Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԻ ԵՐԿՈՒ ԽՕՍՔ ՎԱՐԱՆԴԱՅԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻ ՄԱՍԻՆ

Վարանդան նախկին Միւս Հաբանդ գաւառն է, որ Քոչուս էլ է կոչուել:

Սա ընկնում է Արցախ նահանգի մէջ եւ նրա հետ միասին մինչեւ Արշակունեաց անկումը պատկանելիս է եղել Հայերին. այնուհետեւ ենթարկուել է Աղուանից պետութեան:

ԺԳ դարում հոներն ու մոնղոլ թաթարները իրենց ասպատակութիւններն ու աւերումները սփռել են այս գավառում եւս:

Նոյնանման ավերումներ գործել են այստեղ ե՛ւ Պարսիկներն ու Օսմանցիները, շարունակ միմեանց ձեռքից խլելով ե՛ւ այս գաւառը:

Վերջապես 1692թուին Մելիք Շահնազարի որդին Մելիք Յուսէինը եւ նրա եղբօր (Մելիք Միրզա-Բեկի) որդի Մելիք Բաղին Գեղամայ լճի եզերքից գաղթում են իրենց ժողովրդի մի մասի հետ այս գաւառը եւ բնակութիւն հաստատում Աւետարանոց գիւղում:

1721 թուին այս Մելիք Բաղին դուրս է եկել Կովկասեան լեռնաբնակների առաջ եւ ազատել երկիրը նրանց աւերմունքից: Այս եւ մի քանի այսպիսի յաղթութիւններով Մելի-Շահնազարեանները տարածել են իրենց իշխանութիւնն ամբողջ Վարանդայի վրայ եւ որպէս Պարսից աւատական իշխաններ` կառավարել երկիրը [1]:

Այս մելիքներից Մելիք-Շահնազար Բ-ը սպանելով իւր եղբայր Մելիք Յովսէփին, նրա փոխարէն մելիք է դարձել եւ այս ու իւր ժողովրդեան եւ թէ Խամսայի միւս մելիքներին, որոնք մի քանի յարձակումենրով` աւերել են սրա երկիրը: Ահա' այս ժամանակ նա փեռք է մեկնել ջիւանշիրցիների գլխաւոր` Փանահ-Խանին, որին ե՛ւ որպէս դաշնակցի զիջել է իւր երկրից մի բարձր լեռնադաշտ: Փանահ-Խանը 1752 թուին շինել է այդտեղ մի ամուր բերդ եւ կոչել Փանաբանդ [2], բայց յետոյ, երբ մօտակայ Շօշի կամ Շուշի [3]:

Փանահ Խանը ջլատելով հայ մելիքների ուժը եւ շարունակ պատերազմներ մղելով նրանց դէմ, կամաց կամաց կարողացել  է նրանց իրեն ստորագրել:

Փանահ-խանի որդի եւ յաջորդ Իբրահիմ խանի ժամանակ Պարսից զօրապետ Աղա-Մամադ-խանը 1795 թ. գարնանը եկել պաշարել է Շուշին: Մելիք-Շահնազարեան Մելիք Ջումշուդը եւ Մելիք Բէկլարեան Մելիք Աբովը հայ զօրքերով ամրացել են Շուշի բերդի մէջ եւ Իբրահիմ խանի հետ միասին պաշտպանել բերդը: Քառասուն օր ապարդիւն պաշարումից յետոյ Աղա-Մամատ-Խանը 1797 թ. կրկին անգամ արշաւել է Շուշու վրայ եւ առել բերդը, սակայն այս անգամ ինքը շահը, սպանուել է իւր սենեկապետի ձեռքով եւ Պարսից զօրքերը յետ են քաշուել իրենց երկիրը:

Երբ ռուսները իշխան Ցիցիանովի առաջնորդութեամբ գրաւել են Գանձակի բերդը, Իբրահիմ խանը Մելիք Ջումշուդի խորհրդով առանց պատերազմի ընդունել է ռուսաց հպատակութիւնը (1805): Բայց յետոյ (1806) դավաճանել է ռուսներին եւ հրաւիրել պարսիկներին Շուշին տիրելու: Եւ երբ ինքը շտապել է գիշերով գնալ միանալու Շօշի գիւղի մօտ բանակած պարսից արքայորդի Աբաս Միրզին, Մելիք Ջումշուդն ու փոխ գնդապետ Լիսանեվիչը բռնել են նրան եւ սպանել: Այս պատերազմը ահագին վնասներ տալով տեւել է մինչեւ 1813 թուականը, երբ Գիւլիստանի դաշնադրութեամբ Ղարաբաղը յանձնուել է ռուսներին:

Սակայն 1826 թ. Սբաս Միրզան իւր մօտ փախած Իբրահիմ խանի որդի Մեհտի խանի գրգռմամբ եւ Ղարաբաղը կրկին վերադարձնելու յուսով 80, 000 զօրքով նորից առշաւել է Վարանդա, եւ պաշարել Շուշին: Ռուսները Աւետարանոց գիւղացի Մատաթեան զօրապետի առաջնորդութեամբ մեծ ջարդ են տուել Պարսից` Գանձակի մօտ եւ հալածել մինչեւ իրենց երկիրը:

Այնուհետեւ Շուշին կառավարուել է ռուսներից նշանակուած գաւառապետներով:

ԱՄԱՐԱՍ

Սա հին ժամանակներում մի գիւղ է եղել, ուր Գրիգոր Լուսաւորիչը հիմնարկել, իսկ իւր թոռ Գրիգորիսը աւարտել եւ օծել է մի եկեղեցի: Երբ Մասքթաց Սանեսան թագաւորը 348 թ. Ս. Գրիգորիսին, որ Աղուանից եւ Վրաց կաթուղիկոս էր, ձիու պոչից կապելով Վատնեան դաշտում նահատակել է տուել, նրա աշակերտները հաւաքել են տուել նրա նշխարները եւ բերել ամփոփել այս եկեղեցում: Այնուհետեւ այդ գիւղը դարձել է նախ եպիսկոպոսանիստ եւ ապա Աղուանից կաթուղիկոսների աթոռանիստ [4]:

Ե. դարում Աղուանից թագաւոր Վաչագն Գ. պտրել եւ գտել է այստեղ Ս. Գրիգորիսի մասունքները եւ նորից ամփոփելով, վերանորոգել տաճարը:

Մօտ 1293 թուին Թաթարաց Բատուն խանը կողոպտել է այս վանքը եւ տարել ս. Գրիգորիսի գաւազանն ու մի ոսկեձոյլ 36 ակներով զարդարուած խաչ: Յունաց կայսեր Դեսպինա դուստրը խնդրել է այդ խաչն ու գաւազանը եւ ուղարկել Կ. Պօլիս [5]:

1387 թուին Ամարասն էլ, Արցախի եւ ուրիշ նահանգների հետ ենթարկուել է Լանգ-Թամուրի աւերումներին:

Ժողովուրդը այժմս էլ պատմում է, թէ Լանկ-Թամուրը իւր զօրքերը շարել է Ամարասից մինչեւ Արաքսը եւ հրամայել Ամարասի վանքի քարերը միմեանց տալով թափել Արաքսը [6]:

Մելիք Շահնազար Բ. վերանորոգել եւ պարսպել է վանքը, ինչպէս եւ բազմաթիւ սենեակներ շինել ուխտաւորների համար:

ԺԷ. դարում այստեղի միաբանների համար որպէս ամարանոց շինուել է Հիրհեր գիւղում մի գեղեցիկ եկեղեցի եւ միաբանութեան համար խցեր:

Կարծւում է, թէ Ամարասի միաբանութեան ամարանոց եղել է ե՛ւ Վերին Թաղավարդից դէպի հարաւ-արեւմուտք 1. 1/2 վերստ հեռաւորութեամբ գտնուող գետնի մէջ թաղուած եկեղեցին, որ այժմ Բարեւածառ անունով ուխտատեղի է: Եկեղեցում գտնուած են հետեւեալ արձանագրութիւնները.

«Սուրբ Պետրոս. կանգնեցի զխաչս ՚ի փրկութիւն հոգւոյ իմոյ եւ ծնողաց իմոց: Արդ, որք երկրպագէնք սուրբ նշանիս զիս աղօթս… ջիք եւ Աստուած զձեզ յիշեսցէ. թուին Ն. Խ. Զ. էր:

«Սուրբ Պօղոս: Յամս Աստուածապատիւ եւ հոգեւոր Տեառն Յովհաննիսի Ամարասայ եպիսկոպոսի եւ պետութեան տեառն Գագիկայ Աղուանից իշխանաց իշխանի ես հայր Կիրակոս առաջնորդ սուրբ ուխտիս եղբօր որդի Կոկոնայ…

Թուականը միեւնոյնն է [7]. ՚ի դէպ, ասենք, որ այս Բարեւածառի մասին կայ հետեւեալ աւանդութիւնը. Մի ժամանակ այստեղ ապրում էր մի սուրբ եպիսկոպոս, եւ ամեն անգամ երբ նա երկար ծոմապահութիւնից ու ճգնութիւնից յետոյ պատարագ էր մատուցանում, շրջակայքի ծառերը ողջոյնի ժամանակ երեք անգամ խոնարհեցնում էին իրենց գագաթները եւ միմեանց կպցնելով ողջոյն տալիս: Մի օր էլ մի հեռաւոր հայ մի ջորի ոսկով բարձում եւ գալիս է այդ հրաշքը տեսնելու: Նա խոստանում է եպիսկոպոսին` նուիրել վանքին իւր հետ բերած ոսկին, եթէ արժանանայ տեսնելու հրաշքը: Եպիսկոպոսը խոստանում է, բայց պատարագի ժամանակ սկսում է երկմտել, թէ արդեօք ոսկու հետ ջորին էլ պիտի նուիրէ թէ ոչ: Այս երկմտութիւնը այն հետեւանքն է ունենում, որ ողջոյնի ժամանակ ծառերը չեն համբուրւում: Եպիսկոպոսը բացատրում է պատճառը եւ ջերմեռանդ ուխտաւորը խոստանում է ոչ միայն ջորին, այլ եւ ուրիշ շատ թանգագին ընծաներ ուղարկել: Եպիսկոպոսը նորից պատարագ է մատուցանում եւ այս անգամ կատարւում է հրաշքը: Հարուստ հայը գոհութեամբ վերադառնում է իւր երկիրը եւ ուղարկում խոստացած նուէրները [8]:

Բայց դառնանք Ամարասին. դարուս սկզբում այս վանքը անտէր մնալով թուրքերի ձեռքն է ընկել, որին Աղ. Օղլան անունը տալով` իրանց սրբավայր էին դարձրել: Բազմաթիւ սենեակներն էլ ռուսները գործ էին ածում որպէս մաքսատուն: Բաղդասար մետրապօլիտի աշխատութեամբ 1848 թուին մաքսատունը տեղափոխուել է Երասխի ափի մօտ, իսկ վանքն իւր կալուածելով վերադարձուել Հայոց հոգեւոր իշխանութեան:

Վերջապէս 1858 թուին գլխաւորապէս շուշեցիների օժանդակութեամբ հիմնովին շինուել է վանքը:



[1]            Խամսայի Մելիքութիւններ, եր. 23-24։

[2]            M. me Chantre. A travers de l'Arménie

[3]            Խամսայի Մելիքութիւններ, եր. 62։

[4]            Ինճիճ. Ստոր., եր. 307։

[5]            Ստեփ. Օրբ., գլ. Հ։

[6]            Բաբախ. Ուխտ. յիշ., եր.

[7]            Բաբախ. Ուխտ. յիշ., եր.

[8]            Բաբախ. Ուխտ. յիշ., եր. 10։