոյն... »: Իսկ Թանահատի վանքի վերաբերմամբ ասում է. «Եւ էին սահմանաւորք, մշտապաշտօնք, հեռացեալք յամենայն փափուկ կերակրոց... հացիւ եւ լոկ ջրով վճարէին զպէտս իւրեանց՝ եւ զայն յաւուրց միանգամ ընդ երեկս, լռիկք, հեզաշարժք... բանջարօք եւ ընտովք շատանային, վասն որոյ Թանահատք   կոչեցան... »:

 

Վանքերը կամաց-կամաց իրանց նախկին ոյժը կորցրեցին առաջուայ դրութիւնը եւ կացութիւնը փոխեցին, արդէն 19-րդ դարում մնում էին միայն նախնեաց բեկորները. քիչ ու շատ հին վանքերի նմանութիւնը պահել էր Սեւանայ վանքը, Վանայ ծովի վանքերը, Ս. Կարապետինը, Երուսաղէմի վանքը եւ այլն:

 

Սուրբ Էջմիածինը վերջին դարումս դարձաւ դատական եւ վարչական կեդրոն, ուր միաբանութիւնը արդէն չունի այն նախկին վանական գոյնը: Գէորգ Դ-ի օրով բացուեց ճեմարանը, բոլոր հայերի համար դարձաւ կրթական-կրօնական կեդրոն, եւ որից սփռւում են կրթուած հոգեւորականներ՝ աշխարհիկ թէ  կուսակրօն՝  թեմերը  եւ  գաւառները Տաճկահայաստանում այդպիսի կրթական կեդրոններ կազմում են Արմաշու վանքը, մանաւանդ Օրմանեանի օրով (այժմ` Պոլսոյ պատրիարք) եւ Ս. Երուսաղէմը, որոնք տալիս են տաճկահայ թեմերին կրթուած հոգեւորականներ: Նախկին վանական կազմի միաբանութիւններ ունենք այժմ Ռուսահայաստանում` Սեւանայ վանքը, Տաճկահայաստանում` Վանայ ծովի եւ Մշու ու Երուսաղէմի վանքը:

 

Այդ վանքերի այժմեայ դրութեան եւ կառավարութեան, տնտեսականի մասին կխօսենք Գ գրքում:

 

Կուսանաց վանքերը բոլորովին քիչացել են, ռուսահայոց մէջ, մնացել է Շուշու կուսանաց անապատը 5-7 կոյսերով եւ Տփղիսինը, որոնք նախկին վանքերի նմանութիւնը չունեն. թէ տաճկահայոց մի քանի կուսանոցները, թէ ռուսահայոցը եւ թէ երկուսի վանականութիւնը ժամանակի ոգու համապատասխան նշանակութիւնը չունենալով, բոլորովին կորցրել են բարոյականկրօնական ազդեցութիւնը եւ ենթարկուել են ոչնչանալուն. ժամանակը պահանջում է, որ վանքերը եւ կուսանոցները կամ լինեն Վենետկի եւ Վիեննայի մենաստանների նման ուսման ու գրականութեան կեդրոն, կամ Էջմիածնի նման ուսումնարանական-վարչական կեդրոն, այլապէս վանքեր՝ լի պորտաբոյծ եւ ծոյլ վանականներով տեղի պիտի տան կամ չքացման, կամ կրօնական-բարոյականութեան հակառակ ազդեցութեան: