Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՌԱՋԱԲԱՆ

(2բ) Այսպես է ասում որեւէ կողմնակալությունից ու [իրականության] աղավաղումից զերծ այս գովելի պատմության հեղինակ, ձեր խոնարհ ծառա Միրզա Յուսուֆ Ղարաբաղցին: Քանի որ նվաստս մանուկ հասակում Ղարաբաղից տարվելով ղզլբաշների երկիրը՝ 18 տարի մնացի Ամիր խան սարդարի  մոտ, կատարելապես տիրապետեցի նրանց լեզվին: Որոշ ժամանակ լինելով [Ամիր խանի] դիվանի գրագիրը եւ վարելով [նրա] նամակագրությունը, զբաղվում էի նաեւ «պատմությունների» եւ ուղեգրությունների ուսումնասիրությամբ: Շփվելով ամեն տեսակ ցեղերի ու ժողովուրդների հետ՝ ծանոթացա նրանց հավատալիքներին ու բարքերին:

1828 թ. երբ Ռուսաստանի (Ռուսիա) եւ Ղզլբաշների միջեւ կրկին հաշտություն է կնքվում, նվաստս վերադառնում է իր հայրենի ծննդավայրը՝ Ղարաբաղ: Ռուսաստանի փառապանծ կայսր Նիկոլայ Պավլովիչ I-ի օրոք, որը մեծահոգաբար (3ա) հավատքի ու գաղափարների համար որեւէ մեկի չէր նեղում ու անհանդուրժողականություն չէր ցուցաբերում, նվաստս որոշ ժամանակ զբաղվեցի անտիկ շրջանի սրբերի վարքի ու տարբեր բնագավառների նոր գրքերի ուսումնասիրությամբ: Լիակատար պատկերացում կազմելով նրանց մասին՝ քանի որ պատմագրական գրքերում որոշ կողմնակալ ու կեղծ փաստերի հանդիպեցի, մի քանի ընկերներիս խորհրդով ու առաջարկով որոշեցի մի իրական, ճշգրիտ ու ճշմարտացի պատմություն գրել, որ զերծ կլիներ ստից ու ավելորդ նկարագրություններից:

Ամեն կողմից [նյութը] հետազոտելուց հետո տեսնելով, որ յուրաքանչյուր հարցի շուրջ արդեն գիրք եւ պատմություն կա ստեղծված, ջանացի գրել Ասիայի խաների ու Կովկասյան տարածքների իշխանավորների կյանքի ու գործերի, ինչպես նաեւ նրանց երկրների Ռուսաստանի հզոր պետության գերիշխանության տակ անցնելու պատմությունը: Այդ դեպքերի մեծ մասին ինքս ականատես եմ եղել, միքանիսի մասին լսել եմ վկաներից, մի մասի վերաբերյալ էլ նյութեր եմ քաղել հայերեն եւ այլ հայտնի գրքերից:

Համառոտ շարադրեցի նաեւ հեռու անցյալի ու ժամանակակից դեպքերի մասին, որպեսզի պատմությունը հաջորդական եւ միտքը կապակցված լինի: Այն գրեցի հաճելի ոճով ու գեղեցիկ արտահայտություններով, որպեսզի ընթերցելը հաճելի լինի...

(3բ) Այնուամենայնիվ երկար ժամանակ կարիքի ու նեղության պատճառով չէի կարողանում նպատակս իրագործել, եւ ցանկությունս անկատար մնաց: Որոշ ժամանակ այս պատճառով մտահոգ էի: Սակայնանդուլ աշխատանքից հետո բախտը նորից ժպտաց եւ եկավ բարենպաստ մի ժամանակ, երբ 1854/1201թ. Կասպիական զորքերի գլխավոր հրամանատար եւ Հյուսիսային Դաղստանի կառավարիչ ուղղամիտ իշխան Գ. Օրբելյանի՝ բարյացակամ հրավերով նրան ներկայացա եւ ստացա նրա գրագրի պաշտոնը: Նրա խնդրանքով էլ ձեռնամուխ եղա գրքիս շարադրանքին եւ ն. գ. իշխան, Դ. Դ. Ջորջաձեի բարեհաճ օգնությամբ այն իր ավարտին հասցրի: